Սա, իրոք, արդեն «SOS» է, տագնապալի իրավիճակ

09.04.2013 15:24
4557

Վաղատուրը մեռնում է, բայց Վաղատուրը պետք է ապրի

Գորիսի հեռավոր գյուղերից է Վաղատուրը` քաղաքից 37կմ հեռավորության վրա: Գորիսից Վաղատուր է ձգվում երկու ճանապարհ. առաջին` հիմնականը, եւ երկրորդը` Վերիշեն համայնքի միջով, «Բադի լճի» եզրագծով: Վերջին ճանապարհը կառուցվել է 1980-ականներին եւ դարձել առավել գործածական` հիմնական ճանապարհից 18կմ կարճ լինելու պատճառով:

Վաղատուր գյուղը (նախկինում` Բայանդուր) ներկայումս ունի 475 բնակիչ: Այնտեղ 20-րդ դարասկզբին բնակություն են հաստատել նաեւ հայ-թաթարական կոտորածների հետեւանքով Մինքենդ եւ Զեյվա գյուղերից, Արցախից արտագաղթած հայեր:

Գյուղում միջնադարից պահպանվել է երկու եկեղեցի: Դրանք, ըստ վկայագիրների, վերաշինվել են 17-րդ դարում: Հին գյուղն առաջին անգամ հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում` Վաղատու անունով, եւ առավելապես տնտեսական վերելք է ապրել 16-17-րդ դարերում` Խանածախի Մելիք Հայկազյանների տիրապետության օրոք: Գյուղը եւ նրա հարակից հայկական բնակավայրերը հարյուրամյակների ընթացքում բազմիցս ենթարկվել են թուրքալեզու զավթիչների ասպատակություններին, նրանց կազմակերպած ջարդերին, կոտորածներին: Շատ հաճախ նրանց հաջողվել է զավթել գյուղի շրջակա բնակավայրերը, թուրքացնել առանձին սարերի, ձորերի, աղբյուրների անուններ եւ մշտապես հարձակումներ գործել Բայանդուր անվանված Վաղատուր գեղասքանչ գյուղի վրա, փորձել տիրանալ նրա ծաղկառատ դաշտավայրերին, ընդարձակ հողերին, սառնորակ աղբյուրներին: Բայց Վաղատուրը միշտ հերոսաբար դիմադրել է, իր գիրկն առել թուրքերի կողմից զավթված տարածքներից մահապուրծ հայրենակիցներին եւ միայն 20-րդ դարի 20-ական թվականներին` թուրքերին տված ջախջախիչ մարտերից հետո, վերջնական ազատագրվել: Գյուղում թուրքերի կազմակերպած կոտորածները բնակիչների մեջ ամրագրվել են առանձին տեղանունների նշանակությամբ, եւ մինչեւ այսօր այդ ահասարսուռ լեգենդները պատմվում են` «Դադ մելիք» սար, «Հալաք» տարածք եւ այլն, որոնք, վաղուց արդեն ժամանակն է, որ վերանվանվեն իրենց հին հայկական անուններով:

Գյուղում տարրական դպրոց առաջին անգամ բացվել է 1928թ., որի հիմնադիրը եւ միակ ուսուցիչը եղել է գյուղի քահանա Միքայել Մինասյանը:

1930թ. գյուղում կառուցվել է առաջին պանրագործարանը:

1958թ. էլեկտրաֆիկացվել է գյուղը, 1963-ին` կառուցվել դպրոցական տիպային նոր շենք:

1969թ. գյուղը վերանվանվել է Վաղատուր նախկին անունով:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 120 վաղատուրցի, զոհվել` 68 հոգի: Պատերազմից վերադարձած վաղատուրցիները` բազմաթիվ շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով (Գրիշա Միրզոյան, Արամայիս Բաբաջանյան, Միշա Գրիգորյան, Անդրանիկ Սարգսյան, Շավարշ Առաքելյան, Մեսրոպ Հովհաննիսյան….) հետագայում ներգրավվել են երկրի խաղաղ շինարարության մեջ` իրենց արժանավոր եւ մեծ վաստակով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերի վերելքին ու նվաճումներին: 1967թ. գյուղում կառուցվել է հուշարձան-կոթող` նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհված վաղատուրցիների հիշատակին:

Արցախյան պատերազմի ժամանակ կամավորական ջոկատներում կռվել եւ պատերազմին առնչվող տարբեր գործողություններին մասնակցել են վաղատուրցի երիտասարդները: Զոհվել է մեկ ազատամարտիկ` Արարատ Մելսիկի Միրզոյանը, ում անունով անվանակոչվել է գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանը:

ՄԻԱՅՆ ՄԻ ՔԱՆԻ ՏՈՂՈՎ

Մինչեւ 1991թ. գյուղի տնտեսությունն ունեցել է 739 խոշոր, 2856 մանր եղջերավոր անասուն, 9 միավոր գյուղտեխնիկա, գյուղմեքենաների պարկ, պահեստներ, սիլոսի հորեր…. Անասնագոմերի համար անց են կացվել 3,5կմ երկարությամբ ջրատար, անասնապահական ֆերմաներում եւ կացարաններում` լուսավորվածություն, ամենուր տեղադրվել են հեռուստացույցներ, հասցվել թարմ թերթեր, յայլաղներում ցուցադրվել են կինոֆիլմեր, կազմակերպվել տարբեր մշակութային միջոցառումներ: Գյուղն ունեցել է ֆուտբոլի դաշտ, ակումբ` կից խաղասենյակով, գրադարան: Գյուղատնտեսության առաջավորները պարբերաբար խրախուսվել են հանգստյան տներ, նախկին սոցիալիստական երկրներ մեկնելու անվճար ուղեգրերով: Տասնամյակներ շարունակ Վաղատուրի տնտեսությունը շրջանում ճանաչվել է լավագույններից մեկը, շատ հաճախ` լավագույնը, արժանացել փոխանցիկ կարմիր դրոշների, անունը գրանցել շրջանի պատվո տախտակի վրա, որն այն ժամանակ համարվում էր բարձրագույն գնահատական: Գյուղի վարելահողերից տարեկան ստացվել է 1555ց հացահատիկ, տնտեսությունը տարեկան արտադրել է 2820ց կաթ, 734ց միս, 48,2ց բուրդ, 334ց բանջարեղեն, 575ց կարտոֆիլ եւ այլն:

Վաղատուրում են ծնվել նախկին ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության նախագահ Շմավոն Առուշանյանը, «Պրավդա» թերթի ճանաչված թղթակից Արամայիս Սարգսյանը, ԱՄՆ-ում բնակվող աշխարհահռչակ քանդակագործ Սպարտակ Բաբայանը, շրջանում հայտնի պետական-հասարակական գործիչներ Վաղարշակ Սարգսյանը (1947-49թթ. Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ), Սարգիս Բաբաջանյանը, Գուրգեն Սարգսյանը, Երվանդ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Բարխուդարյանը, Իգնատ Բեգլարյանը, ներկայումս ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը, «Զանգեզուր» թերթի խմբագրի տեղակալ Նիկոլայ Բաբաջանյանը…. Արմատներով վաղատուրցի են եւ այսօր էլ ՀՀ-ում ու արտերկրում են աշխատում շնորհալի բժիշկներ, իրավաբաններ, մանկավարժներ, լրագրողներ, արվեստագետներ….

Վաղատուրցիներն աշխատասեր են, պատվախնդիր եւ ուղղամիտ, ուսումնատենչ, անարդարության դեմ պոռթկուն…

Վաղատուրն ունի հրաշալի բնակլիմայական պայմաններ, ընդարձակ հողատարածք, ծաղկառատ դաշտավայրեր եւ բերքատու այգիներ:

…«Սյունյաց երկրի» լրագրողական խումբը Վաղատուր մեկնեց երկրորդ` «Բադի լճի» ճանապարհով: Նախապես գիտեինք, որ ճանապարհն անբարեկարգ է, վտանգավոր եւ անհարմար: 1980-ականներին կառուցվելով եւ շահագործման հանձնվելով` այն հետագայում չի վերանորոգվել: Անգամ մասնակի վերանորոգումները կարող էին փոխել իրական պատկերը. տարիների ընթացքում քանդված ասֆալտ, քարակոշտեր, փոսեր եւ զառիվարներ, ձորնիվար գահավիժող անցումներ` տեղ-տեղ չափազանց նեղացած, վթարի «հրավիրող» քարաբլուր-խայծերով: Մինչդեռ այդ նպատակահարմար ճանապարհը շուրջ 30 տարի օգտագործվել է տարածքի երեք գյուղի բնակչության եւ այնտեղ մեկնողների կողմից, եւ վերջին 15-20 տարին օգտագործվել է ահուդողով: Իսկ ձմռան երկարուձիգ ամիսներին այս ճանապարհն ամեն ակնթարթ լի է հավանական ողբերգական դեպքերով: Ասում են` յուրաքանչյուր բնակավայր սկսվում է իր ճանապարհից: Վաղատուրի խնդիրը սոսկ Գորիսից կտրվածությունը չէ. հիշյալ ճանապարհով ժամանակին բնակիչը Վաղատուր է հասել 15-20 րոպեում: Անգամ 40 րոպեում գյուղ հասնելը դարձյալ դժվարություն չէ: Իրական կտրվածությունը եւ հեռավորությունը տեղական իշխանությունների բարի կամքի, գյուղի հոգսերին ու խնդիրներին նվիրվելու մեջ է, որի բացակայությունը դժվար չէ նկատել:

ՄՏՆԵԼՈՎ ԳՅՈՒՂ

Առաջինը, որ մեզ դիմավորեց, «Հալաքի» (գյուղի թաղամաս)` ժամանակին նշանավոր խնձորենիների ձգվող այգին էր` տեղ-տեղ նոսրացած, մի մասում` գարունը մեռած, անտերություն ճաշակած, բարձիթողի… Խնամքի ոչ մի նշույլ: Այգին վաղուց կտոր-կտոր (սեփականաշնորհման արդյունքում) տրված է գյուղացիներին, նաեւ` Գորիսում ապրող որոշ վաղատուրցիների: Իրականում, ոչ միայն դրսում ապրող վաղատուրցիները (որը դեռ հասկանալ կարելի է), նաեւ գյուղի բնակիչները սրտացավ չեն եղել այգիների նկատմամբ, եւ անցած տարիների ընթացքում ոչ մեկը չի մտածել դրանք խնամելու, մշակելու, պահպանելու ուղղությամբ: Մինչդեռ ժամանակին (վերեւի այգին հիմնել էր կոլտնտեսության նախագահ Իսրայել Գրիգորյանը 1930-ականների վերջին, իսկ գերեզմանոցի մերձակայքի այգին` Սարգիս Բաբաջանյանը` 1960-ականներին) դրանք իրենց բերքատվությամբ, ճոխությամբ եւ գեղեցկությամբ դարձել էին գյուղի հարստությունն ու զարդը, ողջ շրջանի պարծանքը: Նրանց բերքը ոչ միայն գյուղին էր բավականացնում, այլեւ դարձել էր վաճառքի եւ արտահանման աղբյուր: Վաղատուրի խնձորը մեծ համարում ուներ: Իսկ վաղատուրցու համար, բացի նրանից, որ ողջ տարին նրա սեղանին էր, տոնական օրերին` տնտեսության ղեկավարության կողմից, նվերի կարգով, յուրաքանչյուր ընտանիք ստանում էր մեկ արկղ քաղցրահամ խնձոր: Խնձորենիները բազմատեսակ էին, բերքը` երկար պահպանվող, հյութալի եւ գեղեցիկ: Ժամանակին այն Կապանի պահածոների գործարանի մշտական հումք էր, իսկ Գորիսի նորաբաց գիշերօթիկ դպրոցը տարիներ շարունակ գտնվում էր վերելք ապրող Վաղատուրի տնտեսության հովանու ներքո: Նայելով նոսրացած-չորացած ծառերի անզոր, երկինք պարզված շարքերին` ակամայից հետհիշողությամբ պայծառանում են երբեմնի այգիների համատարած ճերմակ ծաղկունքը, ճոխ այգեկութը…Որն, ասես, չի՜ էլ եղել:

Գյուղ մտնող հենց առաջին տների բնակիչներն անհավես գործ են անում, հոգնած են, անտարբեր դեմքերով: Մեր առաջին հարցը խնձորենիների մասին է, որոնք փռված էին մեր տեսադաշտում` անկենդան-անկանոն շարքերով: «Որոշները բերք են տալիս», - սա էր նրանց պատասխանը: «Ո՞վ մշակի, ամեն մարդ իր գործին է, բերքն էլ, եթե լինում է, գնում-հավաքում ենք»: Ահա այն, ինչ լսեցինք: Ապշել կարելի էր: Իրենց սեփական այգին չեն մշակում` մտածելով` «չոլի» ծառ է, ինքն իրեն բերք կտա: Կտա` լավ, չի տա` կկտրենք: Այ քեզ տրամաբանություն: Նախկին աշխատասեր վաղատուրցուց հետք չի մնացել: Մարդիկ, գարունը դեռ չսկսած, արդեն հոգնած են, անտրամադիր, ասես ողջ աշխարհի «մալուխարջը» իրենց ուսերին է: Նրանցից մեկը` Դարչո Հայրապետյանը, լուրջ-լուրջ մտքեր է արտահայտում արտագաղթի մասին. «Ժամանակին գյուղում արդյունաբերական կոմբինատի մասնաճյուղ կար, ջահելներն աշխատում էին: Հիմա ի՞նչ, կողպեքը գցել-փակել են շատ-շատ տներ: Ընտանիքներով են արտագաղթում` Հայկազենք, Շավարշենք, Ազատենք, Խաչատուրենք….»: Դարչոն թվարկում է, եւ չի վերջանում: «Մարդիկ հազիվ իրենց տնամերձն են մշակում, ջահելը միշտ ջահել չի մնում, ջահելն էլ է մեծանում, հիվանդանում, ուժից ընկնում: Գյուղում մի մասն արդեն կենսաթոշակառու է, շատերը ծեր են, միայնակ` ցածր թոշակով: Երիտասարդի գրպանում էլ փող չկա: Ամուսնացած տղան ծնողից ծխախոտի փող է խնդրում…»:

Հեծանիվ հայտնագործելու ցանկություն չկա. բոլոր գյուղերն էլ, համարյա, նույն խնդիրներն ու հոգսերն ունեն, բայց Վաղատուրում, ի տարբերություն շրջանի շատ գյուղերի, խնդիրները խրոնիկ բնույթ են կրում եւ արդեն բավականաչափ խորացել են:

«Գյուղը, առանց այն էլ, մի քիչ հեռու է քաղաքից, - ասում է Դարչոն, - բայց, պատկերացրեք, այդքանով հանդերձ, արդեն մի քանի ամիս է, ինչ Գորիսից որեւէ ավտոբուս կամ երթուղային տաքսի չի գալիս: Քաղաք մեկնելու որեւէ հարցով` առողջական, տնտեսական, անձնական, գյուղացին կանգնում է փաստի առջեւ: Տրանսպորտային կապ չկա քաղաքի հետ: Էլ ի՞նչ եք ուզում: Դեռ չեմ խոսում ծննդաբերող կամ հղի կնոջ մասին, որոնց հարկ է լինում տեղափոխել Գորիս: Գյուղացին այնքան հնարավորություն չունի, որ անվերջ տաքսի կանչի Գորիսից: Գոնե շաբաթական մեկ-երկու անգամ ավտոբուս էր գալիս գյուղ, որը դարձյալ քիչ էր, բայց դա էլ է վերացել: Վարորդների, գծատերերի քմահաճույքո՞վ պետք է գյուղն ապրի, չեմ հասկանում: Ի՞նչ է, պետություն, իշխանություն չկա՞: Մարզի իշխանություններն էլ տեղյակ են, խոստացել են, որ կկարգավորեն: Մինչեւ այսօր նույն վիճակն է, ի՞նչ ասեմ: Գյուղացին էլ ի՞նչ անի. տեսնում է, որ իշխանություններն անտարբեր են գյուղի հոգսերի հանդեպ, ինքն էլ ընկճվում, ուժահատվում է, դառնում անտարբեր»:

Մինչ Դարչոն եւ մյուսներն իրար ընդհատելով-լրացնելով խոսում էին, ես լսում էի պարզկա օդում մեղմ խշշացող գետի ձայնը, որը սկիզբ է առնում Աստված գիտե` որտեղից, եւ արդեն դարեր է, գուցե` հազարամյակներ, ինչ հոսում է Վաղատուրի միջով, կտրում գյուղեր ու տարածքներ, միանում Աղավնո գետին: Մեր նախնիները բնակավայր հիմնելիս առաջին հերթին հաշվի են առել բնական աղբյուրների, տարածքով հոսող գետերի առկայության հանգամանքը եւ ապա նրանց կողքին տուն-տեղ դրել: Բացառություն չեն եղել նաեւ վաղատուրցիները: Դարձյալ, անկախ իմ կամքից, վերապրում եմ մանկությունս, ամառային արձակուրդի սքանչելի օրերը. տատս, զանգեզուրյան տարազի կարմիր հալավը ծածանելով եւ ճակատնոցի արծաթները զրնգացնելով, իր գործած գույնզգույն կարպետներն առած, գնում էր գյուղի ներքին թաղի այգիներից էլ վար` դրանք լվանալու: Երբեմն հոգնելով` գետի ջրով շփում էր դեմքը: Իսկ ես, ողորկ սալաքարին նստած, հաշվում էի գետի մեջ պարզ ուրվագծվող մեծ ու մանրիկ խճաքարերը, նայում արեւի շողերից պեծպեծին տվող, վճիտ-հոսող ջրերին… Հապա, տիկի մեջ լցված պանիրը (մոթալ), որ տատս կապելուց հետո անպայման գետի ջրով էր լվանում` ասելով, որ գետի ջուրն ավելի լավ է պնդացնում պանիրը, եւ վաղ առավոտյան, հիշում եմ, ինձ խնայելով, արթնացնում էր տղա թոռներին` ուղարկում գետից ջուր բերելու… Մի գետը մի ողջ գյուղ է պահել: Մարդիկ նրա զուլալ ջրով լվացք են արել, լողացել են, այգիներ ոռոգել, անասուն ջրել, եւ ոչ մեկի մտքով չի անցել իր կոյուղին լցնել … գետի մեջ: Իսկ այսօր… Ի դեպ, գյուղի կոյուղաջրերից Վաղատուրի աղտոտվող գետի մասին առաջինն ահազանգ է բարձրացրել համայնքի պատվավոր անդամ Քաջիկ Բաբաջանյանը «Սյունյաց երկիր» թերթում տպագրված իր հոդվածում: Ցավոք, ոչ մի արձագանք, եւ աղտոտումը կանխարգելող ոչ մի փորձ չի արվել: Հարցը մնացել է անպատասխան եւ անհետեւանք: Այսօր էլ դեպի գետ են ուղղված վաղատուրցիների կոյուղագծերը, եւ, փաստորեն, համաճարակի առջեւ է կանգնած ողջ գյուղը: Կոյուղաջրերը լցվում են եւ վերջ: Գետն աղտոտում են եւ վերջ: Բա ո՞ւր տանեն կոյուղագծերը. այսպես են պատճառաբանում: Գյուղում կոյուղու ներքին ցանց գոյություն չունի: Տարիներ առաջ հարցը բարձրացվել է համայնքի իշխանության կողմից եւ տեղում էլ մարվել: Մարդիկ հոգնել են տնամերձերի ծայրում տեղակայված արտաքնոցներից, ուզում են քաղաքակրթության իրենց բաժին նմուշները վայելել, բայց ինչի՞, ո՞ւմ հաշվին: Գետի՞: Հետո խոսում ենք նոր առաջացած հիվանդություններից` ալերգիա, ուռուցք, դեպրեսիա: Մի պահ յուրաքանչյուրը թող իրեն դնի գետի տեղը: Ի՞նչ կա զարմանալու: Գետն էլ մեզ պես, ավելի քան, կենդանի օրգանիզմ է, եւ ամենամեծ հիշողությունն էլ ջո՜ւրն ունի: Չե՞ք հավատում, գնանք գյուղի գերեզմանոց. տեսեք` ինչքա՜ն ջահելներ են վերջին տարիներին հանկարծակի ի հայտ եկած ուռուցք-հիվանդություններից մահացել: Ո՞վ գիտե, գուցե գետը վրեժխնդիր է եղել եւ, հավատացեք, դեռ վրեժխնդիր է լինելու: Չե՞ք լսել, որ ջուրն ամենաերկարն է ինֆորմացիան պահպանում, համակարգչից էլ շա՜տ երկար: Վիրավորանքի ինֆորմացիան: Էլ չենք խոսում առկա աղտոտվածության փաստի մասին: Գյուղացիները զարմանում են, փորձում են հերքել` զգալով հարցի լրջությունը: Դե, նրանք գյուղի վերեւում են ապրում, գետի ակունքներին մոտ: Իրենց ինչ. կոյուղին հոսում է ներքեւ, իսկ իրենք` «վերի թաղի ծաղիկները», էլի մաքուր ջրով են իրենց անասունն ու այգին ջրում:

Լավ, այս հարցն էլ պատասխան չունեցավ: Այժմ, ինձ ասեք, թե ինչու գյուղի վարելահողերը մասսայական խոտածածկ են, եւ ինչու գյուղացին իր սեփական վարելահողում վարուցանք չի անում: «Ի՞նչով, ինչպե՞ս անի, գյուղացին փող չունի, կոմբայն չկա: Մեկ-երկու հոգի անցած տարի վարուցանք էին արել. կոմբայն չկար` փչացավ անասունի ոտքի տակ, ձյունն էլ եկավ վրեն: Էլ չենք խոսում, որ սերմացուն էլ անորակ էր»: Այսպես են ասում մեր շուրջը համախմբված գյուղացիները: Առանց ասելու էլ գիտեինք պատասխանը: Հաստատ կարող եմ ասել. Դարչոյի եւ մյուս երեք հոգու բախտը չի բերել, որ գյուղի «գլխին» առաջինն իրենք են մեզ «ռաստ» եկել, դե, մենք էլ… Ոչ մի գոհացուցիչ պատասխան: Գյուղացին ի՞նչ պատասխան տա «իշխանապատկան» հարցերին` հա՜յ այգի , հա՜յ գետ, հա՜յ վարելահող ու գազ…

Իշխանության այսօրվա կրողն էլ, ցավոք, գյուղում չէ, Գորիսում է, եւ մեր երկու հեռախոսազանգին էլ կարճ պատասխանեց. «Չգիտեմ` երբ եմ գալու, ես մեր անասնաբույժ Մասիսին կասեմ` կպատասխանի ձեր հարցերին»: Մենք էլ նախքան գյուղապետարան հասնելն ում հանդիպում` գլխին էինք բարդում մեր հարցերը: Մտածում էինք` գյուղացին ավելի ճիշտ կպատասխանի, բայց գյուղացին էլ կամ խուսանավում էր` զգուշանալով, կամ ցավոտ, խիստ անձնական պատասխաններ տալիս: Ա’յ, օրինակ` գյուղ մտնող գազատարը. մեզ հանդիպած որոշ գյուղացիներ անտարբեր, տարակուսանքով եւ չթաքցրած հիասթափությամբ ընդունեցին մեր շնորհավորանքներն առաջիկայում գյուղում բնական գազ ունենալու կապակցությամբ: Գյուղ մտնող վերեւի եւ ներքեւի ճանապարհների երկայնքով ձգվող գազատարն արդեն գյուղ է հասել:

«Չենք ուզում», - միանշանակ ասացին նրանք:

«Սաղ պարերը պարել ենք, մնացել է սարի սմբուլը», - ասաց մի միջահասակ, ջահել կին եւ բահը թափով մտցրեց գոմաղբի մեջ:

«Թանկ է, եւ, ասում են, էլի է թանկանալու: Գյուղացին, որ վարուցանք չի կարողանում անել, աշխատանք էլ չկա, ո՞նց է վճարելու գազի գինը»:

Նախնական խուճապ է, մտածեցինք, կանցնի: Փորձում ենք հասկանալ. ո՞նց կարող է վաղատուրցին չուրախանալ, որ գազը մտնում է իր կենցաղ, եւ այդպիսով շատ հարցեր են լուծվում: Մինչեւ ե՞րբ նա կարող է ձմռանը փայտով կամ աթարով տաքանալ, մանավանդ որ փայտով գյուղն այնքան էլ հարուստ չէ, իսկ դրսից թանկ գնով վառելափայտ բերելը ոչ բոլորին է ձեռնտու: Հապա, տարվա մյուս եղանակներին էլ` գազի բալոններ տանել-բերելը… Միեւնույն է, գյուղացին չի ոգեւորվել, տեսնում ենք, եւ դա մտորելու տեղիք է տալիս:

ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Գյուղ մտնող ճանապարհի ձախ սարափեշին եկեղեցին էր` տխուր, մագաղաթե գույնի, թեք ընկած հնամենի դռնով, անխնամ: Պինդ, ամուր կառույց է, դիմացել է դարերին, բայց նրա քարերն էլ աղաղակում են, որ ինքը մոռացության է մատնված: Ասես նրանից երես է թեքել ողջ աշխարհը: Ինչո՞ւ այդ գյուղի խոշոր եկեղեցին այդպես անտեսված է Սյունյաց թեմի եւ գյուղապետարանի կողմից: Մի՞թե մի հայրենասեր-հավատավոր վաղատուրցի էլ չկա, որ գոնե հին, շարքից դուրս եկած դուռը փոխարինի մի կարգին, ծածկվող դռնով. թե չէ ասուն-անասունի համար հավասարաչափ ելումուտն ազատ է: Վերջին անգամ, ըստ Ղեւոնդ Ալիշանի, Վաղատուրի երկու եկեղեցին վերաշինվել է 17-րդ դարում: Ներս ենք մտնում. ասես հազարամյա դամբարան լինի` խոնավ-անհյուրընկալ: Քարամեջք հողե հատակին շաղ տված վառված լուցկու հատիկներ են, կրակից-մրից սեւապատ զույգ որմերում` սրբի այրված նկարներ, թղթեր, վառված մոմերից` համատարած սեւ հետքեր: Պարզ երեւում է, որ մարդիկ, այնուամենայնիվ, գալիս-աղոթում են: Իսկ ես ականատեսների պատմելով գիտեմ, որ ժամանակին այդ եկեղեցում է ապրել գյուղի քահանան` Միքայել Մինասյանը, ժամերգություն եւ կնունք կատարել, պահել ու պահպանել իր հոտը, միաժամանակ եղել գյուղի առաջին ուսուցիչը: Անգամ գիտեմ, թե ինչպես են 30-ականներին կարմիր ձիավորները գյուղամիջով քշել-տարել եւ կորցրել ողբացող ծեր քահանային, եւ վերջին կտոր բոքոն հացը տատս է թաքուն փեշից հանել տվել` հետն աղի արցունք թափելով: Մինչեւ կյանքի վերջին օրերը հայրս նրա մասին հիշում էր` երեխայի պես արտասվելով, մինչեւ հոգուս խորքը հուզելով նաեւ ինձ: Բայց հիմա, փառք Աստծո, ժամանակներն այլ են. քրիստոնեական հավատքն ազատ է, չկա ոչ մի արգելք` այն բացահայտ դավանելու, եկեղեցին աչքի լույսի պես պահելու-վերածնելու համար: Չէ՞ որ ավելի վատ օրերում եւ ավելի անմխիթար ժամանակներում է այս եկեղեցին գործել, անգամ զոհաբերել իր քահանային: Իսկ ի՞նչ է այսօր զոհաբերում հասարակ վաղատուրցին կամ նրա համայնքային իշխանությունը` ի սեր եւ ի խնկարկումն իր եկեղեցու. ոչի՜նչ, նույնիսկ շրջակայքի մաքրությունն ու մի կարգին դուռ վերանորոգելն էլ արժանի չեն համարում իրենց Աստծո տանը: Ինչեւէ, այս հարցն էլ մնաց անպատասխան: Եկեղեցու շուրջը եւ նրա փեշերին փռված գոմաղբի բլուրներն ու տափարակները շրջանցելով` ցած էին վազում մի քանի փոքրիկ տղա: Կանչեցինք. ամոթխած սլացան: Հետաքրքիր էր. այդ փոքրիկ տղաները գիտե՞ն, որ աշխարհում կան գեղեցիկ, վեհատեսիլ եւ խնկաբույր-առինքնող եկեղեցիներ…

 

Ի դեպ` նույն (միգուցեեւ ավելի) անմխիթար վիճակում է գյուղի հարավային թաղամասի եկեղեցին:

ԵՎ ՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆՆ ԷՐ

Շենքը դարձյալ խղճուկ, աննորոգ վիճակում էր` խորհրդային ժամանակներից մնացած միակ ճակատպարզող ցուցատախտակով. «Կարգապահությունը, կարգ ու կանոնը….»: Տխուր էր, անչափ ողբալի, հատկապես առաջին հարկի անդուռ, անպատուհան նախասրահը, ակումբ-դահլիճը, ինչպես հասկացանք, ողջ շենքն ու նրա պարունակությունը:

Քանի որ, ասացինք, Վաղատուրի գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանը եւ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Բաբաջանյանը Գորիսում էին, մենք հանդիպեցինք համայնքի ավագանու անդամ Մասիս Մկրտչյանին եւ գյուղապետարանի հաշվապահ Գարուն Հովսեփյանին: Նրանց հետ ունեցած զրույցից էլ ավելի ամրապնդվեց մեր համոզմունքը, որ գյուղն օրեցօր անկումներ է արձանագրում եւ անհապաղ օգնության կարիք ունի: Բոլոր գյուղերի պես Վաղատուրի համայնքն էլ վաղուց դուրս է եկել իր բնականոն հունից եւ ամեն օր փորձում է հաղթահարել մի նոր փորձություն եւ խնդիր: Նրա համար էլ դժվար էր համայնավար վիճակից միանգամից անցնել նոր կացութաձեւի:

Գյուղն ունի 450հա վարելահող, 550հա արոտավայր, 15հա այգի: Սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Սակայն գյուղացին տխուր է. ինչո՞ւ: Թաքցնելու բան չկա. արդեն տարիներ են, ինչ գյուղում վարելահողերը չեն օգտագործվում (ինչպես վերեւում նշեցինք): Գյուղացին ցանկանում է, բայց ի վիճակի չէ. այստեղից էլ` նրա տխրությունը: Անցած տարի մեկ-երկու հոգի երկու հա վարուցանք կատարեցին. նախ` կարգին բերք չեղավ, եղածն էլ փչացավ կոմբայն չլինելու պատճառով: Ամբողջ հողատարածքը, կարելի է ասել, օգտագործվում է որպես խոտհարք:

Այսօր վաղատուրցին հազիվ կարողանում է մշակել իր տնամերձը, որը 1200 մետր է:

 

Գյուղն ունի 935 գլուխ խոշոր եւ 1112 գլուխ մանր եղջերավոր անասուն: Կա նաեւ 332 մեղվաընտանիք:

Վաղատուրցու համար իր արտադրած գյուղմթերքի իրացումը մեծ խնդիր է: Չկա համակարգված կամ կազմակերպված վիճակ: Կաթը շատ չնչին գումարով Վերիշենի պանրագործներն են գնում: Կարտոֆիլը, վարունգը, պոմիդորը եւ այլն գյուղացին իրացնելու հնարավորություն չունի: Այստեղից էլ` նրա դժգոհությունը. ինչո՞ւ շատ արտադրեմ: Մինչդեռ Վաղատուրում հիշյալ բնամթերքը հիանալի աճում է, եւ միայն բանջարեղենի իրացումը ճիշտ կազմակերպելու դեպքում վաղատուրցին կարող է զարգացնել իր տնտեսությունը:

Գյուղն ունի մեկ տրակտոր, բայց միայն դրանով վարուցանք չես անի: Ինչ վերաբերում է «մատչելի» գներով դիզվառելիքի տրամադրմանը, ապա գյուղացին դա էլ է համարում իր գրպանի համար անմատչելի (1 լիտրը` 350 դրամ) եւ շատ հաճախ` հրաժարվում:

Գյուղի այսօրվա պատկերն այնպիսին է, ինչպիսին հիմնականում բոլոր գյուղերինն է:

Աշխատակազմի ղեկավար Անահիտ Բաբաջանյանը հեռախոսազրույցում, հակառակ հնչած կարծիքների, ողջունում եւ բարի գործ է համարում գյուղի գազիֆիկացումը, ասում, որ փաստով տխրողների կողքին շատ-շատ ուրախացողներ կան: Ինչ խոսք, երեւույթն ինքնին ուրախալի է, բայց գյուղացին լիարժեք պատկերացնում է, որ աղքատ տնտեսության կողքին մի խնդիր էլ է ավելանում: Աշխատակազմի քարտուղարը, միաժամանակ, գյուղապետարանի առաջիկա քառամյա ծրագրերի մասին պարզաբանումներ է անում` հուսալով, որ դրանք չեն մնա թղթի վրա:

ԵՐԲԵՄՆԻ ԾԱՂԿՈՒՆ...

Գյուղը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Գյուղապետարանի աշխատակիցները փորձում են սփոփվել այն լավով, որ բարի կամեցողությամբ գյուղի համար կատարել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը. արարողությունների սրահի վերանորոգում, «Ուրալ» մեքենայի եւ տրակտորի հատկացում: Լավ է, թող սփոփվեն, ունեցած քիչն էլ պետք է կարողանալ գնահատել: Բայց փաստը մնում է այն, որ գյուղն այսօր հոգեվարք է ապրում, գյուղը մեռնում է բոլորիս աչքի առջեւ, եւ նրան փրկելու բոլոր ելքերը տանում են փակուղի: Ինչպես ահա գյուղամիջի ճանապարհները, որ խճճվում-կորչում են իրար գլխի դիզված քարերի, հողաթմբերի ու գոմաղբի մեջ: Մենք գյուղամիջում երկար փնտրեցինք սարսափ-լաբիրինթոսի մեջ թաքնված, մայրուղի տանող ճանապարհը, որ անվերջ ծուղակվում, վերջանում էր ահռելի փոսերով, տասնամյակների սելավներից եւ մարդկային անտարբերությունից գոյացած փլվածքներով ու աղբակույտերով: Այն տպավորությունն էր, ասես, որ հինգ րոպե առաջ, Աստված մի արասցե, Վաղատուրում երկրաշարժ է եղել, եւ փողոցները վերուվար տեղահան էին եղել:

Մասիս Մկրտչյանը մեր հարցից հուսահատ շվարում է. «Ին՞չ անենք, միջոցներ են պետք ե՛ւ գյուղի փողոցները վերանորոգելու, ե՛ւ վարելահողերը մշակելու, ե՛ւ արտագաղթը կասեցնելու համար»:

Լիովին համաձայն եմ, բայց, խոստովանենք, գյուղն առաջին հերթին իր բնակչի սրտացավությամբ է գյուղ: Գյուղի գոյությունը պայմանավորված է իր խմելու եւ ոռոգման ջրով: Իսկ ի՞նչ եք դուք անում ջրի հետ. դուք սպանում եք ջուրը, իսկ առանց նրա անիմաստ է խոսել գյուղի կյանքի մասին: Նույնը եւ գյուղի փողոցները. դարձյալ միջոցներն եք պատճառաբանում: Համաձայն եմ, բայց գիտե՞ք, միջոցներն ում են տրամադրում. իր հայրենի բնակավայրի մաքրությամբ շահագրգիռ, հոգատար-ջանացող մարդուն: Համայնքի ղեկավարը, վաղատուրցին թող իրենց բաժին ջերմությունը նվիրաբերեն գյուղին եւ ապա բացճակատ բախեն իշխանական դռներ, պահանջեն, ամոթահար անեն իրենց ապրելու իրավունքով, իրենց հայրենասիրական կեցվածքով: Մինչդեռ, ի՞նչ է ստացվում. իշխանությունները տեսնում են` դուք լա՜վ էլ գտել եք կոյուղագծերի ելքը` բացել գետի մեջ, դուք լա՜վ էլ հարմարվել եք ձեր ավերակ փողոցներին, ավելին, դրանք լրացուցիչ «զարդարում» եք աղբաբլուրներով, դուք լա՜վ էլ ապրում եք չորացած այգիների, գոմաղբի մեջ տնքացող դարեղեն եկեղեցու, 450հա ձեզանից խռով վարելահողերի հարեւանությամբ: Եվ այդ ամենը կարողանում եք բացատրել մեկ բառով` միջոցներ չկան: Մի պահ մոռանում եք, որ միջոցն ամենեւին էլ կապ չունի գյուղի հանդեպ սիրո, կամեցողության հետ: Ուղղակի պետք է սկսել եղածն աչքի լույսի պես պահելով ու պահպանելով, եղածի վրա ունեցած քիչն ավելացնելով:

Իսկ խմելու ջո՞ւրը: Ինչո՞ւ եք տարիներ շարունակ այնքա՜ն սիրով հարմարվում ձեր խմած անմաքուր, ամռանն առավելապես` լեպի զանգվածով ջրի հետ: Ինչո՞ւ չեք ընդդիմանում: Մի՞թե համայնքի ղեկավարը նույն ջուրը չի խմում, կամ ցույց տվեք, խնդրեմ, գյուղում ջրամբարի կառուցման կիսատ մնացած աշխատանքների նախագծերը: Դա էլ ոռոգման ջրի պես, գիտենք, համայնքին է պատկանում, եւ ողջ գյուղն է նրա պատասխանատուն: Վաղատուրցին քանի՞ տարի եւս պետք է խմելու ջրի ծորակը բացի, եւ երկարուկ, անհանգիստ աչքերով մողեսը կամ տզրուկը հայտնվեն նրա բաժակում: Մի՞թե սա կարելի է համարել ապրել: Մի այլ պարագայում կարող ենք խոսել հայի հնամենի քաղաքակրթության, եվրոպական բարեկրթության մասին:

- Միջոցներ չկան:

Նորից իմ զրուցակիցների խոսքն է: Պարո’ն Մասիս Մկրտչյան (եւ այդկերպ մտածողներ), խնդրում եմ, տաբու դրեք ձեր այդ «արդարացնող» խոսքի վրա, ուղղակի որոշեք` ինչ՞ անել: Օրինակ` դուք չասացիք կամ գուցե իմաստ չտեսաք ասելու, բայց ես հասցրել եմ գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարից ճշտել, որ գյուղի ջրամբարի եւ կոյուղու ներքին ցանցի կառուցման եւ անցկացման նախագծերն այս տարի մտցվել են գյուղապետարանի ընդունած քառամյա ծրագրի մեջ: Ինչպես նաեւ` գյուղի փողոցների վերանորոգումը: Սա լուսավոր նոտա է այս ամենի մեջ, բայց ո՞վ կարող է ասել, թե դեռ ինչքան է ձգվելու տանջարան-թունելը, կամ այս էլ որերորդ անգամ են քառամյա ծրագրեր կազմվում…

Մի ողջ օր` ստուգայց-դիտարկումներից հետո, լիովին համոզվում ենք. գյուղն այլեւս չի կարող փրկել գյուղի իշխանությունը… Ծայրահեղ անօգնական եւ հիվանդ գյուղին միասնական օգնություն է պետք, եւ որքան էլ տարօրինակ հնչի` համամարզային, համապետական մասշտաբի օգնություն: Առանց սենտիմենտալ չափազանցության` Վաղատուր գյուղը կանգնած է մեռնելու շեմին, եւ այն պետք է փրկել` ոչ մի միջոցի առջեւ կանգ չառնելով:

ԲԱՅՑ ՎԱՂԱՏՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԱՊՐԻ

Գյուղապետարանից դուրս գալիս երկու երիտասարդի (18-20 տարեկան) հանդիպեցինք: Ուրախացանք. կյանքի նշույլ կա գյուղում: Անմիջապես էլ տխրեցինք` իմանալով նրանց գյուղապետարան գալու նպատակը. տղաները մեր «Նիվան» շփոթել էին գազագործների «Նիվայի» հետ, եկել էին օրավարձու աշխատանք խնդրելու… Երեւի ողջ կյանքում այդքան ափսոսած չլինեի մասնագիտության ընտրության հարցում, եւ երանի մեր լրագրողական խումբն այդ պահին, իրոք, կարողանար օգնել տղաներին: Բայց երեւույթը, որ երիտասարդ տղաներն ուզում են աշխատել գյուղում, մեզ, միեւնույն է, ուրախացրեց. փնտրել-որոնելն արդեն շատ բան էր նշանակում…

Գյուղի փողոցներում մարդ արարածի շունչ չկար. չնայած կեսօր էր: Ծանր լռություն էր տիրում քարուքանդ փողոցներում: Գնդակով խաղացող ոչ մի երեխա կամ պարանով ցատկոտող աղջնակ: Անգամ տարեցների, զառամյալ ծերերի նշույլ չերեւաց. գոնե դուրս գային արեւկողի, բարեւ-բարլուսի: Հիշեցի 98-ամյա պապիս, ով մինչեւ ուշ երեկո նստում էր իր տան շեմին, հարյուրավոր բարեւ-բարլուսեր տալիս-առնում` աչքը չկտրելով մայրուղուց, որտեղից պետք է օրական երկու անգամ Գորիսից ավտոբուսը գար… Դա նրա կյանքի, նրա օրվա` դրսի աշխարհի հետ կապող ամենամեծ տոնն էր:

Այսօր այդ մի հատիկ «տոնից» էլ է զրկված վաղատուրցին. քաղաքի հետ կապող ոչ մի թել: Ծերերն էլ ինչո՞ւ դուրս գան բակ, էլ ինչո՞ւ նայեն կյանքի, աշխարհի հետ կապող միակ թելին` մայրուղուն:

Իսկ երբ «մարտնչում» էինք գյուղի փողոցների փակուղաշատ լաբիրինթոսում` մեքենայով անընդհատ քարեր-սարեր բարձրանալով շրջադարձեր անում, դարձյալ հիշեցի վաղատուրցի Քաջիկի երազի պես հուշը` 60-ականների գյուղի երբեմնի բարեկարգ փողոցների լուսավորության, աշխատասեր, լավ մարդկանց (օրինակ` Մոհրաբյանի) եւ էլի շատ ու շատ գեղեցիկ երեւույթների մասին…

Եվ ավելի է ամրապնդվում համոզմունքս, որ Վաղատուրը, լինելով շրջանի ամենակայացած գյուղերից մեկը, վերջին տարիներին ոչ միայն մեծ քայլերով տնտեսական, բարոյական, ֆիզիկական հետընթաց է ապրել, այլեւ ուղղակի գահավիժել է անդունդ, եւ միայն պետական, միասնական միջոցառումները, թերեւս, կարողանան փրկել գյուղը:

Սա, իրոք, արդեն «sos» է, տագնապալի իրավիճակ:

Եվ «sos» այն գյուղում, որտեղ դարեր շարունակ մեր պապերն ու տատերը ծով համբերությամբ հող են մշակել, տներ կառուցել, այգիներ հիմնել, զավակներ ծնել-դաստիարակել ու կրթել, թշնամուն դիմագրավել, մի ողջ պատմամշակութային արժեհամակարգ, ավանդույթ-նկարագիր ստեղծել, անառիկ պահել, շենացրել Սյունյաց հյուսիս-արեւելյան սահմանը:

Անգամ մի մարդու մահով շատ բան է պակասում աշխարհից, ո՜ւր մնաց, Աստված մի արասցե, մի ողջ համայնքի շքեղ գույների ու պատմության… խամրումն ու մոռացությունը:

…Քանի դեռ գյուղում մեկ մանկական լվացք է փռված, քանի դեռ մեկ աշակերտ է հաճախում առաջին դասարան, քանի դեռ շրջանավարտ է տալիս դպրոցը, եւ մեկ հարս է հղիանում, միանշանակ, գյուղը պետք է ապրի, գյուղը պետք է պայքարի ապրելու համար, եւ նրա ապրելու առաջին երաշխիքը համայնքի իշխանության կամեցողությունը պետք է լինի…

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

21 մարտի 2013թ.

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25