Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ․ ԱԳՆ

28.07.2023 10:37
702

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳ նախարարի կողմից մամուլի համար արված հայտարարության վերաբերյալ։

ԱՀ ԱԳ նախարարության մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.

«2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով ՌԴ արտաքին գործերի նախարարի կողմից լրատվամիջոցների համար արված մեկնաբանության առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.

Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության երկարամյա միջնորդական ջանքերը, որոնք իրականացվում են ինչպես անհատապես, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Երախտապարտ ենք Ռուսաստանին Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի դադարեցման գործում ունեցած բացառիկ ավանդի և Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության համար։

Ի գիտություն ենք ընդունել, որ հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր գնահատականներն այն քայլերի վերաբերյալ, որոնք խիստ ցանկալի է ձեռնարկել անմիջապես և առանց հապաղելու՝ հօգուտ Արցախի բնակչության՝ սննդամթերքով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման, ինչպես նաև ապահովել էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարումը։

Կասկածի տակ չառնելով Ռուսաստանի ձգտումը օգնել կողմերին՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման, և նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ: Պնդումը, թե անհրաժեշտ է վարել երկխոսություն՝ համաձայնեցնելու միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները, արտացոլում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը և դրանով իսկ խաթարում և արժեզրկում է դրա իմաստը։

Պնդումը, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդիր է, կեղծ խոսույթ է, որն առաջ է քաշվում Ադրբեջանի կողմից՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և հիմնավորելու իր հրաժարումը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որին Ռուսաստանն ինքն է բազմիցս հղումներ կատարել: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումն ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման տրամաբանության շրջանակներում գտնելու փորձերը կտրված են իրականությունից և չեն կարող հանգեցնել արդար, հավասարակշռված և արժանապատիվ խաղաղության։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը բացահայտ կերպով արհամարհում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների իրագործման, միջազգային հումանիտար իրավունքի պահանջների կատարման և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, ցանկացած պնդում, թե Ադրբեջանը հոժար կամքով կպահպանի ինչ-որ մեխանիզմներ, ամբողջությամբ հիմնազուրկ է: Հակամարտության կարգավորման նման տեսլական պարտադրելու փորձերը հղի են աղետալի հետևանքներով։

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե բանակցությունների ամենազգայուն հարցը «եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում և նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրին լիովին համապատասխան», տեղին ենք համարում կրկին հիշեցնել, որ նախքան այդ փաստաթղթի ստորագրումը, Արցախի Հանրապետությունն արդեն ավարտել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու գործընթացը՝ Խորհրդային Միության օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Ավելին, Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես և ցանկացած միջազգային փաստաթուղթ, պետք է առաջնորդվի ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ համընդհանուր նորմերով ու սկզբունքներով։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը պարունակում է նույն սկզբունքներն ու նորմերը, ինչ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը։ Միևնույն ժամանակ, տարբեր իրավական նորմերի հարաբերակցության մեկնաբանումը ենթարկվում է միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի զարգացման ընդհանուր տրամաբանությանը: Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների զանգվածային լուրջ խախտումների և խտրական քաղաքականության դեպքերում ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված անջատման իրավունքը գերակա է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։ Այս բանաձևը, մասնավորապես, նկարագրված է Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը բազմիցս հղում է արել։ Համակարծիք ենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցության վերաբերյալ ռուսական կողմի բազմիցս հնչեցրած մեկնաբանության հետ: Տվյալ մոտեցումն ամրագրված է նաև տարբեր երկրների դատական պրակտիկայում։

Խստորեն հորդորում ենք միջազգային դերակատարներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել բացառապես միջազգային իրավունքի սկզբունքներով և մարդկանց շահերով, ովքեր արդեն շուրջ 8 ամիս է գտնվում են հումանիտար աղետի եզրին և էթնիկ զտումների աճող սպառնալիքի տակ»,-նշված է հաղորդագրության մեջ։

https://artsakhpress.am/

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11