Սրբապիղծ եւ ունայն պչրուհին (արդյո՞ք անմեղսունակ է լրագրողի փարաջայով աղջիկը՝ մայրաքաղաքային կայքերից մեկում ապաստան գտած Մարինա Խառատյանը)

03.08.2016 15:18
3005

«Սյունյաց երկիր» թերթի 2016թ. հուլիսի 27-ի համարը՝ նվիրված Սյունիքի մարզպետի հոբելյանին (տպագրվել էր Գորիսի քաղաքապետարանի պատվերով եւ մեր նախաձեռնությամբ), ինչպես եւ սպասվում էր, մեծ արձագանք գտավ: Առավել մեծ արձագանք գտավ թերթի խմբագրականը՝ «Սյունյաց աշխարհի արժանավոր զավակը» վերտառությամբ, որի հեղինակն ինքս եմ:

Արձագանքները մեծ մասամբ դրական էին, կային եւ բացասական արձագանքներ, ինչը, անշուշտ, բնական եւ օրինաչափ պիտի համարել (կոնկրետ մարդկանց նվիրված մեր հատուկ համարները միշտ էլ ոչ միանշանակ գնահատականի են արժանանում): Նման դեպքերում միշտ էլ բարեմիտ ընթերցողին ասել ու խնդրել եմ՝ անմեղադիր մնացեք, զի կարողությունը մեր այս չափ էր, իսկ դուք կարող եք ավելին անել…

Բայց եղավ մի հարթակ՝ tert.am մայրաքաղաքային կայքը, որի լրագրողը փորձեց նենգափոխել մեր խմբագրականը, աղավաղել ասվածը:

Օգոստոսի 1-ին կայքը հրապարակեց երկու հոդված՝ նվիրված վերոգրյալ խմբագրականին՝ ««Սյունյաց երկիր» կայքը Սուրիկ Խաչատրյանին համեմատել է Հիսուս Քրիստոսի հետ, իսկ իրեն՝ առաքյալի» եւ «Կարդացել եմ. Սյունիքի մարզպետն՝ իրեն Քրիստոսի հետ համեմատող ներբողի մասին»:

Երկու հոդվածն էլ անանուն էին, հեղինակը ծպտված էր՝ հակառակ բարոյականության տարրական նորմերի եւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջների: Ենթադրեցինք՝ երեւի հեղինակն ամաչելու, հանրությունից թաքնված լինելու խնդիր ունի, ինչի համար էլ ոչ իր լուսանկարը, ոչ իր անուն-ազգանունը չի ներկայացնում:

Ի՞նչ էր գրված առաջին հոդվածում: Հեղինակային մեկ նախադասություն եւ վերնագիր: Մնացյալը քաղվածք էր մեր խոսքի տարբեր մասերից: Գրեթե նույնը՝ երկրորդ հրապարակման մեջ:

Ծպտյալը մոտ քսան շնորհավորանքից եւ բազում հոդվածներից, որոնց հեղինակները հանրապետության եւ մարզի ամենատարբեր ոլորտների բարեհամբավ ներկայացուցիչներ էին, անդրադարձել էր միայն մեր խոսքին, որը ոչ թե շնորհավորանք էր (ինչպես ինքն է կարծում), այլ պարզապես խմբագրական:

Օգոստոսի 2-ի առավոտյան փորձեցինք ճշտել՝ ո՞վ է կայքի խմբագիրը (պատասխանատուն): Պարզվեց՝ Սասուն Խաչատրյան: Խմբագիրն ասաց, որ ինքն այդ հրապարակումներից տեղյակ չէ, հոդվածներն ունեն հեղինակ, ով էլ անպայման կզանգահարի եւ մեզ հետաքրքրող հարցերին կպատասխանի: Մի քանի ժամ անց նորից հիշեցրի խմբագրին, նա նույն պատասխանը տվեց՝ առանց լրագրողի անունը եւ հեռախոսահամարը տրամադրելու:

Ժամը 13:30-ի սահմաններում մեզ զանգահարեց մի աղջիկ եւ ներկայացավ՝ «Մարինա Խառատյան, ես եմ հոդվածների հեղինակը»:

Ողջունեցի նրան, շնորհակալություն հայտնեցի, որ թերթի այդքան ծավալուն համարից միայն մեր խոսքի հանդեպ է հետաքրքրություն ցուցաբերել: Եվ առաջարկեցի. «Մենք հեռախոսով պիտի քննարկենք երեկվա ձեր երկու հրապարակումը, առաջարկում եւ խնդրում եմ՝ երկուստեք ձայնագրել այս հեռախոսազրույցը, որպեսզի հրապարակելու դեպքում վերստին աղավաղում եւ նենգափոխում տեղի չունենա»:

Աղջիկը կտրուկ մերժեց: Նաեւ ասաց, որ ինքը մեզ հարցազրույց չի տա, թեեւ հարցազրույցի առաջարկ չէի արել նրան:

Եվ առանց լսելու, թե ինչ եմ հարցնում՝ սկսեց խոսել: Խոսելու նախաձեռնությունը մի կերպ վերցրեցի ձեռքս եւ փորձեցի մեզ հետաքրքրող հարցերը տալ: Երկու անգամ անջատեց հեռախոսը. ներողամիտ գտնվեցի՝ մտածելով, որ աղջկան երեւի ո՛չ մանկապարտեզում, ո՛չ դպրոցում չեն սովորեցրել, որ չի կարելի խոսելու ընթացքում հեռախոսն անջատել, մանավանդ երբ հանրային գործիչ ես, առավել եւս՝ լրագրող:

Ինչեւէ, մի քանի հարց տվեցի նրան, որոնց շարադրանքը՝ ստորեւ:

1. Եթե դուք վստահ էիք ձեր գրվածքի ճշմարտացիության մեջ, ապա ինչո՞ւ եք ընտրել անոնիմկայի ձեւը եւ երկու հոդվածը ներկայացրել անստորագիր, դուք հանրությունից թաքնվելու, ամաչելու պատճառ ունե՞ք:

2. Դուք իսկապե՞ս մինչեւ վերջ կարդացել եք մեր խմբագրականը, արդյո՞ք ընկալել եք մեր խոսքը, թե՞ չեք հասկացել ու սեփական հիվանդ երեւակայության, սեփական պատկերացումների տիրույթում թավալվել եք:

3. Խմբագրականի ո՞ր բառի, ո՞ր նախադասության հիման վրա եզրակացրիք, որ մարզպետին համեմատել եմ Հիսուսի կամ Խորենացու, իսկ ինձ՝ առաքյալի հետ: Գոնե մեկ բառ կամ մեկ նախադասություն, որը ձեզ թույլ է տվել մտածել այդկերպ:

4. Գոնե գիտե՞ք, թե խմբագրականում մեր վկայաբերած առաքելական խոսքն Աստվածաշնչում ինչ առիթով է հնչել, ինչու եմ նրանց խոսք-պատգամն իբրեւ ուղեցույց ընդունել թերթի ամբողջ համարում:

…Ճիշտն ասած ի սկզբանե շատ լուրջ էի վերաբերվում զրուցակցիս, քանի դեռ վերջին երկու հարցը չէի տվել ու նրա «պատասխանը» չէի ստացել (ի վերջո, այդ հարցերի պատասխանից պետք է բխած լիներ նրա հոդվածի վերնագիրը):

Ըստ էության աղջկան ծանոթ էր Աստվածաշունչ բառը, գիտեր նաեւ Հիսուս Քրիստոս անունը, բայց այնպիսի անհեթեթ, անմիտ պատասխան տվեց իմ վերջին երկու հարցին, որ խղճացի նրան, ողբացի նրա ունայն գոյության համար ու մեծագույն ափսոսանքի զգացումով պարուրվեցի, որ նրան լուրջ եմ ընդունել ի սկզբանե, լրագրող եմ կարծել եւ ձգտել իր հոդվածի շարժառիթը, հիմքերը, մեթոդաբանությունը պարզել, հասկանալ:

Ի դեպ, մեր խոսակցության ընթացքում երկու-երեք անգամ օգտագործեց «Լրատվության մասին օրենք» արտահայտությունը, եւ ինձ համար պարզ դարձավ, որ խեղճը ծանոթ չէ այդ օրենքին, պարզապես օգտագործում է այդ արտահայտությունը՝ գոնե մի քիչ ներկայանալի երեւալու, լրագրողի պատրանք ստեղծելու համար:

Նրա պատասխանները լսելուց հետո ստիպված էի եւս երկու հարց տալ, որոնք, սակայն, մնացին անպատասխան. «Հիմա կարո՞ղ եմ ասել, որ դուք կիսագրագետ եք, որ դուք ձեւ եք՝ առանց բովանդակության, որ դուք նենգափոխել եք մեր մտքերը», «Դուք չե՞ք պատրաստվում հրապարակավ ներողություն խնդրել ինձ զրպարտելու, իմ հոդվածը ստորաբար նենգափոխելու եւ Բարձրյալի անունն անհարկի օգտագործելու համար»:

Իմիջիայլոց, ընթացքում ցանկացա իմանալ նաեւ, թե որտեղ է կրթություն ստացել ինքը, ինչ ասել է ներբող բառը, բայց…

Հա, հասցրինք քննարկել մեկ հարց եւս, որը նույնպես շատ կարեւոր է աղջկա հոդվածների միտումը, շարժառիթը հասկանալու համար: Երբ օգոստոսի 1-ին հրապարակվեցին երկու անանուն հոդվածները՝ «քոմենթ»-ներ ծնվեցին, որը բնական եմ համարում: Սակայն եղավ մի «քոմենթ», որն ուղղակի հայհոյանք էր տողերիս հեղինակին: «Քոմենթ»-ի հեղինակն իմ հոդվածներից մեկի «հերոսն» էր՝ թշվառականը, հայտնի առլեկինը, ով հիմա էլ գարեջրի մեկ շիշ օրավարձով մարդկանց հայհոյում է (ի դեպ, դատարանի վճռով էլ հաստատվեց, որ թշվառականն ինքն է որ կա): Կապանի մոտ քսան ընթերցող, ինչպես մեզ տեղեկացրին, անմիջապես արձագանքել են «քոմենթ»-ի հեղինակ թշվառականի կաղկանձին: Բայց, ո՜վ զարմանք, կայքի պատասխանատուները թշվառականի «քոմենթ»-ը թողել էին, իսկ համարժեք պատասխան-արձագանքները շատ արագ ջնջել:

Այդ մասին ասացինք նաեւ կայքի խմբագրին՝ ստանալով անհիմն պատասխան՝ «քոմենթ»-ի հարցով ուրիշ մեկն է զբաղվում…

Ահա այսպիսի պատմություն…

Մեր պատասխան խոսքից հետո հիշյալ աղջիկը գուցե եւ դատարան դիմի: Դատարանում հաճույքով կշարունակեմ բանավեճը: Բայց ես, միեւնույն է, չեմ կարող ինձնից վանել միտքը, որ լրագրողի փարաջայով թաքնվածը լրագրության հետ հեռավոր աղերս անգամ չունեցող մի անձնավորություն է:

Ես խոստացա գտնել նրա՝ երբեւէ հեղինակած հոդվածներն ու անպայման ընթերցել, մինչեւ վերջ ճանաչել նրան ու ներկայացնել հանրությանը, քանզի նման նենգարկումի, աղավաղումի, դասական հիմարության եւ դատարկության այսպիսի երեւույթի չէի հանդիպել խոսքի աշխարհում:

Եվ նենգարարության մեջ, ըստ էության, այնքան էր վարպետացած այդ աղջիկը, որ իր ունայն գոյությունը հիշեցնելու, իր չկայացության սառույցը ջարդելու համար սրբապղծորեն օգտագործեց Հիսուս անունը՝ չունենալով գեթ մեկ բառից կամ մեկ նախադասությունից բաղկացած հիմք…

Որպես վերջաբան հետեւյալը կասեմ հոդվածագրին. թերթի քննարկվող համարում մենք ցանկացել ենք ներկայացվող կերպարին նայել անաչառության, նրա արած-դրածը տեսնողի, ամեն ինչ չմրոտողի անկողմնակալ դիրքից, ինչի համար եւ ուղեցույց ենք ընդունել առաքյալների խոսք-պատգամը: Իսկ դուք ոչ միայն չեք հասկացել պարզագույն այդ մոտեցումը, այլ չեք կարողացել գոնե մեկ օրինակ բերել, որ կցուցաներ, որ թերթի խմբագրությունը հավատարիմ չի մնացել որդեգրած սկզբունքին: Եվ եթե այդքանից հետո տարընթերցումի, չարամտության ճանապարհն եք բռնել, ապա ձեր իսկ հիշատակած Հիսուսը՝ ամենատես Բարձրյալը, թող ձեր մեղքերին թողություն տա:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Tert.am կայքի խմբագիր Սասուն Խաչատրյանին

2016թ. օգոստոսի 1-ին Ձեր խմբագրած կայքը հրապարակել է երկու հոդված «Սյունյաց երկիր» թերթի 2016թ. հուլիսի 27-ի (N22 (398)) խմբագրականի վերաբերյալ, որի հեղինակն ինքս եմ:

Քանի որ հոդվածագիրն անամոթաբար նենգափոխել է թերթի խմբագրականի ամբողջ բովանդակությունը եւ դիմել ակնհայտ սրբապղծության, ուստի նպատակահարմար եմ գտել պատասխանել նրա հրապարակումներին, թեեւ երեկվա մեր հեռախոսազրույցում հոդվածագիրը հայտարարեց՝ Սասուն Խաչատրյանը կապ չունի այս ամենի հետ, կայքը չունի այդ հրապարակումներին անդրադառնալու կամ պատասխան տպագրելու մտադրություն:

Չնայած դրան եւ ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ով, խնդրում եմ հրապարակել կից ներկայացվող հոդվածը (որպես պատասխան):

Հիշեցնում եմ նաեւ՝ օգոստոսի 2-ին հեղինակի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա մեկ ապացույց անգամ չի բերել, որ իր առաջին հրապարակման վերնագիրը մեր խմբագրականում որեւէ հիմք ունի:

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան
3 օգոստոսի 2016թ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ

03.05.2024 13:51

Կապանի համառոտ ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

03.05.2024 12:44

Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ

03.05.2024 11:25

Արկադիա Ղազարյան. մարզիչը և մանկավարժը

03.05.2024 11:05

ԹՈՒՂԹ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ, ԳՐՎԱԾ ԼԵՆԻՆԳՐԱԴԻՑ

03.05.2024 10:24

Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին

03.05.2024 10:14

Շնորհավորական` Սյունյաց թեմի առաջնորդ տեր Մակար վրդ. Հակոբյանի ձեռնադրման 20-ամյակի առթիվ

02.05.2024 21:19

ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր

02.05.2024 20:01

Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը

02.05.2024 17:58

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

02.05.2024 17:55

Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է. թուրք վերլուծաբան

02.05.2024 17:19

ԿԱՊԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ

02.05.2024 17:13