Սուրեն Աբրահամյան. «Այսօր իմ հոգսն իմ ընտանիքի բարօրությունն է, մտահոգությունս՝ ազգիս վիճակը»

12.01.2017 08:11
1917

Հունվարի 14-ին լրանում է պետական ու քաղաքական գործիչ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանի ծննդյան 70-ամյակը, ով, տարբեր բարձր պաշտոններ զբաղեցնելով, եղել է նաեւ նորակազմ Սյունիքի մարզի առաջին մարզպետը:

Ծնվել է 1947թ. Երեւանում՝ ծառայողի ընտանիքում, սովորել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ծառայել խորհրդային բանակում: 1979թ. ավարտել է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ակադեմիան, որից հետո աշխատել այդ համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 1995-1996թթ. եղել է Սյունիքի հարցերով ՀՀ պետնախարարի աշխատակազմի ղեկավար, տարածաշրջանի ուժային ու պաշտպանական կառույցների համակարգող, 1996-1998թթ.՝ Սյունիքի մարզպետ, 1998թ. մայիսից 1999թ. հունիս՝ Երեւանի քաղաքապետ, 1999թ. հունիսից հոկտեմբեր՝ ՀՀ ՆԳ նախարար: 1993 թվականին ստացել է միլիցիայի գեներալ-մայորի կոչում: 1995թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, 1998թ.՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եւ պաշտոնավարել մինչեւ 2002թ.: 2003 թվականից «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է:

Եվ, այնուհանդերձ, նրա կյանքի կարեւորագույն շրջաններից մեկը կապված է Սյունիքի հետ, ուստի 70-ամյակի կապակցությամբ փորձեցինք հետադարձ հայացք ձգել նրա ապրած կյանքին, գործունեությանն ու առհասարակ մեր ներկա ընթացքի հանդեպ ունեցած նրա վերաբերմունքին ու աշխարհայացքին:


- Պարո՛ն Աբրահամյան, մեկ-երկու նախադասությամբ ներկայացրեք մինչ Սյունիք գալը Ձեր կյանքի նշանակալից իրադարձությունները:

- Տարիների հեռվից եթե գնահատական տամ, այնքան վայրիվերումներն ու ալեբախությունները մի կողմ դնելով՝ պետք է արձանագրեմ, որ մինչ Սյունիք գալը երեւի թե իմ կյանքի ամենանշանակալից իրադարձությունն ընտանիք կազմելն էր: Եթե համառոտ բնութագրեմ այդ շրջանը, կասեմ՝ խորհրդային շրջանի միջին եւ դրանից բարձր խավի չինովնիկի նորմալ կյանք եմ ունեցել:   

- Ձեր մուտքը Սյունիք: 

- 1988թ. սկսված ազգային-ազատագրական շարժման թոհուբոհի մեջ էի, երբ 1992թ. սկսվեցին հայ-ադրբեջանական հակամարտության լայնամասշտաբ գործողությունները, այն ժամանակվա Սյունիքի գծով ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանի հետ 1993-ին եկա Սյունիք՝ որպես նրա աշխատակազմի անդամ, այնուհետեւ՝ ղեկավար: Սկիզբ դրվեց Սյունիք-Զանգեզուր պետական ծրագրի մշակմանը, որի առաքելության մասին մինչեւ հիմա էլ շատ մանրամասներ չեն բացահայտվում, բայց գլխավոր նպատակը Սյունիքը հզորացնելն էր, որ ամուր թիկունք պետք է լիներ Ղարաբաղի համար: Տնտեսական ծանր կացությունը, պետական կառավարման համակարգի ստեղծումը, կարգ ու կանոնի հաստատման անհրաժեշտությունն անբնական, խառնաշփոթ իրավիճակ էին ստեղծել ամբողջ հանրապետությունում. ինչպես ասում են, ով թվանք ուներ, նա էր ուժեղ: Սյունիք գալով՝ սկսեցինք օրենքի սահմաններում կարգ ու կանոն հաստատել, պետական կառույցներ ստեղծել, բանակաշինությամբ զբաղվել, որոշակի հաղթանակներ արձանագրել եւ այլն:

Մեր նստավայրը Գորիսում էր, կեցության վայրը՝ Սդղի գյոլում՝ պայմանավորված տարածքի աշխարհագրական դիրքով (Ղարաբաղ տանող ճանապարհին էր): Իհարկե, նստավայրի ընտրության հարցը քննարկման առարկա էր դարձել նաեւ մարզպետարանների ձեւավորումից հետո. ոմանց կարծիքով՝ ժամանակավոր մարզկենտրոնը պետք է Գորիսում լիներ, իսկ կայունությունից հետո՝ Կապանում, քանի որ Կապանն իր տնտեսությամբ, ունեցած ներուժով ոչ միայն Սյունիքում, այլեւ հանրապետությունում կարեւոր նշանակություն ուներ եւ ունի:

- 1996թ. փետրվարի 19-ին հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվեցիք նորակազմ մարզի՝ Սյունիքի մարզպետ: Երեւի թե Ձեր կյանքի ամենապատասխանատու շրջաններից մեկն էր: 

- Սյունիքը, ի տարբերություն մյուս մարզերի, Ղարաբաղի հետ համահավասար մասնակցել է պատերազմական գործողություններին, հատկապես Կապանն ու Գորիսն արկերի, պայթյունների տակ էին հայտնվել: Բնականաբար, առաջնային խնդիրը պատերազմի հետեւանքները քիչ թե շատ վերացնելն էր, մարդկանց շրջանում հավատի, վստահության մթնոլորտի ստեղծումը. ժողովուրդը պետք է հասկանար իր տարած հաղթանակի ու անկախության գինը: Երկրորդ խնդիրը կառավարման համակարգի ստեղծումն ապահովելն էր. անհրաժեշտ էր տեղակայված ստորաբաժանումների աշխատանքները համակարգել, կարգապահություն հաստատել: Երրորդ խնդիրը զուտ աշխարհաքաղաքական, մենթալիտետային էր. գորիսեցին չէր սիրում կապանցուն եւ հակառակը, սիսիանցին՝ գորիսեցուն եւ այդպես շարունակ: Մի խոսքով՝ չափազանց պատասխանատու պաշտոն էին ինձ վստահել, մանավանդ այն դեպքում, երբ մարզպետական ինստիտուտը դեռեւս նոր էր ձեւավորվում, եւ այնտեղ բազում խնդիրներ կային: Եվ այնուամենայնիվ, անկախ բոլոր դժվարություններից, բնակչության խառնվածքի տարբերություններից, ես այդ լեռնցի ժողովրդին սիրեցի ու նվիրվեցի: 

- Որո՞նք էին պաշտոնը ստանձնելիս Ձեր առջեւ ծառացած առաջնային խնդիրները. չէ՞ որ մարզպետական ինստիտուտը նոր էր ձեւավորվում: 

- Խոստովանեմ, որ բավականին ծանր ու դժվար աշխատանք էր, ինձ կառավարությունից մեկ թուղթ էին տվել, որ ես Սյունիքի մարզպետն եմ եւ գործուղել Կապան, ո՛չ նստավայր, ո՛չ աշխատատեղ, ո՛չ ֆինանսական հնարավորություններ: Բախտս բերեց նրանով, որ մինչ այդ աշխատել էի մարզում եւ ամբողջությամբ տեղյակ էի այնտեղ տիրող իրավիճակին: Չափազանց կարեւոր էր նաեւ լավ աշխատակազմ ձեւավորելը՝ խելամիտ նշանակումներ անելով. տեղակալ նշանակեցի Դավիթ Մաթեւոսյանին, իսկ աշխատակազմի քարտուղար՝ Սուսաննա Սարգսյանին, կադրերի համահավասար տեղաբաշխումներ կատարեցի եւ այլն: Մի խոսքով՝ աշխատակազմում ներգրավեցի մարդկանց, ովքեր գիտակցում էին մարզի համաչափ զարգացման անհրաժեշտությունը: Իմ ամենաառաջնային խնդիրը բնակչությանը մարզպետարանի տեղը ցույց տալն էր, իսկ կառույցի հանդեպ հավատը պայմանավորվում է նախեւառաջ մարզպետի կերպարով, եւ մենք մեր տեղը ցույց տալու հարցը շատ շուտ լուծեցինք: 

- Թվարկեք, խնդրեմ, մարզում կատարված այն կարեւոր իրադարձությունները, որոնք նշանակալից են Ձեզ համար:

- Անկեղծ ասած ոչ մի պարագայում չեմ սիրել կուրծք ծեծել, իմ գործն եմ արել. ինչո՞ւ եմ դա ասում, որովհետեւ յուրաքանչյուր ղեկավար իր գործունեությամբ նախեւառաջ բնակչության կենսամակարդակը պետք է բարձրացնի, նրանց ժպիտ պարգեւի մանավանդ հետպատերազմական շրջանում եւ դրանից հետո: Եվ զզվելի է այն չինովնիկը կամ մեծահարուստը, ով որեւէ աշխատանք իրականացնում է հանրությանն ի ցույց դնելու համար:

Իհարկե, շատ աշխատանքներ են իրականացվել մարզում իմ պաշտոնավարման ընթացքում, բայց կկարեւորեմ հատկապես Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթի վերանորոգումը, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հիմնարկեքը… Այսօրվա պես հիշում եմ այն ոգեւորությունը, երբ 100 տարվա ընդմիջումից հետո Կապանում ոտք դրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը՝ մասնակցելու Կապանի եկեղեցու հիմնարկեքին:     

- Կապանի մարզադաշտի սեփականաշնորհման հետ կապված երբեմն նաեւ Ձեզ են մեղադրում:

- Սուրեն Աբրահամյանը Կապանի մարզադաշտի սեփականաշնորհման հետ որեւէ առնչություն չունի, այդ գործընթացն իմ՝ մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո է եղել: Ավելին ասեմ՝ մարզպետ նշանակվելուց հետո Գորիսի, Սիսիանի, Կապանի մարզադաշտերում հնարավորության սահմաններում վերանորոգման աշխատանքներ կատարեցի, այնտեղ արդեն խաղեր էին անցկացվում: Նույնիսկ Կապանի մարզադաշտում անցկացրինք մշակութային եւ ռազմամարզական խաղերի հայտնի փառատոնը, որ մի հրաշալի իրադարձություն էր: 

- Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած հարաբերությունների մասին…

- Բացառիկ ջերմ, մտերմիկ հարաբերություններ ենք ունեցել Սպարապետի հետ: Փոխադարձաբար իրարից սովորել, իրար հետ վիճել, անքուն եւ ծանր գիշերներ անցկացրել… Շնորհակալ եմ Աստծուն, նախախնամությանը, ճակատագրիս. մխիթարվում եմ, որ նման հզոր, փայլուն եւ առաքինի անձնավորության հետ եմ աշխատել, բարեկամացել: Համոզված եմ՝ հարյուր տարին մեկ են նման անհատականություններ ծնվում, մեկ մարմնի մեջ այդքա՜ն էներգիա, սեր, նվիրում հայրենիքի հանդեպ: Նա բնության մի փոքրիկ պատառն է, որոնց շնորհիվ են միայն ու միայն կերտվում հաղթանակները. դասական գեներալով, զինվորականով նման հաղթանակ չես կարող կերտել: Սպարապետ Վազգեն Սարգսյանը դարձավ մեր ազգի հավաքական կերպարը:

- Համառոտ ներկայացրեք «Սյունիք-Զանգեզուր» պետական ծրագրի մասին:   

- «Սյունիք-Զանգեզուր» ծրագրի շուրջ աշխատում էին Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտներ, համապատասխան գերատեսչություններ: Իրականում այն բավականին լուրջ նախաձեռնություն էր, որին Սյունիքի գծով պետնախարար Վազգեն Սարգսյանը մեծ նշանակություն էր տալիս: Առհասարակ այն ժամանակ Հայաստանի զարգացման գլխավոր ուղղություններն էին գյուղատնտեսությունը, լեռնամետալուրգիան, որի հիմքը Սյունիքում պետք է դրվեր, եւ քաղաքաշինությունը՝ հիմնականում Երեւանում: Բնականաբար, ծրագրում հանքարդյունաբերության զարգացման համար առանձին բաժին կար: Այդ նպատակով Քաջարանի կոմբինատի ղեկավար Ռոման Նավասարդյանի մտահղացմամբ մոտ 450 մլն դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում բանակցություններ էինք սկսել շահագրգիռ անձանց հետ. Ֆերրոմոլիբդենի կոմբինատ պետք է բացվեր, որ գերշահույթով աշխատող ձեռնարկություն կլիներ: Բիզնես պլան կազմվեց, առաջին տրանշը փոխանցվեց՝ 25 մլն դոլար, բայց ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված՝ հետագայում խափանվեց այդ ծրագիրը: Իրականում այն բավականին լուրջ առաջընթաց կապահովեր մարզում, նախատեսվում էր 21 օժանդակ ձեռնարկություն ստեղծել՝ ներառելով դրանք մարզի տարբեր բնակավայրերում, ապահովելով համաչափ զարգացումը: Դա երազ չէր, բարի ցանկություն չէր, այլ իրական ծրագիր, որն այդպես էլ մնաց թղթին:

- Նշեցիք, որ սյունեցիներին սիրեցիք եւ ամբողջովին նվիրվեցիք նրանց ու այնուամենայնիվ,  բնութագրեք Ձեր վերաբերմունքը նրանց հանդեպ:

- Գիտեք՝ այս մարզի համայնքների բնակիչները մեկը մյուսից տարբերվում են թե՛ մտածելակերպով, թե՛ կենցաղով, թե՛ հոգեբանությամբ: Սիսիանցիներն իրենց լեռների պես պինդ են, նրանք ոչ մի հարցի իմիջիայլոց չեն վերաբերվում, Գորիսը, ինչպես միշտ եմ ասել, Հայաստանի Չեչնիան է, գորիսեցիները հանդուգն են, իրենց ասածի տերը, չնայած վերջին ժամանակներս կարծեք խեղճացել են (սա կարող է եւ իմ սուբյեկտիվ կարծիքն է), կապանցին առանձնանում է կայացած քաղաքացու կերպարով, մեղրեցին՝ իր մեղմաբարո բնավորությամբ, ինտելեկտով, կուլտուրայով, քաջարանցին, որ ի տարբերություն մյուսների, սոցիալական վիճակով ավելի ապահով վիճակում է, աշխատասեր է, իր եկամուտի տերը: Անկեղծ եմ ասում՝ բոլորի հետ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, առաջնորդվել միայն պետական շահով, փորձել հնարավորության սահմաններում թեթեւացնել նրանց հոգսը: Սյունիքում աշխատելուս տարիներին ոչ մի բանի վրա աչք չեմ դրել, դիմացել բոլոր գայթակղություններին (խմբ՝ ժպտում է):

- Դուք նույնպես կարծո՞ւմ եք, որ Սյունիքի հանդեպ պետական առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերվի: 

- Ես ոչ միայն կարծում եմ, այլեւ համոզված եմ՝ Սյունիքի հանդեպ պետական առանձնահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի, եւ դա ժամանակին գիտակցել են շատ քաղաքական այրեր: Նույնիսկ այն կարծիքին եմ, որ Սյունիքի մարզպետին փոխվարչապետի կարգավիճակ պետք է շնորհեն, որով կկարեւորվի մարզի նշանակությունը: Աստված մի արասցե, պատերազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման դեպքում Սյունիքը, բացի իրեն պաշտպանելուց, նաեւ Ղարաբաղին թիկունք պետք է լինի: Ավելին ասեմ՝ այստեղ պատահական նշանակումներ չպետք է լինեն, այլ ղեկավար պետք է նշանակվի պետական մտածելակերպով, լայն մտահորիզոնով օժտված անկեղծ հայրենասերը:

- Երբեմն հանրության շրջանում հաճախ ենք լսում, որ ասում են՝ Սյունիքի մարզպետ պետք է նշանակեն միայն ծագումով սյունեցու. արդյո՞ք դա արդյունավետ կառավարման համար կարեւոր նախապայման է:

- Համենայն դեպս պետական մտածողության առումով դա չափանիշ չէ, մոտեցում չէ: Քարանձավային հայրենասիրությունն ինձ համար անընդունելի է: Որպես առաջին մարզպետ եւ ծագումով ոչ սյունեցի՝ վստահաբար կարող եմ ասել, որ ինձ համար ամենամեծ չափանիշը մարդու կերպարի, նրա աշխատանքի գնահատման առումով հասարակական կարծիքն ու ժողովրդի վերաբերմունքն են, իսկ Սյունիքում ինձ ու իմ գործելակերպն ընդունեցին: Իհարկե, կան հակասական կարծիքներ, բայց ես բոլոր հարցերի պատասխաններն ունեմ:   

- Սյունիքի մարզպետի պաշտոնից հետո նշանակվեցիք Երեւանի քաղաքապետ, ներքին գործերի նախարար…

- Երեւի թե երբեւիցե իմ զբաղեցրած պաշտոններից ամենածանրը Երեւանի քաղաքապետ լինելն էր: Հանրապետության՝ տարբեր առումներով պոտենցիալի կեսից ավելին այստեղ էր կենտրոնացել, բայց քաղաքապետը շատ լիազորություններ չուներ, իսկ քաղաքապետարանի բյուջեն սուղ էր: Հոգսերը շատ էին, բայց հավատը, ոգեւորությունն էին մեծ: Այն ժամանակվա ղեկավարության աջակցությամբ շատ խնդիրներ լուծեցինք. յուրահատուկ սիրեցի Երեւանը եւ սրտանց նվիրվեցի այդ աշխատանքին՝ ձեւավորելով լավ կոլեկտիվ ու աշխատելաոճ:

Այնուհետեւ նշանակեցին ներքին գործերի նախարար. ի դեպ, այդ պաշտոնը ստանձնելու առաջարկությունը մինչ այդ մի քանի անգամ մերժել էի:

- Կարծեմ թե վերոնշյալ պաշտոնում կարճ աշխատեցիք:

- Ընդամենը երեք ամիս. 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած այդ չարաբաստիկ դեպքերը ոչ միայն երկրի, այլեւ իմ կյանքում շրջադարձային եղան: Անմիջապես հրաժարական տվեցի, որովհետեւ երկիրը գոյատեւում է ոչ միայն օրենքներով, այլեւ համակեցության կանոններով ու բարոյական նորմերով, որոնցով էլ ամրապնդվում է երկրի հիմքը: Պաշտոնը միայն վայելելու համար չէ, այն նախեւառաջ բարոյական պատասխանատվություն է, այնուհետեւ՝ իրավական: Իմ անձնական որոշմամբ հրաժարվեցի ներքին գործերի նախարարի պաշտոնից, որ շատ ճիշտ քայլ էր:

- Քաղաքական ասպարեզից դուրս նաեւ զբաղեցրել եք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:

- Մարզաձեւերից հատկապես ֆուտբոլ շատ եմ սիրել եւ պատանեկան տարբեր թիմերում մարզվել: Հիշում եմ՝ պատերազմի տարիներին Վազգեն Սարգսյանի հետ ազատ ժամանակ ֆուտբոլ էինք խաղում: Երբ դեռ Սյունիքում էի, նա ինձ առաջարկեց ստանձնել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, բայց այն ժամանակ նպատակահարմար չէր, իսկ Երեւանի քաղաքապետ նշանակվելուց հետո համաձայնեցի: Հայաստանում ֆուտբոլի վիճակն այնքան էլ ոգեւորիչ չէր. նորմալ մարզադաշտ չունեինք, համակարգը ձեւավորված չէր, ֆինանսական միջոցներ չկային… Հանրապետական մարզադաշտում հիմքային աշխատանքներ կատարեցինք տարբեր մարդկանց օժանդակությամբ, որովհետեւ պետական միջոցներ չկային: Հիշում եմ՝ ես ու Վազգենը կանգնել էինք մարզադաշտի վերեւում, ասաց՝ պետք է սարքենք այն, ասացի՝ բայց միջոցներ չկան, ասաց՝ թիկունք թիկունքի տալով կանենք: Լավից-վատից վերանորոգեցինք մարզադաշտը, եւ իմ որոշմամբ այն կոչվեց Վազգեն Սարգսյանի անվամբ: Գյումրու մարզադաշտը եւս վերանորոգեցինք, եւ այն հանրապետությունում առաջինը ճանաչվեց ՈւԵՖԱ-ի պահանջներին համապատասխան: Մի խոսքով՝ չորս տարի ղեկավարելով ֆեդերացիան՝ հնարավորության սահմաններում համակարգում բավականաչափ աշխատանքներ իրականացրի: 

- Ձեր կյանքի ո՞ր շրջանի համար եք զղջացել:

- Անկեղծ ասած կյանքիս քաղաքական եւ ոչ մի շրջանի համար երբեք չեմ զղջացել: Միգուցե կենցաղային մանր-մունր հարցեր կային, որոնց համար ափսոսացել եմ: Չեմ ափսոսում, որ չունեմ գործարան, ֆաբրիկա, սեփականություն… Սյունիքից հեռանալիս ասացի՝ այստեղից ես միայն ձեր բոլորի սերն եմ տանում:

- Ամենաերջանիկ պահը:

- Երջանիկ պահեր՝ անթիվ-անհամար… Մեր փառահեղ հաղթանակները, զինակից ընկերներիս հաջողությունները, կաթողիկոսի ընդունելությունը, սյունյաց փառատոնը, ֆուտբոլի աշխարհի մեծերի հետ հանդիպումները եւ այլն, եւ այլն: Բայց ամենացնցողը, խելագարության աստիճանի հասնող ուրախության զգացումը հաղթանակի կերտման ճանապարհին ես ապրում: 

- Ի՞նչն է ամենաշատը Ձեզ հիասթափեցնում, մտահոգում:

- Ափսոսանքը, հիասթափությունն ու մտահոգությունը չգիտեմ՝ որքանով են համահունչ կամ տեղին այս պարագայում, բայց սիրտս պայթում է օրեցօր դատարկվող գյուղերը տեսնելով. այսպիսի հաղթանակ պատմական եւ ոչ մի ժամանակաշրջանում կարելի է ասել չենք ունեցել, բայց այսօր դրա պտուղները կարծեք չենք կարողանում վայելել: Ազատագրված տարածքները դեռեւս շարունակում են դատարկ մնալ, հարկավոր է ծրագիր մշակել դրանք բնակեցնելու համար նաեւ ներգաղթի միջոցով: Արտագաղթի ծավալների մեծացումն է մտահոգում, կրթության, մշակույթի հանդեպ ունեցած անտարբերությունը. չէ՞ որ հային այսքան դարեր հայ է պահել նախեւառաջ իր գրագիտությունը: Ցավոք, այսօր շատ հաճախ «մշակութային երեւույթ» է համարվում որեւէ օլիգարխի զավակի ճոխ հարսանիքը: Մեզանում գրագիտությունը գլուխ է խոնարհում տգիտության առջեւ, ե՞րբ պետք է վերջ դրվի այս տգիտության խրախճանքին եւ կարեւորվի աշխատավոր հայի կերպարը, օրվա հերոս դառնան հայ զինվորը, հայ սպան… Չեմ ուզում տեսնել  որոշ պետական, քաղաքական այրերի լկտի, սանձարձակ պահվածքը, երիտասարդ ու խելացի սերուցքի արտագաղթը, լսել սահմանի զոհերի մասին. պետական մտածողությամբ մարդիկ պետք է շատանան, կրթությունը, գիտությունն ու մշակույթն առաջնային համարվեն:

- Ի՞նչ նշանաբանով եք առաջնորդվել ողջ կյանքի ընթացքում, եթե իհարկե այդպիսին առանձնացրել եք:

- Ինձ համար մշտապես շատ կարեւոր է եղել եւ կա չափի ու տակտի զգացողությունը, սիրում եմ գեղեցիկը, ներդաշնակը: Ով ուզում է լինի՝ իշխանավոր, թե շարքային քաղաքացի, չափի զգացումը երբեք չպետք է կորցնի. չէ՞ որ դրանից հարյուրավորները կարող են տուժել:

- Պատկառելի տարիքի շեմին եք հասել: Ձեր կյանքում կարո՞ղ եք առանձնացնել մեկին կամ մի քանիսին, որոնց ցանկացել եք ընդօրինակել, որոնցից սովորել եք:

- Շատերից եմ օրինակ վերցրել, շատերին երկրպագել եւ հավատացել, բայց վերջերս գտել եմ մեկին, ում ուղղակի պաշտում եմ, ով կարող է ձայնը բարձրացնել ինձ վրա, դիտողություն անել: Նրա անունն էլ է Սուրեն, պարզապես հայրանունն է տարբեր (խմբ.՝ ժպտում է, կարծում ենք՝ հասկացաք՝ խոսքն ում մասին է): 

- Քաղաքական այդ թոհուբոհի մեջ հասցնո՞ւմ էիք ընթերցել:

- Հատկապես ուսանելու տարիներին անչափ շատ եմ կարդացել թե՛ հայ, թե՛ ռուս գրականություն: Իմ աշխարհայացքի ձեւավորման գործում հավասարապես ազդեցություն են ունեցել հայ եւ ռուս դասական գրողները: Մի ժամանակ որ հարցնում էին՝ ո՞րն է ամենասիրելի գիրքդ, պատասխանում էի՝ Վոյնիչի «Բոռ»-ը: Երիտասարդ տարիներին նախընտրում էի պատմական թեմաներով գրքեր ընթերցել, ավելի հասուն տարիքում ճաշակս փոխվել է. Միխայիլ Բուլգակով, Հրանտ Մաթեւոսյան ինչքան ընթերցում, այնքան նորություն ես գտնում: Ներկայումս այդքան շատ չեմ ընթերցում գեղարվեստական գրականություն, հիմնականում լրատվական դաշտին եմ հետեւում: 

- Ապագայի տեսլական ունե՞ք:

- Ես շատ լավատես եմ, համոզված եմ՝ երբեւիցե խելքի կգանք, կշտկվենք, արդարության զգացումը կվերականգնենք, կզգանք այս հող ու ջրի իսկական արժեքը: Այնպիսի կյանք եմ ապրել, որ ինձ ոչնչով չեն զարմացնի, այսօր իմ հոգսն իմ ընտանիքի բարօրությունն է, մտահոգությունս՝ ազգիս վիճակը: Բայց համոզված եմ, ինչպես ռուսն է ասում` И это переживем: 

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57

Խոսք հիշատակի

24.12.2024 10:29