Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշևախա գյուղի դպրոցին, որտեղ մարդասիրական օգնություն էր բաժանվում: Հարվածի հետևանքով, տեղական իշխանությունների տվյալներով, զոհվել է առնվազն 26 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ ու անհետ կորածներ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մինչ այդ հայտնել էր 24 զոհի մասին: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինը հայտնել է, որ 27 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան հայտնել է, որ մարդկանց մի մասը դեռ փլատակների տակ է: Ըստ նրա՝ առաջին հարվածին հաջորդել է երկրորդը, ինչի հետևանքով ինը ռումբ է ընկել գյուղի վրա։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հարվածները թիրախավորել են դպրոցի շենքը, որտեղ մարդիկ ապաստան էին գտել մարդասիրական օգնություն ստանալու ժամանակ։
«Ռուսները չէին կարող չիմանալ, որ ամեն շաբաթ Կամիշևախայում մնացած տեղի բնակիչները այնտեղ մարդասիրական օգնություն են ստանում», – գրել է Զելենսկին՝ նշելով, որ Օլեշկիում մարդասիրական գործողությունից հետո կարելի էր ակնկալել խաղաղության ուղղությամբ քայլեր, բայց Ռուսաստանը «ուղարկում է ճիշտ հակառակ ազդակներ»։
Զելենսկին նաև նշել է, որ Կամիշևախայի վրա հարվածները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ռուսաստանը չի ցանկանում ո՛չ լարվածության թուլացում, ո՛չ էլ իրական արդարադատություն։
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում մեծ թվով զոհերի մասին լուրերը:
Կամիշևախան գտնվում է առաջնագծի մոտ և հաճախակի է ենթարկվում հրետակոծության: