Ընկերության ամենագլխավոր և ամենաթանկ կապիտալը մարդկային ռեսուրսն է

26.04.2023 15:57
10813

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և՛ բաժնետերերը, և՛ ղեկավար թիմը քանիցս հայտարարել են, որ ընկերության ամենագլխավոր և ամենաթանկ կապիտալը մարդկային, կադրային, մասնագիտական ռեսուրսն է, քանզի առանց դրա հնարավոր չէ պատկերացնել հանքարդյունաբերական հսկայի բնականոն ընթացքը, նաև սերնդափոխությունը:

Ոլորտի աշխատանքներին ծանոթանալու համար զրուցեցինք «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական դեպարտամենտի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Լիզա Իսրայելյանի հետ:

Լիզա Իսրայելյան ծնվել է 1984 թ. Քաջարան քաղաքում: Ավարտել է տեղի Եղ. Չարենցի անվան թիվ 1 միջն. դպրոցը:

2001-2006 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի տեսական տնտեսագիտություն բաժինը, ստացել տնտեսագետի մասնագիտություն:

2006 թվականից աշխատանքի է անցել  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ կադրերի բաժնի տեսուչ, 2008-ից՝ կադրերի բաժնի պետի տեղակալ, 2015 թվականից` ընկերության կադրերի բաժնի պետ:

- Հարգելի Լիզա, մեր զրույցը սկսենք ընկերության մարդկային ռեսուրսների բաժինը, նաև բաժնի գործառույթները ներկայացնելով:

- ՄՌԿ բաժնի գործառույթների շրջանակը շատ լայն է, ընդգրկում է աշխատողներին վերաբերող հարցերի մեծ շարք: Վերջերս ավելացել են բաժնի գործառույթները, հետևաբար՝ նաև աշխատակազմը։

Այժմ իրականացվում են հետևյալ գործառույթները՝ աշխատակազմի համալրում (ընտրություն, հարցազրույցների կազմակերպում) և ռոտացիա, աշխատաժամանակի հաշվառում, գործարքային աշխատավարձի հաշվարկ, փոխհատուցումներ, պարգևատրումներ, կադրային փաստաթղթաշրջանառություն (պայմանագրեր, հրամաններ, արձակուրդների տրամադրում, կենսաթոշակներ, հաստիքացուցակներ, զանազան հաշվետվություններ), և սա մի փոքր մասն է այն ամենի, ինչով զբաղվում ենք:

Այդ ամենն իրականացվում է փորձառու թիմի` թվով 35 աշխատողի նվիրական աշխատանքի շնորհիվ:

- Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը նախևառաջ սոցիալական խնդիր է լուծում տարածաշրջանում, ավելի ստույգ՝ բնակչության զբաղվածության խնդիր, ինչը չափազանց կարևոր առաքելություն է: Որքա՞ն աշխատող ունի ընկերությունը ներկայումս: Կուզենայինք ծանոթանալ նաև աշխատողների թվաքանակի դինամիկային:

- Այնքան էլ համաձայն չեմ հարցադրման այն հատվածին, թե ընկերությունը նախևառաջ սոցիալական խնդիր է լուծում։ Այո, ԶՊՄԿ-ն սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն է, սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ այն նախևառաջ բիզնես է։ Իհարկե, բազմաթիվ առանձնահատկություններով, բայց բիզնես է, որի հիմնական նպատակը բարձր արդյունավետությամբ ու եկամտաբերությամբ աշխատելն է։ Իսկ սա բխում է բոլորիս շահերից՝ պետություն, բաժնետերեր, աշխատակիցներ, համայնք։ Սա նշանակում է, որ ընկերությունը չի կարող իրեն թույլ տալ անվերջ ավելացնել աշխատակիցների քանակը։ Մենք ունենք նաև խնդիր՝ ընտրել բարձր արդյունավետությամբ, գիտելիքներով ու փորձով աշխատակիցների։ Այս պահին ԶՊՄԿ-ն ունի 4600 աշխատակից: Վերջին մեկ տարում մեր գործընկերների թիվն ավելացել է 200 մարդով։

Մենք գիտակցում ենք, որ լուրջ ազդեցություն ունենք հանրապետությունում և հատկապես մարզում՝ որպես խոշոր հարկատու և գործատու, սակայն կարևոր է, որ բոլորը գիտակցեն՝ ԶՊՄԿ-ն ներգրավում է այնքան աշխատակցի, որքան թույլ են տալիս արտադրական ծավալները և բիզնեսի տրամաբանությունը։ 

Նոր աշխատակիցներ ընտրելիս առաջնորդվում ենք հստակ սկզբունքներով:

Եթե համալրման ենթակա հաստիքը որևէ մասնագիտական հմտություն, կրթություն չի պահանջում, ապա հավասար պայմաններում գտնվող թեկնածուներից նախապատվություն ենք տալիս համայնքի այն ընտանիքներին, որոնք կոմբինատում աշխատող չունեն: Ինչպես նաև համայնքի զորացրված, ինչ-ինչ պատճառներով չզորակոչված երիտասարդներին:

Առաջնային են նաև ազդակիր համայնքների բնակիչները: Սակայն այդ ամենի հետ պետք է նշել նաև, որ աշխատանքի համար դիմելուց շատ ցանկալի է, բացի սոցիալական վերոնշյալ խմբերին պատկանելը, ունենալ (տիրապետել) կամ գոնե ցանկություն ունենալ ձեռք բերել մասնագիտություն, որով դիմումատուն կարող է առավելագույն օգուտ բերել ընկերությանը:

Ժամանակակից երիտասարդների հետ շփվելիս հաճախ չես հանդիպի նրանց, ովքեր պատրաստակամ են դառնալ էլեկտրամոնտյոր, կռունկավար, խառատ և այլն: Թեկնածուի այդպիսի մոտեցումը հավելյալ խոչընդոտ է, որ նա դրական պատասխան ստանա։

Ընկերությունը ներկայումս կարիք ունի բարձր որակավորում ունեցող էլեկտրագազաեռակցողների, խառատների, մի խոսքով՝ լավ արհեստավորների:

Տարիներ առաջ ընկերությունում ներդրվել է վարպետ-դաստիարակների «ինստիտուտ»-ը, որը փորձում ենք կիրառել, քանի որ այն իրեն արդարացրել է միշտ:

Հմուտ, փորձառու մասնագետները ներգրավվում են կրթական գործընթացի մեջ ու իրենց համար պատրաստում գործնական փորձառություն ձեռք բերած գործընկեր։ Սակայն եկեք հաշվի առնենք՝ երիտասարդների կողմից պետք է լինի պատրաստակամություն:

Ի դեպ, տարիների ընթացքում ընկերությունում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը գրեթե չի փոխվում։

- Ընկերությանը հետաքրքրող մասնագետների պատրաստման նպատակով համագործակցո՞ւմ եք բուհերի, միջին մասնագիտական կրթօջախների կամ արհեստագործական ուսումնարանների հետ:

- Համագործակցում ենք ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի հետ, ունենք պայմանագիր, ըստ որի ուսանողները պրակտիկա են անցնում մեր ընկերությունում, ուսանողների մի մասը մեր աշխատակիցներն են, ովքեր կրթությունը համատեղում են աշխատանքի հետ։ Այդ երիտասարդները, բնականաբար, մեծ հեռանկար ունեն ընկերությունում։ 

Քաջարան  քաղաքում գործող արհեստագործական պետական ուսումնարանի հետ համագործակցության նմանատիպ պայմանագիր ունենք: Վերջինս պատրաստում է եռակցողներ, կարող-դերձակներ, խոհարարներ, որոնք նույնպես մեր պոտենցիալ գործընկերներն են:

- Վերջերս տեղեկացանք, որ ընկերությանը կից ուսումնական կենտրոն է հիմնադրվել:

Ո՞րն է հիմնական նպատակը. նոր ընդունվողներին կամ սկսնակներին պատրաստե՞լը, թե՞ գործող աշխատակիցների մասնագիտական վարպետության բարձրացումը:

Անցած տարի դրական արձագանք էր գտել աշխատակիցների տարակարգերի բարձրացմանը միտված ատեստացիան, որը 2013 թվականից հետո չէր կազմակերպվում:

Որքանո՞վ է արդյունավետ և մասնագիտական առումով հագեցած ատեստավորումը:

- Ուսումնական կենտրոնը ոչ թե ընկերությանը կից է, այլ վարչական դեպարտամենտի կազմում:

Նպատակները շատ են. նախևառաջ պետք է դասընթացներ կազմակերպել  մեր բազմահազարանոց թիմին նոր միացողների համար: Աշխատողների մասնագիտական դասընթացների կազմակերպումը նույնպես արդիական է, մոտիվացնող ու շատ անհրաժեշտ:

Անկասկած, կարևոր են նաև ատեստավորումները, որոնք վերջերս վերսկսվել են, իսկ ուսումնական կենտրոնի գործունեությամբ պայմանավորված` կներառվեն բոլոր կատեգորիաների աշխատակիցները: Ատեստավորումը, անշուշտ, անհրաժեշտ է բոլորի համար, քանի որ օգնում է անընդհատ թարմացնել ամենօրյա գործառույթների ակադեմիական հիմքերը: Իսկ հաշվի առնելով նաև մեր գործունեության բնույթը` պարբերաբար թարմացնում է աշխատողների կողմից աշխատանքի անվտանգության նորմերի տիրապետումն ու կիրառումը:

Ուսումնական կենտրոնի շնորհիվ առաջիկայում կաշխատենք սեփական միջոցներով պատրաստել մեզ անհրաժեշտ մասնագետներ:

Վստահ եմ` կհաջողենք:

- Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը կոչված է նախևառաջ օգտագործելու տեղի՝ Կապան և Քաջարան համայնքների մարդկային ռեսուրսները: Դուք պատկերացում ունե՞ք ազդակիր համայնքների մարդկային ռեսուրսի մասին։

- Ինքս ծնունդով Քաջարանից եմ և այստեղ եմ բնակվում, այնպես որ միանշանակ կարող եմ ասել՝ համայնքում գրեթե բոլորին ճանաչում եմ անձամբ ու ծանոթ եմ համայնքի և ընտանիքների խնդիրներին:

Կապանի մասով պետք է նշեմ՝ մեր աշխատակիցներից 1800-ը այդ համայնքից են, և այնտեղ տեղակայված մեր ստորաբաժանումների թափուր հաստիքների համալրման համար նախապատվությունը տրվում է առավելապես տեղացիներին։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեր ազդակիր երկու համայնքում գործազրկությունն ամենացածր ցուցանիշի վրա է գտնվում։ Վստահ եմ՝ այս արդյունքը հիմնականում  ԶՊՄԿ-ի ազդեցության շնորհիվ է։

- Աշխատավարձը՝ աշխատավարձ, բայց հանքագործներն ունեն նաև սոցիալական պաշտպանվածության մի քանի հնարավորություն, այդ մասին...

- Սոցիալական երաշխիքների մեծ փաթեթ է առկա. ունենք առողջության ապահովագրություն ոչ միայն աշխատողի, այլ նաև նրա ընտանքի անդամների համար:

Աշխատողներն անվճար սնվում են ճաշարանում:

ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը փոխհատուցում է աշխատակիցների երեխաների ուսման վճարները  ԲՈՒՀ-երում և ընկերության ՆՈՒՀ-երում:

Ունենք մարզահամալիր, որտեղ գործում են մի շարք մարզական խմբակներ՝ անվճար հիմունքներով։ Այդ հնարավորությունից օգտվում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։

Մշակույթի պալատում գործում են երգի ստուդիա և պարային համույթ, կազմակերպվում են տարբեր միջոցառումներ հանքագործների առօրյան առավել հագեցած դարձնելու համար:

Մինչև համաճարակը մեր աշխատողներին խումբ-խումբ ուղարկում էինք ծովափնյա հանգստի և այլն...

- Իրողությունը, որ երիտասարդները ցանկանում են աշխատանքի ընդունվել ԶՊՄԿ-ում, հասկանալի ու գնահատելի է:

Բոլորովին այլ հարց է, թե երիտասարդը որքան ժամանակում և ինչ աստիճանի է կարողանում տիրապետել նախընտրելի մասնագիտությանը, դառնալ պահանջված: Փորձառու մասնագետների դերն այդ հարցում միշտ էլ կարևոր է եղել: Զանգեզուրի կոմբինատն առանձնանում է նաև նրանով, որ կան աշխատանքային գերդաստաններ, տոհմիկ հանքագործներ, ասել է թե՝ նույն գործը կատարել է պապը, որդին, հիմա էլ՝ թոռը:

- Ճիշտ եք, մեր ընկերությունում շատ են աշխատանքային գերդաստանները։ Բազմաթիվ մարդիկ իրենց մասնագիտությունը փոխանցել են որդիներին, թոռներին։ Այդ գերդաստաններին շատ հարգանքով ենք վերաբերվում։ Ավելին՝ ընկերությունը նրանցով հպարտանում է, որովհետև նրանք ապահովում են ավանդույթների, փորձի ու գիտելիքի շարունակականությունը, ինչը ԶՊՄԿ-ի պես ավանդապահ ընկերության համար չափազանց կարևոր է։ 

- Խնդիրներ, դժվարություններ... Մեր այսօրվա հանդիպման ընթացքում ականատես եղանք մարդկանց գրեթե չընդհատվող հոսքի, չդադարող հեռախոսազանգերի:

Յուրաքանչյուրի հետ համբերատար զրուցելու, նրանց լսելու, պարզաբանելու խնդիր ունեք, որքան հասկանում ենք: Նաև հասկացված լինելու խնդիր ունեք, չէ՞ որ շատ դիմումատուների ստիպված եք լինում մերժել կամ բացասական պատասխան տալ: Եվ դա Ձեզ հաջողվո՞ւմ է:

- Ինչ խոսք, գերզբաղված ու գերլարված աշխատանք է:

Ճիշտ հասկացված լինելու խնդիր կա: Մարդիկ երբեմն մեկնաբանում են այնպես, ինչպես իրենք են հասկանում կամ ինչպես իրենց է հարմար: Ամենայն համբերատարությամբ լսում ու պատասխանում ենք բոլորին:

Որպես ՄՌԿ ղեկավար՝ կարևորում եմ առողջ փոխհարաբերությունները և աշխատանքային առողջ միջավայրը:

Սիրում եմ մարդկանց հետ աշխատել. երբեք չեմ ձանձրանում։

Հսկայական պատասխանատվություն է, բայց հաղթահարելի, քանզի մենակ չենք:

Հարցազրույցը՝

Մարի Նավասարդյանի

ԳՈՒՄ-ի շուկայի մսի իրացման կետերը փակվել են․ ՍԱՏՄ

13.12.2024 20:15

Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն է թողնում խաղաղության պահպանման վրա․ Հասանով

13.12.2024 20:08

Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. Սիսակ Գաբրիելյանը՝ նոր որոշման մասին

13.12.2024 18:55

Միջոցառում` նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակին

13.12.2024 18:22

Մարտուն Զաքարյանի կտավների ցուցահանդեսը Քաջարանի մշակույթի պալատում, որտեղ նաև «Մսյո Ազնավուր» ֆիլմի ցուցադրությունն էր

13.12.2024 16:18

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշ հատվածներ փակ են բեռնատար ավտոմեքենաների համար

13.12.2024 14:58

Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով

13.12.2024 14:56

ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան ATACMS հրթիռներով հարվածների

13.12.2024 14:53

Վերահրատարակվել է Տիգրան Գրիգորյանի «Անմահության համանվագ» գիրքը

13.12.2024 14:45

Փաշինյանը մեկնել է ՌԴ

13.12.2024 11:04

ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ՀՀ-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ

13.12.2024 11:02

Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

13.12.2024 09:00