Մեծագույն բերկրությամբ և հիացմունքով ենք ներկայացնում Սյունյաց աշխարհի գեղանկարիչների առաջապահ փաղանգը, որի ներկայացուցիչների արվեստն այսօր էլ յուրօրինակ շունչ ու ոգի է տալիս մեր ոչ դյուրին ընթացքին։
Նրանցից յուրաքանչյուրի արվեստին անդրադառնալուց առաջ կարևոր համարեցինք ընդհանուր պատկերացում տալ գեղանկարչության ու հատկապես հայկական գեղանկարչության մասին։
Եվ երբ ծանոթանում ենք հայկական գեղանկարչությանը՝ տեսնում ենք՝ արվեստի այդ ոլորտի սկզբնավորման բնօրրաններից է նաև Սյունյաց աշխարհը։
Ասվածի լավագույն վկայությունն են Ուխտասարի ժայռապատկերները, երկրամասի տարբեր հատվածներում գտնված գունազարդ խեցեղենը՝ երկրաչափական, բուսական, կենդանական զարդամոտիվներով։
Գեղանկարչությունը մեզանում (ինչպես ամբողջ Հայաստանում) գաղափարական նոր բովանդակություն և ձև ստացավ քրիստոնեության պաշտոնամուտից հետո։ Եկեղեցին իր պահանջները դրեց նկարիչ–կատարողների առջև, որն արտացոլվեց հատկապես որմնանկարչության մեջ, ինչի հրաշալի օրինակներին հանդիպում ենք Սյունիքի եկեղեցիներում։
Սյունյաց աշխարհը բնօրրան եղավ նաև գեղանկարչության մեկ այլ ոլորտի՝ մանրանկարչության համար, ինչին հանգամանալից անդրադարձել ենք «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի մեկ ամբողջ թողարկմամբ (N 16, 10 դեկտեմբերի 2024 թ․)։
Երբևէ առանձին համարով կանդրադառնանք նաև Սյունիքի ժայռապատկերներին ու որմնանկարչության սյունիքյան դրսևորումներին։ Իսկ այսօր, ինչպես արդեն նշեցինք, ներկայացնում ենք սյունեցի գեղանկարիչներին, ավելի ճիշտ՝ գեղանկարիչների առաջին խմբին միայն՝ ելնելով հանդեսի նվազ հնարավորությունից, ծրագիր ունենալով նաև, որ հետագայում կներկայացնենք մեր մյուս հայրենակից գեղանկարիչներին։
Եվ ուրեմն՝ ծագումով սյունեցի գեղանկարիչների մասին․․․
Մեզ համար մեծ պատիվ է սյունեցի գեղանկարիչների շարքը սկսել Հովնաթանյանների ընտանիքը ներկայացնելով, որի ներկայացուցիչների անվան հետ է կապված բուն Հայաստանի արվեստը 17-18-րդ դարերում։
Այդ գերդաստանի հիմնադրի՝ Նաղաշ Հովնաթանի հետ է կապված մոնումենտալ ու հաստոցային գեղանկարչության նոր վերելքը հայոց մեջ։
Սյունյաց աշխարհի Երնջակ գավառի Շոռոթ գյուղում է 1661-ին ծնվել Հովնաթանը (մահվան թվականը՝ 28 հոկտեմբերի 1721 թ․)։
Հայտնի է իր բանաստեղծական աշխարհով, որը նորամուծություն էր հայ միջնադարյան պոեզիայում։
Հովնաթանը հայտնի է նաև աշուղական արվեստում ունեցած մեծ ներդրումով։
Նրա գործունեության մյուս կարևոր բնագավառը գեղանկարչությունն է․ ձեռագրեր է նկարազարդել վաղ պատանեկության տարիներին, որից հետո զբաղվել է հաստոցային նկարչությամբ, նկարազարդել եկեղեցիներ ու տներ, դարձել որպես հմուտ և ճանաչված նկարիչ, որը և նրա անվանը միացրել է «Նաղաշ» պատվավոր կոչումը։
Հետագայում նա Հովնաթան անունը թողեց ժառանգներին՝ որպես ազգանուն, իսկ ինքը հայ մշակույթի պատմության մեջ մնաց Նաղաշ Հովնաթան։
Համարում ներկայացնում ենք Նաղաշ Հովնաթանին, նրա որդիներ Հակոբ և Հարություն Հովնաթանյաններին, Հովնաթան Հովնաթանյանին, Մկրտում Հովնաթանյանին, Հակոբ Հովնաթանյանին, Աղաթոն Հովնաթանյանին։
Նշանավոր այդ գեղանկարիչներին ներկայացնում ենք շատ համառոտ։
Երբևէ, հույս ունենք, առանձին համարով ներկայացնել Հովնաթանյան տոհմի 200-ամյա ուղին՝ սկսած Սյունյաց աշխարհի Շոռոթ գյուղաքաղաքից մինչև Պետերբուրգ՝ ստեղծագործական փայլուն վերելքներով ու վայրէջքներով։
Ներկայացնում ենք նաև Գուրոսին՝ Գուրգեն Գևորգի Պարոնյան–Հովսեփյանին (1905-1981թթ․)։
Լուսանկարչության հետ մեկտեղ և առավել շատ զբաղվել է գեղանկարչությամբ ու ստեղծել երեք հարյուրից ավելի կտավ, որոնց մեջ մեծ տեղ են գրավում նատյուրմորտները, ճարտարապետական հուշարձանների պատկերները, բնապատկերները։
Նատյուրմորտների հիմնական թեման հայոց աշխարհի մրգերն են։
Կարողացել է կտավին հանձնել մեր հին ճարտարապետության տասնյակ կոթողների պատկերներ։
Հայոց աշխարհի բնությունը կերպավորելը նույնպես նրա հետաքրքրությունների շրջանակում էր։ Խոստովանում էր. «ԲՆության այս հզոր գեղեցկությունն ըմբռնելու ու ճանաչելու նպատակն ինձ թելադրեց ու ստիպեց՝ օր ու գիշեր շարունակ լարված աշխատել»։
Սյունյաց աշխարհը հպարտացել և հպարտանում է նաև իր մեծանուն զավակ Զաքար Խաչատրյանով (1924-2017 թթ․)։
Արվեստի պատմաբան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանի հեղինակած հոդվածի օգնությամբ ծանոթանում ենք Զաքար Խաչատրյանի ստեղծագործական աշխարհին։
Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ։
Ուշագրավ են նրա մի շարք ստեղծագործությունները՝ «Սայաթ-Նովա», «Կոմիտաս», «Ա. Զ. Խաչատրյան», «Հին Մեղրի», «Արագած. ծաղիկներ», «Հին երևանյան բակ», «Մանուշակներ և ձնծաղիկներ», «Վարդեր», «Մեգալիթներ Սյունիքում», գրաֆիկական գործեր, «Սպիտակավոր եկեղեցին», «Սիսավան եկեղեցին հին Սիսիանում», «Ղոշուն-դաշ (Զորաքար)», «Թանահատի վանքը։ Սիսիան», «Ձմեռ», «Փողոց հին Երևանում», «Աշուն։ Ծաղկաձոր», «Երևանի ծայրամասը», «Ժնևյան լիճը», «Սև գետակ։ Գիշեր», «Արևածագը Սև ծովի վրա», «Ծովն ու արևը», «Սև ծով։ Կեսօր», նատյուրմորտներ՝ «Թրաշուշաններ», «Վարդակակաչներ», «Վարդեր», «Դաշտային ծաղիկներ», «Աստղածաղիկներ»։
Սյունիքում, ցավոք, քչերը գիտեն Արևիք–Մեղրիի մեծանուն զավակ Վահրամ Խաչիկյանի մասին (1923-2002թթ․)։
Ուստի և հանդեսի սույն համարն առիթ ու հնարավորություն է՝ ծանոթանալու ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կենսագրությանն ու ստեղծագործական աշխարհին, ինչի հնարավորությունն ընձեռում է Վահան Հարությունյանի՝ դեռևս 1973-ին հեղինակած հոդվածը։
Այսօր էլ իրենց հմայքն ու գրավչությունը պահպանում են նրա բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից կուզենայինք հիշատակել «Իմ Հայաստան» բնանկարների շարքը, Գ․ Սունդուկյանի «Պեպո» պիեսի, հայկական ժողովրդական երգերի, Ավ․ Իսահակյանի «Աբու–Լալա Մահարի» պոեմի թեմաներով նկարաշարքերը, «Կոմիտաս» եռանկարը, «Սայաթ–Նովա» դիմանկարը։
Հենրիկ Սիրավյանին անձամբ եմ ճանաչել․ Գորիսի շրջանի մշակույթի բաժինը ղեկավարելու տարիներին (1983-88 թթ․) նրա օգնությամբ և խորհրդով իր հայրենի Խնձորեսկում ցուցահանդես ենք կազմակերպել։
Ականավոր արվեստագետ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի (1928-2001 թթ․) մասին ներկայացվող նյութերը բավականին խոսուն են ու բազմակողմանի։
Մինաս Ավետիսյանը հիացած էր նրա «Բյուրեղյա արվեստով»:
Մարտիրոս Սարյանը նրան համարում էր «Հազվագյուտ մարդ, տաղանդաշատ նկարիչ»։
Հրանտ Մաթևոսյանն էլ ասում է. «Այդպիսի ըմբռնող, հասկացող, լայնասիրտ և լայն ըմբռնողության մարդու ես շատ քիչ եմ հանդիպել: Հայոց պատմության ամբողջ անցյալը իմաստավորված կա նրա մեջ: Գիտի, թե ինչքան ենք կորցրել, ինչքան քիչ է մնացել: Դրանից է գալիս իր սերը յուրաքանչյուր իր արվեստակից ընկերոջ նկատմամբ: Բանաստեղծներիս, անցյալի ժառանգության, ներկա բողբոջների, թոթովների, կարող ուժերի նկատմամբ: Այդ սերը մեզ այսօր շատ է անհրաժեշտ: Այս խարխուլ ժամանակներում: Կառչուն, կպչող, չնահանջող, այլև գրոհող այդ բարությունը և սերը մեզ այսօր շատ է անհրաժեշտ: Սիրավյանը գիտի էս մնացած Հայաստանի իսկական արժեքը: Գուրգուրում է նրա յուրաքանչյուր ձորակը»:
Որդին՝ Գագիկ Սիրավյանը, պատմում է. «․․․ Այո, Սարյանի աշակերտն է եղել, երիտասարդ տարիներին ազդված էր նրանից, շատերն էին ասում, այո, ազդված էր նրանից, ինչպես շատ արվեստագետներ ազդվել են իրենց վարպետից: Եվ ես վստահ եմ, որ հայրիկը թաքուն երազում էր դուրս գալ Սարյանի ազդեցությունից, ստեղծել իր աշխարհը: Ու 1970-80-ական թվականներից արդեն բացարձակ նման չէր Սարյանին: Երբ փոքր էի, զարմանում էի, երբ հայրիկի գործերը նմանեցնում էին Սարյանին, բայց հետո հասկացա, որ այդպես էլ պիտի լիներ: Մենք երիտասարդ տարիներին մեր դասախոսներից էինք անգամ ազդվում, էլ ուր մնաց, երբ չազդվեիր Սարյանի նման մեծ արվեստագետից, ապրում ես իր հետ ու ստեղծագործում իր արվեստանոցում: Անհնար է չազդվել, բայց նաև շատ կարևոր է չմնալ նրա ազդեցության տակ: Դա նկարչի ամենակարևոր արժանիքներից է՝ վերցնել ուսուցչից ամենակարևորը, բայց չմնալ իր ազդեցության և մեծության տակ: Սակայն հայրիկի անհատականությունն արտահայտվել է միշտ, բոլոր շրջաններում: Շատերը մինչև հիմա շատ սիրում են իր՝ մինչև Սարյանն արված գործերը: Դրանք բոլորովին ուրիշ են. իր եկեղեցիները, լեռները, ծաղկած բալենիները…»:
Համարում կծանոթանանք Հենրիկ Սիրավյանի ստեղծագործություններից մի քանիսին։
Մեր ընթերցողն արդեն ծանոթ է Փարավոն Միրզոյանի հրաշալի ստեղծագործությունների մի մասին և հատկապես Համո Սահյանի ու Դանիել Երաժիշտի դիմանկարներին, ինչպես նաև «Սյունիք», դարձյալ «Սյունիք», «Արցախ», «Զարթոնք» կտավներին, որոնք տարբեր առիթներով ներկայացրել ենք մեր պարբերականի էջերում։
Այսօր փորձում ենք շատ թե քիչ ամբողջական ներկայացնել նրա կենսագրությունն ու ստեղծագործությունները։ Եվ այդ խնդիրը լուծում ենք Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսևի, ինչպես և արվեստագիտության թեկնածու Եկատերինա Իզոֆատովայի հոդվածների օգնությամբ։
ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Փարավոն Միրզոյանը (ծնված 1949 թվականին՝ Աղոթարանի լանջին փռված Սալվարդում) շարունակում է ստեղծագործական ակտիվ կյանքը, ասել է՝ մենք դեռ ականատես կլինենք նրա նորանոր գործերին։
1960-ականներին ստեղծագործական ասպարեզ իջած արվեստագետներից է Արկադի Պետրոսյանը․ ծնվել է 1933 թվականին՝ Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում, մահացել է 2013–ին։
Պողոս Հայթայանի հեղինակած հոդվածը հնարավորություն է տալիս ծանոթանալ արվեստագետի ստեղծագործական աշխարհին։
Նրա նկարչությունը ծնվել է ժամանակի շունչը վերապրող արվեստագետի ակտիվ դիրքորոշումից։
Ըստ արվեստագետների՝ Արկադի Պետրոսյանի պատկերագրությունը «ուղղակի կամ միջնորդավորված կերպով առնչություն ունի հայկական ժայռապատկերների, միջնադարյան քանդակագործների և մանրանկարչության հետ»։
Գրաֆիկայի ոլորտում ուշագրավ են «Հազարան բլբուլ» և «Զանգի զրանգի» հեքիաթների, «Սասունցի Դավիթ» էպոսի մոտիվներով ստեղծագործությունները։
Պրոֆեսիոնալ բարձր մակարդակով են ստեղծված բնանկարները, դիմանկարներն ու նատյուրմորտները։
Ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու նաև մեր լեռնաշխարհի նշանավոր գեղանկարիչներից ևս մեկին՝ Սարգիս Մանգասարյանին (1918-91 թթ․)՝ Կապանի տարածաշրջանի Վաչագան գյուղից։
Պերճ Գրիգորյանի հեղինակած հոդվածից տեղեկանում ենք նրա անցած ուղու և ստեղծագործական ժառանգության մասին։
Աշխատել է թեմատիկ կոմպոզիցիայի, բնանկարի, նատյուրմորտի, ինչպես և դիմանկարի ժանրերում։
Գեղանկարներում մեծ տեղ են գրավում բնօրրան Կապանին նվիրված ստեղծագործությունները՝ «Ղափանի արվարձանները», «Զանգեզուրցի կինը», հանքափորների դիմանկարները, «Վաչագան գյուղը», «Շիկահողցի Փառանձեմը», «Դավիթ Բեկ»...
Ներկայացվող գեղանկարիչների շարքում է մեծն Ռոբերտ Կամոյանը (1937-2014 թթ․)։
Եթե քանդակում բոլոր ժամանակների ամենամեծ կապանցին ականավոր Միքայել Միքայելյանն է (1879-1943 թթ․)՝ Ագարակ գյուղից, ով հայտնի էր նախասովետական ամբողջ Ռուսաստանում, ով մեծ ներդրում ունեցավ մեր ազգային քանդակագործության ընդլայնման ու հարստացման գործում, ապա գեղանկարչության մեջ․․․ Այո, բոլոր ժամանակների ամենամեծ կապանցի գեղանկարիչը Ռոբերտ Կամոյանն է։
«Սյունյաց երկիր» թերթի մեծ հավատավորն էր ու բարեկամը։
Միայն խմբագրության պատվերով տասը բարձրարվեստ գեղանկար է ստեղծել՝ «Վահանավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նավակատիքը 911 թվականին» կտավից մինչև «Ձագ Նահապետը հիմնադրում է Ձագեձորի բերդը» փառահեղ ստեղծագործությունը։
Մենք պատիվ ենք ունեցել «Սյունյաց երկրում» երեք անգամ անդրադառնալ նրա կյանքին ու գործունեությանը՝ 2011 թ․ հունվարի 31-ին (N2 (243)), 2013 թ․ հունվարի 31-ին (N2 (275)), 2017 թ․ հունվարի 14-ին (N1 (419))՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
Դրական էր արձագանքել մեր հերթական խնդրանք–պատվերին՝ ստեղծել մեծ կտավ՝ Մեսրոպ Մաշտոցի Սյունիք կատարած երկրորդ այցն արտացոլող, երբ Շաղաթ մայրաքաղաքում նրան դիմավորում է Վասակ Սյունին։ Հասցրեց հանգամանալից ծանոթանալ Կորյուն վարդապետի գրքին՝ «Երանելի մարդու, մեր թարգմանիչ Սուրբ Մաշթոց վարդապետի վարքի և մահվան մասին»։ Նրան ոգևորել էր հատկապես Կորյուն վարդապետի այս խոսքերը․ «Այն ժամանակ աստված տվեց, որ Սյունիքի իշխանության գլուխն անցավ քաջ Սիսական Վասակը, խելացի ու հանճարեղ և կանխագետ, աստվածային շնորհքով օժտված մի մարդ։ Նա շատ նպաստեց ավետարանի քարոզության գործին։ Նա ինչպես որդին հորը՝ հնազանդություն ցույց տալով և ավետարանին վայել կերպով ծառայելով՝ մինչև վերջը գործադրում է նրա հրամանները»։ Ցավոք, Ռոբերտ Կամոյանի երկրային կյանքը մոտեցել էր ավարտին և չհասցրեց կյանքի կոչել գեղեցիկ ու նախադեպը չունեցող այդ մտահղացումը։
Այդպես էր՝ պատմական–գրական թեմաներով ստեղծագործելիս անպայման պետք է նյութը լրիվ ուսումնասիրեր և նոր միայն վրձինը վերցներ։ Ակսել Բակունցի չքնաղ դիմանկարը (գտնվում է «Սյունյաց երկրի» խմբագրատանը) պատկերեց միայն այն ժամանակ, երբ ծանոթացավ նրա գրական ժառանգությանը։ Պատահական չէ, որ դիմանկարի ֆոնին Բակունցի հերոսներից մի քանիսի սիլուետներն են՝ իր իսկ պատկերացմամբ։
Եվ, այդ բոլորով հանդերձ, մեծագույն ցավով ենք նկատում, որ Ռոբերտ Կամոյանը մինչև հիմա չունի ստեղծագործությունների ամբողջական կատալոգ, լավագույն ստեղծագործությունների ալբոմ։ Օրախնդիր է նրա գեղանկարների պահպանության հարցը (նրա արվեստանոցում են մոտ 300 յուղաներկ կտավ ու երկու հազարից ավելի գրաֆիկական աշխատանք)։ Իսկ առհասարակ, ինչ–ինչ հանգամանքների բերումով, Ռոբերտ Կամոյան արվեստագետի անձն ու ժառանգությունը պատշաճ գնահատականի չեն արժանացել դեռևս։
* * *
Համարի նյութերին ծանոթանալիս կհամոզվեք՝ ներկայացվող գեղանկարիչներն իրենց արվեստով, հիրավի, զորություն են բերել հոգևոր Հայաստանին։
Կտեսնեք նաև՝ նրանց արվեստի ակունքը, ոգեշնչման աղբյուրը՝ ուղղակի կամ անուղղակի, Սյունյաց աշխարհն է։
Իսկ Սյունյաց աշխարհում, անկախ ամեն ինչից, շարունակում է թևածել Դավիթ Բեկի ու Գարեգին Նժդեհի, ինչպես և մեր մյուս փառապանծ նախնիների ոգին։ Եվ այդպես լինելու է հար․․․
Ուստի և պատշաճ համարեցինք համարի երկրորդ էջում ներկայացնել Դավիթ Բեկի գործունեությունն արտացոլող մի քանի գեղանկար (հեղինակները Սյունիքից չեն, բայց մեր լեռնաշխարհին նվիրված մեծանուն արվեստագետներ են)։
Համարի նախավերջին էջում էլ Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհն է․․․
Շապիկին Հայկ Նահապետն է՝ պատկերահանված Հովնաթանյան ընտանիքի մեծանուն ներկայացուցիչ Մկրտում Հովնաթանյանի ձեռամբ։
Վերջին էջում Ռոբերտ Կամոյանի հրաշալի երկու ստեղծագործությունն է՝ համեմված պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» բերված քաղվածքով՝ Հայկ Նահապետի մասին․ «Իսկ ինքը, ասում է (Մար Աբասը), մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք. գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն՝ թե այստեղ բնակվողները հայրեր են Թորգոմի տան սերունդի: Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։ ․․․ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»։
Սամվել Ալեքսանյան