Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել գնահատական տալ Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

07.03.2019 19:11
1496

 Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հանգամանքի վրա: 

«Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Ռուսաստանի Դաշնություն Ձեր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում վանդալիզմի հրեշավոր ակտի վրա, որ տեղի է ունենում Ադրբեջանում: 1998-2005թթ Ադրբեջանում՝ նախկինում պատմական Հայաստանի մաս  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, Ջուղա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել գերեզմանոցի նպատակաուղղված ոչնչացում, որտեղ եղել են հազարավոր միջնադարյան հայկական գերեզմանաքար-հուշարձաններ՝ խաչքարեր: 

Հուշարձանների և տեսարժան  վայրերի պահպանության միջազգային խորհրդի, արևմտյան լրատվամիջոցների և հայկական աղբյուրների համաձայն՝ հայկական մշակույթի հնագույն հուշարձանների ոչնչացումը նախաձեռնել են Ադրբեջանի իշխանությունները: Հայկական գերեզմանոցում եղած բոլոր խաչքարերը ոչնչացրել են ռազմական հագուստով մարդիկ՝ շինարարական ծանր տեխնիկայի օգնությամբ: Տապանաքարերի խոշոր բեկորները վերամբարձ կռունկների օգնությամբ դրել են վագոնների մեջ և երկաթուղով տարել են, հավանաբար, հետագայում որպես շինարարական նյութ օգտագործելու նպատակով: Հուշարձանների ավելի փոքր բեկորները բեռնել են բեռնատարների մեջ և թափել Արաքս գետը: Ջուղայի գերեզմանատունը, որը հայկական մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկն էր, վերածվել է հրաձգարանի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է դիմումի մեջ: 

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հավելում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված վանդալիզմի ակտը համաշխարհային հանրության կողմից չի արժանացել խիստ դատապարտման, դրան չեն հետևել որոշիչ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, որը կազմակերպել  է բարբարոսական ցեղասպանությունը հայկական մշակույթի նկատմամբ: «Հայկական խաչքարերը 2010 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում: Այժմ բոլորն են ընդունում, որ հայկական խաչքարերը համաշխարհային արվեստի գլուխգործոց են: Աշխարհի խոշորագույն թանգարանները պատիվ են համարում իրենց հավաքածուներում գոնե մեկ խաչքար ունենալը»,- ասված է դիմումի մեջ: 

Խորհուրդը հիշեցնում է, որ մինչ ոչնչացումը Ջուղայի հայկական գերեզմանատունը միջնադարյան խաչքարերի ամենամեծ գերեզմանոցն է եղել. 20-րդ դարի սկզբում այնտեղ եղել է 6 հազար խաչքար: 20-րդ դարի վերջին դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 3 հազարի: 

«Եվ ահա 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբին ադրբեջանցի վանդալները ավարտին հասցրեցին իրենց կեղտոտ գործը:  Հայկական այդ հուշարձանների երբեմնի գեղեցկության և դրանք կերտած վարպետների տաղանդի մասին են վկայում ընդամենը պահպանված նկարները: Վանդալիզմն ավելի քան ակնհայտ է: Հարգելի տիկին Ազուլե, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների բարբարոսական վերաբերմունքը ներկայիս Ադրբեջանի տարածքում  հայկական մշակույթի և արվեստի հուշարձանների նկատմամբ և Ձեզ կոչ է անում գնահատական տալ  Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը: Նաև խնդրում ենք Ձեզ քայլեր ձեռնարկել, որպեսզի նման երևույթներն ապագայում չկրկնվեն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ  ամբողջ աշխարհում, քանի որ յուրաքանչյուր ազգի գլուխգործոցներն անկասկած, ողջ մարդկության ձեռքբերումն են: Ակնկալում ենք Ձեր կառուցողական  պատասխանը»,- նշված է դիմումի մեջ:

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30