«Շարադրությունս» կտխրեցներ Ռաֆիկ Արսենիչին

07.02.2015 12:42
3393

ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


 

Որպես նախաբան

Գորիսյան մառախլապատ մի օր մեր գրականության ուսուցիչ Ռաֆիկ Արսենիչն ասաց. «Երեխե՛ք, այսօրվա շարադրության թեման է` «Աշխարհը` գրականության կաբինետի պատուհանից»: Իսկ պատուհանից բառացիորեն ոչինչ չէր երեւում. թանձր մառախուղին լուսամուտի ապակին հազիվ էր դիմակայում:

Տղաներից մեկը բարձրաձայնեց. «Երեւի մի տող ենք գրելու` «Մառախուղ էր, հեչ բան չէր երեւում»:

«Ա՛յ տղա, մառախուղն ի՞նչ կապ ունի, հոգո՛ւ, հոգո՛ւ աչքերով նայեք, էնքա՜ն բան կերեւա», - հայացքով չերեւացող հեռուները գրկած` ասաց Ռաֆիկ Արսենիչը:

Ու երեւաց. ամենքս, մեր խելքն ու միտքը կտրածին չափով, մեր աշխարհները գնացինք…

Դա իմ կյանքի ամենաինքնատիպ գրականության դասն էր: Հետո, դասաժամեր շարունակ, վերընթերցում, քննարկում էինք: «Ապրե՛ք, երեխե՛ք ջան, հավատավո՜ր գրեր են` լո՜ւյս եմ տեսնում, լո՜ւյս», - կրկնում էր Ռաֆիկ Արսենիչը:

Երեքը մեկ էլ չի դառնում, էդ մեկն էլ...

Հիմա, մի ողջ հավերժություն` 40 տարի անց, կեսգիշերին, երբ ես ու քունս հերթական անգամ հաշտ չենք, նստած Գետափնյա թաղամասի չորրորդ հարկի մեր տան պատշգամբում, նայում եմ քուն մտած քաղաքին ու մտածում, թե Ռաֆիկ Արսենիչը հրաշքով գար ու ասեր` դե՛, Հովսեփյա՛ն Լենա, գրիր շարադրություն «Գորիսը` մեր պատշգամբից» թեմայով, ի՞նչ կգրեի, ո՞նց կգրեի…

Չնայած լուսնկա, աստղառատ գիշեր է, չնայած մեր շենքի աջ ու ձախից հոսող Վարարակնի վտակների խշշոցը միտքս ու նյարդերս թել-թել մանում է, չնայած լուսնի մանգաղով ապարանջված Լաստի խութի ու Արմենի սարի ձիգ ուրվագծերը վստահություն են ներշնչում, չնայած «գիրը կորցրած» մի քանի ծտեր աջ ու ձախից իրար սերենադներ են ներբողում, չնայած տանն ու դրսում…խաղաղություն է, երեւի թե` անռոմանտիկա բան կստացվի:

Կասեի` Ռաֆի՛կ Արսենիչ, բեր մեր քաղաքի, մեր երկրի մասին դատեմ հենց մենակ մեր, մեր մի՛ հատիկ բնակշենքի օրինակով: Շեղ կժպտար ու կասեր` է՜հ, ա՛յ քարահունջեցի, համոզեցի՛ր:

Էդպես կասեի, որովհետեւ Աստծո ամեն օր, գլուխս բարձին դրած, ես, երեւի հազարերորդ անգամ, շենքի տակից տալիս, վերեւով դուրս եմ գալիս: Անգիր` ջրի պես գիտեմ ահել-ջահելների թիվը, ծնված-հեռացածների թիվը, հարս գնացածների ու հարս եկածների թիվը…

Ու, այսօրվա հետ համեմատությունից, թվերն անգամ կուչ են գալիս. երեքը մեկ էլ չի դառնում, էդ մեկն էլ տագնապներից ու պակասից խեղճ է:

Մեր շենքը մի տեսակ... կանացի է դարձել

Բնակարանատերերի մեծ մասը միայնակ ծերունիներ են, որ հիմնականում գիշերն էլ լույս չեն վառում. հեռուստացույցի ցոլքե՞րն են հերիքում, թե՞ բան տեսնելու ցանկությունն էլ է մարել:

Բնակիչների միջին տարիքը կենսակերպին հակադարձ համեմատական է: Շենքում 29 բնակարան է ու… իրենց հարկի տակ գիշերող մի չամուսնացած երիտասարդ չկա: Գնացել են: Գնացել են հատիկ-հատիկ, գնացել են իբր գնալ-գալու համար, բայց մնացել են, մնում են` չե՞ն ուզում, չե՞ն կարողանում գալ…

Կիսաջահել-կիսաահելներն են գնում կամ գնացել, էնտեղ են ահելությունը դիմավորել` խիղճներին ցավ ու մեղք շալակ տալով: Շատերն էլ արդեն, պարզապես, էլ չեն գալիս` տարիներով: Մեկը տեղը-տեղին հաստատվել-մնացել է, մեկը հետդարձի երես չունի, մեկը օճորք կամ չորս պատ ունեցող մի ռուս մորքուրի կամ տատիկի փեշի տակ է գրանցվել-ծվարել-մնացել, մեկի տունն էնտեղ կամ էստեղ է շաղ եկել` համ ու հոտ կորցրել, մեկի մասին վաղուց ոչինչ հայտնի չէ …

Մեր շենքը մի տեսակ… կանացի է դարձել, է՜հ, լավ չասացի` թող ներեն տղամարդիկ, գենդերի սլաքը խոտորվել է: Տատիկները, որ ամառ-ձմեռ մեջքները տաք ու… պինդ պահող բրդյա ժիլետներով են, որ շենքի… նայողներն են, որ բակի ելումուտը` ոտքով ու տաքսով, դատարկ ու սետկաներով եկող-գնացողներին են բանավոր հաշվառում-կոնսպեկտում, ճիշտ է, ջահելներից շատ ավելի կայտառ են, բայց զիգզագած ունքերով են, վաղուց չներկած մազերով են, զրույցը հիմնականում ծնկներին խփելով են անում, ու բարեւելիս էլ ժպիտը ծուռտիկ-մուռտիկ է ստացվում. հոգիներում խռովք է…

Ջահել հարսներն էլ, որ հիմնականում գործ չունեն, որ տանն են, մազ ֆենելու առիթ ունենում են մոտակա խանութ գնալիս: Առեւտուրներն էլ հիմնականում ստանդարտ է` ամանների հեղուկ, լվացքի փոշի, ձեթ, սուրճ, վերմիշել, աղ, շաքարավազ, զուգարանի թուղթ (շռայլություններից են` մի բանան ու մի «Барни» մանկական թխվածքաբլիթ): Հա՛, մեկ էլ մազները ֆենում են երեխեքին հե՛նց բակի մանկապարտեզ տանելիս: Հա՛, տանն են, բայց տանում, տանում են, ու երեխեքն էլ տարին կլոր հիվանդ են: Ի՞նչ անեն, ե՛ւ տնից դուրս գալու առիթ է, ե՛ւ իրենք իրենց համար զբաղվածության պատրանք են ստեղծում: Մեկ էլ` գուցե մի գործ ստացվի, ոտքները ազատ լինի…

Հատ ու կենտ տղամարդիկ էլ ոնց որ շեքսպիրյան ողբերգություններից մոռացված-մնացած լինեն. հենց էնպես բակ դուրս գալ չկա՛, նարդու հրավեր չկա՛, մի-մի բաժակ թթի օղիով մի բան ասել չկա՛, անգամ` կանանց հետեւից մի կարգին նայող չկա՛…

Հե՜յ գիդի ժամանակներ

Հե՜յ գիդի ժամանակներ. առաջին հարկի` փոստի առաջ դրված փայտե ծուռտիկ նստարանի մոտ, գործից հետո, շաբաթ-կիրակի օրերին հերթն «իրար ուտում էր»… Քաղսովետի երբեմնի նախագահ ձյաձ Գուրգենի ու շենքի ամենակոլորիտային տղամարդու` Թանգուն Սեւադայի նարդու մրցամարտի հաշիվը հասնում էր, ասենք, քառասունվեց-վեցի… Վերջում պարզվում էր, եւ համարյա ամեն անգամ, որ Սեւադն էլի 15-ի փոխարեն 13 քարով էր խաղացել… Էլի Գուրգեն պապին շպրտում էր զառերը, էլի` կիրթ նեղանում… մուռտառությունից, էլի` հիմա ռուսաստաններ մեկնած Ռուբիկենց շենքի «հերանց տանն» էին բարիշում, տանտիրուհի Ալվարդի բարեհամբույր հյուրասիրությունից ու Քարահունջի թթի… «կոմպոտից» հետո…

Հետո նորից թունդ էր առնում նարդին, ու էլի Սեւադան տակին ինչ-որ բան էր հաջողում թաքցնել…

Հիմա էդ նստարանին էլ, մանկապարտեզի պատերին էլ նստողները տատիկներն են` Նինա տատի գլխավորությամբ: Ի դեպ, նա մի քանի օրով մոսկվաներ գնաց` աղջիկը տարավ, շենքը, ասես, թոշնեց, կնանիքն էլ, ասած գորիսեցու` «պիլականները կորցրին»… Մերօրյա խոսքով` փիար մենեջերը չկա՜ր…Կարոտեցինք, մենակ մնացինք, ինքն էլ չդիմացավ` ճղեց-եկավ, շենքը տեղն ընկավ…

«Մեր կապը գյուղից կտրելը մեղքի պես է` էնտեղ գերեզմաններ ունենք, դառը քրտինքով դրած ապրուստ ունենք»

Բայց մեր շենքի ճեպանկարի վրա ինձ ամենից շատ տխրեցնում է Ելենա տատի խորն ու խորունկ աչքերում պինդ նստած տխրությունը: Մեկ-երկու տարի առաջ են նրանք մեր շենք եկել Սվարանց գյուղից, որ Գորիսից մի 30 կմ-ի վրա է ընդամենը… Գյուղ, որի երբեմնի 380 աշակերտ («ա», «բ» դասարաններ, գիշերային` անգամ) ունեցող դպրոցում հիմա… դեռ 17-ը կա, որի առաջին դասարանում, ոչ վաղ անցյալի 38-ի փոխարեն, հիմա մի երեխա կա` Համլետ անունով մի տղա, իսկ այս տարի էլ… դեռ ծնունդ չի եղել… 800 բնակիչը 160 է դարձել, 123 տնից 60-ը կողպեքի հույսին է, միջին տարիքն էլ երկինք է թռել… «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ներառված թիրախ-գյուղի համար, իր քթի տակ թեւին տվող, աշխարհ ցնցած գինեսյան ճոպանուղին էլ բան չփոխեց. զբոսշրջիկները «կոմֆորտ» են սիրում…

Է՜հ, Ելենա տատին դառնամ. պահվածքից, նստել-վերկենալուց երեւում է, որ արած-դրած կին է, մեծ ու հաշտ գերդաստանի մայր: Եկել է, որովհետեւ, գյուղում… ջահելների համար տխուր էր, շա՜տ տխուր, որովհետեւ մանկապարտեզ չկար, զրուցընկեր չկար, ապագա չկար… Տեղը` վհատություն ու նեղսրտություն կար, ձմեռը ծննդաբերող կնոջը տրակտորով, էն էլ հաջողության դեպքում, Գորիս հասցնելու գերխնդիրը կար…

Ու, դրա կողքին, հեռուստացույցներից երեւացող պսպղուն, անհոգ ու «անդարդ» կյանքեր կա՜ն, հաճույքներ կա՜ն, կյանք վայելել կա՜…Ու կյանքը մի անգամ է տրվում, ու բոլորը չեն, որ օրը փառաբանությամբ ու գոհացումով են սկսում, որ բաղեղի պես փաթաթված են իրենց հող ու ջրին, իրենց կամ իրենց մանկան առաջին ճիչը գուրգուրանքով պահող օճորքին…

Ու, տեղի տալով ջահել հարսին ու տղային, երկու մանկահասակ երեխեքով, թողնելով երկհարկ առանձնատուն, տուն ու տեղ, հողամասեր, եկել են… քաղաք` Գորիս: Եկել են ու հավաքվել երրորդ հարկի մի փոքրիկ ու անշուք վարձով տան մեջ: Էս Գորիսում էլ էլի գործ չկա, ու որդին էլի մեկնել է Ռուսաստան. տան վարձ, կոմունալ ծախսեր, ի վերջո` օրվա հաց: Նաեւ` քաղաքի թելադրած ծախսեր…

Կարծես տեղին է ասել` էլ գալու խերը ո՞րն էր: Խեր, երեւի թե, էլի կա. գոնե հարեւաններ կան, օրը մեկ-երկու անգամ «կոֆե-բրեյք» կա, գյուղի համեմատ` ելումուտ կա, շարժ կա` քաղաքակրթությունը Գորիսին, գյուղի չափ, մտահան արած չի… Թոռնուհին պարի է գնում, թոռը` մանկապարտեզ, մանկավարժի բարձրագույն կրթությամբ հարսն էլ, որ էն… տխուր գյուղում գոնե աշխատանք ուներ` ուսուցչուհի էր (քաղաքում դպրոց մտնելը հո խաղ ու պար չի), փորձում է նոր տողից մի փեշակ ձեռք բերել, ասենք, գոնե վարսավիրություն կամ մի այլ բան. վաստակել է պետք, թե չէ մինչեւ երբ պիտի հայրական տնից օգնության հասնեն…

«Մեր կապը գյուղից կտրելը մեղքի պես է` էնտեղ գերեզմաններ ունենք, դառը քրտինքով դրած ապրուստ ունենք», - սա էլ Ելենա տատի, մեկ է` դեռ Սվարանցում մնացած մտքի ընդվզումն էր: Ու մենախոսության պես էր, ու ինքնամխիթարությունից էն կողմ չէր…

Ելենաների հոգու վերքերը, կուլ տված հոգոցները հաշիվ չե՜ն, վերեւներում «լսելի» չե՜ն...

Ելենա տատի աչքերի խորքում սառած-պաղած արցունք կա. իրեն պահելով է անում, որ ջահելները չնեղվեն, ավելի ճիշտ` չճնշի, որ հարեւանների մոտ չխեղճանա. ցույց է տալիս, թե գոհանում է տարին մեկ-երկու ամիս գյուղ գնալով, ամուսնու հետ, սելով կրած քար ու ավազով իր սարքած տնից կարոտն առնելով, ցույց է տալիս, թե հավատում է… պայծառ ապագային… «Խնձորները քաղել-տարել էին, ջհանդամը, գոնե ծառերս ճյուղակոտոր չանեին: Առաջ սենց բան չէին անի. մարդիկ էլ են փոխվել», - սա վերջին անգամ գյուղից իր հետ Գորիսի վարձով տուն բերած ցավն էր:

Ելենա տատն իմ տեսած ամենա` դարդը ներս քաշած, էսօրվա խոսքով` միգրանտն է: Իր ասած` ո՛չ գյուղացի է, ոչ` քաղաքացի: Գյուղի տունը կողպվում է, իր ասած` «մեծ գյուղ» Գորիսում էլ տուն ունենալու հույսի ծերն անգամ չի երեւում:

Բայց Ելենան ու Ելենա տատերը էն վերեւներում չեն թվագրվում. կասեն` մեր Ելենան ի՛ր երկրում է, իր ազատ ու անկախ Հայաստանում է, որդին է… ժամանակավորապես դրսում… Ելենաների հոգու վերքերը, կուլ տված հոգոցները հաշիվ չե՜ն, վերեւներում «լսելի չե՜ն»…

«Ա՛յ խալխ, վիզն առնենք` մենք մի քիչ էլ պորտներս դրսում կտրած ժողովուրդ ենք»...

Գիշերն աննկատ սահել-լուծվել է այգաբացի մեջ: Լաստի խութն արեւի դեռ պաղ ցոլք է ուսել: Ես մտքերիս հետ եմ: Իմ մտքերն էլ պաղ են:

«Շարադրությունս» կտխրեցներ երջանկահիշատակմեր դպրոցի տնօրեն, իմ շա՜տ սիրելի ընկեր Պետրոսյանին` Ռաֆիկ Արսենիչին. նա հավատավոր գիր էր սիրում: Գրի՛ մեջ` լո՜ւյսն էր սիրում: Ե՛ս էլ:

Բայց մեր շենքում, է՜հ, մեր երկրում էլ լույսը դեռ քարկապ եղած է, դեռ մի կտոր հացը ռուսաստանների երդից կախ է, դեռ ջահել հարսները, ի հեճուկս չգիտեն` ում քաղաքացի լինել են ուզում…

Բայց ասեմ նաեւ, որ էստեղ հիշեցի մեր դրկից, գործակատար Վարդուշ տատի, դեռ Սովետ Միության ժամանակ, հաճախ կրկնած միտքը. «Ա՛յ խալխվիզն առնենք` մենք մի քիչ էլ պորտներս դրսում կտրած ժողովուրդ ենք»…

Հ.Գ. Խի՞ հիշեցի:

Որովհետեւ դրսերում երկնքից խնձորներ չեն թափվում, որովհետեւ դրսերի վախերի ու տագնապների վրա պարպած էներգիան մեր հողն ու ջուրը խոնարհումով կբումերանգեն, որովհետեւ մեր հավերժական դժգոհությունները, ցավոք, միշտ չեն արդարացի, փաստարկված ու հասցեական, որովհետեւ հայ տղամարդիկ իրենց անձնագրերում ասես ռուսական` «հասունության» մի կնիք պիտի անպայման ունենան, որովհետեւ հայ հարսները, տան դուռը կողպելուց առաջ կամ հետո, չեն սիրում գոնե մի անգամ թերթել իրենց մայրերի ու կեսուրների ապրած կյանքի անգրել ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ կամ ուղիղ նայել նրանց աչքերին…

Որովհետեւ գյուղերի կողպված տների մութ անկյուններում կուչ եկած, հոգեվարքող ՈԳՈՒ նեղացածություն կա, որովհետեւ դրսում արժանապատվությունը … մանրադրամի պես է…

Որովհետեւ իշխանավորը, իրոք, հայոց գյուղերի ճակատագրերի նկատմամբ… խուլ ու մունջ է, բայց մեր ծուլությունն էլ երկրի շլնքին փաթաթելը դժվարություններից փախչելու ամենադյուրին արդարացումն է. մեղք է…

Որովհետեւ, իմ կարծիքով (չնայած խստաբարո լրագրությունը «ես»-ը տողի գլխին այնքան էլ չի սիրում) ամենալավ բանը քո հողի վրա կառուցված քո տան դուռը քո բանալիով բացելն է…

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19