Սիսական աշխարհի Մեղրի աննվաճ ամրոցը եւ հարավային դարպասը` սերունդների արյամբ դարերով պաշտպանված ու սրբագործված, թուրքի կոխան դարձնելու փորձ է արվում

17.02.2021 12:01
131627

2021 թ. հունվարի 11-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ իբրեւ հայոց պետականությունն ու ինքնիշխանությունը կործանման ռելսերի վրա փոխադրելուն միտված նոր սկիզբ (2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո):
2021 թ. հունվարի 11-ը հայոց պատմության մեջ մտավ իբրեւ Սյունյաց աշխարհն իր երբեմնի փառքից, վեհությունից ու ռազմավարական նշանակությունից զրկելու հերթական հանգրվան:
Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքում այդ օրն ընդունված համատեղ հայտարարությունը վերոնշյալ ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհային քարտեզի մանրամասների յուրօրինակ հանրագումար է:
Եվ, այդուհանդերձ, հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ օրվա իշխանական թիմն այլ կարծիք ունի, փորձագետներն ու Սյունիքի իրական շահերով մտահոգները, նաեւ այստեղ բնակվողները մեկ այլ տեսակետ ունեն:
Ի՞նչ ունենք կամ կունենանք մոտ ապագայում, եթե այդ ծրագրերն իրագործվեն, եւ ինչո՞ւ այսպես ստացվեց:
Նախ՝ Հայաստանի Հանրապետության հարգելի նախագահներ Լեւոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան…
Ձեր առաջնորդությամբ այդ ի՞նչ պետություն կառուցեցինք, որ ինչ-որ պատահականություններ հաջողեցին երկու տարվա ընթացքում հայոց պետականությունը մտցնել փակուղի:
Այդ ի՞նչ պետություն կառուցեցինք, որի հայացքի ներքո կամ որի ջատագովությամբ հօդս ցնդեց Արցախյան երազանքը, որ հազարամյակների պատմության մեջ հայոց ամենանվիրական երազանքներից էր…
Հարգելի Սերժ Ազատի, այդ ի՞նչ սահմանադրություն պարտադրեցիք Հայաստանի երրորդ հանրապետությանը, որ հայոց պետության եւ պետականության օրհասի ժամին երկիրը փրկելու իրական եւ ողջամիտ ուղի չի մատնանշում…
Հայաստանյան՝ մոտ հարյուրի հասնող հարգելի կուսակցություններ, կուսակցապետեր, մի՞թե դուք իրականում չկաք եւ միֆ եք կամ ուղեղային մորմոք, այլապես ինչպե՞ս հաջողեցին մեզ այսչափ նվաստացնել ու ստորացնել:
Միայն թե չասեք, թե ժողովուրդը նոյեմբերի 9-ից հետո դուրս չեկավ փողոց:
Ժողովուրդն իր ցասումն արտահայտեց ավելի ցայտուն եւ հուժկու, նաեւ ավելի վճռական, քան երբեւէ: Մարդիկ, իբրեւ դժգոհության բացառիկ արտահայտություն, իրենց սրբության սրբոց հայրենական տներն էին նույնիսկ հրկիզում, բայց դուք (իշխանավորների հանգույն) նրանց համարում էիք եւ համարում եք ոչ դժգոհ ու պասիվ, քանի որ Շուռնուխից, Որոտանից կամ Բերձորից չէին հասնում Երեւան ու միանում փողոցով քայլողներին:
Դուք (ունենալով Վազգեն Մանուկյան փորձառու առաջնորդ) չկարողացաք նոյեմբերի 9-ից հետո փողոցում ընկած եւ տեր չունեցող իշխանությունը վերցնել, քանզի (ինչպես հնչեցնում էիք եւ հնչեցնում եք անընդհատ) իշխանություն չեք ուզում, որովհետեւ սահմանադրական ճանապարհով եք գործընթացն առաջնորդում:
Այդ ե՞րբ եք ուղղափառ օրինապահներ դարձել այդչափ. երկիրը հանձնելուց, մեր ինքնիշխանության ողնաշարը կոտրելուց, մեր լավագույն զավակներին կառափնարան քշելուց եւ մեր ազգային գենոֆոնդի ծաղիկը ոչնչացնելուց, Սյունիքը ներքին թուրքին հանձնելուց չէիք հիշում սահմանադրությունը՝ սպասողական կեցվածք ընդունելով, բայց հիմա քաղաքակիրթ, բարեկիրթ ու օրինապահ եք դարձել:
Այդ ի՞նչ շինծու արտահայտություններ եք հորինել ու դրանցից կախվել՝ «կրիտիկական զանգված», «հանրային պահանջ»… Մի՞թե 1945-ին Ռայխստագի բակում «կրիտիկական զանգված» էր հավաքվել, որի ճնշմամբ էլ Ադոլֆ Հիտլեր չարիքը գիտակցեց իր մեղքն ու ինքնասպան եղավ:
Հայոց զինված ուժեր, որքան էինք հպարտանում ձեզանով, դուք մեզ համար ասես սրբություն լինեիք, բայց հիմա… Ո՞ւր է պատերազմական օրերի ձեր ոչ բարով նախարարը, որ պատերազմի դեպքում նոր տարածքներ էր մեզ խոստանում` Խնձորեսկի ճոճվող կամրջի վրա թռնոտի տալով։
Ո՞ւր են մեր գեներալները, հրամանատարները՝ Օնիկ Գասպարյանի եւ Վաղարշակի կողմից առաջնորդվող, որոնց համար ազգային արժանապատվությունը, սպայի պատիվը, թվում է, վեհ պիտի լինեին ամեն ինչից:
Հարգելի ԵԿՄ-ականներ, ո՞ւր եք եւ ո՞ւր էիք… Ձեր մարտական ընկերների արյամբ սրբացած հայրենիքը հանձնվեց, ձեր մարտական ընկերների հիշատակը պղծվեց, իսկ դուք… Մի՞թե դուք նույնպես միֆ էիք: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ պատերազմական ծանր օրերին ձեր անունը չլսվեց գեթ մեկ անգամ: 
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին հայ առասպելական ֆիդայապետերին Մեծ եղեռնից առաջ հալածում-մորթում թուրքերը: Մի՞թե այդպես չվարվեցինք Արցախյան 1-ին պատերազմի մեր հերոսների հետ, որ ժամանակին ձեր հրամանատարներն էին, ձեր ոգեշնչման աղբյուրը…
Հայոց պետական այրեր, այդ ինչպե՞ս եք կարողանում ձեր չգոյության ժամին ձեռք մեկնել եւ պարգեւավճարներ ստանալ սեփական անբանության համար, երբ խնդրահարույց է հարյուրավոր հայ գերիների եւ անհետ կորած մեր քաջորդիների ճակատագրերը…
Ազգային ժողովի՝ այսպես կոչված ընդդիմադիր խմբակցություններ…Պատկերացնել կարելի է, թե քանի-քանի հազար մարդ դուրս կհանվեր փողոց, եթե հանկարծ հարկայինի տեսուչը սխալմամբ մտներ հայտնի մարդու օբյեկտներից մեկը:
Հարգելի մտավորականներ, ո՞ւր էիք եւ որտե՞ղ եք հիմա...Արցախյան շարժման սկզբում Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, Սերո Խանզադյանը, Սիլվա Կապուտիկյանը եւ մյուս երեւելիներն էին իրենց սխրալից վարքով հաղթանակի ճանապարհ ցուցանում ազգին, իսկ այսօր…Ովքե՞ր են նրանց փոխարինել կամ փոխարինում ազգային երազանքներից հյուսված-շինված հայոց պատվանդաններին…
Իսկ Սյունիքում…
Պատերազմի վերջին փուլի իրադարձությունները (Սյունիքին առնչվող) եւ հետպատերազմյան զարգացումները (Սյունիքի շուրջ), կամա թե ակամա, ամենավատ ենթադրությունների ու կասկածների տեղիք են տալիս։ Եվ նման առեղծվածային զարգացումների շղթան, կարծեք, ընդհատվելու միտում չունի` խտացնելով անորոշության մշուշը։ 
Փետրվարի 13-14-ին Ագարակի ուղղությամբ թուրքերից կրակահերթեր էինք լսում, իսկ դրանից մի քանի օր առաջ հակասյունիքյան ինչ-որ հուշագիր գաղտնազերծվեց…
Մինչդեռ հայտնի «ակտիվիստները» ցույցեր անելու, ճանապարհներ փակելու, սահմանային գյուղերից «սելֆի» անելու նոր հանձնարարական չեն ստանում չարիքի որջից:
Դեռեւս 2014-ից մարզում ներդրված հրոսակախումբը, որը հայոց արեւելյան կողմերում իրեն պետություն է հռչակել եւ իր դաժանությամբ թուրքին չի զիջում, պատրաստ է նոր գործողությունների, եթե հայոց պետությունը եւ երկրի օրվա իշխանավորները համարձակվեն խոչընդոտներ հարուցել Սյունիքն ասպատակելու գործին։
Հայտնի գիժը՝ Հոկտեմբերի 27-ից հետո թեւավորված, մեր բակային ակտիվիստներից մի քանիսին հռչակել է մերօրյա Գարեգին Նժդեհ-ներ՝ պղծելով մեծագույն հայերից այդ մեկի հիշատակը նույնպես...
Սրբապիղծ պատգամավորը, հանուն իր մանդատի եւ պարգեւավճարի, մայրաքաղաքային հարթակներից` անդամահատված Շուռնուխի, Որոտանի եւ սահմանային մյուս բնակավայրերի մասին կրկնում է նույն կաղկանձը, ինչ թուրքերն են հնչեցնում:
Գորիս-Կապան մայրուղու մերձակա գրեթե բոլոր իշխող եւ տեսանելի բարձունքներում թուրք-ազերիների մարտական դիրքերն են, որոնց շուրջօրյա նշանառության ներքո երթեւեկում են մեր վարորդներն ու ուղեւորները: Այդ վայրերում՝ թշնամու դիրքերից լսվող կրակահերթերը, կարծեք, մեր առօրյայի անբաժանելի մասն են դարձել:
Գորիս-Կապան մայրուղու առնվազն երեք-չորս հատվածում ադրբեջանցի զինյալներն են մեզ «դիմավորում» (Էյվազլար, Որոտանի մուտք, Թասի ոլորանների վերջնամաս՝ Մազրա գնացող ճանապարհի խաչմերուկ, Շուռնուխ):
Գորիս-Կապան մայրուղու երկու հատվածում՝ ազերիների լեզվով գրառումներով վահանակները «Բարի գալուստ Ադրբեջան» արտահայտությամբ են մեզ «ողջունում»։
Գորիս-Կապան մայրուղու, ինչպես եւ Կապան-Ծավ (Մ-17) մայրուղու արեւելյան բարձունքներում, նաեւ Կապան համայնքի հարավային ու հարավ-արեւելյան եզերքին, Խոզնավար, Վաղատուր, Խանածախ, Ներքին Խնձորեսկ գյուղերի մոտակայքում ծածանվում է Ադրբեջանի պետական դրոշը:
Կապանից Ուժանիս, Եղվարդ եւ Ագարակ ձգվող ասֆալտապատ ճանապարհն այլեւս ադրբեջանական Սեիդլար գյուղի տարածք է, եւ մարդիկ այդ գյուղեր այցելում են Վերին Գյոդաքլուի տարածքով՝ շրջանցող դաշտային ճանապարհով:
Առաջիկա օրերին մարզի հարթավայրային եւ ցածրադիր գոտիներում գարնան գյուղատնտեսական աշխատանքները պետք է մեկնարկեն: Մինչդեռ հարյուրավոր հեկտար դաշտեր եւ այգիներ մշակելու համար գյուղացին դեռեւս անվտանգության երաշխիքներ չի ստանում:
Սպասումներ կան Նռնաձորի (Նյուվադիի) ապագայի հարցում. դեռեւս 1929-ին Մեծ Ալ լճի հետ փոխանակելու հետեւանքով Հայաստանի տարածքում հայտնված գյուղն արդյո՞ք կմնա մեր ենթակայության տակ, թե՞ Ադրբեջանը կթքի նաեւ նշված փոխանակման փաստի վրա ու GPS-ով կգա Նռնաձոր:
Այս պահի դրությամբ արժանահավատ տեղեկություններ չկան Սյունիքի սահմանային արոտավայրերի կարգավիճակի մասին՝ Մեծ Իշխանասարի հյուսիս-արեւելյան լանջերից մինչեւ Ծղուկ լեռ, մինչեւ Փոքր Ալ լիճ, ապա մինչեւ Որոտանի ակունքներ:
Շարունակում են անպատասխան մնալ բոլոր հարցերը, որ առաջ են եկել թուրք-ազերիների կողմից միակողմանիորեն, մեխանիկական սկզբունքով եւ անթաքույց պարտադրանքով կատարված «սահմանորոշում»-ից հետո:
Կամայական «սահմանորոշման» հետեւանքով անմիջապես սահմանի վրա են հայտնվել Սյունյաց աշխարհի մի շարք քրիստոնեական սրբավայրեր, որտեղ այցելելու համար ուխտագնացներն անվտանգության երաշխիքների կարիք ունեն այլեւս:
Ի վերջո հանրությունը շարունակում է անտեղյակ մնալ, թե անվտանգության ինչ համակարգ է ներդրվում (եւ արդյո՞ք ներդրվում է) Սյունիք-Ադրբեջան արեւելյան սահմանի մոտ 300 կիլոմետրի վրա. ասում են` գաղտնիք է, մինչդեռ ադրբեջանական սահմանապահ կետերը, ինչպես նշեցինք, ամեն քայլափոխի հիշեցնում են իրենց գոյության մասին:
Եվ այս պայմաններում, ասում են, Սյունիքին զարգացման հեռանկարներ, անվտանգության երաշխիքներ են խոստանում եռակողմ երկու հայտարարությունը (9 նոյեմբերի 2020 թ., 11 հունվարի 2021 թ.):
Դրա հետ մեկտեղ, սակայն, չեն ասում, թե Ադրբեջանական երկաթուղու Օրդուբադ-Զանգելան հատվածի վերագործարկումով, որը կանցնի Մեղրու տարածքով, Հայաստան անկախ պետությունը կունենա՞ որեւէ իշխանություն ապաշրջափակված այդ ուղու վրա, չէ՞ որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ երկաթգիծը կգործի ՌԴ սահմանապահների հսկողությամբ:
Չեն ասում նաեւ՝ վերաբացվող երկաթգծին զուգահեռ Մեղրու տարածքով կառուցվելիք ավտոմայրուղու վրա Հայաստանը կունենա՞ որեւէ իշխանություն, թե՞ ոչ:
Չեն ասում՝ վերականգնվող երկաթգծի եւ կառուցվող ճանապարհի շուրջ ադրբեջանական եւ թուրքական կողմերը (Մեղրու տարածքում) ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորություն կունենա՞ն, թե՞ ոչ:
Չեն ասում՝ Հայաստան անկախ պետությունում որեւէ մեկը կամ որեւէ պետական ատյան տեղյա՞կ է լինելու, թե վերագործարկված երկաթգծով կամ նորաբաց ավտոմայրուղով՝ Մեղրու տարածքով, թուրքն ինչ զենք ու զինամթերք է տեղափոխելու Ադրբեջանի արեւմտյան շրջաններ` Հայաստանի դեմ վաղվա պատերազմում գործածելու համար։
Ինչ վերաբերում է մերօրյա ծնծղահարների մատուցած հեքիաթին, թե ճանապարհների ապաշրջափակման արդյունքում Հայաստանը Պարսկաստանի հետ հաղորդակցության նոր ուղիներ կունենա… Դա սովորական մանիպուլյացիա է: Հայաստանը Պարսկաստանին կապող հրաշալի մայրուղի ունենք` Մ-2 մայրուղին, որը 1991-ից գործում է անխափան (անգամ ամենասաստիկ ձնաբքի պայմաններում):
Ինչ վերաբերում է Պարսկաստանից Հայաստան (կամ հակառակ ուղղությամբ) կատարվելիք բեռնափոխադրումներին… Դժվար թե գտնվի մի վարորդ, ով Նախիջեւանի տարածքով Ջուլֆա մտնելու հնարավորությունը բաց կթողնի (Երեւանից երկու-երեք ժամ տեւող) եւ կօգտվի սյունիքյան երթուղուց՝ մայրաքաղաքից մինչեւ սահման մոտ 10 ժամ պահանջող: Ասել է թե՝ Մ-2 մայրուղու Գորիս-Կապան-Մեղրի հատվածը (հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից հետո) այլեւս պահանջված ու շահեկան չի լինի նախկինի պես:
Պահանջված չեն լինի (բնականաբար) ճանապարհին կից (սյունիքյան երթուղուն զուգահեռ) երեսուն տարվա ընթացքում ստեղծված ենթակառուցվածքները, որոնք տեղի բնակչության համար սոցիալ-տնտեսական ապահովության խնդիր էին լուծում շատ թե քիչ:
Մյուս կողմից՝ գտնվելո՞ւ է մի հայ, ով Երեւանում նստելու է Երեւան-Մոսկվա գնացքը եւ Նախիջեւանով, Օրդուբադով, Զանգելանով, Հորադիզով, Բաքվով, Դերբենդով մեկնի Ռուսաստան…
Գտնվելո՞ւ է մի գործարար, որ Հայաստանից իր բեռները Ռուսաստան է ուղարկելու Երեւան-Մոսկվա երկաթուղով (եւ ի՞նչ ենք արտահանելու)։
Այսպիսով… Առաջին հայացքից գայթակղիչ է` «ապաշրջափակվելու են հաղորդակցության ուղիները» արտահայտություն-խոստումը:
Եվ դժվար թե որեւէ գիտակից մարդ (առաջին հայացքից) դեմ լինի ճանապարհների ապաշրջափակմանը, բայց… Ի՞նչ գնով, ի՞նչ զոհողություններով, զիջումներով, նվաստացումներով:
Արդյո՞ք որեւէ մեկը հաշվարկել է, թե ի՞նչ օգուտներ եւ ի՞նչ վնասներ կունենանք ապաշրջափակման առաջարկվող ծրագրից:
Ու առանց հաշվարկելու ու համեմատություններ անելու` հրճվանքի հանդեսներ ենք կազմակերպում։
Եվ առհասարակ՝ սա երեւի միակ դեպքն է համաշխարհային պատմության մեջ, որ դեպի հյուսիս՝ Ռուսաստան, գնալու համար ճանապարհ ենք բացում դեպի հարավ ու հպարտանում…
Ահա այսպիսի իրավիճակում ենք հայտնվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից հետո:
Ի՞նչ անել…
Նախ՝ բոլոր սպառնալիքներով ու դժվարություններով հանդերձ, կուզենայինք բարձրաձայնել՝ հավատում ենք մեր վաղվա օրվան, հայ ազգի ապագային: Եվ դա հազարավոր սյունեցիների հաստատուն դիրքորոշումն է ու համոզմունքը:
Հայ ժողովուրդը դարերի ընթացքում բազմիցս է հայտնվել ծանրագույն իրավիճակներում, լինել-չլինելու սպառնալիքին դեմ հանդիման, բայց ելք է գտել…
Հիմա էլ պարտավոր ենք ելք գտնել, ինչի վերաբերյալ տարբեր (եւ միմյանց լրացնող) տեսակետներ ենք լսում: Այդ ամենի մեջ, բարեբախտաբար, մի ընդհանրական տեսակետ կա՝ մենք պետք է լինենք, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի, որի ողնաշարը Սյունիքն է եւ միայն Սյունիքը…
Իսկ լինելու համար, նախեւառաջ, պետք է կանգնեցնենք գահավիժումն ու շարունակվող ողբերգությունը, որ ապրում է հայ ազգն ու հայոց պետականությունն ամեն օր:
Պարտավոր ենք հիշել հայոց հանճարի բանաձեւը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» եւ առաջնորդվել դրանով:


Հ.Գ.
Պատմությունը, ժամանակը Նիկոլին ու նրա գլխավորած կառավարությանն (անկախ մեր կամքից) լուսանցք են նետել…
Եվ միայն մոլորվածները կամ ողորմելիներն են ծամծմում «հանրային պահանջ», «կրիտիկական զանգված» արտահայտությունները:
...Գիտակցենք պարզագույն ճշմարտությունը` պատմության վճիռը բարձր է «հանրային պահանջ» շինծու արտահայտությունից:
Պատմության վճիռը նույնիսկ վեր է «ժողովուրդ» ամենազոր արտահայտությունից, որը սովորաբար իշխանության լեգիտիմ աղբյուրն է:
Եվ անկախ մեր սիրել-չսիրելուց, անկախ արտահերթ ընտրություններ անել-չանելուց, անկախ այն բանից, թե որքան ժամանակ Նիկոլը կմնա կառավարության շենքում, անկախ այն բանից, թե ոստիկանական հոծ շարքերն ինչպիսի ջանասիրությամբ ու որքան ժամանակ կպաշտպանեն կառավարության շենքը՝ միեւնույն է՝ կա ստույգ իրողություն՝ պատմությունը Նիկոլին ու նրա կառավարությանն անդառնալիորեն կողք է դրել…
Ավելին, տպավորություն ունենք, որ երկիրն արտաքին կառավարման է հանձնված, որ երկրի՝ դեռեւս իրենց գրասենյակներում գտնվող կառավարիչները Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին տեղեկանում են մամուլից, ինչը, օրինակ, խոստովանեց նախագահ կոչվող Արմեն Սարգսյանը:
Այդ տպավորությունն ամեն օր ամրապնդում է Ազգային ժողովը, որն իր օրակարգային հարցերով հայոց իրականության եւ հատկապես հայոց ողբերգության հետ առերեսվելու որեւէ նշան ցույց չի տալիս: Խորհրդարանը նույնիսկ չի համարձակվում ստեղծել անկախ քննիչ հանձնաժողով` մեր ազգային ողբերգության ընթացքում ծագած բազմաթիվ հարցերի ու տարակույսների պատասխանը գտնելու համար։
Ու եթե ստեղծված վիճակը շարունակվի, ապա ինքը՝ ժամանակը, նոր վճիռներ կկայացնի, որոնք, Աստված մի արասցե, կարող են եւ ավելի ճակատագրական լինել հայոց համար…


Սամվել Ալեքսանյան
 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25