Հպարտանում եմ իմ ծնողներով․ եթե նրանք ողջ լինեին, նրանք էլ կհպարտանային ինձանով

10.11.2026 16:49
167

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՐԳԱՀԱՆ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի երաժշտության ամբիոնի վարիչ, դոցենտ, Գինեսի ռեկորդների գրքի քառակի մրցանակակիր Արա Գևորգյանի անունը հայ երաժշտասերին վաղուց է հայտնի։ Նրա «Արցախ» ստեղծագործությունը վաղուց դուրս է եկել հեղինակային ստեղծագործության սահմաններից՝ վերածվելով հայկական երաժշտության ինքնության ճանաչելի խորհրդանիշներից մեկի։ Այն հնչել է միջազգային բեմերում, օլիմպիական խաղերում, աշխարհի տարբեր քաղաքներում։ «Արցախ»-ը միայն երաժշտական հաջողության պատմություն չէ, այն նաև հեղինակի համառ պայքարն է՝ իր այդ աշխարհահռչակ ստեղծագործության հայկական ծագումն ու հեղինակային իրավունքը պաշտպանելու համար։

Արա Գևորգյանի հետ զրույցը տեղի ունեցավ Խնձորեսկում՝ «1000 ՎԱՀԱՆ» նախաձեռնության կազմակերպված միջոցառման շրջանակում։ Զրույցի ընթացքում անդրադարձանք ընտանիքին ու երաժշտական արմատներին, «Արցախ» ստեղծագործության ծննդին ու միջազգային ճանաչմանը, դհոլի հանրահռչակմանը, Գինեսի գրքում և հայկական դյուցազնագրքում գրանցված նրա ռեկորդներին, «1000 ԴՀՈԼ» նախագծին, «1000 ՎԱՀԱՆ»-ի հետ համագործակցությանը, ազգային մշակույթի և ինքնության պահպանման խնդիրներին։

– Հարգելի՛ պարոն Գևորգյան, զրույցս սկսեմ Ձեր ընտանիքից։ Ձեր մայրը՝ Վալյա Սամվելյանը, հայ երգարվեստի այն նշանավոր դեմքերից էր, ում ձայնը մարդկանց հիշողության մեջ մնացել է ոչ միայն երգերով, այլև առանձնահատուկ մաքրությամբ։ «Անուշիկ իմ քույրիկ»-ը շատերի համար պարզապես երգ չէ․ նրա մեղեդին ու «մաքրություն, մաքրություն» հնչող խոսքերը դեռ մարդկանց ականջներում են։ Ի՞նչ եք ստացել Ձեր մորից՝ որպես մարդ և որպես արվեստագետ։ Ի՞նչ է փոխանցվել նրա երգեցողությունից Ձեր երաժշտությանը։ Ձեր հայրը՝ Կարլեն Գևորգյանը, թառահար էր։ Ի՞նչ ազդեցություն ունեցավ տան երաժշտական միջավայրը Ձեզ վրա։

– Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Սյունիքում՝ Խնձորեսկում։ Ուզում եմ «ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ» լրատվականի միջոցով ջերմ ողջույններս հղել Սյունիքի, մասնավորապես՝ Խնձորեսկի մեր հայրենակիցներին, ներկա բոլոր երեխաներին և շնորհակալություն հայտնել «1000 ՎԱՀԱՆ» նախագծին, որի համահիմնադիրների հետ միասին այսօր այստեղ եմ։

Ծնվել եմ երաժիշտների ընտանիքում։ Մայրս երգչուհի Վալյա Սամվելյանն է, հայրս՝ Կարլեն Գևորգյանը՝ սարքաշինական գործարանի ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարը, թառահար։ Մեր տանը հնչում էր ազգային, գուսանական երաժշտություն, լսում էի ժողովրդական երգեր։

Երբ մայրս ու հայրս համերգային շրջագայությունների էին մեկնում Սյունիք կամ Հայաստանի այլ մարզեր, ինձ տանում էին Երևանի Կոնդ թաղամասում ապրող պապիս ու տատիս մոտ։ Վարդան պապս եկեղեցական խորհրդի նախագահն էր, Վերգինե տատս երգում էր Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախմբում։ Բնականաբար, իմ մեջ միաձուլվեց հոգևոր երաժշտությունը՝ պատարագը, տաղը, շարականը։

– Ե՞րբ հասկացաք, որ Ձեր ճանապարհը լինելու է ոչ միայն կատարողի, այլև ստեղծագործողի ուղի։ Ձեր ստեղծագործություններում ազգայինը կարծես միայն անցյալին վերադառնալ չէ։ Դուք հաճախ փորձում եք ազգային երաժշտությունը լսելի դարձնել ժամանակակից մարդուն՝ այն ներկայացնելով նոր հնչողությամբ, նոր երաժշտական լուծումներով։

– Երբ հաճախեցի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին, արդեն իմ մեջ կար սեր դասական երաժշտության հանդեպ։ Իսկ տանը, երբ գիշերը պառկում էի քնելու, ռադիոընդունիչի «Մոնտե Կառլո» ալիքով լսում էի «Բի Ջիս», «Էլ Ջերոն», Սթիվի Ուանդեր... Այսպիսով, իմ մեջ ձևավորվեցին երաժշտական տարբեր ժանրեր, որոնք հետագայում միախառնվեցին իմ ստեղծագործություններում։ Այն, ինչ ստացել եմ, ստացել եմ հենց իմ ընտանիքից։ Ստեղծագործելու ջիղը Աստծուց է և մեր մայր հողից։

Երախտապարտ եմ ծնողներիս, որ այսօր քայլում եմ արժանապատվորեն։ Հպարտանում եմ իմ ծնողներով և, եթե նրանք ողջ լինեին, վստահ եմ՝ նրանք էլ կհպարտանային ինձնով։

– Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում ծնվեց Ձեր «Արցախ» ստեղծագործությունը։ Երբ գրում էիք այդ երաժշտությունը, պատկերացնո՞ւմ էիք, որ այն մի օր այսպիսի հսկայական տարածում կունենա Հայաստանի սահմաններից դուրս։ Տարիներ անց «Արցախ»-ը հնչեց օլիմպիական խաղերում և աշխարհի տարբեր բեմերում։ Ե՞րբ առաջին անգամ զգացիք, որ Ձեր ստեղծագործությունն արդեն ապրում է հեղինակից անկախ։

Սակայն «Արցախ»-ի պատմությունն ունի նաև մեկ այլ կողմ։ Ադրբեջանում սկսեցին պնդել, թե այն ադրբեջանցի կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովի ստեղծագործությունն է։ Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ լսեցիք այդ պնդումը։ Ձեր պայքարը միայն հրապարակային խոսքով էր, թե՞ սկսեցիք հավաքել հեղինակային իրավունքի ապացույցներ։

– Իմ «Արցախ» ստեղծագործության երաժշտությունը ծնվեց 1997 թվականին, իսկ դրա հիմքն ավելի վաղ էր ձևավորվել։ «Արցախ»-ն իմ մեջ էր՝ որպես Արցախյան ազատամարտի մասնակից։ Եղել եմ Բերդաձորի Անդրանիկ Հարությունյանի ջոկատում։

– Գորիսցիների սիրելի, մեր հերոս «Բերդաձորի Անդոյի» ջոկատում։

– Այո՛։ Այնտեղ էին նաև Եղեգնաձորի Աղավնաձոր գյուղի ինքնապաշտպանական ջոկատի տղաները։ Մարտական ընկերներս թույլ չտվեցին, որ մասնակցեմ մարտական գործողություններին, բայց ես իրենց կողքին էի՝ Ստեփանակերտում, Ակնայում...

– Այսինքն՝ Դուք ինքնակամ կամավորագրվել էիք Արցախյան ազատամարտին՝ քաջ գիտակցելով, թե ուր եք գնում և ինչու։

– Անշուշտ։ Հայրենիքի պաշտպանությունն ինձ համար անբեկանելի որոշում էր։ Բնականաբար, այդ ամենի միջով անցնելով՝ չէր կարող չծնվել այդ երաժշտությունը։

«Արցախ» երաժշտության պատմությունը համացանցում կա։ Եթե YouTube-ում որոնեք «Արցախ» երաժշտության պատմությունը, կգտնեք իմ հեղինակած մոտ 25 րոպեանոց փաստագրական ֆիլմը՝ երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն։

Ադրբեջանցիները ցանկանում էին տիրանալ այդ երաժշտությանը։ Բարեբախտաբար, չկարողացան, որովհետև ես պատմեցի, թե ինչպես եմ ստեղծել այդ երաժշտությունը՝ նոտա առ նոտա, և թե իմ ստեղծագործության մեջ որ հատվածն ինչ է նշանակում։

«Արցախ»-ն իմ բոլոր ստեղծագործություններից ամենահայտնին է։

– Հատկապես ուշագրավ է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆիքրեթ Ամիրովի որդին՝ Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի ռեկտորը, հրապարակային հայտարարություններ են արել՝ հաստատելով, որ «Արցախ»-ը ոչ թե ադրբեջանական ստեղծագործություն է, այլ հենց Ձեր հեղինակած երաժշտությունը։ Այդ հայտարարություններն ի՞նչ նշանակություն ունեցան Ձեր պայքարում։

Այս տողերը գրելիս չեմ կարող շրջանցել նաև այն մեծ պատմական ցավը, որի հետ այսօր առերեսված ենք։ Աշխարհի լուռ համաձայնությամբ՝ 21-րդ դարում Ադրբեջանն իրականացրեց Արցախի ցեղասպանությունը։ Հայ ժողովրդից խլվեց 10 000-ամյա Արցախը։ Բնականաբար, այդպես չի մնալու։ Աշխարհի հայության միահամուռ ջանքերով պետք է վերականգնվի արդարությունը, և մենք, անշուշտ, պետք է վերատիրանանք մեր Արցախին։ Ցեղասպանության հանցագործներն արժանի պատիժ պետք է ստանան։

Համոզված եմ, որ Արցախը կրկին լինելու է հայ ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքի մասը։

Եվ ահա, Արա Գևորգյանի համառ ջանքերի ու անզիջում պայքարի շնորհիվ ամեն հայկականը սեփականացնելու մոլուցքով տարված Ադրբեջանը ստիպված եղավ նահանջել «Արցախ» ստեղծագործության հեղինակության հարցում։

– Դուք հիշատակեցիք այդ երկու անունը։ Կարող եմ ավելացնել նաև Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին և Ադրբեջանի մշակույթի նախարարին։ Նրանց պաշտոնական հայտարարություններով նույնպես ասվեց, որ այդ ստեղծագործությունը որևէ ադրբեջանցու չի պատկանում։ Այդ բոլոր անուններն ընդգրկված են նաև իմ փաստագրական ֆիլմում։ Փաստացի ապացուցեցի, որ «Արցախն» իմն է, այն հայկական է։

«Արցախ» ստեղծագործությունս ամբողջ աշխարհին է հայտնի․ հնչել է հինգ օլիմպիական խաղերում, Լաս Վեգասում, Դուբայում, Մոսկվայում, աշխարհի այլ բեմերում, նաև այդ և ուրիշ շատ քաղաքների շատրվաններում վրա։ PlayStation 3 խաղում նույնպես ամենուրեք հայտարարվում է Արա Գևորգյան անունը։

– Տարիների ընթացքում «Արցախ»-ի շուրջ տեղի ունեցածը վերածվեց մշակութային պայքարի։ Երբ որևէ ժողովուրդ փորձում է մեկ ուրիշ ժողովրդի ստեղծագործությունը վերագրել իրեն, ի՞նչ է իրականում փորձում վերցնել՝ երաժշտությո՞ւն, հեղինակությո՞ւն, թե՞ պատմական հիշողություն։

Կարո՞ղ ենք ասել, որ «Արցախ»-ի պատմությունը փոխեց նաև Ձեր վերաբերմունքը մշակույթի նկատմամբ։ Այդ պայքարում Դուք պաշտպանո՞ւմ էիք միայն Ձեր հեղինակային իրավունքը, թե՞ նաև հայկական մշակույթի հեղինակությունը։ Եվ եթե այսօր մի երիտասարդ երաժիշտ Ձեզ հարցնի՝ ինչպե՞ս պաշտպանել սեփական ստեղծած հայկական մշակույթը, երբ ուրիշները փորձում են այն իրենց վերագրել, ի՞նչ խորհուրդ կտաք նրան։

– Ձեր հարցերին երկու բառով չեմ կարող պատասխանել։ Ես իմ մտքում, իմ սրտում ունեմ Արցախը։ Եվ միշտ ունենալու եմ։

Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը երբևէ կմոռանա Վանը, Մուշը, Անին, Էրզրումը և մեր մյուս պատմական հայկական հողերը։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։ Կգա ժամանակ, և այն ազգերը, որոնք տիրացել են մեր պատմական հողերին, իրենք էլ իմաստնություն ձեռք կբերեն։

Արդարությունը միշտ հաղթանակելու է։ Աստված մեր կողքին է...

– Դուք տարբեր առիթներով խոսել եք այն մասին, որ «Արցախ» ստեղծագործությունից առաջ դհոլը Հայաստանում այսքան լայն տարածում չուներ։ Ինչպե՞ս ստացվեց, որ դհոլն ու նրա խրոխտ հնչողությունը Ձեր ստեղծագործության շնորհիվ դարձան այդքան ճանաչելի։ Ի՞նչ դեր ունեցավ «Արցախ»-ը դհոլի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության և նրա հանրահռչակման գործում։ Տարիներ անց, երբ տեսնում եք հարյուրավոր երեխաների՝ դհոլ նվագելիս, ի՞նչ եք զգում։

– Ժամանակին դհոլն այդքան հանրաճանաչ չէր, համեմատաբար քիչ էր օգտագործվում։ Այն հնչում էր հատուկենտ՝ հարսանիքներում, հարսին տնից դուրս հանելիս, հարսանյաց սրահներում, ռեստորաններում։ Իսկ իմ «Արցախ» ստեղծագործության մեջ դհոլների առկայությունը, մեր երկրի լավագույն երաժիշտներից Սամվել Ասատրյանի և Նորայր Շառոյանի հրաշալի սոլոները դհոլին այնպիսի գույն տվեցին, որ դրանից հետո դհոլահարները ողողեցին բոլոր ռեստորաններն ու հարսանիքները։

Այն, ինչ հիմա պիտի ասեմ, իհարկե, մի քիչ հումորով է։ Երգիչներն ինձ երբեմն մի քիչ նեղացած դեմքով նայում են ու ասում․ «Արա՛ ջան, այս ի՞նչ լեզու դրիր դհոլչիների բերանը․ երգիչներին տեղը զիջելու փոխարեն՝ իրենք բեմի ամենաառջևում են նստում»։

– Ես երաժշտագետ չեմ, բայց երաժշտասեր եմ։ Համացանցը ողողված է «Արցախ» ստեղծագործության, հատկապես նրա դհոլային հատվածների բազմաթիվ կատարումներով։ Դրանք տարբեր են, բազմազան, բայց յուրաքանչյուրն իր յուրահատուկ երանգն ունի։ Այդ ստեղծագործության շուրջ ձևավորված հետաքրքրությունը կարծես նոր ճանապարհ բացեց նաև դհոլի համար։

– Դա շատ լավ է, և ես դրա համար ուրախ եմ։ Մանավանդ որ ստեղծվեց «1000 ԴՀՈԼ» նախագիծը՝ իհարկե, «1000 ՎԱՀԱՆ» այս հրաշալի նախաձեռնության հետ միասին։

– Ի դեպ, Ձեր «1000 ԴՀՈԼ» տեսահոլովակին մասնակցում էին նաև Գորիսի դհոլահարներ։ Նրանց թվում էր Հարութ Առուստամյանը, հնարավոր է՝ նաև Գորիսի դհոլի այլ ստուդիաների ղեկավարներ ու սաներ։ Եթե չեմ սխալվում, մասնակիցներ կային նաև Սյունիքի այլ բնակավայրերից։

Ինչպե՞ս ծնվեց «1000 ԴՀՈԼ» գաղափարը։ Ինչո՞ւ հենց հազար․ այդ թիվը խորհրդանի՞շ էր, թե՞ կոնկրետ նպատակ։ Ի՞նչ նշանակություն ուներ, որ այդ նախաձեռնությանը մասնակցում էին երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ։ Եվ, իհարկե, ինչպե՞ս ընթացավ Գինեսի ռեկորդի գրանցման գործընթացը․ ի՞նչ էր պահանջվում, ինչպե՞ս էր կատարվում մասնակիցների հաշվարկն ու արդյունքի հաստատումը։

– Նախագծի անունը «Վերածնունդ» դրեցինք։ «1000 ԴՀՈԼ» գաղափարն այդպես էր պտտվում գլխումս, բայց իրականում եկան ոչ թե հազար, այլ 1437 դհոլահար։ Նույնիսկ ամենահեռավոր մարզերից որոշ դհոլահարներ չկարողացան գալ, որովհետև ճանապարհը երկար էր, իսկ մեր նկարահանումները սկսվեցին առավոտյան ժամը վեցին։

Անկեղծ ասած՝ «1000 ԴՀՈԼ»-ի միտքն առաջացավ մանկավարժական համալսարանում։ Իմ ուսանողներից մեկը դհոլով քննություն հանձնեց։ Երբ նա դուրս եկավ, նույն երիտասարդը նորից ներս մտավ՝ քննություն հանձնելու։ Ասացի՝ դու հենց նոր քննություն հանձնեցիր, ինչո՞ւ ես երկրորդ անգամ մտնում։ Պատասխանեց․ «Պարոն Գևորգյան, նա եղբայրս է»։ Կանչեցի երկուսին, տեսա, որ զույգ եղբայրներ են, երկուսն էլ՝ դհոլահար։

Հենց այդ պահին միտք ծագեց։ Ցավոք, մեր երկիրը, մեր ժողովուրդը կարծես բաժանվել են երկու մասի՝ սևերի ու սպիտակների։ Համացանցը ողողված է հայհոյանքներով, ատելության խոսքը դարձել է գերիշխող, իսկ միմյանց նկատմամբ սերն ու հարգանքը պակասել են։ Որոշեցի, որ երկու դհոլով պետք է ներկայացնեմ սևերի ու սպիտակների այդ հակադրությունը՝ սկզբում կռվի, իսկ վերջում՝ հաշտության տեսքով։

Բայց ես խոսում էի ամբողջ ժողովրդի մասին, հետևաբար անհրաժեշտ էին շատ դհոլահարներ, որպեսզի տեսարանը ժողովրդի տպավորություն ստեղծեր։ Այդպես էլ արեցինք․ եղան սևերն ու սպիտակները, եղավ նրանց բախումը, իսկ վերջում բոլորը դարձան սպիտակ։ Բոլոր դհոլներով հնչեց նույն ռիթմը․ այսինքն՝ բոլորի խոսքը մեկ դարձավ։

Երբ արդեն բոլորը սպիտակ էին, ամեն ինչ համահունչ էր։ Պարախումբը շրջապատեց այդ տեսարանը։ Իսկ երբ դրոնով նկարահանված կադրերն ենք դիտում, դաշտավայրում երևում է «ՍԵՐ» գրությունը։ Պարախումբը շրջապատել էր հենց այդ «ՍԵՐ»-ը։

– Այսպիսով, նախագծի գաղափարը միայն դհոլահարների մեծ հավաք կազմակերպելը չէր։ Այն ուներ նաև հստակ ուղերձ՝ հակադրությունից դեպի համերաշխություն, բաժանումից դեպի միասնություն։ Եվ այդ գաղափարի իրականացման գործում կարևոր մասնակցություն ունեցավ նաև «1000 ՎԱՀԱՆ»-ը։

– Այո՛, այս ամենը շատ կարևոր էր, և այդ գործում մեզ օգնեց նաև «1000 ՎԱՀԱՆ» նախագիծը։ Շատ լավ էր մեր համատեղ աշխատանքը։ Մասնակցեցին նաև սահմանամերձ բնակավայրերի պարային համույթները։

«1000 ՎԱՀԱՆ» նախագծի համահիմնադիրներ Սրբուհի Մովսիսյանի և Իգոր Զարգարյանի նախաձեռնությամբ կարվեցին նաև սև ու սպիտակ հագուստները։ Դա մեծ ու դժվար աշխատանք էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «1000 ՎԱՀԱՆ»-ի ամբողջ թիմին, որի անդամները գիշեր-ցերեկ աշխատեցին, որպեսզի այդ հագուստները պատրաստ լինեն։

Այդ համագործակցության արդյունքում իսկապես անգնահատելի արժեք ստեղծվեց։ Ի վերջո, կապ հաստատվեց նաև Գինեսի ռեկորդների գրքի՝ ռեկորդների գրանցման կառավարման թիմի հետ, և համապատասխան հայտը ներկայացված է։ Սպասում ենք, որ վկայականները հասնեն մեզ։

– Ընթերցողի համար մի փոքր հստակեցնենք ընթացակարգը։ Մանրամասների մեջ չմտնենք, բայց նշենք երկու հիմնական հանգրվան՝ ի՞նչ է արդեն կատարվել և ի՞նչ պետք է հաջորդի։

– Նախ պետք է ամբողջ գործընթացը փաստագրվի։ Նկարահանման ժամանակ մեզ մոտ կային չեզոք դիտորդներ, որոնք գրանցում և արձանագրում էին տեղի ունեցողը։ Մասնակիցներին, բնականաբար, հատիկ-հատիկ չեն հաշվել։ Այդ հաշվարկը կատարվում է նկարահանումից հետո՝ դրոնով արված տարբեր կադրերի միջոցով։ Գինեսի ռեկորդների գիրքն ունի իր պահանջները, և անհրաժեշտ բոլոր նկարահանումներն ու փաստագրական աշխատանքներն արդեն կատարվել են։

– Ե՞րբ կարող ենք ակնկալել պատասխանը։

– Չգիտեմ, դժվար է ասել։ Ինձ համար դա էական չէ։ Ամենաարագը գրանցվեց մեր հայկական դյուցազնագրքում։ Իմ անունով արդեն չորս ռեկորդ է գրանցվել։

Առաջինը՝ 200 քանոններով «Երևան» գրությունը։

Երկրորդը՝ Ջիվան Գասպարյանի 90-ամյակի առթիվ կազմակերպված նախաձեռնությունը։ Վարպետին խոստացել էի, որ նրա ծննդյան օրը 90 դուդուկահարներով կգամ շնորհավորելու։ Բարեբախտաբար, հավաքվեց 112 դուդուկահար, և դա նույնպես գրանցվեց ռեկորդների գրքում։

Երրորդը՝ բաս քանոնը։ Դա աշխարհում եզակի երաժշտական գործիք է, որի ստեղծման գաղափարի հեղինակը ես եմ, իսկ պատրաստել է վարպետ Ալբերտ Զաքարյանը։ Պատրաստեցինք հինգ բաս քանոն, որոնք նույնպես ընդգրկվեցին ռեկորդների շարքում։

Իսկ չորրորդը «1000 ԴՀՈԼ» նախագիծն էր։ Այս ամենը, իհարկե, շարունակություն է ունենալու։

ՏԵՂԵԿԱՆՔ ԲԱՍ ՔԱՆՈՆԻ ՄԱՍԻՆ

2017 թվականի փետրվարին «Արմենպրես»-ը հաղորդել է, որ Արա Գևորգյանի հեղինակած՝ աշխարհում առաջին բաս քանոն երաժշտական գործիքը հանդիսավոր համերգային ծրագրով ներկայացվել է հանրությանը՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Բաս քանոնի առաջին երեք նմուշների վրա նվագելու պատիվը տրվել էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի քանոնահարների խմբին, Թովմաս Պողոսյանի ղեկավարած «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլին և Ազգային նվագարանների պետական նվագախմբին։ Բաս քանոնի առաջին նմուշները նվերի տեսքով բաժին էին հասել այդ երեք երաժշտական կոլեկտիվներին։ Արա Գևորգյանի խոսքով՝ բաս քանոնի ստեղծման գաղափարն առաջացել էր տարիներ առաջ, երբ քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի հետ ներկայացրել էին «Մուշ» ստեղծագործությունը՝ 50 քանոնով։ Այդ ընթացքում նկատել էր, որ պակասում է բասային հնչողությունը։ Բաս քանոնի պատրաստման աշխատանքները վստահել էր ազգային նվագարանների վարպետ Ալբերտ Զաքարյանին։ Գևորգյանի ցանկություններից մեկն էր, որ բաս քանոնը որևէ ձևաչափով ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։ Նա այդ հարցով դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը։

– Պարոն Գևորգյան, այժմ «1000 ՎԱՀԱՆ» նախաձեռնության հետ Խնձորեսկում եք։ Ի՞նչ կուզենայիք ասել Խնձորեսկի երեխաներին։ 11–17 տարեկան պատանիներին ինչպե՞ս ցույց տալ, որ ազգային մշակույթը ոչ թե հեռավոր անցյալ է, այլ իրենց ներկայի ու ապագայի մի մասը։ Դուք աշխատել եք Հայաստանի տարբեր մարզերի երեխաների հետ։ Սյունիքը Ձեզ համար ի՞նչ առանձնահատուկ տեղ ունի։ Ի՞նչ եք ակնկալում Գորիսի, Խնձորեսկի և Սյունիքի մյուս համայնքների երեխաների հետ աշխատանքից։

– Ես անչափ ուրախ եմ, և ինձ համար մեծ պատիվ է այս պահին գտնվել Խնձորեսկում՝ այս հրաշալի վայրում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «1000 ՎԱՀԱՆ» նախագծին, որի անդամները մեծ աշխատանք են կատարում՝ սահմանամերձ բնակավայրերի մշակութային կյանքը զարգացնելու համար։

Շատ կարևոր է, որ այստեղ ապրող երեխաների մշակութային կյանքը զարգանա, նրանց հետաքրքրություններն ընդլայնվեն, և նրանք ստիպված չլինեն մեկնել այլ վայրեր՝ իրենց հետաքրքրությունները բավարարելու համար։ Այդ հետաքրքրությունները պետք է բերել հենց այս բնակավայրեր, տեղայնացնել և զարգացնել այստեղ։

– Ձեր կյանքի ընթացքում տեսել եք, թե ինչպես հայկական երաժշտությունը կարող է հասնել աշխարհի ամենատարբեր բեմեր։ Եվ այսօր, երբ Հայաստանը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած, իմ կարծիքով, մեր մշակույթը կարող է ոչ միայն ներկայացնել Հայաստանը, այլև օգնել պահպանել և հզորացնել մեր երկիրն ու մեզ՝ որպես աշխարհի հնագույն քաղաքակրթության տեր ժողովուրդ։ Փորձեմ միավորել Ձեր մոր՝ Վալյա Սամվելյանի ձայնը, Ձեր հոր երաժշտական գործիքը՝ թառը, Ձեր «Արցախ» ստեղծագործությունը, Ձեր բոլոր ռեկորդները և այսօր Խնձորեսկում հավաքված երեխաներին։ Ո՞րն է այստեղ գլխավոր գաղափարը։

– Գլխավոր գաղափարը հայրենասեր լինելն է, հայրենիքում լինելը և այն գանձարանից օգտվելը, որն ունենք մենք բոլորս։ Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի, Շնորհալի, Կոմիտաս, Սայաթ-Նովա, Արամ Խաչատրյան... Անթիվ-անհամար են մեր մշակութային գանձերը։ Արվեստի մարդիկ պետք է օգտվեն այդ գանձարանից, տարածեն նրա արժեքները և փոխանցեն գալիք սերունդներին, որպեսզի պահպանենք մեր ազգային մշակույթն ու ինքնությունը։

Ինչո՞ւ ենք հայ, ինչպե՞ս ենք հայ։ Միայն անուն-ազգանունով հայ չեն լինում։ Մենք պետք է մեր մեջ, մեր սրտերում կրենք մեր լեզուն, մեր մշակույթը, մեր նիստուկացը, մեր վարքը, այն կերպը, որով ներկայանում ենք աշխարհին։ Պետք է գիտակցենք՝ ով ենք մենք։

Մեր ինքնությունը պահպանելը մեզ բարձրացնում է մեզ շրջապատող աշխարհի տարբեր ազգերի կողքին։ Մեր մշակութային գանձարանը իսկապես արժեքավոր է՝ բարձրագույն արժեք։ Յուրաքանչյուր ազգ ունի իր ստեղծած արժեքները։ Դրանց մեջ կան բարձր արժեքներ կրող եվրոպական ազգեր, կան նաև արևելյան ժողովուրդներ, որոնք ունեն բարձրակարգ մշակույթ՝ չինացիների նման։ Իսկ մենք գտնվում ենք այդ խաչմերուկում՝ Եվրոպայի և Ասիայի միջև։

Իսկ մեր երկրում պետք է լինենք համերաշխ։ Այդ սևերն ու սպիտակները պետք է միավորվեն։ Բոլորս պետք է սիրենք մեր երկիրը և, առաջին հերթին, սիրենք միմյանց։ Ձեռք ձեռքի տանք, որպեսզի հզոր լինենք։

– Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Մաղթում եմ հաջողություններ Ձեր ստեղծագործական ու մշակութային նախաձեռնություններում։

– Աստված օգնական մեր երկրին, Աստված պահապան մեր երեխաներին։ Շնորհակալ եմ։

 

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շատ արդյունավետ էին․ Ռուբիո

10.11.2026 19:42

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

10.11.2026 19:38

Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել. Լավրով

10.11.2026 17:42

Հպարտանում եմ իմ ծնողներով․ եթե նրանք ողջ լինեին, նրանք էլ կհպարտանային ինձանով

10.11.2026 16:49

Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. էլ ի՞նչ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը. Իրանի փոխնախագահ

10.11.2026 16:33

Թուրքիան ավարտել է ՀՀ-ի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

10.11.2026 16:13

ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծը. Լավրով

10.11.2026 16:01

ՀՀ-ն չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ Լեբեդև

10.11.2026 14:31

2027 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները չեն բարձրանա․ ինչո՞ւ

10.11.2026 14:11

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը

10.11.2026 12:48

ԶՊՄԿ-ն երկրորդ անգամ հովանավորում է CASE KEY կրթական ծրագիրը

10.11.2026 11:47

Բանտում մшհացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը

10.11.2026 11:34