Շորթում՝ քոլեջի աշխատակցին տված պարգևավճարից, գաղտնալսում, իսկ պատգամավոր Արմենը «թույլ թեմա» է, նախարարն էլ «ինձ համար կանի այն, ինչ կասեն»

20.07.2026 10:59
536

Շարունակում ենք լրագրողական հետաքննությունը «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հորինված տնօրեն Արմինե Կոլյանի առերևույթ հանցավոր գործունեության ուղղությամբ․․․

2025 թ դեկտեմբերի 3-ից 17-ը զբաղեցնելով «Գորիսի պետական քոլեջ» լուծարվող ՊՈԱԿ-ի տնօրենի աթոռը՝ պաշտոնակատարի կարգավիճակով, Արմինե Կոլյանը դեկտեմբերի 16-ին երկու դիմում է հղում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Առաջին դիմումով խնդրում է իրեն ազատել «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից, երկրորդով՝ իրեն նշանակել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։

Նախարարն ընթացք է տալիս դիմումներին և մի հրամանով՝ 2025 թ դեկտեմբերի 17-ից դադարեցնում «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմինե Կոլյանի լիազորությունները։

Մեկ այլ հրամանով այդ քոլեջի տնօրենի պարտականությունների կատարումը վերապահում է նույն քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Շուշանիկ Հովհաննիսյանին։

Երրորդ հրամանով դեռևս չստեղծված-չգրանցված «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակում Արմինե Կոլյանին (ի դեպ, նախարարն այդ կնոջը տվյալ պաշտոնում նշանակել էր մեկ անգամ ևս՝ 2025 թ հոկտեմբերին, հետո էլ ազատել)։

Ինչևէ, Արմինե Կոլյանը դեկտեմբերի 17-ից ազատվում է «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից, բայց․․․ Շարունակում է մնալ իր տեղում և հատկապես ֆինանսական գործարքները կատարել անձամբ, չունենալով նման լիազորություն, օգտագործելով լուծարվող քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Շուշանիկ Հովհաննիսյանի ստորագրությունը։

Վերջինիս թողտվությամբ՝ որևէ լիազորություն չունեցող Արմինե Կոլյանը տարեվերջին պարգևավճարներ է նշանակում կոլեկտիվի աշխատակիցներին՝ դարձյալ օգտագործելով Շուշանիկ Հովհաննիսյանի ստորագրությունը։

Ավելին՝ քոլեջի աշխատակիցներին տրված պարգևավճարներից Արմինե Կոլյանը գումար է շորթում կամ փայ ստանում։

Թե ով և որքան գումար է տվել այդ տիկնոջը՝ ստացած պարգևավճարից, կհրապարակենք ավելի ուշ։

Իսկ թե ինչու է տնօրենի պարտականությունները կատարող Շուշանիկ Հովհաննիսյանն իր լիազորություննները նվիրել Արմինե Կոլյանին՝ խոսակցության առանձին նյութ է։

Այնուհետև՝ առիթ ենք ունեցել ասել, որ 2025 թ դեկտեմբերի 3-ին, իբրև տնօրենի պաշտոնակատար, Արմինե Կոլյանն իր թիվ 1 խնդիրը համարում է սեփական աշխատավարձի չափի որոշումը՝ առաջնորդվելով իր իսկ հռչակած սկզբունքից՝ «մարդուց պետք է փողի հոտ գա»։

Ավելի վաղ (մեկ այլ հրապարակման մեջ) նշել էինք, որ ֆեյք տնօրենն իր համար ամսական աշխատավարձ է սահմանել 570 հազար դրամ՝ չունենալով նման իրավունք՝ կատարելով պաշտոնական դիրքի չարաշահում։

Պարզվում է, սակայն, որ տիկինն իր ամսական աշխատավարձը 280 հազարից դարձրել է ոչ թե 570, այլ 770 հազար դրամ։

Ընդ որում՝ 770 հազար դրամը եղել է  այսպես կոչված «կոմպրոմիսի» արդյունք։ Նա պնդել է ամսական 900 հազար դրամ, բայց  զսպել են նրան։

2026 թ հունվարի 5-ին՝ արդեն «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կարգավիճակով տիկինը ներկայանում է աշխատանքի (քոլեջը պետական գրանցում էր ստացել 2025 թ դեկտեմբերի 30-ին, նույն օրը լուծարվել էր «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը)։

Նոր կարգավիճակում տիկինը պահանջում է, որ մեկ ամիս առաջ իր համար սահմանված դրույքաչափը՝ 770 հազար դրամը, մնա ուժի մեջ։

Այդպես էլ նա ինքն իրեն վարձատրում է մինչև հիմա (քոլեջում շրջանառվող լուրերի համաձայն՝ մեր հրապարակումից հետո նախարարությունից նրան հորդորել են նվազեցնել դրույքաչափը, բայց խոսք չի եղել արդեն իսկ հափշտակված մոտ 3 մլն դրամը վերադարձնելու մասին)։

Սեփական աշխատավարձի հարցը կամայականորեն լուծելուց հետո Արմինե Կոլյանը ձեռնամուխ է լինում ներսում իր դիրքերի «ամրապնդմանը»։ Եվ որպես անձնական դիրքերը կրթօջախի ներսում հաստատուն պահելու միջոց՝ կարևորում է ուսանողներին և աշխատակիցներին գաղտնալսելու համակարգի ստեծումը։

Թեև պետականորեն նախատեսված չէր այդ նպատակով գումար, թեև Հայաստանի գործող օրենքներով արգելված է գաղտնալսման նման համակարգի ստեղծումը և տեղադրումը, բայց տիկինը կարգադրում է պետական միջոցներից 700 հազար դրամ տրամադրել գորիսյան մի կազմակերպության՝ քոլեջի միջանցքներում, նաև շենքի մուտքում՝ բակի կողմից, տեսանկարահանող և գաղտնալսող սարքեր տեղադրելու համար՝ այդ մասին չկատարելով իրազեկում:

Գործընկերները մեծ ջանքերի գնով նրան հետ են պահում մտադրությունից, որ տեսանկարահանող ու գաղտնալսող սարքեր պետք է տեղադրվեն ուսուցչանոցում՝ նաև դասախոսների խոսակցությունները լսելու համար:

Այդպիսով՝ տեսանկարահանող և գաղտնալսող սարքերն ամիսներ շարունակ աշխատում են կայուն ռեժիմով, իսկ ինքն իր «աշխատասենյակից» հետևում է, թե դասամիջոցներին կամ քոլեջ հաճախելիս որ ուսանողը կամ աշխատակիցն ինչ է խոսում՝ այդկերպ քոլեջը վերածելով «համակենտրոնացման ճամբարի»։

Գաղտնիության պայմաններում գործող այդ համակարգի մասին ուսանողները և դասախոսները տեղեկանում են փոքրիկ մի միջադեպից հետո՝ 2025/26 ուսումնական տարվա վերջին զանգից օրեր առաջ։

Արցախից բռնագաղթված և քոլեջում սովորող մի քանի ուսանող՝ դասամիջոցներից մեկի ժամանակ միջանցքի մի անկյունում՝ քոլեջի աշխատակիցներից մեկի հետ, քննարկում են սովորական մի հարց՝ իբր կուզենային, որ մեկ տարի հետո քոլեջին հրաժեշտ տային ներկայիս և ոչ կառուցվող շենքից, ու վերջին զանգին մասնակից անեին Գորիսի լուծարված քոլեջի տնօրենին, ով ժամանակին իրենց հայրաբար ընդունել է քոլեջ և ամեն ինչ արել, որ իրենք նոր իրավիճակում նեղություն չկրեն։

Րոպեներ հետո, սակայն, ուսանողների հետ զրուցած աշխատակցին հրավիրվել են «ռազբորկայի»՝ ո՞վ եք դուք, որ նախկին տնօրենին հիշում եք և ուզում եք մասնակից դարձնել վերջին զանգին։

Այդ միջադեպից հետո բացահայտվում է, որ քոլեջի միջանցքներում և բակում գաղտնալսումներ են կատարվում։

Թե ինչ ճակատագիր է ունեցել գաղտնալսման համակարգը բացահայտումից հետո՝ առայժմ հայտնի չէ։

Բիրդան տնօրենի առաջին օրերի ապօրինի հանձնարարություններից մեկն էլ առնչվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը բոյկոտելուն։

Երբ հիշեցրել են, թե 2024 թ հուլիսի 1-ից արգելված է կանխիկ գումարով գործառնությունների կատարումը, ինչի մասին նոր-նոր են տեղեկացվել, նա նշանակություն չի տվել դրան՝ առաջնորդվելով իր իսկ սիրած արտահայտությամբ՝ «քամակս պինդ է», ՔՊ-ն մերն է, Սամվել Կարապետյանը մերն է՝ քեռուս ընկերն է, ով էլ հաղթի՝ մենք խնդիր չենք ունենալու:

Իսկ եթե պատգամավորը կամ նախարարն իմանա՞ն. հակադարձել են տնօրենին, ով էլ պատասխանել է՝ պատգամավոր Արմենը «թույլ թեմա» է, նախարարն էլ «ինձ համար կանի այն, ինչ կասեն»:

Եվ այդպես՝ շրջանցելով վերոնշյալ օրենքը՝ անպատժելիությամբ ու ցինիզմով հարբած տիկնոջ որոշմամբ ու թույլտվությամբ, սովորողների մի մասը շարունակել է ուսման վարձի վճարումը կանխիկ ձևով՝ գումարը մուծելով հաշվապահություն։

Ավելին, սովորողների ուսման վարձից կատարվել են մի շարք գործարքներ՝ կանխիկ դրամով՝ ամիսներով ուշացնելով վճարված վարձերի մուտքագրումը պետական գանձարան։

Մինչև նոր հրապարակում...

Հ.Գ.

Այս հրապարակումը ևս էլեկտրոնային փոստով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

 

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հերթական շրջայցն է կատարել շինհրապարակներ

20.07.2026 22:22

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան

20.07.2026 21:13

Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից (տեսանյութ)

20.07.2026 19:03

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

20.07.2026 17:33

Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմը դիմել է վերաքննիչ քրեական դատարան

20.07.2026 17:30

Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին

20.07.2026 17:23

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

20.07.2026 17:15

Մեկ գիշերում զրոյացած բիզնեսներ. Wildberries-ի հրդեհը վնասել է նաև հայ վաճառողներին

20.07.2026 16:54

Ստամբուլում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր պարունակող անօդաչու թռչող սարքի բեկորներ

20.07.2026 16:41

Ադրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

20.07.2026 16:08

Կադաստրի կոմիտեն հայտնել է ինտերնետի խափանման մասին

20.07.2026 15:27

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

20.07.2026 14:40