Շուշան Պետրոսյան. «Կապված եմ, ինչ-որ ձեւով կապված եմ մեր նահատակ զինվորների ընտանիքների հետ»

10.05.2017 12:09
1675

ՀՀ վաստակավոր երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն Արցախ մեկնելու ճանապարհին մայիսի 6-ին կանգ է առել Շինուհայրում, մասնակցել դպրոցի երկու դասասենյակի անվանակոչման արարողությանը, խոսք ասել զոհերի հիշատակին ու երգել:

Որքան էլ սուղ լիներ ժամանակը, տեղատարափ անձրեւն էլ թույլ չտար, առիթը բարեհարմար էր` մի քանի հարց հղելու երգչուհուն, ինչին նա սիրով պատասխանեց:

Զգայուն, փխրուն, պարզ ու անմիջական մարդ է` արտաքուստ կոշտ ու կոպիտ զինվորական համազգեստի մեջ:

Պատվով ու հպարտությամբ էր կրում, զինվորի պես:

***

- Սիրելի Շուշան, նախ ասենք, որ ուրախ ենք Ձեզ տեսնելու մեզ մոտ, առավելապես` այստեղ, Շինուհայրում անցկացված տոնական այս միջոցառմանը:

- Ես նույնպես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում: Պատիվ է Սյունիքում, սյունեցու կողքին լինելը: Քանի որ սյունեցի լինելն արդեն իսկ մեծ պատիվ է, ասեմ, որ ես էլ իմ արմատներով կիսով չափ սյունեցի եմ: Կապանցի Սմբատ Բեկը` Մելիք-Ստեփանյան, տատիս քեռին է: Ես ինքս էլ կապանցի Շուշան Մելիք-Ստեփանյանի ծոռն եմ:

- Մեր այս հանդիպման նախօրյակին Ձեր կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որի կողքով չենք կարող անտարբեր անցնել. Դուք երկրորդ անգամ ստացաք ԱԺ պատգամավորի մանդատ: Թույլ տվեք շնորհավորել Ձեզ` հանրապետության խորհրդարանի պատգամավոր ընտրվելու առթիվ:

Ճիշտն ասած, երբ առաջին անգամ Դուք եւ արվեստի մի շարք գործիչներ գնացիք խորհրդարան, մենք կարծես թե չէինք կարողանում հաշտվել այդ մտքի հետ:

- Այո, գիտեմ:
(Ժպտում է):

- Բայց այսօր դահլիճում լսելով Ձեր խոսքը, երգի կատարումը, համոզվեցինք, թե որքան ճիշտ է արվեստի մարդկանց ներկայությունը խորհրդարանում:

Ըստ էության, պատգամավորի ամենամեծ առաքելությունը ժողովրդի մեջ լինելն է, անմիջական խոսքով ու գործով (նաեւ երգով) երկրին ծառայելը:

Այսօր դա ակնհայտ էր, որի համար մեր գոհությունն ենք արտահայտում:

- Շնորհակալ եմ:

- Սիրելի Շուշան, հավանաբար Ձեզ կարելի է համարել հզոր մարդ: Չէ՞ որ այնքան էլ հեշտ չէ դիմանալ երեւանյան տարաբնույթ, տարանպատակ, հաճախ էլ լրագրության հետ կապ չունեցող ԶԼՄ-ների քննադատություններին, եւ կարեւոր չէ` որքանով են դրանք լրագրական էթիկայի ու ճշմարտության սահմաններում:

Ինչպե՞ս եք դիմանում այդպիսի գրոհներին` իբրեւ պատգամավոր-երգչուհի:
(Մենք ծիծաղում ենք, Շուշանը տխրում է):

- Գիտե՞ք` ինչու եմ դիմանում. ես երկիրս եմ սիրում, ես ժամանակ չունեմ չարանալու, չարությանը չարությամբ պատասխանելու: Գիտե՞ք` ոնց եմ սիրում երկիրս… գիտե՞ք, ոնց եմ փլվում նրա ամեն զոհի, ամեն ցավի ու հոգսի հետ… (Երգչուհին հուզվում է…):

- Գիտենք, տեսանք Ձեր հուզմունքը… Դահլիճն էլ հուզվեց, գոտեպնդվեց Ձեր խոսքից, երգից…

- Ես ապրիլը չեմ կարողանում տանել…Ապրիլյան ցավը…որը դեռ շարունակվում է…

- Սիրելի Շուշան, ազգի մասշտաբով հաճախ վիճում, բանավիճում ենք տեքստ-մեղեդի թեմայով: Այսօր այնքան ճիշտ էր ընտրված երգը` իր տեքստով ու մեղեդայնությամբ, ոչ մի ավելորդ բառ չկար:

Կարո՞ղ եք երգի ծննդի մասին պատմել:

- Երգը, որը կոչվում է «Արցախի հողում», գրված է Ավետ Բարսեղյանի խոսքերով եւ Արման Ղազարյանի երաժշտությամբ:

Ասեմ, որ երգն ինձ են նվիրել, Ավետը բանաստեղծությունը գրել եւ ինձ է նվիրել: Նա գիտեր, որ մշակութային ծրագրերով աշխատում եմ Արցախի սահմանամերձ շրջաններում, մասնավորապես` Մարտակերտում, արդեն հինգ տարի է:

Առաջին փորձս սկսվեց այն բանից հետո, երբ Շանթն ինձ եւ մարտական փայլուն ուղի անցած ընկերներիս հրավիրեց դիտելու «Նժդեհ» ֆիլմի պրեմիերան: Ամեն ինչ այդ ֆիլմով սկսվեց, արդեն պատգամավոր էի, մարտ ամիսն էր: Չասեմ՝ ով, մեկն ասաց` «Ուզում եմ՝ խոխերքս էլ յեշեն էս կինոն»: Տարա խոխերքին էլ, հավաքեցի ֆիլմի ողջ խումբը: Մի խոսքով, «Նժդեհը» հիմք հանդիսացավ Արցախի սահմանամերձ շրջաններում` մշակութային գործունեությունս սկսելու: Մարտակերտում կլինի նոր մշակույթի տուն: Միայն երգելը չէ… Շատ մշակութային, կրթական գործեր են արվել եւ արվում…

Ահա եւ` Ավետը տեսավ տարիներ շարունակ սահմաններում իմ աշխատելը… Դա Մարտակերտն է, Հաթերքն է, Մարտունին է, Թալիշն է, Մատաղիսն է, Տոնաշենն է, «Եղնիկներն» է… Կոնկրետ գործ էի անում, մշակութային, մանկավարժական աջակցություններ` մանկավարժներին, դպրոցներին եւ այլն:

Որից հետո ապրիլը եղավ… Այնպես չէ, որ ապրիլից առաջ պատերազմ չկար: Ես անընդհատ քնում-արթնանում էի այդ պայթող ականների ձայնի տակ: Մարտակերտում, որտեղ մնում էի, ընդամենը չորս կիլոմետր էր բաժանում թշնամու սահմանից:

Նորից անցնեմ երգին. այն ծնվել է 2016-ի հունվար ամսին, այսինքն, դեռ ապրիլը չէր եղել, ես շարունակում էի սահմաններում աշխատանքս, շարունակում էի չտարբերել երկուսին… Իմ Արցախն ու Հայաստանն ապրում էին իմ աղոթքներում… Ավետը գրել էր ինձ համար, որովհետեւ ես այդպես ապրում եմ, եւ դա Ավետը գիտեր… Հետո գրվեց երաժշտությունը:

Երգն առաջին անգամ կատարեցի բանակի օրը` 2016-ի հունվարի 28-ին… Դե, առաջին անգամ երգն այդպես չի հիշվում: Երկրորդ անգամ երգեցի Կրեմլում եւ չգիտեի, որ ուղիղ մեկ ամիս հետո պետք է ապրիլյան պատերազմը սկսվեր…

- 2016 թվականի հոկտեմբերին «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական անձնակազմը Թալիշում էր: Գյուղապետն ասաց…

- Վիլի՞կը…

- Բոլորին ճանաչում եք, կեցցեք: Վիլիկն ասաց, որ մի քանի օր առաջ այստեղ էր Շուշան Պետրոսյանը: Իսկ այս տարվա փետրվարի 20-ին` սահմանադրական հանրաքվեի օրը, մեր թերթին հրավիրել էին Լեռնային Ղարաբաղ: Ստեփանակերտում, երբ մտանք մի ընտրական տեղամաս, հանձնաժողովի նախագահն ասաց, որ Շուշան Պետրոսյանը հենց նոր դուրս եկավ…
(Ծիծաղում ենք):

Գիտե՞ք` ինչն է հետաքրքիր. Դուք երեւի մեր այն քիչ արվեստագետներից եք, ով առաջին գծում է: Ինչո՞վ է պայմանավորված, Ձեր այդ պահվածքը, կարծես հատուկ առաքելություն եք իրականացնում, որն ընդօրինակման արժանի է մյուս բոլոր պատգամավորների, մշակութային գործիչների համար:

Դա սրտի մղո՞ւմ է, թե՞ Ձեր արվեստի դերն այդտեղ եք տեսնում…

- Ի՞նչ ասեմ… Ուղղակի չեմ կարող այդ մասին խոսել… Դա ինձ համար այնպես է, ինչպես, որ պատմեմ, թե ջուրն ինչու եմ խմում…Ես ապրում եմ… Դա իմ ապրելու կերպն է:

- Դուք երեւի շատ ավելի վաղուց եք սկսել Ձեր հայրենասիրական դեգերումները, մեր ազատամարտիկների հետ Ձեր բարեկամությունը` Հայաստանի եւ Արցախի սահմաններում… Վազգեն Սարգսյանի ժամանակներից…

- Վազգեն Սարգսյանն ուղիղ իմաստով կապ չունի… 1992-ին Վազգենն արդեն արել էր մահապարտների իր կոչը: Փառք ու պատիվ Վազգենին, խոնարհումս իր լուսավոր անվանը, իր տեսակի ու կերպարի առջեւ:

Առաջին անգամ, երբ դեռ արվեստում երեխա էի, նոր-նոր սկսել էի քայլերս, 1992 թվականն էր… Այն մղումի, թե նախաձեռնության, ինչի մասին ուզում եմ պատմել, կապված է Սիսիանի «Որոտան» կինոթատրոնի հետ, երբ առաջին անգամ պետք է երգեի զինվորների առջեւ: Դա մեծ բարդություն էր, որովհետեւ չգիտեի` ինչպե՞ս կարող էի երգել արյունոտ վիրակապերով, վիրավոր զինվորների առջեւ: Տղերքը եկել էին դիրքերից, հինգ զոհ ունեինք, առաջին զոհերը… Հենց այդ օրն էր: Երեկոյան պետք է երգեինք: Թշնամին անընդհատ Իշխանասարի մյուս կողմից խփում էր «գրադ» կայանքներով, բայց մենք պիտի երգեինք այդ գնդակոծումների տակ: Վիրակապված զինվորների ժպիտները շատ պարտավորեցնող էին… Եթե մեկ հայ զինվոր անգամ ժպտում է վիրակապերի միջից, խրամատներում, ուրեմն դու կարեւոր գործ ես անում… Աշխարհում ի՞նչ փառքի ու հարստության հետ կարելի է համեմատել այդ երջանկությունը…

Այդ օրը հասկացա, որ պետք է միշտ երգեմ սահմաններում՝ պատերազմական գոտիներում, որքան էլ այն ժամանակ հայրս ընդդիմանար…

- Այսօր Դուք անվանակոչումներին մասնակցելու նպատակո՞վ եք եկել Շինուհայր, թե՞ նորից Արցախ էիք մեկնում:

- Ճիշտն ասած, ես գնում էի Արցախ: Շանթն ասաց, որ Մակիչի (Արմեն Գասպարյան) հիշատակն են հավերժացնում Շինուհայրի դպրոցում, ես էլ ցանկացա մասնակցել… Չէի կարող մերժել, Մակիչի անվան հետ էր կապված… Մանավանդ որ ճանաչում էի նրան: Անցած տարի ապրիլի 6-ին Արցախում էի, երբ Մակիչի կինն ինձ զանգահարեց ու լաց լինելով ասաց՝ կարո՞ղ է սխալ է լուրը…

Կապված եմ, ինչ-որ ձեւով կապված եմ մեր նահատակ զինվորների ընտանիքների հետ...Գիտե՞ք, այդ կապը որքան պարտավորեցնող է…

Հարցազրույցը՝
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԵՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25