Սահմանադուռ Խնածախը՝ հոգեվարքի մեջ, իսկ մարզային իշխանավորները շարունակում են անհաղորդ մնալ գյուղի հոգսերին

15.01.2023 15:44
5810

Հունվարի 14-ին Խնածախ գյուղում էինք, ընկերակցում էինք «Ֆրանս-Արմենի» հանդեսի լրագրող Վահե Տեր-Մինասյանին, ով Սյունիք էր այցելել Ֆրանսիայից՝ սահմանամերձի իրավիճակին եւ հայտնի բլոկադայի հետեւանքով Գորիսում հանգրվանած արցախցիների կացությանը ծանոթանալու առաքելությամբ:

Ադրբեջանի հետ 23 կմ սահման ունեցող գյուղի դիմաց թշնամական երկրի վեց-յոթ մարտական դիրքերն են, ընդ որում՝ որոշ տեղեր մեր հենակետերից մինչեւ 50 մ հեռավորության վրա: Սակայն այդ հանգամանքի վտանգավորությունն ի չիք է դառնում, երբ զրուցում ենք մեր դիրքապահների հետ, երբ տեսնում ենք նրանց բարձր տրամադրությունը, հակառակորդին (հարկ եղած դեպքում) հակահարված տալու նրանց պատրաստակամությունն ու վճռականությունը:

Գյուղի սահմանների պաշտպանությանը միացել է աշխարհազորայինների ստորաբաժանումը, որի կազմում են նաեւ գյուղի տղամարդիկ՝ տեղանքի քար ու քարափին քաջատեղյակ:

Ոգեւորող այդ հանգամանքից հետո, սակայն, գյուղում բախվեցինք հուսահատության եւ անորոշության բազում դրսեւորումների:

Բնակավայրում փակ դռների թիվը հասնում է 90-ի, քսան ընտանիք էլ միայնակներից է բաղկացած:

Անցած մեկ տարում, ըստ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի (լուսանկարում), 50 հոգի լքել է հայրենի բնօրրանը, կրճատվել է դպրոցականների թիվը:

Էականորեն պակասել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 1090-ից հասնելով 830-ի: Մոտ 2 հազարով կրճատվել է մանր եղջերավորների քանակը:

Խնածախին համակած հոգեվարքն ունի կոնկրետ պատճառներ, մի մասը՝ տարիների պատմություն ունեցող:

Պատճառներից առաջինը խմելու ջրի մատակարարման խայտառակ վիճակն է:

Մեկ տարի առաջ իբր Վաղատուրի ջրաղբյուրների հաշվին լուծվել է խմելու ջրի հարցը, սակայն նախատեսված 1,7 լիտրի փոխարեն (վայրկյանում) գյուղի օրվա կարգավորիչ ջրամբար է մտնում  մեկ  լիտրից պակաս ջուր, ինչը հազիվհազ թույլ է տալիս տներին ջուր մատակարարել երեք օրը մեկ՝ մի քանի ժամով:

Եվ գյուղացիները՝ ստիպված, ջրի հարցը լուծում են հնամենի աղբյուրից ավանակներով ջուր տեղափոխելով: Այո, 21-րդ լուսավոր կոչվող դարում խնածախցիները խմելու ջրի խնդիրը լուծում են ավանակների օգնությամբ…

Ջրի խնդիրը միգուցե եւ այդքան սուր չլիներ, եթե ներքին ցանցը շատ թե քիչ կարգի բերված լիներ:

Ջրամատակարարման ձախողված վիճակն առօրեական բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Օրինակ, դժվարացել է հացաթխման գործը, եւ խնածախցիներն անհրաժեշտ հացը ձեռք են բերում Գորիսից, այն էլ՝ քարուքանդ ճանապարհներով:

Չափազանց մտահոգիչ է գազամատակարարման հարցը: Թեեւ կապույտ վառելիքը վաղուց է գյուղ հասել, բայց դրանից օգտվում է ընդամենը 12 ընտանիք՝ 152-ից:

Ըստ վարչական ղեկավարի՝ ամեն մի տուն գազիֆիկացնելու համար պահանջվում է միջին հաշվով 150-ից 400 հազար դրամ (կախված այն բանից, թե տունը գազի խողովակաշարից որքան հեռավորության վրա է գտնվում), իսկ դրա հնարավորությունը գյուղացին չունի:

Այդ ամենի հետ մեկտեղ՝ գյուղը զգալիորեն տուժել է Արցախյան երրորդ պատերազմից. նախ՝ կորցրել է իր լավագույն երեք զավակին՝ Արա Խաչատրյան, Արսեն Ավանեսյան, Մհեր Հայրապետյան:

Այնուհետեւ՝ 20 հա վարելահող է անցել թուրքին (Խնածախի եւ Արավուսի արանքում), տասնյակ հեկտար արոտավայրերի օգտագործումը դարձել է ռիսկային:

Քաշաթաղում բնակվող խնածախցիներն են պատերազմից եւ հատկապես 2020 թ. դեկտեմբերի 18-ի զուլումից հետո գյուղ վերադարձել (ներկայումս՝ 12 ընտանիք)՝ իրենց սեփական խոշոր եւ մանր եղջերավոր անասուններով, ինչն էլ՝ արոտավայրերի նվազման պարագայում, ավելի է սրել անասնապահության խնդիրները:

Ըստ Սեյրան Միրզոյանի՝ Խնածախում մարդիկ անորոշության մեջ են, պետք է քայլեր ձեռնարկել եւ գյուղի առջեւ ծառացած խնդիրներն աստիճանաբար լուծել, այլապես գյուղի վաղվա օրվա մասին խոսելն անիմաստ կլինի:

Սեյրան Միրզոյանի կարծիքով՝ սահմանամերձ բնակավայրերի հանդեպ տարբերակված քաղաքականություն վարելն օրվա հրամայականներից է, ինչը պետք է կառավարության առջեւ բարձրացնեն մեր տեղական ու մարզային իշխանավորները: Անհրաժեշտ է, մասնավորապես, վերանայել սահմանամերձ գյուղերի համար սահմանված արտոնությունների ցանկը: Եվ պետք է առաջին հերթին մտածել աշխատատեղերի ստեղծման մասին. մեկ տարվա ընթացքում գյուղից տեղափոխված 50 հոգուց (ինչպես վերեւում նշեցինք) մեծ մասը Խնածախը լքել է աշխատանք որոնելու նպատակով:

Բազմաթիվ գյուղացիներ էլ հարցնում են՝ ո՞վ է Սյունիքի օրվա մարզպետը, մի՞թե չի կարողանում մեկ անգամ գոնե այցելել սահմանադուռ Խնածախ եւ գյուղացիների հոգսերին հաղորդակից դառնալ:

Գյուղացիների մտահոգությունների թվարկումը կարելի է շարունակել, բայց բավարարվենք ասվածով:

Ավելացնենք միայն՝ մարդիկ կարծիք էին հարցնում Լաչինի միջանցքում ստեղծված վիճակի եւ ընդհանրապես Արցախի ճակատագրի մասին: Իսկ Ռուբեն Վարդանյանի քաղաքական ու պետական վարքը, կարծեք, հետաքրքրում է  բոլորին…

Հ.Գ.

Գորիսից Խնածախ գնալու ճանապարհին Վահե Տեր-Մինասյանի եւ նրա գործընկեր Աշոտ Դավթյանի հետ զրուցում էինք Մելիք Հայկազն 2-րդի մասին, ում դամբարանն ու ապարանքը գտնվում են Խնածախում, ում դիվանագիտական տաղանդի շնորհիվ 17-րդ դարասկզբին Արցախն ու Սյունիքը զերծ մնացին բռնագաղթից, ում ջանքով Հալիձոր գյուղի դիմաց (Որոտան գետի աջ ափին) հիմնադրվեց Սյունյաց մեծ անապատը կամ Հարանց մեծ անապատը:

Մենք ժամանակ չունեցանք այցելելու Խնածախի անապատ, որը, առանց չափազանցության, Սյունյաց աշխարհի հրաշալիքներից մեկն է, բայց հասցրինք քննարկել նաեւ Ներսես Մոկացու հայտնի պոեմը, որի  մեջ Մելիք Հայկազն 2-րդն արդարացիորեն համեմատվում է առասպելական Տիգրանի հետ, ով տապալել է հայ ժողովրդի հնօրյա թշնամի Աժդահակին:

«Արմեդը» չի ճանաչում բուժառուին, իսկ հիվանդությունը չի սպասում

02.10.2026 12:53

Հայաստանում մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը

02.10.2026 12:36

Համերգ և վարպետության դաս

02.10.2026 12:06

«Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են, իսկ ներկա իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ». Ալիև

02.10.2026 11:50

«TRIPP»-ը հասունացել է և հասել գործնական փուլ. կարծում ենք՝ 2027-ի սկզբին հնարավոր կլինի հիմնարկեքի արարողություն իրականացնել. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

02.10.2026 11:48

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

02.10.2026 11:46

Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ Զաքարյան

02.10.2026 11:44

Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

02.10.2026 11:41

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպից

01.10.2026 23:38

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39