Սվետլանա Նահապետյանը 80 տարեկան է. շնորհավորում ենք

01.11.2024 10:50
1653

Հին իմաստուններն են սաղմոսել՝ «անունն ավելի ընտիր է շատ հարստություններից. արծաթից ու ոսկիից շնորհն է լավ»։ Իսկ մեր ժողովուրդը կրթության ոլորտի նվիրյալին կամ մշակին «Ուսուցիչ» բարձր կոչումն է շնորհել...

Այդ բնութագրումները, առանց վերապահումի, կարող ենք վերագրել Կապանում ճանաչված մանկավարժ, դաշնակահար Սվետլանա Նահապետյանին։

Ծնվել է 1944 թ. նոյեմբերի 1-ին Կապան քաղաքում:

Նախնիները հայոց հինավուրց մայրաքաղաք Անիից էին, ովքեր թուրքական յաթաղանից մազապուրծ հանգրվանել էին Ռուսաստանի Ռոստով քաղաքում: Հայրը՝ Բարսեղ Նահապետյանը, հետևելով նախնիների ոգու կանչին, եկել և ուսանել է Երևանում, այնուհետև գործուղվել Կապան, աշխատել ռուսաց լեզվի ուսուցիչ։ Այստեղ էլ հանդիպել է մանկավարժ Թամարա Աղաջանյանին, ընտանիք կազմել:

Նրանց դուստրն է մեր հոբելյարը՝ Սվետլանա Նահապետյանը: Ընտանեկան միջավայրը, որտեղ անցել է նրա մանկությունը, մեծ ազդեցություն է ունեցել աղջնակի մասնագիտական կողմնորոշման և կյանքի հետագա ճանապարհի ընտրության հարցում։ Հայրը քսան տարուց ավելի Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրենն էր, մայրը՝ Թամարա Աղաջանյանը՝ թիվ 2 միջնակարգ դպրոցի երկարամյա ուսմասվարը, ով վաստակաշատ ու հարգված մանկավարժ էր, Կապանի պատվավոր քաղաքացի:

Սովորել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում, միևնույն ժամանակ՝ Կապանի նորաբաց երաժշտական դպրոցում:

Միջնակարգն ու երաժշտական դպրոցն ավարտելուց հետո գնացել է իր նախասիրությունների հետքերով և սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որն ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր Կապան ու աշխատանքի անցել քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի դասատու:

Այնուհետև աշխատանքը շարունակել է Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում:

Այդ ընթացքում սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որի դաշնամուրի բաժինն ավարտելուց հետո վերադարձել է Կապան ու շարունակել աշխատել հարազատ կրթօջախում, ինչպես և (համատեղությամբ) Կապանի երաժշտական ուսումնարանում:

Միշտ էլ աշխատել է անսահման նվիրումով, ինչի մասին վկայում են բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերը՝ տրված պետական և հասարակական մարմինների կողմից։ Դրանց մեջ ուշագրավ է հատկապես «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը՝ տրված ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ գեղարվեստական կրթության բնագավառում ունեցած երկարամյա վաստակի համար՝ Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի 60-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ամեն մի սերմնացանի աշխատանքի արդյունք (սովորաբար) չափվում է հունձքի առատությամբ։ Այս դեպքում կարող ենք փաստել՝ մանկավարժ, դաշնակահար Սվետլանա Նահապետյանի հունձքն իսկապես առատ է եղել, որի վկայությունը նրա բազմաթիվ սաներն են, ովքեր հասել են մասնագիտական հաջողությունների և իրենց տեղը զբաղեցրել մեր երաժշտական արվեստում։

Սվետլանա Նահապետյանն իր մասնագիտության մեջ իսկական պրոֆեսիոնալ է։ Հենց այդ որակի ու կատարողական վարպետության և մանկավարժական հմտությունների շնորհիվ է, որ քանիցս, իր սաների հետ միասին, մասնակցել է մրցույթ-փառատոների, համերգներով հանդես եկել Մոսկվայում, Տալլինում, Լենինգրադում, Երևանում, Թբիլիսիում...

Եվ այդ ամենին միշտ էլ հաջողությամբ է մասնակցել, բարձր արդյունքներ արձանագրել, որի մասին դրվատալից անդրադարձներ է եղել ժամանակի մամուլում։

Գնահատելի է նաև նրա մարդկային կերպարը՝ հեզաբարո անձնավորություն, գործընկերների, սաների համաքաղաքացիների հանդեպ ուշադիր, իր բնօրրան Կապանի հաջողություններով մշտապես ուրախացող։

Սվետլանա Նահապետյանը Վասիլի Նուրիջանյանի հետ գեղեցիկ ընտանիք է կազմել, ունեցել են երեք զավակ, ովքեր էլ հանրության համար օրինակելի մարդիկ են դարձել։

Տասը տարուց ավելի է՝ անցել է վաստակած հանգստի։ Սակայն շարունակում է հետևել իր գործընկերների, սաների աշխատանքին, ոգևորվում նրանց հաջողություններով, մտահոգվում ծագող խնդիրներով, հարկ եղած դեպքում էլ նրանց փոխանցում տասնամյակների իր փորձն ու գիտելիքները։

Սվետլանա Նահապետյանի մասին մինչև հիմա էլ սիրով ու պատկառանքով են արտահայտվում նրա սաները, որը, հոբելյարի կարծիքով, իր գործունեության ամենամեծ գնահատականն է։

Նրա սաներից մեկի՝ Լիաննա Ստեփանյանի գնահատանքը՝ ստորև. «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում թանկագին ուսուցչուհուս՝ 80-ամյակի առթիվ: Իմ առջև են բազմաթիվ լուսանկարներ, որ ջերմությամբ են համակում ինձ ու հիշեցնում այն մենահամերգները, որ կայացան Սվետլանա Նահապետյանի ուղղորդմամբ: Հիշում եմ ծրագրերը, որոնք հաղթահարել եմ նրա՝ պրոֆեսիոնալ մանկավարժի գործունեության շնորհիվ՝ թե՛ երաժշտական դպրոցում, թե՛ երաժշտական ուսումնարանում: Նրա հավասարակշիռ վարվելակերպը, խորհուրդներն ու հոգատար վերաբերմունքը բարերար ազդեցություն ունեցան իմ կերպարի՝ որպես դաշնակահարուհու և մանկավարժի, ձևավորման ու կայացման գործում: Անչափ երախտապարտ եմ նրան»:

Շնորհավորում ենք տիկին Սվետլանա Նահապետյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, նրան մաղթում քաջառողջություն և ընտանեկան երջանկություն։

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

Ադրբեջանցիների թափանցման փորձ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը

06.09.2026 18:08

«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար

06.09.2026 18:03

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կիև՝ Զելենսկու հետ բանակցությունների համար

06.09.2026 15:47

Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո

06.09.2026 15:42

Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազն «իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»

06.09.2026 11:21

Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. լուսանկարներ

05.09.2026 21:31

Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի

05.09.2026 12:59

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով

04.09.2026 19:35

Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ ՀՀ-ն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

04.09.2026 19:31

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

03.09.2026 19:15

Արդեն 3-րդ դատավորը չի ցանկանում քննել վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործը»

03.09.2026 19:03

Սյունիքում քարաթափում է տեղի ունեցել

03.09.2026 17:47