ՇՏԵՄԱՐԱՆԸ ԿԱԶՄՈՂՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ՈՒԶԵՑԵԼ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ, ԹԵ ԷԼ ԻՆՉ ԲԱՐԴ ԲԱՌ ԳԻՏԵՆ

20.07.2021 12:23
1433

Գնահատման եւ թեստավորման կենտրոնն օրեր առաջ հրապարակեց մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները, համաձայն որոնց՝ քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13%-ը: Իսկ միասնական քննությունների երկրորդ փուլում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 98 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը: Ըստ այդմ՝ ընդհանուր հանրագումարում, հիմնական եւ երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4 հազար 103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13.77 %-ը, ինչը մտահոգվելու առիթ է տալիս։

Հայոց լեզվի իմացության նման ցածր մակարդակը գրականագետ Դավիթ Գասպարյանը պայմանավորում է մի շարք հանգամանքներով․ «Այն, որ այսօր անգլերենից ավելի բարձր են ստանում, պայմանավորված է նրանով, որ անգլերենի պահանջները շատ պարզեցված են, եւ դիմորդի համար պարապելու ընթացքում ավելի հեշտ է հաղթահարել անգլերենը, քան հայերենը, որովհետեւ հայերենի հանդեպ պահանջներն ավելորդ բարդություններ ունեն։ Օրինակ՝ պարտադիր չէ, որ դիմորդն անպայմանորեն իմանա, թե ինչ է նշանակում «աբուգա» բառը կամ գրականության մեջ եզակի հանդիպող, դիպվածական բառեր, որովհետեւ երբեմն անհարկի բարդություններ ստեղծելով՝ մենք խոչընդոտներ ենք առաջացնում»։ 

Գրականագետը կարծում է, որ այս ամենի պատճառը դպրոցն է։ «Անգամ մեր հաղորդավարները կոպիտ լեզվական, քերականական սխալներով են խոսում ու այնքան ինքնավստահ էլ ասում են, որ ուղղես էլ, չեն ասի՝ ուղղումդ ճիշտ է, իսկ այդ ամենը գալիս է դպրոցից, որը շատ լավ գիտեմ,- ասում է նա ու ընդգծում, որ այս ամենը գալիս է հայոց լեզվի եւ հայ գրականության հանդեպ ոչ բավարար ուշադիր վերաբերմունքից։- Սա ես հույժ կարեւորում եմ, որովհետեւ լեզուն, ճիշտ լեզվաընկալումն արմատավորվում է գրականությամբ։ Եթե երեխան զուտ քերականական կանոններ է սովորում՝ առանց գրական նյութն իր մեջ ամրագրելու, նրա համար հետո շատ դժվար է լինում։

Օրինակ՝ 5-6-րդ դասարաններում դասագիրքը կոչվում է «Մայրենի», որը լեզու եւ գրականություն է պարունակում՝ խառը ձեւով։ Երբեմն ուսուցիչներն էլ չգիտեն՝ մատյանում «Լեզո՞ւ» գրանցեն, թե՞ «Գրականություն»․ մեծ խառնաշփոթ կա։ Տարիներ առաջ ես բազմիցս առաջարկել եմ, որ հարկավոր է 5-6-րդ դասարաններում առարկաները բաժանել իրարից, լեզուն լինի առանձին դասագրքով, գրականությունը՝ առանձին, որպեսզի երեխան հասկանա՝ սա լեզվի պահանջն է, սա՝ գրականության, մինչդեռ մենք ամեն ինչ խառնել ենք իրար, ինչն արդյունավետ չէ։ Ես սա ասում եմ բազմաթիվ օրինակների հիման վրա, թե՛ ուսուցիչների, թե՛ այդ տարիքի աշակերտների հետ զրուցելով»։ 

Նա ընդգծում է՝ գրականության դերն առավելապես նսեմացված է դպրոցում։ «Հաշտվել են այն գաղափարի հետ, որ աշակերտը կարող է բնագիր չկարդալ, հաշտվել են այն մտքի հետ, որ գրականությունը երկրորդական նշանակություն ունի, իսկ լեզուն քիչ թե շատ առաջնային է, որովհետեւ քննական է եւ այլն։ Այս մոտեցումը մեզ հեռու չի տանի, եւ ես դրանով եմ բացատրում համատարած անհարգալից վերաբերմունքն ազգային բարձրագույն արժեքների՝ լեզվի ու գրականության հանդեպ, ինչն էլ քննական շրջանում դրսեւորվում է գնահատականներով»,- ասում է Գասպարյանը, ում դիտարկմամբ՝ ճիշտ կլիներ, որ առարկաները բաժանեին նաեւ քննական փուլում, դիմորդը քննություն հանձներ ոչ թե «Հայոց լեզու եւ հայ գրականություն»-ից, այլ ամեն առարկայից առանձին-առանձին․ «Առանց գրականության՝ լեզվական իմացությունը թերի է, քերականական օրենքը երեխան կարդաց, անգիր ասեց, օրինակը բերեց, բայց այդ ամենն իր մեջ պետք է ամրանա լեզվական ծանր նստվածքով, որը վեպն է, բանաստեղծությունն է։ Սրանք շատ կարեւոր բաներ են»։

Անդրադառնալով դարձյալ շտեմարանային նյութին՝ մեր զրուցակիցը նշում է, որ դրանք պետք է շատ պարզեցվեն․ «Ում գլխին ինչ փչել է՝ լցրել են այդտեղ, կարծես շտեմարանը կազմողները մեկը մյուսին ուզեցել են գերազանցել, թե էլ ինչ բարդ բան գիտեն հայոց լեզվից, էլ ինչ անհասկանալի բառ գիտեն, բայց այդպես չի լինում։ Ես սրանով եմ պատճառաբանում քննական արդյունքների նման պատկերը, որովհետեւ առանց սրա՝ իմացությունը, լեզվական կրթվածությունը, բարեկրթությունը շատ թերի կլինեն»։  

Ի՞նչ կարծիքի է գրականագետն այն հանգամանքի մասին, որ 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանն է թողնվել, Գասպարյանն ասում է․ «Նույնիսկ հարցն այնպես են դրել, որ եթե երեխան հայոց լեզու չի ուզում հանձնել, կարող է անգլերեն հանձնել․ սա ի՞նչ է՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ ծաղրուծանակ ազգային արժեքների, մեր ինքնության  հանդեպ։ Այսպես մենք նախապատրաստում ենք մեր առաջիկա եւ հերթական պարտությունը։ Մենք մինչեւ խորապես մեր ազգային արժեքների հանդեպ բարձր վերաբերմունք չունենանք եւ դա չներարկենք մեր ապագա սերնդին, ոգով շատ կթուլանանք։ Այս երկիրն ունի իր պետական լեզուն, բայց արի ու տես, որ անգամ ատենախոսությունը կարող ես պաշտպանել ռուսերեն կամ անգլերեն, այսինքն՝ գործնական ոլորտում մենք օրինականացնում ենք ազգայինից հեռացումը, որովհետեւ ազգային լեզվով գիտության լեզու ստեղծելը շատ մեծ բան է։ Ուրեմն բարի եղեք այդ ամենը հայոց լեզվով, հայերեն մտածողությամբ ու բառապաշարով անել։ Սրանք հույժ կարեւոր բաներ են, որոնք մեր հիմքերը թուլացնում են։ Ամուր շենքի տակ որ ջուր է հավաքվում, մեկ-երկու, եւ շենքը ճաք է տալիս, այդպես էլ այդ բացթողումներն են, որոնք լեզվի տաճարի հիմքերը թուլացնում են»։   
 

«Հրապարակ օրաթերթ»

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46