Շնորհավորանք պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ

10.08.2024 10:00
1661

Օգոստոսի 10-ին լրանում է վաստակաշատ մտավորական, կրթական ոլորտի ճանաչված գործիչ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս), մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Նահապետի Պետրոսյանի 65-ամյակը:

Իսկական գիտնականի ապրելու ողջ իմաստը կրթություն և գիտություն սփռելն է: Հենց այս առաքելությամբ էլ ապրում և արարում է Սյունիք աշխարհի արժանավոր զավակ, հանրակրթական և բուհական բնագավառների գիտակ ու կազմակերպիչ, տաղանդավոր գիտնական Լեռնիկ Պետրոսյանը, ով այսօր իր հոբելյանական տարեդարձը դիմավորում է քառասուներեքամյա գիտամանկավարժական և պետական գործունեության պատկառելի ձեռքբերումներով. տեղական և միջազգային գիտական ամսագրերում հրապարակված շուրջ 80 գիտական և գիտամեթոդական հոդված, ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորված 2 դասագիրք, 4 ուսումնական ձեռնարկ, իր քրտնաջան ջանքերով ստեղծված Կապանի թիվ 2 ավագ դպրոց, իր ղեկավարությամբ բեղմնավոր գործունեություն ծավալած Սյունիքի մարզի կրթական պետական կառույցներ, դժվարություններ հաղթահարող և միաժամանակ զարգացում ապրող ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ:

Ծնվել է Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղում: Նախնական կրթությունը ստացել է գյուղի ութամյա դպրոցում: 1976 թվականին ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1981 թվականին գերազանցությամբ ավարտել է համալսարանը՝ ստանալով ֆիզիկոս-մանկավարժի որակավորում:

Լեռնիկ Պետրոսյանի անբասիր աշխատանքային գործունեությունը սկիզբ է առել 1981 թվականից, երբ, ավարտելով համալսարանը, աշխատանքի է անցել Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում: Սակայն կարճ ժամանակ անց, 1983 թվականին, հայրենի հողի կանչով վերադարձել է հարազատ Կապան, մանկավարժական և գիտական գործունեությանը զուգահեռ զբաղեցրել մի շարք պաշտոններ՝ Կապանի քաղժողկրթբաժնի մեթոդիստ, Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ՝ ուսումնական աշխատանքների գծով, այնուհետև նույն դպրոցի տնօրեն, Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ ԿԳ նախարարության Սյունիքի մարզային-տարածքային տեսչության պետ, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետի տեղակալ, այնուհետև նույն վարչության պետ՝ լավագույնս դրսևորելով կրթության բնագավառում կառավարման բնույթի հարցեր լուծելու և համակարգված մոտեցումներ կիրառելու իր հմտությունները, անբասիր գործունեության համար արժանանալով պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Լեռնիկ Պետրոսյանն անգնահատելի ավանդ ունի Սյունիքի մարզում, մասնավորապես, Կապան քաղաքում հանրակրթության զարգացման գործում: Օրինակները շատ են, վկայակոչենք մեկը, որն ավելի ցայտուն է բացահայտում մանկավարժի և ղեկավարի տաղանդը: Լեռնիկ Պետրոսյանի ջանքերով 2000 թվականին Կապանում ստեղծվում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կապանի վարժարանը (ներկայիս Կապանի թիվ 2 ավագ դպրոցը): Նրա ղեկավարությամբ, մեծամասամբ նրա պրոֆեսիոնալիզմի, կազմակերպչական և անհատական որակների շնորհիվ, բառացիորեն սկսելով զրոյից, կրթօջախը ոչ միայն կայացավ, այլ դարձավ հանրապետությունում առաջատար դպրոցներից մեկը: Նրա բազմաթիվ աշակերտներ ֆիզիկայից ստացած գիտելիքների շնորհիվ կարողացել են իրենց ուրույն տեղը գտնել մասնագիտական բնագավառներում և հասնել հաջողությունների:

2006 թվականին Լեռնիկ Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ Կապանում ստեղծվում է «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Կապանի քոլեջը, որի հիմքի վրա հետագայում ձևավորվում է «Եվրոպական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղը:

 Լեռնիկ Պետրոսյանն այդ ամբողջ ժամանակահատվածում սերտորեն կապված էր նաև բարձրագույն կրթության և գիտության բնագավառի հետ: 1984-1987թթ. համատեղությամբ աշխատել է ԵրՊԻ-ի Կապանի ուսումնախորհրդատվական կետում՝ ավագ դասախոս: 1998-2010 թթ. ընթացքում հինգ անգամ եղել է Սյունիքի մարզի բուհերի ընդունելության մարզային հանձնաժողովի անդամ, ֆիզիկայի քննական հանձնաժողովի նախագահ և հինգ անգամ՝ Գորիսի պետական համալսարանի պետական քննական հանձնաժողովի նախագահ (մանկավարժության գծով):

1999 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Շարունակելով հետազոտական աշխատանքները՝ 2008 թվականին պաշտպանում է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Որպես գիտամանկավարժական գործունեության արժանի գնահատական՝ 2008 թվականին ստանում է դոցենտի, իսկ 2012 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում, 2022 թվականին ընտրվում է Հայաստանի մանկավարժահոգեբանական ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս): Երկար տարիներ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող Մանկավարժություն-020 գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի անդամ է:

Արժանավոր մտավորականն այս ամենին զուգահեռ կարողացել է ստեղծել ընտանիք, ունի երկու զավակ և չորս թոռ:

2012-2016 թթ. զբաղեցրել է ՀՊՃՀ (2015 թվականից՝ ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: 2016-2022 թթ. աշխատել է  ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր:

2022 թվականի դեկտեմբերի 13-ից կրկին ստանձնել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ղեկավարությունը: Նրա պաշտոնավարության օրոք մասնաճյուղը թևակոխել է բարեփոխումների, ուսումնագիտական ենթակառուցվածքների արդիականացման, գիտական կադրերի պատրաստման, աշխատանքային և ուսումնական պայմանների բարելավման, միջազգային կապերի ստեղծման ու զարգացման փուլ:

Լեռնիկ Պետրոսյանի էներգիան, աշխատասիրությունը, բնավորության հաստատակամությունը, կազմակերպչական տաղանդը, կոլեկտիվում ստեղծագործական մթնոլորտ ձևավորելու ունակությունը, սկզբունքայնությունը, իր և մյուսների նկատմամբ պահանջկոտությունը, նպատակ դնելու և դրան հասնելու կարողությունը, մեծ փորձառությունը և կոմպետենտությունը թույլ կտան մասնաճյուղին հաղթահարել դժվարությունները և ապահովել զարգացում:

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական խորհուրդը և ուսանողական խորհուրդը ջերմորեն շնորհավորում են Լեռնիկ Պետրոսյանին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, երկար տարիների ստեղծագործ կյանք, անսպառ ուժ և եռանդ, արգասաբերություն բոլոր ձեռնարկումներում:

 

 

Վեհափառը խաղողօրհնեքի արարողություն անցկացրեց

16.08.2026 19:23

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

16.08.2026 12:21

Կապան քաղաքի օրվան նվիրված տոնական օրը նշանավորվել է «Կապանի սոցիալական աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի՝ ժամանակավոր կացարանի հանդիսավոր բացմամբ

15.08.2026 23:35

Կապանը մեծարում է իր երախտավորներին

15.08.2026 18:12

Սամվել Ալեքսանյանի ելույթը Կապանի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթում (15.08.2026 թ.)

15.08.2026 17:04

Հանդիսավորությամբ տեղի ունեցավ «Հալիձոր՝ հավատքի ամրոց» և «Հացատաշտ» հարթաքանդակների բացման պաշտոնական արարողությունը

15.08.2026 14:33

Կապանի օրը լավ առիթ է շնորհավորելու քաղաքի բնակիչներին և մաղթելու, որ Կապանը շարունակի զարգանալ՝ պահպանելով իր ինքնությունն ու պատմությունը․ ԶՊՄԿ

15.08.2026 11:06

Ղարաբաղից տեղահшնված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար

15.08.2026 10:15

Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը

14.08.2026 21:48

Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ

14.08.2026 20:38

Իրանի դեմ պատերազմի հետևանքով աշխարհը կորցրել է 2.6 միլիարդ բարել նավթ․ Reuters

14.08.2026 16:35

Իրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran

14.08.2026 16:13