Սուրբ Սարգիս Զորավարի տոնի եւ Տեառնընդառաջի օրհնության ուղերձ

07.02.2017 10:51
1864

Սիրելի եւ բարեպաշտ երիտասա՛րդ սիրահարներ, սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ Սյունյաց Թեմի Տիրախնամ Առաջնորդարանից բերում ենք ձեզ բյուր օրհնություն եւ ամենայն բարյաց մեր բարեմաղթանքները:

Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես սիրահար աղջիկներն ու տղաները, որովհետեւ այդ օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել եւ ուտել` երազում իմանալու համար, թե ով է ապագա հարսնացուն կամ փեսացուն։

Աղը եւ հացը  կապվում են տոնին նախորդող առաջավորաց պահքի հետ, որի շրջանը երբեմն կոչվում է նաեւ աղուհացի օրեր։ 

Սուրբ Սարգիս զորավարի նահատակության տոնը կատարում ենք Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը: Սակայն, սիրելինե՛ր, այս պահքը նրա անունով չէ՛, եւ պահքն էլ նահատակված սրբի համար չե՛նք պահում, այլ` Աստծու: Պետք է ասել, որ ամեն պահք Աստծունն է եւ ո՛չ մարդունը: Պահքն Աստծու համար ենք պահում՝ մեր մեղքերի թողության եւ առաջին սրբերի հնգօրյա պահքին մասնակից լինելու համար, իսկ շաբաթ օրը տոնում ենք Սուրբ Սարգսի տոնը:  Ավարտելով պահքը` սրբերի միջնորդությանն ենք դիմում, որպեսզի նրանց բարեխոսությամբ ընդունվեն մեր պահքն ու աղոթքները: Եվ այդ օրվա վերակացուները եւ տոների տերերը նրանք են, ինչպես նաեւ` պահողներին ու հույսով տոնողներին զորավիգ եղողները, պահապաններն ու բարեխոսները՝ Քրիստոս Աստծու հրամանով:

Այսպիսով՝ երեք պատճառով է պահքը կոչվում սրբերի անունով: Առաջին՝ որ նրանց նահատակության օրն այդ պահքի օրերին է պատահել, երկրորդ՝ նրանց անուններով պահքերն ենք զանազանում, եւ երրորդ՝ նրանց բարեխոսությանն ենք դիմում, որպեսզի ընդունվի մեր պահքը, եւ Ամենաողորմած, Բարեգութ եւ Մարդասերն Աստված, նայելով Իրեն սիրող սրբերի նահատակությանը, նրանց բարեխոսությամբ ընդունի մեր աղաչանքները եւ կատարի մեր խնդրվածքները՝ թողություն շնորհելով մեր բոլոր մեղքերին ու հանցանքներին, եւ Իր սրբերին տոնակից դարձնի բոլոր հավատացյալներին՝ Քրիստոսի հավատով, հույսով ու սիրով:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ` Սուրբ Սարգիս Զորավարի տոնը հռչակվեց իբրեւ երիտասարդների եւ սիրահարների օրհնության օր:

Սիրելի՛ երիտասարդներ, այսօր դուք եռանդով ու սիրով լեցուն եք եւ կանգնած եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին: Հաստատուն քայլերով եւ անսայթաք երթով ընթացեք ձեր կենաց շավիղներով, կյանքի ամբարած  ձեր գիտելիքները եւ հոգեւոր արժեքների ճանաչողությունն առավել զորացրեք ու կյանք դարձրեք` ի սեր ձեր հոգում խնամքով փայփայած բարի իղձերի ու երազների իրականացման:

Մեր աղոթքն է առ Ամենաբարին Աստված, որ Նա օրհնի ձեզ եւ ամենազոր Իր Աջը պահապան ու զորավիգ դարձնի ամենքիդ, որպեսզի զարդարյալ Իր երկնապարգեւ շնորհներով՝ աստվածահաճո ընթացքով, ազնիվ ու առաքինի գործերով, կարողանաք շենացնել մեր Հայրենիքը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ ուրախություն պարգեւեք մեր ժողովրդին: Թող մեր հայրերի սուրբ հավատքի անմար ջահը հարաժամ լուսավորի ձեր կյանքի նոր ուղին եւ առաջնորդի դեպի արդարը, ճշմարիտը եւ բարին:

Տեառնընդառաջի օրհնության  բարեմաղթանք

Սիրելի եւ հավատավո՛ր նորապսակներ,

Սյունյաց Թեմի Տիրախնամ Առաջնորդարանից բերում ենք ձեզ բյուր օրհնություն եւ ամենայն բարյաց մեր բարեմաղթանքները:

Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսությամբ նշվում է քառասուն օրեկան  Մանուկ Փրկչի` մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Տաճար ընծայաբերման տոնը` Տեառնընդառաջը:

Հնում քառասուն թիվը խորհրդավոր ու նախամեծար է եղել: Այս թիվը պատվի արժանացավ նաեւ Տիրոջ կողմից Իր քառասնօրյա գալստյամբ, անապատում քառասնօրյա փորձություններով եւ Հարությունից հետո քառասուն օր աշակերտներին երեւալով:

Երբ լրացան Մարիամի  սրբագործման օրերը, Հովսեփն ու Մարիամը, վերցնելով Մանուկ Հիսուսին, եկան Երուսաղեմ: Երբ նրանք մոտեցան Տաճարին, արդեն մութ էր, եւ Տաճարի արեւելյան դուռը, որ վաղուց ի վեր փակված էր, Տիրոջ մոտենալու պահին ինքնիրեն բացվեց, որով կատարվեց Եզեկիել մարգարեի խոսքը. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այնտեղով: Այն փակ է լինելու, որովհետեւ առաջնորդ Իշխանն է ներսում նստելու՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար: Նա մտնելու է դռան կամարի տակի ճանապարհով եւ նույն ճանապարհով էլ դուրս է գալու» (Եզեկ. ԽԴ 1-3): Այսինքն, ըստ մարգարեության, տաճարի արեւելյան դուռը բացվելու էր միայն Մեր Փրկիչ Տիրոջ`  Հիսուս Քրիստոսի առջեւ, եւ դա այդպես էլ եղավ:

Եվ դռները բացվելուն պես` մեծ դղրդյուն եղավ քաղաքում, որից բնակիչները դուրս վազեցին իրենց տներից, եւ քանի որ արդեն մութ էր, վառվող ջահեր ու ճրագներ ձեռքներին` գնացին Տաճար՝ տեսնելու Տաճար Եկողին եւ, միմյանց ձայն տալով, ասացին. «Տերն անցավ այս դռնով»: Եվ մտնելով Տաճար՝ տեսան Հովսեփին ու Մարիամին՝ Հիսուս Մանկանը գրկում:

Այսօր մենք, Սյունյաց  մեր Թեմում նույն օրինակով ենք կատարում Տիրոջ՝ «Քառասնօրյա տաճար գալստյան» տոնի նախատոնակը: Երեկոյան վառվող ջահերով ենք սկսում խորհրդի կատարումը, որովհետեւ մեր Տերը երեկոյան տաճար եկավ, քանի որ ժամանակը երեկոյան լրացավ, նաեւ Նրա գալուստը դարի երեկոյին եղավ: Նաեւ Տերն է ասում. «Երկրի վրա կրակ գցելու եկա» (Ղուկ. ԺԲ 49), որը բորբոքվեց շատերի մեջ Քրիստոսի սիրո համար:

Քրիստոս  Օրենքի ու մարգարեների լրումն է: Առաքյալը վկայում է, որ Օրենքը դաստիարակ էր ու սնուցիչ, սակայն այն անկարող էր մարդկանց արդարացնել ու փրկել (Գաղ. 3; 24), ինչպես նաեւ ծանր էր, եւ մարդիկ չէին կարողանում այն կատարել: Եվ երբ մանկությունն անցավ, եւ եկավ կատարյալ հոգեւոր հասակը, Աստծու Որդին եկավ աշխարհ եւ մտավ Օրենքի տակ, որպեսզի գնի ու ազատի նրանց, ովքեր Օրենքի տակ էին եւ ազատելով Օրենքի տկարությունից՝ տվեց կարող ու կատարյալ հավատ, որպեսզի հավատով արդարանանք, ինչպես ասում է առաքյալը (Գաղ. Գ 8):

Ս. Գիրքը վկայում է, որ տղամարդը եւ կինը պետք է ընկերակից, օգնական  ու լծակից լինեն  միմյանց` դառնալով մեկ մարմին: Արարիչն Աստված օրհնեց նախաստեղծ ու մարդկության նախածնող զույգին, որով օրհնվեց ողջ մարդկությունը եւ ամեն մի զույգ. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան»: 

Ի հաստատումն աստվածաշունչ այդ վկայության`  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Տեառնընդառաջը հռչակվեց նորապսակների օրհնության օր: Փետրվարի 14-ին` Տեռանընդառաջի տոնական Սուրբ եւ Անմահ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը: 

Հիշեցե՛ք միայն, սերը չի՛ վաճառվում, քանզի Աստված Սե՛ր է:

Առ Ամենակալն Աստված աղոթքով մաղթում  ենք, որ Երկնային Տերը օրհնի ամուսնական պսակները հանուր Սյունյաց Թեմում` անարատ պահելով նրանց, շնորհելով աստվածային սեր, խաղաղություն, որդեծնություն, որպեսզի նորապսակ զույգերի քրիստոնյա հետնորդները անդորրի եւ աստվածհաճության մեջ բնակվեն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից: Ամեն

Սիրով եւ օրհնությամբ`
Տ. Մակար վրդ. Հակոբյան
Տիրախնամ  Սյունյաց  Թեմի Առաջնորդական տեղապահ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03