Քսան տարի անց. հետպատերազմյան խճանկար

19.10.2013 17:48
2633

Արցախյան գոյամարտը հայ իրականության եւ հայ ժողովրդի հազարամյա պատմության ամենահերոսական էջերից է: 1988-ից սկիզբ առած շարժումը, որ վերաճեց իսկական գոյամարտի, 1994-ին պսակվեց հաղթանակով: Շարժումը մեր ժողովրդին արթնացրեց խորհրդային տարիների երկարամյա թմբիրից, ոտքի հանեց մի ամբողջ ազգ, միավորեց բոլորին եւ աներկբա քայլերով տարավ դեպի միասնական հաղթանակ: Իսկ պատերազմը` դժվարին ու արյունալի, մեր հասարակության մեջ ձեւավորեց մի ամբողջ խավ` կազմված զոհված ազատամարտիկների ընտանիքներից եւ հաշմանդամներից: Նրանք մարդիկ են, ովքեր ազգի համար օրհասական պահին որոշեցին, որ պետք է գնան ու վճարեն ամենաթանկն իրենց հայրենիքի ազատության համար... Եվ զոհվեցին ու վիրավորվեցին բազմաթիվ քաջարի հայորդիներ, որոնց ընտանիքի անդամներն այսօր էլ, քսան տարի անց, ոչ միայն չեն կարողանում հաղթահարել ցավը, այլեւ ունեն արժանապատիվ առօրյայով ապրելու խնդիր, երբեմն` հացի խնդիր:

.…Վերջին ամիսներին հանրապետությունում ազատամարտիկների եւ նրանց ընտանիքի անդամների սկսած շարժումը` իրենց իրավունքների պաշտպանության համար, ինձ մղեցին հասարակության այդ խավի մտահոգությունների ուսումնասիրմանը:

Մայրաքաղաքում` Ազատության հրապարակում եւ կառավարության շենքի առաջ, քանիցս նստացույց արվեց, որի մասնակից ազատամարտիկներն ու նրանց ընտանիքի անդամները բարձրացրին տարատեսակ սոցիալական խնդիրներ եւ նույնիսկ լուծումներ, փոփոխություններ առաջարկեցին, որոնք կարող էին մեղմացնել իրենց սոցիալական ծանր կացությունը: Նստացույցերը եւ հնչած պահանջներն առ այսօր որեւէ էական լուծման կամ գոնե դիտարկման, սակայն, չեն արժանացել կառավարության կողմից:

Հիշեցնեմ, որ այդ խավի նկատմամբ պետական քաղաքականությունը հիմնականում կարգավորվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 1998թ. հոկտեմբերին: Եթե օրենքը դիտարկելու լինեմ սոցիալական ապահովության կամ արտոնությունների սահմանման տեսակետից, ապա պետք է անկեղծորեն խոստովանել, որ առանձնապես գոհանալու առիթ չկա: Զոհված ազատամարտիկների զավակների կրթության` մրցույթից դուրս եւ պետպատվերի շրջանակներում իրականացում (արտոնություն, որ զավակների տարիքային տեսակետից արդեն սպառել է իր անհրաժեշտությունը), հաշմանդամ ազատամարտիկներին հատկացվող թոշակ ու անվճար բուժօգնություն. դրանք են ամենաէական արտոնությունները, որոնք միտված են պետական քաղաքականության մակարդակով վարձահատույց լինել հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած մարդկանց ու նրանց ընտանիքի անդամներին:

Տեղայնացնելով խնդիրը` ներկայացնեմ, որ Սյունիքի մարզն էլ անմասն չի մնացել Արցախյան հերոսական գոյամարտից, ինչի մասին են վկայում վիճակագրությունն ու թվային տեղեկությունները. տարբեր կարգ ունեցող զինհաշմանդամներ` 692, զոհված ազատամարտիկներ` 460, խաղաղ պայմաններում զոհվածներ` 169: Այդ մարդկանց կամ արդեն նրանց ընտանիքի անդամների սոցիալական եւ, ինչու ոչ, նաեւ հոգեբանական վիճակի ուսումնասիրության համար էլ այցելեցի բազմաթիվ ընտանիքներ, ինչպես եւ Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանին ու մարզպետարանի սոցիալական հարցերի բաժնի պետ Արամ Շահնազարյանին: Երկու այրն էլ համակարծիք էին, որ ոլորտում կան լուրջ խնդիրներ ու բարեփոխումների անհրաժեշտություն: Լեոնիդ Գրիգորյանի դիտարկմամբ` ազատամարտիկների նկատմամբ տարվող սոցիալական քաղաքականությունը, ամեն ինչից զատ, ունի նաեւ անաչառության խնդիր: Նա պնդում է, որ ազատամարտիկների ընտանիքները պետք է օգտվեն հստակ հարկային արտոնություններից: «Ինչպե՞ս կարող են զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամը կամ հաշմանդամ ազատամարտիկը վճարել հողի հարկ կամ ջրի վարձավճար, եթե դրա դիմաց նրանք արդեն վճարել են իրենց կյանքով կամ առողջությամբ: Նրանք զոհվեցին այս հողի համար, տվեցին իրենց ամենաթանկը, իսկ այսօր նրանց ընտանիքի անդամը վճարում է հողի հարկ», – ցավով նկատում է Լեոնիդ Գրիգորյանը: Զինկոմը դժգոհում է նաեւ, որ պատերազմի մասնակից 18 տարեկան ժամկետային զինծառայողները լիովին մոռացված են, մինչդեռ հաղթանակի գործում առյուծի բաժինը հենց նրանց է պատկանում:

Արամ Շահնազարյանը քիչ ավելի լավատես թվաց, չնայած համաձայնեց անհերքելի իրողությանը, որ այսօր այդ խավը գտնվում է սոցիալական ոչ բարվոք վիճակում: Նա, այնուամենայնիվ, պետական քաղաքականությունն այդ ոլորտում բավարար է համարում` հաշվի առնելով երկրի հնարավորությունները: Նրա դիտարկմամբ առավել մտահոգիչ են առողջապահության հետ կապված խնդիրները, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում հատկապես առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկները, իսկ հաշմանդամ ազատամարտիկների հոգեվիճակն ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակն իսկապես ծայրահեղ ծանր է: Արամ Շահնազարյանը պարզաբանում է, որ մարզպետարանն իր լիազորությունների շրջանակում փորձում է օժանդակել այդ մարդկանց` տրամադրվում են պրոտեզաօրթոպեդիկ պարագաներ բոլոր հաշմանդամ ազատամարտիկներին, տարեկան առնվազն մեկ անգամ փոքր ֆինանսական օգնություն է տրվում զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, մարզպետարանի սոցիալական հարցերով հանձնաժողովը քննարկում եւ որեւէ կերպ լուծումներ է փնտրում ընթացիկ օգնության խնդրանքների համար:

Խնդրո առարկայի վերաբերյալ առավել ամբողջական ու օբյեկտիվ պատկերացում կազմելու համար հանդիպեցի մի շարք ազատամարտիկների եւ նրանց ընտանիքի անդամների հետ:

Առաջին կարգի հաշմանդամ, ազատամարտիկ Արմեն Համբարձումյանն այսօր աշխարհին նայում է իր սենյակի նեղ պատուհանից: Չի կարողանում քայլել, դուրս գալ եւ շրջել այն քաղաքում, երկրում, որի խաղաղության համար զոհաբերել է իր առողջությունը եւ բոլորի պես ապրելու կարողությունը:

Զորակոչվել է 1992 թվականին` 22 տարեկանում: Նույն տարում էլ վիրավորվել է գլխից, որի հետեւանքով մարմնի աջ հատվածի հաշմություն ստացել: Վիրահատվել է ինը անգամ, բայց այսօր գտնվում է առողջական ծանր վիճակում: Ոտքի վրա մեծ չափի բաց վերք ունի, որից լիովին անշարժացել է վերջույթը: Ռազմական հոսպիտալ զանգահարելիս` նրան դժկամությամբ են պատասխանում, թեեւ գիտեն, որ ազատամարտիկ է եւ պետք է անվճար բուժօգնություն ստանա:

Լավագույն դեպքում ասում են` մեքենա նստիր ու արի: Այդ վիճակում նա սովորական մեքենայով, մինչդեռ, չի կարող տեղաշարժվել, շտապ օգնության մեքենա է պետք` մայրաքաղաք հասնելու համար, պետք է տեւական բուժում, որից հետո գուցե կարողանա հենվել ոտքին: Փոքր դրամական օգնություններ որոշ պետական այրերի կողմից ցուցաբերվել են նրան, բայց հիմա, երբ ծայրահեղ ծանր վիճակում է, չկան միջոցներ լիարժեք հետազոտության եւ բուժման համար: Ինձ, որքան էլ զարմանալի է, ավելի մեծ ցավ պատճառեց նրա հոգեկան վիճակը. ծայրահեղ հուսալքություն եւ հիասթափություն: Բայց հարցիս` արդյոք չի՞ ափսոսում, որ մասնակցել է պատերազմին, վիրավորվել եւ այսօր էլ այսչափ անուշադրության է մատնված, պատասխանեց` ոչ, գնացել եմ հոգու կանչով եւ երբեք չեմ ափսոսացել դրա համար….

Չի ափսոսում նաեւ Վաղինակ Հայրապետյանը, ում ընտանիքը երկու զոհ ունեցավ այս պատերազմում: Հերոսաբար զոհվեց նախ նրա մի որդին` Արմեն Հայրապետյանը (Միկրոբը), ապա եւ երկրորդը` Մարտիրոս Հայրապետյանը: Հերոսի մահով ընկած այդ երիտասարդների հայրը ցավով է պատմում, թե ինչպես մի օր սպառնացին իրեն դատի տալ` ջրի վարձավճարը չմուծելու համար: Եվ ինչպե՞ս են դատելու մի մարդու, ում երկու որդին զոհվել են մեր հող ու ջրի համար, մի՞թե հնարավոր է այդ ամենի համար ավելի թանկ վճարել, քան վճարել են նրա որդիները:

Մարդիկ մոռացել են եւ առօրյա հոգսերի ծանրության տակ կորցրել մեծ նվիրաբերման դիմաց չնչին ուշադրությամբ անգամ փոխհատուցելու իրենց պարտքը: Այսպես եղավ նաեւ Գառնիկ Ավանեսյանի պարագայում, ում երկու որդին նույնպես զոհվել են պատերազմում: Եվ երբ նրա կինը մահամերձ վիճակում էր` զանգահարեց շտապ օգնություն, ներկայացավ, որ ծեր կին է, երկու որդին զոհվել են, ոչ ոք չունի հիվանդանոց տեղափոխելու համար, բուժծառայության աշխատակիցն ասաց, թե չի կարող մեքենա ուղարկել ու ոչնչով օգնել չի կարող: Ինձ հաջողվեց զրուցել Գառնիկ Ավանեսյանի թոռնուհու` որդիներից մեկի դստեր` Սոնայի հետ, ով մյուս քրոջ հետ այժմ ապրում է Երեւանում: Երկուսն էլ ավարտել են բարձրագույն ուսումնական հաստատություն: Պետությունից այլեւս ոչ մի օգնություն չեն ստանում, քանի որ նրանց 23 տարին լրացել է եւ գործող օրենքի համաձայն զրկվել են թոշակից: Ինչպես զրույցի ընթացքում բացահայտվեց` նրանք կորցրել են նաեւ իրենց մորը, ով մահացել է 2000 թվականին: Նրանց մեծացրել են տատիկն ու պապիկը, կրթության տվել, իսկ այսօր Սոնան գործազուրկ է ու քրոջ համեստ աշխատավարձով է ապրում Երեւանում: Կցանկանար վերադառնալ Կապան, բայց այստեղ եւս աշխատանք գտնելու հույս չունի, եւ, չնայած ծանր սոցիալական կացությանը, գոնե Երեւանում աշխատանք գտնելու հավանականությունը մեծ է: Նա չգանգատվեց ոչնչից, շարունակ ասում էր, որ չնայած պետությունը ոչինչ չի անում, ակնկալիք էլ չունի, բայց ավելի մեծ ցավ է ապրում, երբ տեսնում է, որ մարդիկ լիովին մոռացել են ազատամարտիկներին: Իր խոսքով` ժամանակ առաջ գոնե ակնածանք կար, մարդիկ հիշում էին առիթից առիթ, իսկ այժմ ոչ ոքի դա չի էլ հետաքրքրում: Կապանի եղբայրական գերեզմանը գտնվում է անխնամ վիճակում, կան մարդիկ, ովքեր ի վիճակի չեն այցելելու այնտեղ եւ բարեկարգելու իրենց հարազատի գերեզմանը, իսկ տեղական իշխանությունների, նաեւ հասարական կազմակերպությունների համար այդ սրբավայրը դուրս է պատշաճ ուշադրությունից…

Նրանց, եւ ոչ միայն նրանց, լսելուց հետո չեմ կարող չբարձրաձայնել մտահոգությունս:
Դիտարկումներս ինձ հանգեցրին ակնհայտ ճշմարտության, որ Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքները, հաշմանդամ ազատամարտիկները, հիրավի, գտնվում են սոցիալական ծանր վիճակում: Օրենքով հասանելիք թոշակները չնչին են եւ անբավարար տարրական կարիքները հոգալու համար: Հաշմանդամ ազատամարտիկները բախվում են առողջապահական լուրջ խնդիրների: Պետպատվերով տրամադրվող դեղամիջոցները երբեմն ոչ պետքական են, երբեմն` դա էլ չկա, ամբուլատոր բուժումները երկարաձգվում են, մոտեցումը շատ անգամ, իրենց իսկ խոսքով, անբարեխիղճ է: Համակարգի աշխատողները ցուցաբերում են որոշակի ակնկալիքներ` չնայած բուժսպասարկման ոլորտն անվճար է նրանց համար: Հաշմանդամ ազատամարտիկներից շատերը դժգոհում են նաեւ հաշմանդամության կարգի նշանակման համակարգի խախուտ վիճակից եւ այնտեղ իշխող կամայականությունից. մինչդեռ կան մարդիկ, ովքեր իբր ազատամարտիկ են, ունեն կարգ, բայց չգիտեն, թե որտեղ եւ ինչի համար է եղել պատերազմ, իսկ իսկական հաշմանդամները խնդիրներ են ունենում կարգ ստանալու, անգամ ազատամարտիկի վկայական ստանալու համար: Կամ` մի՞թե հանրապետության առողջարաններում, պետպատվերի միջոցով, հնարավոր չէ տարեկան գոնե մեկ անգամ կազմակերպել հաշմանդամ ազատամարտիկների հանգիստը, նրանց ընդգրկել վերականգնողական կուրսերում…

Գործող օրենսդրությունը, կարծում եմ, եւս հիմնովին վերանայման կարիք ունի` թոշակների, արտոնությունների տեսակետից: Չեմ կարող չկիսել Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի կարծիքն առ այն, որ այդ ընտանիքները պետք է գոնե ազատվեն հողի հարկից ու խմելու ջրի վարձավճարից, քանի որ նրանք իրենց կյանքով արդեն իսկ վճարել են դրանց դիմաց:

Հիշատակեմ եւս մեկ նկատառում. մեր երկրում բազմաթիվ ու տարատեսակ ՀԿ-ներ ու կազմակերպություններ կան, որոնք, իբր, ներկայացնում են ազատամարտիկների շահերը, բարձրացնում նրանց խնդիրները: Ըստ իս` նման կազմակերպությունները պետք է միավորվեն, որ կարողանան ավելի շոշափելի աշխատանք կատարել: Կարծում եմ նաեւ, որ ազատամարտիկները նույնպես պետք է միավորվեն մեկ կազմակերպության մեջ` մեկ գաղափարի ներքո: Շքանշանների ու պետական պարգեւների շնորհման ընթացակարգ. դա թեեւ ազգային արժեհամակարգին առնչվող հարց է, բայց շատ խոցելի է: Այդ հարցում խտրությունը, այլեւայլ սկզբունքներով առաջնորդվելն անկարելի է: Այդ հարցը, դրան առնչվող ընթացակարգը, պետք է լիովին բարոյական հարթություն տեղափոխել, այլապես պետական պարգեւները հակառակ նշանակություն կունենան, եթե արդեն չեն ունենում:

Զոհված ազատամարտիկների ընտանիքների, մեր կողքին ապրող ազատամարտիկների ամենամեծ ցավը, ինչպես տեսնում եք, մոռացության ու անտարբերության մշուշն է, որով պատված են այդ մարդիկ: Իրենց առկա խնդիրներին ականջալուր դարձնելու պարզ ցանկությունն էլ ստիպել է նրանց` դիմելու նստացույցերի եւ ելույթների: Իսկ հաղթանակած բանակի զինվորի համար նստացույցը, բողոքավորի դերում հայտնվելը, հավատացեք, այնքան էլ պատվաբեր չէ, եթե ոչ նվաստացուցիչ…

….Չմոռանանք այդ մարդկանց ու նրանց սխրանքները, որպեսզի կերտվի հայրենիքի վաղվա զինվորը:

ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25