Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09
162

– Հարգելի Լիլիթ, «Սյունյաց երկիր մշակութային» հանդեսի հերթական համարը նվիրում ենք Սյունիքի մանրանկարչությանը։ Միևնույն ժամանակ փորձում ենք պարզել՝ ներկայումս աճող սերունդն ունի՞ հետաքրքրություն մանրանկարչության հանդեպ։ Այնուհետև, ի՞նչ աշխատանք է կատարվում մեզանում, որպեսզի արվեստի այդ ճյուղը հասկանալի ու հասանելի դարձնենք մեր երեխաներին։

Նշված հարցերի ուղղությամբ, որքան տեղյակ ենք, համակարգված գործունեություն է իրականացնում Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիան, որը գլխավորում եք Դուք։

Կուզենայինք նախևառաջ ծանոթանալ ստուդիայի պատմությանը կամ անցած ճանապարհին և նրա գործառույթներին, խնդրեմ։

– «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիան գործում է 2017 թվականից։ Սկսել ենք 7-12 տարեկան երեխաների հետ հանդիպումներից։ Երեխաները ծանոթանում էին մանրանկարչությանը, ձեռագրական արվեստին․․․

Ծրագիրը, ինչպես նշեցի, կոչվում է «Ծաղկելու արվեստ»։ Ծրագրով երեխաներն իմանում են՝ ի՞նչ ասել է ծաղկել, ի՞նչ են միջնադարում ծաղկել մանրանկարիչները։

Ծանոթանում են նաև Մատենադարանում պահվող ձեռագրերին, մանրանկարչության պատմությանը և այն աշխատանքներին, որ մեր ժամանակներում իրականացնում է Մատենադարանը։

Եվ գործնական աշխատանքով ամփոփվում է այդ ամենը։

Ծրագիրը բավականին հաջողություն ունեցավ և՛ երեխաները սիրեցին, և՛ հատկապես ծնողները։

Հաշվի առնելով այդ մեծ հետաքրքրասիրությունը՝ ստեղծվեց խմբակ դա 2017-ի աշնանն էր։ Շատ արդյունավետ աշխատեց խմբակը։ Ու հասկացանք, որ մեկ խմբակով չենք կարող սահմանափակվել։ Ստեղծվեցին նոր խմբակներ, ու ժամանակի ընթացքում դարձանք ստուդիա։

Տարիների ընթացքում ստուդիան բազմաթիվ ծրագրեր է իրագործել, հետաքրքիր նախագծեր ունեցել։

Ստուդիայում երեխաներն առաջին հերթին ծանոթանում են հայկական մանրանկարչությանը, ձեռագրային արվեստին, այն ամենին, ինչ մեզ է հասել արվեստի այդ ոլորտում։ Այնուհետև՝ ճանաչում են ծաղկողներին, մանրանկարչության դպրոցներին, գրչության կենտրոններին և, իհարկե, մանրանկարչային հուշարձաններին, Մատենադարանում պահվող ձեռագրերին։

Ընթացքում, սակայն, հանգեցինք այն եզրակացությանը, որ երեխաները պետք է ոչ միայն ուսումնասիրեն ու ծանոթանան, այլև ստացված գիտելիքները կիրառեն։

Երեխաները պետք է առնչվեն ժամանակակից արվեստին։ Եվ փորձում ենք մանրանկարչությունը կապել ժամանակակից արվեստի հետ։

Օրինակ գրքերի իլյուստրացիան անել այն ամենը, ինչ կատարվել է միջնադարում, բայց ժամանակակից ձևերով։ Ու որոշեցինք երեխաներին սովորեցնել նաև ժամանակակից գործիքներով աշխատելու հմտությունները։ Եվ այդկերպ ստեղծել ժամանակակից գիրք։

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հետ ծրագիր ենք մշակել, որը կոչվում է «Թվային մանրանկարչություն»։ Այսինքն՝ երեխաներն ուսումնասիրելով միջնադարյան մանրանկարչությունը, սկսում են այն կիրառել ժամանակակից համակարգչային ծրագերի միջոցով։

Արդյունքում արդեն իսկ ունենք առաջին գիրքը, որ ստեղծել են «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաները։ Դա Ներսես Շնորհալու հանելուկների փոքրիկ գրքույկն է։ Նկարազարդումը կատարել են փոքրիկ ծաղկողների խմբի սաները, իսկ պատանի ծաղկողների խմբի սաները թվայնացրել են ու գիրքը պատրաստել։

Այսինքն՝ մինչև վերջին աշխատանքը, որ պետք է արվի տպագրության համար, երեխաներն արել են, և ֆայլերը հանձնել ենք տպարանին։ Հիմա ունենք այդ գիրքը, որը մի քանի անգամ վերահրատարակվել է, քանի որ բավականին պահանջված է դարձել։ Այս փորձից ոգևորված՝ ունեցել ենք այլ ծրագրեր, օրինակ «Մանրանկարչություն և դիզայն», որի իրականացման ընթացքում երեխաներն իրենց հմտություններն ու գիտելիքները  կատարելագործել են համակարգչային ծրագրերի առումով, և մանրանկարչությունը փորձել են կիրառել ժամանակակից կիրառական արվեստում։ Իրենք ստեղծել են մանրանկարչական պատկերներով փազլներ, պայուսակներ, վերնաշապիկներ, էջանշաններ և այլն։ Այդ ծրագիրը հենց այնպես չենք արել ընթացքում երեխաներն ուսումնասիրել են Թորոս Ռոսլինի արվեստը և փորձել այն ներկայացնել ժամանակակից արվեստի ուղղություններից որևէ մեկով։ Արձագանքները թույլ են տալիս ասել՝ դա հաջողվել է, և ժամանակակից արվեստում, օրինակ, արտացոլվել է մեր միջնադարյան մանրանկարչության գագաթնակետ հանդիսացող Թորոս Ռոսլինի արվեստը։

Զուգընթաց՝ ստուդիայում իրականացվում են նաև տեսական դասընթացներ, որոնք, ըստ ծրագրի պահանջի, երբեմն վարում են հենց մատենադարանի գիտաշխատողները։ Թեմաները բազմազան են այս պահին, օրինակ, Մատենադարանի պատանի ծաղկողների խմբերից մեկն աշխատում է Անանիա Շիրակացու  խնդրագրքի ստեղծման վրա, որը կրկին նկարազարդում են երեխաները։ Այս խմբի երեխաներն էլ՝ կիրառելով համակարգչային ծրագրերը, այն վերածելու են գրքի։

Շուտով կունենանք մեր ստուդիայի պատրաստած գրքի 2-րդ հրատարակությունը՝ Անանիա Շիրակացու թվաբանական և խրախճական խնդիրները։

Նաև այն մասին, թե ինչ հետաքրքիր փորձառություն ենք ունեցել համագործակցության արդյունքում։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցելով՝ Մատենադարանում 2018 թվականին ստեղծվեց 21-րդ դարի առաջին մագաղաթյա ձեռագիր գիրքը, որը պահվում է Մատենադարանում։ Այդտեղ արտացոլվում են նախաձեռնության պատմությունը, հերոսները՝ իրենց գործունեությամբ, մի խոսքով՝ նախաձեռնության ամբողջ պատմությունը։

Երեք տարի առաջ որոշում կայացվեց՝ հերոսներին նվիրված էջերը պետք է նկարազարդեն «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ավագ խմբի սաները, և ութ հերոսին նվիրված էջերը ձևավորել են ավագ խմբի սաները։

Դա մեծ փորձառություն էր, որովհետև հրաշալի հնարավորություն էր՝ մագաղաթի վրա աշխատելու համար, հասկանալու, թե ինչքան բարդ նյութ է մագաղաթը, ինչքան դժվարություններ կան և ինչ հմտություններ են պահանջվում, որպեսզի կարողանան մանրանկարներ անել այդ նյութի վրա։

Դրանից հետո երեխաներն ուրիշ աչքով են նայում այն աշխատանքին, որ արել են մեր միջնադարյան ծաղկողները։

– Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ մայրաքաղաքի բազմաթիվ երեխաների մոտ հետաքրքրություն կա մանրանկարչության հանդեպ։

– Այս պահին ունենք 72 աշակերտ։

Մեր ստուդիան նաև մարզերից երեխաներ են հաճախում, իհարկե, մայրաքաղաքին ավելի մոտ Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերից։

Ուրախ ենք, որ կա այս հնարավորությունը՝ գոնե մոտիկ մարզերից երեխաներին ընդգրկելու մեր ստուդիայում, ընդ որում՝ արտոնյալ պայմաններով, այսինքն՝ զեղչված վարձավճարով։

– Մտադրություն չունե՞ք «Ծաղկելու արվեստ» ստուդիայի մասնաճյուղեր բացելու նաև հեռավոր մարզերում։

– Կարծում եմ՝ մտածելու տեղիք տվող հարց է։ Բայց մեկ այլ մտադրություն էլ ունենք՝ ժամանակակից հնարավորությունների կիրառման առումով։ Ապագայում պատրաստվում ենք ունենալ առցանց դասընթացներ, որը հնարավորություն կտա ոչ միայն Հայաստանի ցանկացած բնակավայրի հետ հաղորդակցվել, այլև՝ արտերկրի տարբեր վայրերի հետ, քանզի արտերկրում՝ թե՛ հայերից, թե՛ այլազգիներից շատերը հետաքրքրված են մեր դասընթացներով։

– Հետաքրքիր է իմանալ՝  Մայր աթոռում, արվեստին առնչվող հաստատություններում կա՞ն խմբակներ կամ ստուդիաներ կամ նախաձեռնություններ՝ ուղղված մանրանկարչության ուսումնասիրմանը, ժամանակակից արվեստին մանրանկարչության փոխկապակցմանը։

– Որքան տեղյակ եմ՝ Երևանից դուրս առանձին ստուդիաներ չկան, բայց գիտեմ՝ արվեստի դպրոցներ կան, որտեղ անպայման անդրադառնում են հայկական մանրանկարչությանը։

– Մենք ունեցել ենք ոչ թե համագործակցություն, այլ բարեկամություն «Հայաստանի մանուկներ» բարեգործական (ՔՈԱՖ) հիմնադրամի հետ իրենք ունեն կերպարվեստի ծրագրեր, որոնց շրջանակում անդրադառնում են մանրանկարչությանը։

Հնարավորություն ենք ունեցել ստուդիայի սաների հետ վարպետաց դասեր անցկացնել, որը վարում էին մեր ստուդիայի առավել բանիմաց սաները, որի արդյունքը հետագայում՝ մոտ մեկ տարի անց տեսանք։

– Շատ հաճելի է լսել, որ կարողանում եք մանրանկարչությունը փոխկապակցել արդիականությանը, մերօրյա արվեստին։ Մանրանկարչությունը և արդիականությունը փորձեք (դարձյալ Ձեր ստուդիայի դիտանկյունից), փոքր-ինչ ավելի պարզաբանել։

– Դա մեր գործունեության կարևոր ուղղություններից է, որի իրականացմանը ձգտում ենք հետևողականորեն։

Պետք է իրատես լինել մանրանկարչությունը, իրավամբ, դադարում է արվեստի առաջատար ճյուղ լինել 19-րդ դարասկզբից, երբ տպագիր գիրքն ամբողջությամբ դուրս մղեց ձեռագիր գիրքը։ Իհարկե, ինքներս չենք կարող մեզ խաբել, թե մանրանկարչությունը երբևէ կունենա այն նշանակությունը, ինչ ունեցել է միջնադարում, բայց․․․ Ժամանակակից հնարավորությունների խելամիտ և գրագետ կիրառման դեպքում մանրանկարչությունը կարող է դառնալ պահանջված՝ արդիական արվեստի (և ոչ միայն) ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ գրքերի ձևավորման ոլորտում։

– Նորույթուն էր թվային մանրանկարչության մասին Ձեր հաղորդած տեղեկությունը...

– Եթե միջնադարում մեր ծաղկողները մագաղաթի կամ թղթի վրա՝ ներկերով են աշխատել, վրձիններով են պատկերել, ապա հիմա այդ նույն գործողությունները երեխաները կարողանում են կատարել համակարգչային ծրագրերով, թվային գործիքներով։ Մանրանկարչության կանոնները, պատկերագրության կանոնները, կառուցման կանոնները, զարդարվեստի կանոնները, ինչպես նաև գունային տեխնիկայի կանոնները նույնն են, գործիքն է այլ, դրանք ժամանակակից ծրագրեր են, որ կիրառում են երեխաները։

Անցած՝ 2023 թվականին Մատենադարանի կողմից մեր ավագ խմբի սաները, ովքեր այս տարի ավարտում են, առաջարկ և հանձնարարություն ստացան՝ ձևավորելու կրթական ծրագրերի  մեր պաստառները, ու շատ հետաքրքիր արդյունք ունեցանք, որից ոգևորվել էինք բոլորս։ Եվ տնօրենությունն էլ կարծում է, թե այդ երեխաներն ապագայում կկարողանան Մատենադարանի հետ ունենալ գործընկերային հարաբերություններ։ Իրենց ստեղծած պաստառները կամ մյուս աշխատանքները Մատենադարանը կկարողանա օգտագործել և ներկայացնել հանրությանը։

– Քանի՞ տարի է ուսման տևողությունը ստուդիայում։

– Սահմանափակում չունենք, մեզ մոտ ազատ ժամանակացույց է, ընդունելության համար դիմած ցանկացած երեխա ընդունվում է իր տարիքին համապատասխան խումբ։ Ոչ մի պայման չկա, անհրաժեշտ է միայն երեխայի ու ծնողի ցանկությունը և, իհարկե, սերը նկարչության հանդեպ։ Մյուս ազատությունն էլ այն է, որ երեխաներին չենք սահմանափակում ինչ-որ ժամանակահատվածով։ Եթե իրենք հաճախում են սիրով, ուրեմն պետք է հաճախեն այնքան, որքան ցանկություն կունենան։ Բնականաբար, ընթացքում՝ իրենց առաջընթացից ելնելով, նրանց ներգրավում ենք տարբեր ծրագրերում։

Ինչո՞ւ եմ ասում՝ այս տարի ավարտում են ավագ խմբի երեխաները այդ երեխաները ստուդիա են հաճախում հիմնադրման օրվանից, և արդեն 10-11-րդ դասարանի աշակերտներ են, նրանք պետք է առաջնորդվեն իրենց մասնագիտկան կողմնորոշմամբ, զբաղվեն բուհեր ընդունվելու պարապմունքներով։

Մենք որոշեցինք այդ աշակերտների համար պատրաստել վկայականներ և արձանագրել իրենց մասնակցությունը, որ յոթ տարի հաճախել են Մատենադարան։

– Ի՞նչ կասեք սյունեցի երեխաներին, ովքեր մեր նյութը ընթերցելուց հետո կկամենան կապվել Ձեզ հետ, հաղորդակցվել Ձեր ստուդիայի հետ։

– Իհարկե, բոլորին միշտ սրտաբաց սպասում ենք։ Եթե կա հնարավորություն Երևան գալու՝ անպայման թող այցելեն  Մատենադարան։ Մենք կկարողանանք իրենց համար կազմակերպել հանդիպում ստուդիայի սաների հետ, ծանոթացնել ստուդիայի աշխատանքների ընթացքին՝ հուսով, որ երեխաները կսիրահարվեն մանրանկարչությանը։ Եթե որոշեն զբաղվել մանրանկարչությամբ, եթե ինչ-որ նախաձեռնություն ունենան՝ փոքր  խումբ կամ խմբակ ստեղծելու Սյունիքի մարզի որևէ բնակավայրում, ապա մենք կարող ենք (մեծագույն սիրով) մեթոդական կապ ստեղծել թե՛ ուսուցիչների, թե՛ երեխաների հետ։

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

 

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10

Փայտահրագրային գեղանկարչության երախտավորը՝ Սերժ Բաղդասարյան

20.12.2024 15:48

Շուրջ 117 մլն դրամ Սյունիքի բուժհաստատություններին

20.12.2024 15:32