Սյունիք. աշնանացանը ուշանում է

01.10.2014 14:37
2057

Գյուղատնտեսություն


Սյունիքում՝ Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանի 17 գյուղում, մոտ մեկ միլիարդ դրամի ներդրմամբ Համաշխարհային բանկի միջոցներով ջրարբիացման ծրագիր է իրականացվում, որը, բացի ոռոգման ջրի խնդիր լուծելուց, նաեւ գյուղտեխնիկայի տրամադրում է նախատեսում այդ գյուղերին: Որոշ գյուղեր, սակայն, ծրագրում համաֆինանսավորման իրենց բաժինը վճարելու խնդիր ունեն (համայնքը 20 տոկոս ներդրում պիտի կատարի), որի պատճառով ծրագրի իրականացումը դանդաղում է: Այդ եւ այլ մտահոգիչ խնդիրների ու մարզում բերքահավաքի արդյունքների նախնական ամփոփման շուրջ է հարցազրույցը Սյունիքի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանի հետ:


– Պարո՛ն Թանգյան, եթե ամփոփենք 2014թ. գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներն ու բերքահավաքի նախնական պատկերը, ի՞նչ ցուցանիշներ ունենք Սյունիքում:

– Ներկայումս մարզում հացահատիկի բերքահավաքն ավարտված է: Ճիշտ է, ունենք կարկուտից կամ սակավ տեղումներից տուժած տարածքներ, բայց բերքահավաքն ընդհանրապես այս տարի նորմալ է ընթացել: Հակված չեմ ամբողջ մեղքը բարդել եղանակի կամ սերմացուի վրա, բավարար բերք ստացած ֆերմերի դաշտի կողքին մեկ այլ ֆերմեր բերք չի ստանում:

Ընդհանուր հացահատիկային մշակաբույսերի 24 311 հա ցանքից (մոտ 15 000 հեկտարի վրա ցանված է եղել ցորեն) ունեցել ենք մոտ 73 500տ բերք, մեկ հեկտարի միջին բերքատվությունը՝ 30.2ց:

Ստացվել է 14 500տ բանջարեղեն, միջին բերքատվությունը՝ 174.4 ց: Մարզում ստացվել է 6100տ պտուղ եւ հատապտուղ, միջին բերքատվությունը՝ 30.9ց, 1550 հեկտարից ստացվել է 28 210տ կարտոֆիլ՝ 182ց միջին բերքատվությամբ: Բայց բանջարաբոստանային կուլտուրաների բերքահավաքը դեռ ընթացքի մեջ է:

Տարին սակավաջուր էր, հուլիսից արդեն զգացինք ջրի պակասությունը, այժմ շատ համայնքների արոտներում նույնիսկ անասունները խմելու ջուր չունեն:

Այս տարի ծիրանը մարզում շատ քիչ էր, նաեւ խնձորի պակաս է զգացվում, բայց որոշ պտղատեսակների նորմալ բերք է սպասվում, օրինակ, առանձնապես առատ է տանձը: Մեղրիում եւ Կապանում գրեթե ընկույզ չկա, Սիսիանում համեմատաբար կա, բայց ոչ նախկին տարիների չափ: Տարին անբարենպաստ էր մեղուների համար, եւ մեղրը քիչ է ու թանկ:

– Գյուղացին բողոքում է նաեւ խոտի սակավությունից, անասնակերի քանակն ի՞նչ ցուցանիշներ է գրանցել:

– Այո՛, 2014-ին խոտի սակավություն կա: Եթե անցած տարի կուտակվել էր 126 000տ խոտ, այս տարի՝ 98 000տ: Բայց անցած տարիներին եղել են խոտհարքի վայրեր, որոնք մարդիկ չեն օգտագործել, հիմա դրանք էլ են հնձում: Ընդ որում` անասնագլխաքանակի աճ էլ ունենք, եւ կերի պակասն ավելի է սրվում: Դրա համար ավելանում է նաեւ ծղոտի կուտակումը. այն վայրերում, որտեղ նախկինում ծղոտ չեն օգտագործել, այս տարի ծղոտն էլ են կուտակում: Ծղոտով եւ նախկինում չհնձվող տարածքների հաշվին անասնակերի խնդիրը որոշ չափով կմեղմվի:

– Իսկ ինչպե՞ս է ընթանում աշնանացանը:

– Գյուղատնտեսության համար զուտ բնակլիմայական առումով բավականին վատ աշուն եմ տեսնում: Օրինակ, Սիսիանի տարածաշրջանում (զրույցը կայացել է սեպտեմբերի 17-ին) արդեն պետք է աշնանացանն ավարտված լիներ, բայց քանի որ անձրեւ ու հողում խոնավություն չկար, գյուղացիների մեջ աշնանացանի հետ կապված մտավախություն կա: Այն ուշացավ, սպասում էին հողի խոնավացմանն ու տեղումներին, դեռեւս ընդամենը 1000 հա աշնանացան է արվել, դեռ 15-20 հազար հա պիտի արվի: Այլ խնդիրներ չկան: Մարզն ապահովված է սերմացուով, անհրաժեշտ վառելիքով: Սյունիքին տարվա համար հատկացված է եղել 1 500 000լ դիզելային վառելիք, ներկայումս օգտագործված է մոտ 950 000լ, գինը շուկայականից մոտ 100 դրամով ցածր է: Պարարտանյութի խնդիր եւս չունենք, ով ինչքան վճարել է, ստացել է, եթե հայտ ներկայացնեն, կարող ենք էլի ապահովել. այսինքն՝ այն, ինչ որ անհրաժեշտ է եւ կախված է պետությունից, պատրաստ է:

– Գյուղացու համար լուրջ խնդիր է ստացած բերքի մթերումը, հիմա շուկայում ինչքա՞ն է ցորենի միջին գինը, եւ դրա մթերում կատարվո՞ւմ է:

– Շուկայում այս պահին ցորենի գինը 120-125 դրամ է, անցած տարի 140 դրամի շրջանակում էր, բայց, կարելի է ասել, մթերում չի կատարվում, ցորեն չեն ընդունում, պահանջարկ չկա…

– Իսկ միրգ ու բանջարեղեն ընդունողներ կա՞ն:

– Եթե կազմակերպված մթերման մասին է խոսքը, բանջարեղեն որոշ չափով բանակն է մթերում, դա էլ մրցութային կարգով է՝ ըստ պայմանագրերի՝ կարտոֆիլ, կաղամբ, բազուկ, գազար: Դրանից բացի, այսօր հիմնականում գյուղացին ինքն է իր միրգն ու բանջարեղենը տանում շուկա:

– Իսկ մարզի պահածոների գործարանները՝ Շամբի, Կապանի, Մեղրու, մթերում իրականացնո՞ւմ են…

– Շամբն ինքն իր համար մշակած տարածքներից է հիմնականում բերք ստանում, որոշ չափով պտուղ եւ կաղամբ է մթերում: Կապանում ու Մեղրիում էլ առանձնապես մթերումներ չկան:

– Պարո՛ն Թանգյան, մարզում հողագործներին հատկացված սերմացուի գումարների հավաքման գործում խնդիրներ կային, ի՞նչ պատկեր ունեք հիմա, շարունակո՞ւմ եք կիրառել դատարանի միջոցով դրանք գանձելու գործելաձեւը:

– Այս պահի դրությամբ նախորդ տարի տրված ցորենի սերմացուի համար 23 մլն դրամ գումար ունենք հավաքելու, դատարանում նման բազմաթիվ գործեր կան: Փորձը ցույց է տալիս, որ պարտաճանաչ մարդիկ վճարում են: Այդ գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ պայմանագրով: Սերմացուն տալիս ենք գյուղացուն, եւ նա պարտավորվում է, օրինակ, 2013-ին տրված սերմի համար վճարել մինչեւ 2014-ի հոկտեմբերի 10-ը, 1 կգ-ի արժեքը 160 դրամ է: Այսինքն՝ կառավարությունը հնարավորություն է տալիս, որ նա բերքը ստանա, հնձի եւ նոր միայն ստացած եկամուտներից սերմի արժեքը վճարի: Կարծում եմ՝ անպարտաճանաչ մարդիկ են, որ չեն վճարում:

– Բայց գյուղացին եւ շատ մասնագետներ էլ պնդում են, որ պայմանագրում պետք է նախատեսվեր ֆորս մաժորի հանգամանքը, որն առկա է լինում ցանկացած նման պայմանագրում. ի՞նչ անի գյուղացին բնական աղետների, կլիմայի անակնկալների դեպքում, երբ բերքը փչանում է, եւ եկամուտ չի կարողանում ստանալ: Գյուղացին ստիպված վերցնում է համեմատաբար էժան սերմացուն, բայց բնությունն անակնկալներ է մատուցում: Այս հարցը, որ հուզում է հողի մշակին, համապատասխան տեղերում բարձրացվե՞լ է:

– Դե, գիտեք, պայմանագրի ձեւը մշակողը մարզպետարանը չէ, բայց գյուղացին նախապես գիտի, որ դրանում ֆորս մաժորի մասին կետ չկա եւ ստորագրում է… Գիտեն, որ բոլոր դեպքերում պետք է վերցրած սերմի գումարը վճարեն: Մեղքը բարդել կարկուտի, երաշտի վրա… Նույնկերպ կարող են իբրեւ պատճառ նշել օդի հարաբերական խոնավությունը… Ամեն դեպքում, անպարտաճանաչ մարդկանց գործերը կքննի դատարանը, կզիջեն այնտեղ պարտքերը, թե չեն զիջի, օրենքի պահապանների գործն է:

– Պարո՛ն Թանգյան, ժամանակին Ձեր ստորագրությունն էր դրվել հայ-իրանական միջպետական արձանագրությունների տակ, որոնցով Սյունիքի արոտավայրերը պիտի վարձակալության հանձնվեին իրանական կողմին, եւ որոնք հասարակական մեծ ընդվզում առաջացրին: Ի՞նչ եղավ այդ պայմանավորվածության ճակատագիրը:

– Այդ արձանագրություններն այժմ կորցրել են իրենց ուժը, իրանական կողմից այդ մասին որեւէ խոսակցություն չկա, բողոք ու առաջարկ էլ չկա: Ամեն դեպքում, այսօր առավել շահագրգռված ենք, որ տեղացիները գան ու արոտավայրեր վարձակալեն: Իսկ Սյունիքում հիմա բավականին ազատ ու չօգտագործվող արոտներ կան:

Դրանք, ըստ էության, ոչ թե պայմանագրեր էին, որ անպայման իրանական կողմից պետք է գային, այլ նախնական պայմանավորվածություն էր ու ոչ թե մեր, այլ իրենց առաջարկով. պետք է տեղում ուսումնասիրեին, եւ միայն տվյալ համայնքի համաձայնության դեպքում, օրենքի սահմաններում (մարզպետարանը վարձակալությամբ հող տալու իրավունք չունի), արոտներ վարձեին:

– Ծրագրի կասեցման մեջ դեր ունեցա՞վ հասարակական բողոքի ու դժգոհությունների ալիքը:

– Թե կոնկրետ ինչն էր հետագա անգործության պատճառը, չեմ կարող ասել, բայց պետք է նշել, որ այդ պայմանավորվածության համատեքստում, բացի արոտները վարձակալությամբ տալուց, նաեւ այլ դրական կետեր ենք ունեցել իրանական կողմի հետ՝ արդյունաբերության զարգացում, արտահանման առաջարկներ… Հիմա այդ ուղղությամբ էլ խոսակցություն չկա, եւ մեր բնակիչներն ինչքան ուզեն, կարող են արոտներ վարձակալել:

– Իսկ որքա՞ն վարելահող կա մարզում եւ որքա՞նը չի մշակվում:

– Այս պահին Սյունիքի 43 600 հա վարելահողից մշակվում է 34 000 հեկտարը:

Ասեմ, որ մշակվող հողերի չափը տարեցտարի ավելանում է, իսկ վարելահողերը, որ չեն մշակվում, էլի գյուղացին օգտագործում է, բայց իբրեւ խոտհարք. շատերը բարձրադիր գոտում են, եւ գյուղացու համար դժվար է դրանք մշակել: Իհարկե, կան եւ դեպքեր, երբ հողատերերը մեկնել են արտերկիր, բայց հողից էլ պաշտոնապես չեն հրաժարվել, եւ նրանց հողի հարկը կուտակվում է:

– Գյուղացու համար լուրջ խնդիր է նաեւ անասնամթերումը, ինչպե՞ս է այն հիմա կատարվում:

– Դա, իրոք, ցավոտ հարց է, հատկապես խոշոր եղջերավոր անասունների համար սպանդանոցներ են պետք, դրանք կօգնեն գյուղացուն: Մարզում հիմա խոշոր եղջերավոր անասունների, խոզի մթերում չկա: Գյուղացին ինքը անմիջական կապի մեջ է վաճառողի հետ, եւ ով ինչպես կարողանում, այնպես էլ կազմակերպում է այդ գործը: Իսկ մանր եղջերավորի մթերման հարցը Կապանում գործող ձեռնարկությունը որոշ չափով լուծում է, մթերում են տեղերում:

Սյունիքի մարզում սպանդանոցների կառուցման անհրաժեշտության մասին հարցը քանիցս բարձրացրել ենք գյուղնախարարի մոտ:

– Սիսիանի տարածաշրջանից բողոքում են, որ մթերած մանր եղջերավորի գումարը Կապանի սպանդանոցը չի վճարել…

– Դե գիտեք, շուկայական հարաբերություններ են, մենք ո՛չ գին որոշող ենք, ո՛չ առքուվաճառքին միջամտող, մարզպետարանն այդ լիազորությունը չունի: Պարզապես, եթե մեկը, օրինակ, շատ կաղամբ ունի իրացնելու, անկախ նրանից, ես ինչքանով եմ իրավասու, զանգում եւ ասում են՝ նկուղում փչանում է, մի բան արա: Շատերն են զանգում, թե՛ անասունի, թե՛ այլ մթերքի իրացման տարբեր հարցերով…

– Մինչ գյուղացին իր անասունի մսի գնորդ է փնտրում եւ մթերման խնդիրներ կան, միսը ոչ թե էժանանում, այլ թանկանում է, ինչո՞ւ է այդպես ստացվում:

– Դե, այս պահին թանկ է խոզի միսը, որովհետեւ գլխաքանակը նվազել է, խոշոր ու մանր եղջերավորի մսի գինը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Գյուղացին, կարելի է ասել, միսը տալիս է ինքնարժեքով, մսագործը նրանից առավել շատ գումար է վաստակում:

– Պարո՛ն Թանգյան, վերջերս մայրաքաղաքային մամուլում մեղադրանք հնչեց Ձեր վարչության որոշ աշխատողների՝ աշխատանքից անօրինական եւ ստիպողաբար ազատելու փաստերի մասին: Ինչպե՞ս են ազատվել այդ կադրերը եւ ինչո՞ւ:

– Եթե խոսքը Գայանե Դավթյանի մասին է, նա հուլիսի 23-ին մայրաքաղաքում մասնակցել է քաղծառայության մրցույթի եւ չի հանձնել գրավոր թեստը: Իսկ Հրայր Հակոբյանն ազատվել է իր դիմումի համաձայն:

– Ձեր ղեկավարած վարչության բնապահպանության բաժինը բազում բնապահպանական խնդիրներ ունեցող մեր մարզում պասիվ է, նրա «ձայնը չի լսվում». որքանո՞վ է այն կայացել, ի՞նչ լիազորություններ ունի:

– Ես դրա աշխատանքում խնդիրներ չեմ տեսնում, այն կատարում է իր գործառույթները: Մենք ստուգումների, տույժ-տուգանքների, պատժելու լիազորություններ չունենք, ընդամենը պետք է եղած բողոքները, բնապահպանական խախտումների մասին ստացած ահազանգերը հասցնենք պետական բնապահպանական տեսչությանը: Առանձնապես մեծ լիազորություններ բաժինը չունի, որ գործնական քայլեր կատարի:

– Ներկայումս Սյունիքում ի՞նչ խոշոր ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության ոլորտում:

– Այս պահին մարզում ՀՀ գյուղնախարարության կողմից եւ Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվում է ջրարբիացման ծրագիր, որը, բացի ջրարբիացման համակարգերի շինարարությունից, նախատեսում է նաեւ ծրագրում ընդգրկված համայնքներում արոտօգտագործողների կոոպերատիվների ստեղծում եւ դրանց գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրում: Պարզապես տվյալ համայնքները ծրագրում պետք է 20 տոկոս համաներդրում անեն, որը որոշ գյուղերի համար դժվար է… Որոշ համայնքներում աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ դրա արդյունքում նոր գյուղտեխնիկա է մտել մարզ:

– Կա՞ն մարզի գյուղատնտեսության ոլորտում ներդրում անել ցանկացող մարդիկ, որ կոնկրետ բիզնես-առաջարկով դիմեն մարզպետարան:

– Չկան նման մարդիկ… Ներդնողները գյուղեր չեն մտնում. գյուղատնտեսական ամենամեծ շրջանը մարզում Սիսիանն է. այնքա՜ն ազատ անասնագոմեր կան այնտեղ, ոչ ոք դրանք օգտագործելու ցանկություն չի հայտնում:

– Եվ վերջում, պարո՛ն Թանգյան, երբ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցրեց շատ երկրներից մթերքների ներկրումը եւ հայտարարեց, որ իր շուկան բաց է որոշ երկրների, այդ թվում եւ Հայաստանի համար, տեղի արտադրողների մեջ լավատեսություն մտավ, թե Հայաստանից արտահանումը կաճի. կա՞ որեւէ պետական հրահանգ, քաղաքականության փոփոխություն, որը ենթադրում է առավել զարկ տալ որոշ մթերքների արտադրությանը, արտահանմանը, ավելի շատ ցանել որոշ մշակաբույսեր, շահագրգռել տեղի արտադրողին ավելի շատ արտադրել՝ երաշխավորելով դրա իրացումն ու արտահանումը:

– Դե մենք բոլոր դեպքերում էլ շահագրգռված ենք զարգացնել գյուղատնտեսությունը, զարկ տալ շատ ցանելուն, շատ արտադրելուն, բերքատվության բարձրացմանը, բայց կոնկրետ այդ համատեքստում որեւէ փոփոխություն պետական քաղաքականության մեջ չի եղել, թեեւ ՌԴ գյուղնախարարն առաջարկ է ներկայացրել ՀՀ գյուղնախարարին: Իրացման խնդիրը շուկան է թելադրում, ուստի պիտի հստակ պայմանավորվածություններ լինեն, որ գյուղացուն ասես՝ այսքան արտադրիր, այս գնով կգնեմ: Այս պահի դրությամբ վերադասից մարզերին որեւէ առաջարկ կամ հրահանգ չի եղել:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31