Սամվել Հարությունյան. «Նման մարզպետին իր պոստում հանդուրժելը մեծ շռայլություն է մեր երկրի համար»

29.08.2017 12:33
1919

Սամվել Հարությունյանը 1992-94 թվականներին՝ Արցախյան պատերազմի ամենաթեժ շրջանում, գլխավորել է Գորիսի քաղաքային իշխանությունը:

Ակտիվ քաղաքացի է, հանրային գործիչ, անկուսակցական:

Վերջին երկու տարում բնակվում է Գորիսի իր առանձնատանը եւ զբաղվում է հայագիտությամբ, ընդգրկված է Գորիսի պետական համալսարանում իրականացվող «Սյունիքի հոգեւոր եւ նյութական ժառանգությունը» ծրագրում:

Նաեւ հասարակական գործունեությամբ է զբաղվում. նրա նախաձեռնությամբ կարգի է բերվում Գորիս գյուղի հին գերեզմանատունը, որտեղ ամփոփված են մեր արժանավոր նախնիների աճյունները: Այդտեղ է հանգչում նաեւ Գորիսի մելիքական տներից մեկի նշանավոր ներկայացուցիչ, Գորիս քաղաքի հիմնադիր քաղաքապետ (1870 թվականից) Մանուչար բեկ Մելիք Հյուսեինյանը:

Գրեթե ամեն առավոտ հասցնում է շրջագայել քաղաքամերձ տարածքներում՝ վայելելով հրաշք բնաշխարհի գեղեցկությունը:

Սամվել Հարությունյանին հանդիպեցինք օգոստոսի 26-ին՝ գորիսյան առանձնատանը, հյուրասիրվեցինք իր իսկ ձեռքով հավաքած հատապտուղներով, տնամերձի բերք ու բարիքով:

«Սյունյաց երկրին» հետաքրքրում էր նրա վերաբերմունքը մարզպետարան-Գորիս շարունակվող «սառը պատերազմին»: Իսկ Սամվել Հարությունյանը սովորաբար նկատում է այն, ինչ շատերը չեն տեսնում եւ պերճաշուք խոսքով ասում է այն, ինչ քչերն են ասում:

Զրույցի վերջում չէինք կարող թաքցնել մեր նկատառումը, որ նոր չէ եւ արդիական է՝ նման մտավորականի, ակտիվ քաղաքացու, Սյունիքի մարզի հոգսերով ապրող մարդու ներուժը չենք օգտագործում, որը եղել եւ մնում է բացթողում:

Ի՞նչ ասաց Սամվել Հարությունյանը մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ:

***

Սյունիքի մարզպետի՝ Գորիսից օտարված, մեկուսացված վիճակը ոչ թե բացասական, այլ արգահատելի, մերժելի եւ անընդունելի երեւույթ է:

Հետաքրքիր է՝ պետական որեւէ ատյան փորձե՞լ է պարզել դրա պատճառները, փորձե՞լ է դարձի բերել մարզպետին:

Անշուշտ, կարելի է զբաղեցնել պետական պաշտոն եւ ինչ-որ մեկի անձը սիրել կամ չսիրել, բայց դա երբեք չպետք է անդրադառնա պետական գործառույթներին, առօրյա աշխատանքին: Իսկ երբ անձնական նկատառումներով փորձում են հարաբերվել գործընկերների, այս դեպքում՝ համայնքի ղեկավարների հետ, ապա դա մի ամբողջ համայնքի արժանապատվության ոտնահարում է նշանակում, որն արդարացում չի կարող ունենալ:

Իշխանավորն առհասարակ օրինակ պետք է ծառայի մեծահոգությամբ, վրիժառությունը մերժող վերաբերմունքով, անձնական հույզերը, շահերը պետական հարցերին ստորադասելու կամքով եւ վճռականությամբ: Սյունիքի պարագայում գործ ունենք դրա ուղիղ հակառակ իրողությունների հետ:

Ես լսել եմ վարչապետի սյունիքյան վերջին այցի մասին եւ ապշել:

Չեմ հիշում որեւէ դեպք (նաեւ խորհրդային ժամանակներից), որ հանրապետության ղեկավարը կամ կառավարության ղեկավարն այցելեր Սյունիք-Զանգեզուր, քննարկեր տարածաշրջանի հետ կապված հարցեր, բայց դրանց մասնակից չդարձներ Գորիսի ու Կապանի ղեկավարներին:

Երբեւէ չենք պատկերացրել կամ տեսել մի վիճակ, որ Կարեն Դեմիրճյանը կամ Անտոն Քոչինյանը գային Սյունիք՝ տարածաշրջանին առնչվող ինչ-որ հարցեր քննարկելու, եւ այդ քննարկումներին մասնակից չդարձնեին Ռաֆիկ Մինասյանին կամ Արամ Հարությունյանին, վերջում էլ հայտարարեին, թե կատակով են վերաբերվում մարդկանց մտահոգություններին…

Այնպես որ՝ մերօրյա Սյունիքին առնչվող հարցեր քննարկել առանց Գորիսի ու Կապանի ընտրյալ իշխանապետերի՝ առնվազն անհեթեթություն է եւ պարզունակ ներկայացում:

Դա ամենեւին էլ անձերի խնդիր չէ, ինչպես ոմանք են փորձում այդպես ներկայացնել: Ես այլ կերպ եմ ընկալում՝ կամ վարչապետն իր այցին լուրջ չի վերաբերվել ու նշանակություն չի տվել կամ ինքն աղոտ է պատկերացնում տեղական ինքնակառավարման մարմինների տեղն ու դերը մեր պետական, սահմանադրական կարգում:

Ինչ վերաբերում է մարզպետին… Եթե մարզպետն իրոք Սյունիքի մարզպետը լիներ, եթե նրա համար Սյունիքի արժանապատվությունն արժեք ունենար, ապա կհրաժարվեր այդ խորհրդակցությանը մասնակցելուց, քանի դեռ չի ապահովվել Գորիսի ու Կապանի համայնքապետերի ներկայությունը:

Անձամբ ես չէի հանդուրժի նման վերաբերմունքը:

1992-ի ամառվա լարված օրերին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց Սյունիք եւ Տաթեւով մեկնեց Կապան՝ առանց Գորիս մտնելու, առանց Գորիսի իշխանություններին տեղյակ պահելու:

Մի քանի օր հետո նախագահի վերաբերմունքն իմ կողմից խիստ քննադատության ենթարկվեց կառավարության նիստում եւ պատշաճ գնահատականի արժանացավ:

Սիսիանյան խնդրահարույց խորհրդակցության ձեւաչափին նույնպես պիտի գնահատական տրվեր: Դա փոքրիկ բացթողում չէր, դա ոչ մի քննադատության չդիմացող երեւույթ էր:

Կրկնում եմ՝ խոսքը ոչ թե ինչ-որ անձերի մասին է, այլ մեր՝ սյունիքյան հավաքական արժանապատվության ոտնահարման մասին:

Տպավորություն ունեմ, որ գործող մարզպետին հաճո են միայն ու միայն ծայրահեղ հնազանդ ու հպատակ, սեփական կարծիք եւ դեմք չունեցող համայնքապետերը, պաշտոնյաները, անհատները…

Նման մարզպետին իր պոստում հանդուրժելը մեծ շռայլություն է մեր երկրի համար:

Ես ընդհանրապես դեմ եմ տեղային մտածելակերպին, բայց եւ կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզ պետք է ղեկավարի տեղացի կադրը: Նման մոտեցումը հատկապես պարտադիր է Սյունիքի մարզի համար: Ավելին՝ ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող Սյունիքի մարզի ղեկավարը պետք է լինի արժանավոր սյունեցի, ինչպես եղել է դարեր շարունակ: Այդ ճշմարտությունն ընդունել են հայոց արքաները եւ նույնիսկ օտար տերությունները, որ ժամանակավորապես նվաճել են մեր երկրամասը՝  սելջուկներից մինչեւ թաթարներ, պարսիկներից ու թուրքերից մինչեւ ռուսներ…

Սյունիքում ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա ղեկավար կադրերի պակաս չի եղել ու չկա: Սյունիքի կադրերը միշտ էլ առաջատար տեղ են զբաղեցրել հայոց կադրային բանկում: Իսկ հիմա… Մարզպետը՝ դրսից, խոշոր տնտեսությունների ղեկավարները՝ դրսից, ուժային կառույցների ղեկավարները՝ դրսից, իրավապահ մարմինների ղեկավարները՝ դրսից…

Մեր լավագույնները չեն նահատակվել այն բանի համար, որ իրենց հաջորդները՝ երկրամասի զավակները, սեփական փոքր հայրենիքում անարժան համարվեն ղեկավար պոստեր զբաղեցնելու հարցում:

Ամոթալի, մերժելի այս երեւույթը պետք է վերանայվի:

Վտանգ կա, որ այսկերպ շարունակվելու դեպքում մեր երկրամասն ախոռ կդառնա: Հիշենք Գարեգին Նժդեհի մարգարեական զգուշացումը՝ «Ախոռը, ուր անասուններն ուտում են եւ պառկում, հայրենիք չէ»:

Կրկնում եմ՝ Սյունիքի հանդեպ այդ մոտեցումը պետք է վերանայվի: Հակառակ պարագայում արժանապատվություն ունեցող եւ պատասխանատվության զգացումով առաջնորդվող սյունեցիները ոչ միայն իրավունք, այլեւ պարտականություն կունենան ընդվզել նման երեւույթների դեմ…

Սյունիքի արժանապատվության պահպանման խնդիրը դարձել է մեր օրերի թիվ մեկ խնդիրը մարզում: Այդ խնդրի լուծմանը նախեւառաջ պետք է լծվեն ընտրովի պաշտոնյաները՝ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, տնօրեններ, ավագանու անդամներ, քանի որ իրենք օժտված են ժողովրդի մանդատով:

Այդ հարցում մեծ անելիք ունի մտավորականությունը, բայց… Ըստ Ալեքսանդր Սոլժենիցինի՝ մտավորականի թիվ մեկ հատկանիշը սեփական կարծիք ունենալն ու դրանով առաջնորդվելն է: Իսկ քանի՞ նման մտավորական ունենք մարզում: Բանը նրան է հասել, որ իրենք՝ մարզի մտավորականներն այսօր պաշտպանվելու կարիք ունեն, քանի որ հետեւողականորեն լուսանցք են մղվում՝ ինչ-որ պատահականների անձնական նկատառումներից ելնելով:

Հավատացեք, ոչ մեկն իմ անձնական թշնամին չէ, ոչ մեկի համար փաստաբան չեմ, բայց մեր բռնած ճանապարհը ոչ մի տեղ տանող ուղի է:

Այնքա՜ն քիչ բան է ուզում սյունեցին՝ իր երկրամասում հաճույքով ապրելու, աշխատելու հնարավորություն, իր գիտելիքներն ու կարելիությունները դրսեւորելու ասպարեզ, այդ ամենն ի նպաստ Սյունիքի, ի նպաստ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու հնարավորություն…

Այնպես որ՝ ապավինենք Սյունյաց ոգուն եւ արժանապատվությանը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53