Սիսիանի երիտասարդ ոստիկանապետը. դիմանկարի ուրվագիծ

21.06.2016 10:40
4401

Այս տարվա փետրվարի 19-ից Սիսիանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում է փոխգնդապետ Արմեն Մարկոսյանը (1977-ին ծնվել ու մեծացել է բանվորի ընտանիքում՝ իշխանանիստ Շաղատ գյուղում, արմատներով Անգեղակոթ գյուղից է): Ընտանիքում չորս զավակ են՝ երկու քույր, երկու եղբայր՝ բոլորն էլ՝ բարձրագույն կրթությամբ:

Անդրանիկ հարցը նորանշանակ ոստիկանապետին այն էր, թե ի սկզբանե՞ էր որոշել աշխատել ոստիկանական համակարգում.

«Դպրոցական տարիքից իրավապահ համակարգը հետաքրքրում էր: Երբ անասնագողություն էր լինում, հետաքրքրվում էի, թե ով կարող է կատարած լինել եւ չէի սխալվում», - կես-լուրջ, կես-կատակ ասում է եւ հավելում, որ ծառայություններից սիրում էր օպերատիվ աշխատանքը, գուցե դրանով էր պայմանավորված, որ երկար տարիներ ոստիկանության բաժնում օպեր է աշխատել, այսինքն՝ աշխատանք անմիջական հանցագործի հետ:

Շաղատի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ներքին գործերի նախարարության միլիցիայի բարձրագույն դպրոց, երբ ավարտեց, վերածվել էր ոստիկանական ակադեմիայի: Կրթություն ստանալուց հետո նշանակվել է Սիսիանի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության օպեր-լիազոր՝ աշխատելով տասը տարուց ավելի, որից հետո Սիսիանի ոստիկանության պետի տեղակալն էր ծառայության գծով: Նույն պաշտոնով աշխատել է Գորիսի ոստիկանությունում, այնուհետեւ Սիսիան-Գորիս միացյալ պահպանության բաժնի պետն էր: Բաժինը տարանջատվելուց հետո եղել է Գորիսի պահպանության բաժնի պետ:

Երկու զավակի հայր է: Որդին՝ 8-րդ, դուստրը 4-րդ դասարանում է սովորում:

Երիտասարդ ոստիկանապետի երեւացող (հանցագործությունների բացահայտումն ու հասարակական կարգի պահպանությունը թղթային ձեւակերպում ունեն) գործն այն է, որ ոստիկանության մասնաշենքի շրջակայքը բարեկարգվել է (հընթացս ասաց, որ հաճախակի շաբաթօրյակներ են կազմակերպվում): Մասնաշենքի ներսում էլ հաճելի մաքրություն էր տիրում:

«Այնտեղ, որտեղ հոգում են մարդկանց մասին, նրանք հաճույքով եւ բարձր տրամադրությամբ են աշխատում, - ասում է ու ավելացնում, - մարդ եթե որեւէ բան իր ձեռքով է անում, ավելի սրտացավ է լինում իր արածը պահելու-պահպանելու առումով»:

Ոստիկանություն ասելով անմիջապես քրեական կամ օպերատիվ իրավիճակ ենք պատկերացնում՝ հանցագործություններ, հետաքննություն, բացահայտումներ, ինչպիսի՞ն է օպերատիվ իրավիճակը Սիսիանում: «Վերահսկելի է օպերատիվ իրավիճակը, չենք թողնում, որ սրվի, ամենօրյա աշխատանքում շեշտը դնում ենք կանխարգելիչ միջոցառումների վրա, գրանցված հանցագործությունների մեծ մասը բացահայտվել է: Այս սեզոնին գերակշռում են անասնագողությունները, մանր-մունր գողությունները: Տեսեք, այս օրերին Գորիսի անասնապահները անասունները տեղափոխում են արոտավայրեր՝ Բազարչայի սարերը, մենք անընդհատ պրոֆիլակտիկ աշխատանքներ պիտի կատարենք, բացի դրանից Վայոց ձորի մեղվապահները փեթակները տեղադրում են Գորիս-Սիսիան մայրուղու երկայնքով, այս տարեշրջանում զբոսաշրջիկների հոսք է նկատվում Սիսիանի տարածաշրջան: Այս ամենը մեր ուշադրության կենտրոնում պիտի լինի: Յուրաքանչյուր բան, եթե բարձիթողի վիճակի մատնես, մեկը երկուս կդառնա, կշատանա: Բայց մեր ամենօրյա շրջագայություններով, իրականացրած ծառայությունով դեմն առնում ենք: Մարդիկ տեսնում են, որ ոստիկանական ծառայություն կա, հաստատ զգուշանում են, իրենց կոռեկտ են պահում», - պատասխանում է, իսկ, այնուամենայնիվ, հետաքրքրվում ենք, թե չորս ամսվա նրա գործունեության ընթացքում ո՞րն է եղել ամենաաղմկահարույց բացահայտումը: Տեղեկանում ենք, որ բացահայտվել է Սիսիանի ոսկու խանութից կատարված գողությունը (ընդհանուր առմամբ 39 մլն դրամի ապրանք էին տարել): Հանցագործություն կատարողներն Արարատի մարզից էին, այժմ գտնվում են Գորիսի բանտում:

Ոստիկանի, ինչպես նաեւ լրագրողի աշխատանքը նորմավորված չէ, չի տեղավորվում ութժամյա աշխատաժամանակի մեջ, բնականաբար, ժամանցի համար տեղ չի մնում: Նաեւ ցանկացանք իմանալ փոխգնդապետի նախասիրությունների մասին: «Ընթերցանություն շատ եմ սիրում, բայց ընթերցելու ժամանակ չեմ ունենում: Ահավոր շատ եմ սիրում բնություն, ծառ ու ծաղիկ, կարո՞ղ է գյուղում եմ մեծացել, դրանով է պայմանավորված: Սիրում եմ իմ ձեռքով այգի մշակել: Բայց ծանրաբեռնված աշխատանքն այդ ցանկություններն ի չիք է դարձնում: Կիրակի օրն էլ եմ աշխատավայրում լինում: Վերջին անգամ Շաղատ՝ ծնողներիս տեսության երկու ամիս առաջ եմ գնացել»:

Տարիների հեռվից նայելով՝ ինչպե՞ս եք գնահատում ուսումնառությունը ոստիկանական ակադեմիայում, բավարարո՞ւմ են այդտեղ ստացած գիտելիքները, հմտությունները: Թե գիտելիքների, թե ֆիզպատրաստության առումով բավարարում են, ըստ մեր զրուցակցի: Տեղեկացնում է, որ այժմ ոստիկանական ակադեմիա կարելի է ընդունվել բանակում զինծառայություն անցնելուց հետո:

Կան այլ բուհեր ավարտածներ, ովքեր ցանկություն են հայտնում աշխատել ոստիկանական համակարգում, դա հետագա ծառայության մեջ դժվարություններ չի՞ հարուցում: «Եթե մարդն իր աշխատանքը հաճույքով է կատարում, ապա ինտեգրվում է ոստիկանական համակարգին, միայն կարեւոր է, որ ինքնակատարելագործման ձգտումը միշտ առաջին պլանին լինի», - համոզմունք է հայտնում:

Իսկ ինչպե՞ս է եղել, որ այդքան երիտասարդ վստահել են ոստիկանապետի պաշտոնը, - փորձում ենք դավադիր հարց տալ: Նա էլ թե՝ ամեն բնագավառում էլ լավ աշխատողին նկատում են, ոստիկանությունում եւս: Ինքն էլ այժմ, արդեն որպես ղեկավար, ձգտում է արժանվույնս գնահատել իր ենթականերին. «Հարցեր են ծագում աշխատանքի մեջ, եւ տեսնում ես, թե տվյալ պահին հանձնարարությունը ով է լավ կատարում: Եթե մարդը սրտացավ է աշխատում, անքուն գիշերներ է անցկացնում, անգամ առանց ղեկավարից հանձնարարություն ստանալու ինքն է նախաձեռնություն դրսեւորում, ինչպե՞ս կարելի է չգնահատել»:

- Ինչպիսի՞ն պիտի լինի ոստիկանը, ինչպե՞ս նրան կբնութագրեր Արմեն Մարկոսյանը: Չի՞ կարծում, որ տարանջատվածություն կա հասարակության եւ իրավապահ մարմինների միջեւ: Ի՞նչ պիտի արվի, որ վստահությունը վերականգնվի ոստիկանության հանդեպ:

- Յուրաքանչյուր հարցով ժողովրդի կողքին լինել, հնարավորության եւ իրավասության սահմաններում մարդկանց օժանդակել եւ աջակցել: Ոստիկանն իր տարածաշրջանում հարգված եւ ընդունված պիտի լինի, երեխաների հանդեպ՝ որպես ծնող, մեծերի հանդեպ՝ որպես որդի, հոգատար, աշխատանքին նվիրված լուրջ անձնավորություն:

Այս ամենը թվարկելով, հավելում է, որ ոստիկանական կառույցի հանդեպ վստահությունն էականորեն աճել է՝ շնորհիվ համակարգում իրականացված բարեփոխումների, ինչի համար կարեւորում է հանրապետության ոստիկանապետ Վ.Գասպարյանի դերը:

Իսկ քաղաքացուն՝ իրեն հուզող հարցով դյուրին է հանդիպել Սիսիանի ոստիկանապետ Ա.Մարկոսյանին: «Ամենեւին դժվար չէ, սահմանված են ընդունելության օրեր, բայց Աստծո ամեն օր իմ աշխատասենյակի դուռը բաց է այցելուների առջեւ: Եթե մարդն իր ոտքով եկել է մեզ մոտ, ինչո՞ւ չընդառաջենք»: Եվ ընդհանրապես ոստիկանությունում կատարված դրական տեղաշարժերից է համարում համայնքային ոստիկանի ինստիտուտի հիմնումը:

Համայնքային ոստիկանն իրեն ամրակցված համայնքում ունի աշխատասենյակ, որտեղ կարող է մտնել քաղաքացին, այլ ոչ թե 20-30 կիլոմետր ճանապարհ կտրել Սիսիան հասնելու համար՝ իր հոգսերն ու խնդիրները ներկայացնելու:

Շուտով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կկայանան մարզի քաղաքային ու գյուղական համայնքներում: Մեկ տարի հետո սպասվում են Ազգային ժողովի ընտրություններ: Քաղաքական այդ կամպանիաների ժամանակ որոշակի ուժեր ոստիկանությանը ցանկանում են թեքել դեպի իրենց ճամբարը: Մեր դիտարկումը թերհավատությամբ ընդունեց զրուցակիցս՝ հարցադրմանն ավելացնելով, որ ընտրությունների օրերին իրենք կատարում են սոսկ ոստիկանությանը վերապահված պարտականությունները, քաղաքական գործընթացներին չեն խառնվում:

Փոխգնդապետ Արմեն Մարկոսյանը քառօրյա պատերազմի առումով նշում է, որ Սիսիանում խուճապային տրամադրություն չկար, տարածաշրջանի երկրապահ կամավորները գործուն մասնակցություն ունեցան մերօրյա ազատամարտին, Սիսիանի ոստիկաններն էլ պատրաստ էին անհրաժեշտության դեպքում մեկնելու ռազմադաշտ: Իրենք մտել են ապրիլյան պատերազմում զոհված սիսիանցիների օջախներ, փորձել սփոփել նրանց հարազատների վիշտը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել

12.12.2025 14:06

2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15