Շնորհակալ եմ նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չկասկածեցին. անկեղծ զրույց Բելլա Քոչարյանի հետ

16.03.2019 22:20
709

Քաղաքական գործչի կին լինելը դժվա՞ր է, ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանի կինը սատարում կալանավայրում գտնվող ամուսնուն։ ՀՀ երկրորդ նախագահի կինը` Բելլա Քոչարյանը, այս և այլ հարցերի է պատասխանել «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում։

Զրուցել է Նանա Մարտիրոսյանը

– Քոչարյանի գրքում ձեր ծանոթության մասին հիշատակում կա։ Կուզեինք լսել նաև ձեզ. ինչպե՞ս հասկացաք, որ հենց նա է ձեր տղամարդը։

– Մեր ճակատագիրը որոշեց պատահական հանդիպումը քաղաքում, թեև մենք վաղուց էինք ճանաչում իրար. մինչև հինգերորդ դասարանը համադասարանցիներ ենք եղել, հետո սովորել ենք նույն դպրոցում, բայց, այսպես ասած, դպրոցական ընկերություն կամ սեր չի եղել։ Ամեն ինչ տեղի ունեցավ հետո։ Իհարկե, ես չգիտեմ` ինչու հենց այդպես եղավ, որովհետև կյանքում ամեն բան ենթարկվում է մեզ անհայտ օրենքների։ Մենք ամուսնացանք, ծնվեցին երեխաները։ Աշխատում էինք, տան գործերով զբաղվում։ Մեր ծնողները մշտապես մեր կողքին էին` պատրաստ օգնելու երիտասարդ ընտանիքին։ Մեծ երջանկություն է լավ ծնող ունենալը։

Роберт и Белла Кочаряны
© PHOTO : ROBERT KOCHARYAN'S ARCHIVE
Բելլա և Ռոբերտ Քոչարյանները
 

Ռոբերտի մեջ նախևառաջ ինձ ապշեցրեց ազնվությունը, ինքնաբավ լինելը, սեփական ուժերի հանդեպ վստահությունը, առաջ շարժվելու ձգտումը, նվիրվածությունն այն գործին, որով զբաղվում էր կոնկրետ ժամանակահատվածում։ Նույնիսկ կոմսոմոլի աշխատանքը, որը շատերը ձանձրալի էին համարում, նա հետաքրքիր դարձրեց։

Չգիտեմ` հնարավոր է արդյոք միանգամից հասկանալ` քո տղամարդն է, թե ոչ։ Այսպես թե այնպես, արդեն տասնյակ տարիներ մենք միասին ենք։ Այդ փաստն ինքնին պատասխանում է այդ հարցին։

– Քաղաքական գործչի կին լինելը հեշտ չէ։ Ի՞նչ դժվարությունների եք բախվել ձեր ամուսնու քաղաքական ճանապարհի տարբեր փուլերում։ Արդյո՞ք կարողանում էիք ճիշտ խոսքեր գտնել և սատարել ձեր ամուսնուն։

– Քաղաքական և պետական գործչի կին լինելը դժվար է, որովհետև մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ամեն օր պետք է ապրես և աշխատես բոլորի աչքի առաջ և պատրաստ լինես տհաճ բաների` խիստ քննադատության, հանկարծակի հնչած խճճող հարցի, քծնանքի և գործող իշխանության մերձավոր շրջապատում գտնվելու ոմանց «պաթոլոգիկ» ցանկությանը։ Շատ դժվար է, բայց ամեն օր պետք է աշխատես օգնության խնդրանքով դիմած մարդկանց բազմաթիվ նամակների հետ, այդ օգնությունը հաճախ անհնար է ցուցաբերել, բայց փորձում ես որևէ բան անել։

Архивное фото семьи Кочарян
© PHOTO : ROBERT KOCHARYAN'S ARCHIVE
Արխիվային լուսանկար
 

Այդ կարգավիճակում կարևոր է բնական լինելը, հասարակության բոլոր անդամների նկատմամբ հարգանք դրսևորելն ու անմիջական շփումը (իհարկե, առանց ձևականության), աշխատանքում սուբորդինացիան պահելը։ Ցանկալի է պահպանել հետևյալ կանոնը. ամեն ինչ պետք է չափի մեջ լինի, մինչև հայտնի շեմը, որից այն կողմ անցնել չի կարելի, դա արդեն իմ տարածքը չէ։ Դժվարություններ են առաջանում այն ժամանակ, երբ սկսում են ինքնագլուխ գործել, համոզված ես լինում, որ դու անսխալ ես, ցանկանում ես մասնակցել քաղաքական պատասխանատու որոշումներին և կադրային լուծումներին։ Դրա հետևանքով տուժում է ամուսնու վարկանիշը, տվյալ դեպքում` պետության առաջին դեմքի։ Դա կարծես կյանք լինի բեմի վրա, որտեղ ցանկացած սխալ տեսանելի է հանդիսատեսին։ Պետք չէ տարվել խաղով և մոռանալ հայ ընտանիքի ավանդույթների մասին։

– Պարոն Քոչարյանն արդեն երեք ամիս է` կալանքի մեջ է։ Այդ ընթացքում տեսակցե՞լ եք նրան։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք քաջալերում նրան և ձեր երեխաներին։

– Ընտանիքի անդամները շաբաթը մեկ անգամ այցելում են Ռոբերտին։ Նա սովորականի պես առույգ է և էներգիայով լի, թեև կարոտում է, հատկապես` թոռնիկներին։ Բայց նա նախանձելի տոկունություն ունի։ Անկեղծ ասած` նա է մեզ բարոյապես աջակցում, ոչ թե մենք նրան։

Չեմ կարող չասել` ինձ հիացնում է մարդու տոկունությունը, որն անօրինական կալանքի տակ է հայտնվել ոմանց չկայացած հավակնությունների քմահաճույքով և անազատության մեջ շարունակում է ապրել ու աշխատել գրեթե սովորական ռեժիմով։

Белла Кочарян в рамках проекта Леди Sputnik
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Բելլա Քոչարյան

Ռոբերտի բացակայության պայմաններում շատ հարազատ ու չափազանց անհրաժեշտ է դարձել նրա գիրքը։ Իրադարձությունների այս հորձանուտում շատ տեղին էր գիրքը, որը դարձավ անցյալի օբյեկտիվ վկա։ Գրքում Ռոբերտն անկեղծացել է` ցույց տալով օտարի աչքից հաճախ թաքնված իր ներաշխարհը։ Իմ կարծիքով` դա ոչ միայն պետության նախկին ղեկավարի ինքնակենսագրություն է, այլ Արցախի ու Հայաստանի բարդ ու հերոսական տարիների, մեր նորագույն պատմության տարեգրությունը։ Վստահ եմ, որ մեր թոռները միշտ հպարտանալու են իրենց պապով, «Կյանք ու ազատությունը» կդառնա նրանց սեղանի գիրքը։

– Դուք սեղանի գիրք ունե՞ք։

– Շատ եմ սիրում Միշել դը Մոնտենի «Փորձերը»։ Երբեմն վերընթերցում եմ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն»։ Վերջին շրջանում հաճախ եմ ձեռքս վերցնում Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպերը։

– Իսկ տնեցիներն ինչպե՞ս են արձագանքում ստեղծված իրավիճակին։ Ի՞նչը կամ ո՞վ է ձեզ ուժ հաղորդում։

– Ներկան լի է անհեթեթությամբ, բայց չի կոտրել մեր ընտանիքի համերաշխությունը։ Երեխաները լավ հասկանում են` ինչ է այսօր տեղի ունենում երկրում։ Պետական քարոզչության մակարդակի հասցված բամբասանքներ, հանապազօրյա խնդիրներ լուծելիս անտեղի պաթոս, ամբոխահաճ հռետորություն, այլ կարծիք ունեցողների հանդեպ չհիմնավորված մեղադրանքներ, իրենց պարտված անցյալի փլատակների տակ մնացած մարդկանց խեղկատակություն. ահա թե ինչ ունենք այսօր։ Բայց ես վստահ եմ, որ այդ ամենը կանցնի։

Այսպես թե այնպես, մենք, ինչպես միշտ, հանգստություն ու զսպվածություն ենք պահպանում։ Արժանապատվությունը միշտ եղել է մեր ընտանիքի բոլոր անդամների գերակայությունը։ Մեր ազգականները, մտերիմներն ու ընկերները մշտապես մեր կողքին են։

Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ոչ մի վայրկյան չեն կասկածել Ռոբերտի իրավացիության մեջ, ովքեր մեր ծանր րոպեներին աջակցել ու շարունակում են աջակցել մեզ ընկերական ժպիտով, բարի խոսքով, հեռախոսազանգով և արարքով։ Անչափ շնորհակալ եմ, իմ սիրելի մարդիկ։

Семья Кочарян
© PHOTO : ROBERT KOCHARYAN'S ARCHIVE
Քոչարյանների ընտանիքը
 

– Երբ Քոչարյանը հեռացավ նախագահի պաշտոնից, ընտանիքին հատկացվող ժամանակը հաստատ շատացավ։ Ինչո՞վ եք զբաղվել այս տարիներին։ Փոխվե՞լ է ձեր կենսակերպը։

– Կենսակերպը փոխվել է այն առումով, որ պարտականություններն ու արարողակարգն անհամեմատ քչացել են։ Իսկապես, կյանքում առաջին անգամ մենք ավելի շատ ժամանակ ունենք միասին լինելու համար։ Բայց ես շարունակել եմ զբաղվել հասարակական գործունեությամբ։ Ոսկրածուծի փոխպատվաստման դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն եմ։ Այդ կենտրոնն ու կենտրոնի լաբորատորիան միակն են նախկին ԽՍՀՄ տարածքում։ Ժամանակին ես դարձել եմ կենտրոնի առաջին դոնորը։ Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհրդի» պատվավոր նախագահն եմ:

– Զբաղվո՞ւմ եք թոռների դաստիարակությամբ։

– Իհարկե։ Իմ օրը սկսվում է առավոտյան 6։30–ին։ Արթնացնում եմ թոռներիս, ինչը, անկեղծ ասած, հեշտ գործ չէ, հատկապես Բելլայի դեպքում, որը սիրում է քնել։ Անին և Էմման արթնանում են առանց դժվարության։ Նախաճաշ եմ պատրաստում, հրավիրում սեղանի մոտ, որտեղ էլ սկսվում է մեր շփումը։ Միշտ փորձում եմ զրույցի որոշակի տոն պահպանել, ինչ–որ կարևոր բան սովորեցնել ու դաստիարակել` չհասցնելով առարկություններ չհանդուրժող բարոյախրատության։ Ես շատ մտերիմ եմ աղջիկ–թոռնիկներիս հետ։ Տղաների գվարդիան` Ռոբերտը, Միքայելը և Դավիթը, դեռ այն տարիքում չեն, որ նրանց հետո լուրջ զրույցներ վարեմ։ Նրանք պաշտում են իրեն հայրիկներին` Սեդրակին ու Լևոնին, որոնք օրինակ են ծառայում նրանց համար, և, իհարկե, պապիկին։

– Եփել սիրո՞ւմ եք։ Արցախյան ուտեստներ պատրաստու՞մ եք։

– Սիրում եմ։ Արցախյան ճաշատեսակներից պատրաստում եմ հայտնի ժինգյալով հացը, կորկոտ, լոբով ճաշատեսակներ։ Երեխաներս ու թոռներս ասում են` համեղ է ստացվում։

Семья Кочарян
© PHOTO : ROBERT KOCHARYAN'S ARCHIVE
Քոչարյանների ընտանիքը
 

– Ո՞րն է ձեր ամուսնու սիրելի ճաշատեսակը։

– Նա, իհարկե, սիրում է ժինգյալով հաց, բայց ավելի շատ նախընտրում է մսային ճաշատեսակներ։

– Իսկ առավոտյան ի՞նչ եք պատրաստում թոռնիկների համար։

– Փանքեյք, բոված հաց կամ ձվածեղ եմ։ Նայած, թե այդ օրն ինչ ցանկություններ են ունենում։

– Ընտանիքը հաճա՞խ է ամբողջ կազմով հավաքվում։

– Հիմնականում բոլորս միասին հավաքվում ենք ուշ երեկոյան, զրուցում, ինչ–որ բան քննարկում։ Ռոբերտն ու ես կոնկրետ ճաշի ժամ ունեինք` 16։00։ Եթե երեխաները զբաղված չէին լինում, միանում էին մեզ։

– Դուք հագնվելու ձեր ոճն ունեք։ Ի՞նչ սկզբունքով եք հագուստ ընտրում։

– Հագուստ ընտրելիս աշխատում եմ հավատարիմ մնալ ինձ` նախապատվություն տալով դասական ոճին` ժամանակակից նորաձևության տարրերով։ Զարդերը, բնականաբար, պետք է ներդաշնակ լինեն հագուստի հետ, համապատասխան կոնկրետ իրադարձությանը։

– Իսկ ունե՞ք սիրելի աքսեսուար։

– Ոչ, հատուկ նախընտրություններ չկան։ Ընտրում եմ այն զարդերը, որոնք լրացնում են հագուստը։ Չեմ սիրում, երբ զարդերը շատ են լինում։

Белла Кочарян в рамках проекта Леди Sputnik
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Բելլա Քոչարյան

 

– Կին լինելը դժվա՞ր է, եթե հիշենք Ցվետաևայի հայտնի տողերը. «Աստված, մի՛ դատիր։ Դու կին չես եղել երկրի վրա»։

– Մարինա Ցվետաևան շատ բանաստեղծություններ ունի կնոջ ճակատագրի մասին։ Նա դժվար կյանքով է ապրել` անցնելով դժոխքի չարչարանքներով։

– Մենք` կանայք, հպարտանալու բան ունենք։ Ի դեպ, պարզվել է, որ (ըստ գիտնականների) հենց կանանց X–քրոմոսոմներն են ինտելեկտուալ և ստեղծագործական ընդունակությունների փոխանցման պատասխանատուները։

Միայն մերձավորի հանդեպ սերը (կնոջ, տղամարդու, երեխայի) կարող է ազատել կնոջը տղամարդու հետ հավերժ մրցակցությունից, անլիարժեքության բարդույթից և երջանկացնել նրան։

Օգտվելով առիթից` այս գարնանային օրերին ցանկանում եմ մեր հայրենիքին մաղթել խաղաղություն, տղամարդկանց` արիություն, կանանց` նրբություն։ Եվ մերձավորի նկատմամբ տիեզերական սեր։ Երջանիկ եղեք, սիրելի՛ կանայք։

Белла Кочарян в рамках проекта Леди Sputnik
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Նանա Մարտիրոսյանն ու Բելլա Քոչարյանը

armeniasputnik.am



 

2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

28.03.2024 14:28

Կառավարությունն ապրիլի ընթացքում կներկայացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիրը

28.03.2024 12:12

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 143-ի

28.03.2024 12:08

ՀՀ-ում բացի Հայաստանի կառավարությունից որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյան

28.03.2024 12:05

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

28.03.2024 12:02

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

28.03.2024 11:59

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

28.03.2024 11:57

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը

28.03.2024 11:52

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ

28.03.2024 11:51

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

28.03.2024 10:43

Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին

27.03.2024 21:51

Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա

27.03.2024 18:54