Սիրելի՛ հայրենակիցներ,
Նոյեմբերի 10-ին լրանում է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 30-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին։
Իրապես բոլորս տեսնում ենք, որ զարգացած պետության հիմքում ամուր, կազմակերպված ու բարգավաճող համայնքներն են։ Այս գործում առանձնահատուկ նշանակություն ունի տեղական ինքնակառավարման համակարգը, որի արդյունավետ գործունեությունն անմիջականորեն պայմանավորված է ոլորտի աշխատակիցների պատասխանատու և հետևողական աշխատանքով։
Համայնքային ծառայությունը բարձր պատասխանատվություն պահանջող առաքելություն է, որի առանցքում համայնքի համաչափ զարգացմանը, բնակիչների հոգսերի հասցեական լուծմանը և կյանքի որակի շարունակական բարելավմանը միտված աշխատանքներն են։ Այն պահանջում է խորը մասնագիտական պատրաստվածություն, սկզբունքայնություն, հետևողականություն և, որ ամենակարևորն է, հանրային շահին անձնվիրաբար ծառայելու պատրաստակամություն։
Բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ ներդրումը համայնքային կյանքի կազմակերպման, տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման գործում։
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, ուժ ու եռանդ, մասնագիտական նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու ու կարևոր աշխատանքում։