Սերո Խանզադյանի նամակները Խորհրդային Միության ղեկավարին՝ Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու առաջարկությամբ

15.02.2018 15:00
1211

ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար ընկեր Լեոնիդ Իլլիչ Բրեժնեւին

Ղարաբաղի Մարզկոմի առաջին քարտուղար Կեւորկովի զեկուցումից հետո, որը, նացիոնալիզմի դեմ պայքարի անունով սքողված, երկպառակտություն է սերմանում Ինքնավար Մարզում, ես վճռեցի հեռագրել ընկեր Ալիեւին, այն մասին, որ Կեւորկովի զեկուցումը շատ տեղեր կրում է բացարձակ պրովոկացիոն բնույթ, ոչնչով չի նպաստում հայ եւ ադրբեջանական ժողովուրդների բարեկամությանը: Այդ օրից անցել է արդեն ամիսուկես, ես պատասխան չեմ ստացել իմ հեռագրին, իսկ այդ զեկուցման հակահայ, վնասակար եւ վտանգավոր գործունեությունը համառորեն շարունակվում է տարածվել: «Խորհրդային Ղարաբաղ» թերթը 1975 թվականի 23-ին մարտի տպագրել է այդ զեկուցումը: Ապա նաեւ, դրանից հետո մարզի շրջանների բոլոր թերթերը ամիսուկես շարունակ նյութեր են տպագրում, որոնց մեջ բորբոքվում է նույն այդ վտանգավոր կրակը: Սա վկայում է այն մասին, որ խախտվում են կոմունիստական բարոյականության եւ լենինյան ազգային քաղաքականության բոլոր սկզբունքները: 

Պատահական չէ, որ օսմանյան իմպերիալիզմի ձեռքով կատարված հայերի ցեղասպանության հիշատակի օրը, աշխարհի հայկական թերթերից միակը «Խորհրդային Ղարաբաղն» էր, որր թեկուզ կես բերան, թեկուզ մեկ բառով բան չասաց այդ համաժողովրդական ողբերգության մասին: Եվ սա այն օրերին, երբ խորհրդային մամուլը, այդ թվում «Պրավդան», «Իզվեստիան», «ՏԱՍՍ»-ը իրենց հրապարակումներում հարգեցին մեծ ջարդի 60- ամյակի սգո օրը, դատապարտեցին թուրքական իմպերիալիզմը, իբրեւ ցեղասպանության, իբրեւ մարդկության դեմ կատարված ու կատարվող այդ ոճրագործությունների գլխավոր հեղինակի: Ընդհակառակը, հենց այդ օրը, ապրիլի 24-ին, «Խորհրդային Ղարաբաղ» թերթն իր էջերում նյութ տպագրեց մարզի պրոֆմիության պլենումի մասին, որի մեջ, չես հասկանում ինչ իրավունքով, վիճարկվում է Ղարաբաղի հարցը, այն, որ, իբր, Ղարաբաղը Հայաստանին չի պատկանել: Անհասկանալի է նաեւ, թե ինչպես է շատ կարճ ժամանակվա ընթացքում անցկացվել մի հապշտապ կոմպանիա, որը այլ կերպ չես անվանի, քան կեղծ հանրաքվե, քանի որ զանազան կազմակերպությունների ապօրինի ու գաղտնի ժողովների արձանագրությունները եւ որոշումները հրապարակվել են մարզային ու շրջանային թերթերում, ապա հարց է առաջանում՝ այդ ամենը չի՞ արվել Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչների կամքի դեմ, որոնք մի քանի տարի առաջ իրենց ստորագրություններն են ուղարկել Մոսկվա, խնդրելով Հայկական Ղարաբաղի մարզը վերադարձնել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը: Արդյոք սա չի՞ նշանակում, որ մարզի ղեկավարությունը դրանով ձգտում է մերժել, սրբել, վերացնել ժողովրդի արդար կամքն ու պահանջը:

Թե՛ ազգային, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական նկատառումներով, Ղարաբաղի Հայկական Ինքնավար Մարզը պետք է մտնի Հայկական Հանրապետության կազմի մեջ: Հենց սրանից էլ զայրացուցիչ է այն փաստը, որ մարզկոմի առաջին քարտուղարը ինքնագլուխ վճռել է իր կամեցողությամբ սահմանել Ղարաբաղի պատկանելության հարցը: Ո՞վ է նրան լիազորել նման բան: Եվ քանի որ նա կատարել է այդ ապօրինի քայլը, այն էլ պլենումում, մամուլում, ուստի անհրաժեշտ է նորից անդրադառնալ այդ հարցին:

Իբրեւ կոմունիստ, իբրեւ բազմաթիվ գրքերի հեղինակ, որոնց մեջ ես ներկայացնում եմ ժողովուրդների բարեկամությունը եւս, ես խորապես համոզված եմ, որ հենց Խորհրդային պետության ստեղծման առաջին օրերից օրակարգի մեջ մտած Ղարաբաղի հարցը կլուծվի, այն կվերադարձվի Հայկ. ԽՍՀ-ին, դրանով ավելի կամրապնդվի հայ եւ ադրբեջանական ժոդովուրդների միջեւ եղած բարեկամությունը, ինչ-որ չափով կբարձրացվի մեր սոցիալիստական կարգերի վարկաբեկված հեղինակությունը:

13 մայիսի 1975թ.,

ք. Երեւան


ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար ընկեր Լեոնիդ Իլլիչ Բրեժնեւին

Թանկագին Լեոնիդ ԻլյիչԼեռնային Ղարաբաղի մարզային կուսակցական մարտյան պլենումում (1975թ.) ամեն ինչ արվեց, որպեսզի ցեխին հավասարեցվի Սոցիալիստական Հայաստանի անունն ու ազգային արժանապատվությունը: Բանը հասավ այնպիսի սրբապղծության, որ երիտասարդ Խորհրդային Ռուսաստանի կատաղի թշնամուն, միլիոնավոր հայերի, ռուսների, հույների, բուլղարացիների, ասորացիների ոչնչացնողին՝ Թալեաթ փաշային, մեր Խորհդային մամուլում («Խորհրդային Ղարաբաղ» 23 մարտի, 1975թ.) անվանեցին ընդամենը «տհաճ անձնավորություն»: Այդպիսի գնահատական տրվեց բազմաթիվ ժողովուրդների թշնամուն, օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության կազմակերպողին ու ոգեւորողին:

Այդ նույն ժամանակ, իրենց մարդկային ու ազգային զգացմանքները վիրավորված Խորհրդային Հայաստանի բազմաթիվ ներկայացուցիչներ վրդովված դիմեցին անձամբ Ձեզ ու այլ ինստանցիաների, համառորեն խնդրելով դատապարտել Ադրբեջանական ԽՍՀ֊ի ղեկավարների գործողություններն ու պատժել մեղավորներին: Եվ, ինչպես հայտնի դարձավ մեզ, Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեն ընդամենը ի ցույց էր դրել ինքնավար մարզի կուսակցական. կազմակերպաթյանը` թույլ տված սխալների համար:

Սակայն որքան մեծ եղավ համընդհանուր զարմանքը, երբ նորից, այսօր «Проблемы мира и социализма» աշխարհիս ամենամասսայական ամսագրում (1977թ., թիվ 6), որը համարվում է մոլորակի կոմունիստական ու բանվորական կուսակցությունների տեսական ու ինֆորմացիոն հրատարակչություն, լույս է տեսնում 32 լեզուներով ու տարածվում աշխարհի 145 երկրներում, խոսվում է Ղարաբաղի տեղի մասին… Ամսագրի միանգամայն բնական հարցին՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմի մեջ եւ ոչ թե Խորհրդային Հայաստանի, որից այն բաժանված է միայն հողի նեղ շերտով», պատասխանում են, որ թեեւ հայկական ինքնավար մարզը մոտիկ է Հայկական Հանրապետությանը, սակայն նրանք, իբր, բաժանված են բարձր սարերով: Նման բնորոշումը , թույլ տվեք ասել, ոչ միայն անհեթեթ է տեխնիկայի մեր դարում, այլեւ անճիշտ:

Դարերի ընթացքում երբեք Ղարաբաղի հայկական պատմական մարզը մայր Հայաստանից բաժանված չի եղել: Այն հարցին, թե արդյոք բոլորն են գիտակցաբար ընդունել այն փաստը, որ պատմական հայկական մարզը կտրված է մայր Հայաստանից, եւ մտցված նոր գոյացած Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ, պատասխանում են հետեւյալ կերպ. «Եղան մարդիկ, որոնք հայտարարեցին. «Թող ես վատ ապրեմ, բայց կապված լինեմ Հայաստանի հետ»:

Ինչ կա որ, եթե այդ արտահայտության մեջ «Հայաստան» բառը փոխարինենք «հայրենիք» բառով, ապա կարծում եմ, որ դա կասեր արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր մարդ, ով սիրում է իր հայրենիքը: Ամեն մարդ հպարտությամբ կարող է հայտարարել, որ նա իր հայրենիքը չի ընտրել եւ, որ նա համաձայն է ամեն վիճակի, միայն թե իր հայրենիքի հետ լինի: Այո՝ «թող ես վատ ապրեմ, բայց Հայաստանի հետ լինեմ»: Սա Ղարաբաղի կամքն է, ղարաբաղցի հայի իղձը:

Ես խորապես համոզված եմ, որ «Проблемы мира и социализма» ամսագրի խմբագրական կոլեգիային, որի մեջ մտնում են 53 երկրների կոմունիստական ու բանվորական կուսակցությունների ներկայացուցիչներ, նաեւ այդտեղ հրապարակված «Մենք տեսանք ազգերի եղբայրությունը» հոդվածի հարգելի հեղինակներին մոլորության մեջ են գցել: Մի բան է միայն անհսականալի, ո՞ւմ է ձեռնտու այդպես բացեիբաց պրոպագանդել մեր երկրին ու մեր հասարակարգին խորթ պանիսլամական գաղափարները:

Ինչպես կարելի էր այն օրերին, երբ քննարկվում էր ԽՍՀՄ-ի նոր Սահմանադրության նախագիծը, 32 լեգուներով գրել ու աշխարհի 145 երկրներում տարածել, թե «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը պետականություն է ձեռք բերել Ադրբեջանում ու այդ բախտը ընդունել է կամովին»: Դա պատմական իրականության կոպիտ աղավաղում է, կրկնապատիկ խեղաթյուրում:

Նախ՝ Լեռնային Ղարաբաղը միշտ էլ պատկանելիս Է եղել Հայաստանին, նրա մի անբաժան մասն է, որտեղ դեռեւս 280 տարի առաջ, առաջին անգամ սկիզբ դրվեց հայերի ռուսական օրիենտացիային: Հայ ժողվուրդ հասկացողությունը միասնական է, ամբողջական, ինչպես ռուս ժողովուրդ, ինչպես ուկրաինական ժողովուրդ:

Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությունը ¥1920-ական թվականներին ողջ բնակչության 94 տոկոսն էր¤ երբեք կամովին չի ընդունել այսօրվա «բախտը», ըստ որի, իրականում կտրված է իր հայրենիքից: Նման «բախտը» ինքնին անարդար է, որը պետք է լիկվիդացվի-վերացվի, որովհետեւ ինչպես Լենինն է ասել. «Ոչինչ այնպես չի խաթարում պրոլետարական դասակարգային համերաշխության զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես ազգային անարդարությունը»:

Թանկագին Լեոնիդ Իլյիչ

Ամբողջ հույսը Ձեզ վրա է, որ Դուք կվճռեք վերջապես մի հարց, որը ավելի քան կես դար անարդարություն է մարմնավորում:Մեր միասնական հզոր պետության սահմաններում գտնվող զուտ հայկական մարզը, ավելի քան 80 տոկոս հայկական բնակչությամբ, հայկական դպրոցներով, պետական հայերեն լեզվով պետք է գտնվի Խորհրդային Սոցիալիստական Հայաստանի կազմում:Այս Հարցի արդարացի լուծումը կգնահատվի որպես ազգային քաղաքականության հաղթանակ:

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

1977թ. հուլիս

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06