Սյունիքի ամենանշանավոր տունը

31.10.2014 17:24
2746

Այդ տունը Բակունցների տունն է, կամ ինչպես ընդունված է ասել` Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Հիմնվել է 1970-ին եւ անմիջապես դարձել մեր քաղաքի ամենադրախտային, մեր տարածաշրջանի ամենագրավիչ թանգարաններից մեկը: Տան հիմնաքարը, ավելի ճիշտ, տան ճակատի` մայթեզրին հարող պարսպի հիմքը դրվել է վաղուց: Բակունցի առաջին գրական ստեղծագործության` փոքրիկ ֆելիետոնի հերոս, քաղաքագլուխ Մաթվեյ Մաթվեիչի կարգադրությամբ վեց ամսվա ընթացքում պետք է ավարտվեր դեպի փողոց նայող ճակատի շինարարությունը, որպեսզի քաղաքիս տեսքը «մուրտառ» չարվեր:

Մինչեւ անցած դարի վերջը դժվար էր պատկերացնել, որ Գորիս եկած թեկուզ մեկ հյուր, անկախ իր գալու հիմնական նպատակից, չայցելի մեծ արձակագրի տուն: Իսկ հետագայում պարբերաբար կազմակերպվող գորիսյան տոները, Բակունցյան օրերն ավելի ճանաչելի են դարձրել ներկայումս Անկախության փողոցում գտնվող այդ գողտրիկ, տիպիկ գորիսյան առանձնատունը: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ չնայած կյանքի բազում դժվարություններին, իշխանության թե՛ տեղական եւ թե՛ հանրապետական մարմինները միշտ էլ ուշադիր են եղել Ակսել Բակունցի հիշատակի այս վերջին ու միակ առհավատչյայի նկատմամբ՝ կարծես քավելով ստալինյան իշխանությունների մեղքը:

Բակունցի ձերբակալությունից հետո հալածանքներ են սկսվում նրա հարազատների նկատմամբ: Արտավազդ եւ Գրիգոր եղբայրներին Հայաստանից տեղափոխելու համար հայրը՝ Թեւոսը, ստիպված է լինում վաճառել տան եւ այգու մի մասը, որոնք պետության կողմից հետ են գնվում միայն Ակսել Բակունցի ծննդյան 90-ամյակի նախօրյակին: Հետագայում այգում տեղադրվել է Բակունցի հիշատակը հավերժացնող մի շքեղ խաչքար (հեղինակ` Ռազմիկ Արզումանյան, մեկենաս` Սուրեն Խաչատրյան), իսկ անցյալ տարի հիմնանորոգվեցին տունը, այգու պարիսպը, տան հարակից եւ օժանդակ կառույցները:

…Քայլերս ուղղում եմ դեպի մեծ մտածողի տուն: Թանգարանի նորոգումից հետո իմ առաջին այցելությունն է: Ինչ-որ արտառոց (միայն լավ իմաստով) բանի եմ սպասում, բայց փոքր չէ նաեւ մտավախությունս: Պատճառը կարոտախտ կոչվածն է:

Մեր թերթի էջերում մի անգամ ակնարկել եմ, որ անցյալ դարի 70-80-ական թվականներին Բակունցի տուն-թանգարանն իր հիմնական նպատակից զատ դարձել էր նաեւ Գորիս քաղաքի ստեղծագործող երիտասարդության (բանաստեղծների, գեղանկարիչների, քանդակագործների) հավաքատեղին: Արձակի մեծ վարպետի հետմահու դասերն իզուր չեն անցել: Նրանցից շատերը դարձել են ճանաչված բանաստեղծներ, քանդակագործներ, գեղանկարիչներ: Այո, մտավախություն ունեի. տեսնես ավանդույթները շարունակվո՞ւմ են, թե՞ չէ, տեսնես թանգարանի նորանշանակ տնօրենը (Վարդան Սարգսյան) սիրո՞ւմ է իր գործը, ինչպես սիրում էր թանգարանի հիմնադիր տնօրեն Քաջիկ Միքայելյանը, թե՞ չէ, տեսնես այցելուներին ընդունո՞ւմ են այնպես, ինչպես ժամանակին ընդունել են Բակունցները, թե՞ չէ, տեսնես… եւ նման բազում, բազմաթիվ հարցեր:

Չերկարացնելու համար ուղղակի ասեմ, որ տեսածս ստիպեց ինձ նորից սիրահարվել Բակունցի գրչին, նրա տանը, նրա այգու ծառ ու թփին, սիրով, հարգանքով լցվել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ջանք են թափել թանգարանն այս տեսքին բերելու գործում:

Այցելեք եւ ինքներդ տեսեք, իսկ հիմա` միայն երկու փոքրիկ շտրիխ:

Տնօրեն Վարդան Սարգսյանի նախաձեռնությամբ այգու կենտրոնում կահավորվել է մի ընդարձակ տաղավար, որտեղ հյուրերը կարող են հանգստանալ, նաեւ վայելել գրողի այգու բարիքները: Ինձ ուղեկցող տնօրենն ամենահաճելի անելիքները պահել էր վերջի համար: Պաշտոնն ստանձնելուց հետո Վարդանը թանգարանի համար ձեռք էր բերել էգ եւ արու միրհավներ: Այսօր տան կցաշենքի առաջին հարկին հարող տարածքում ապրում է բակունցյան միրհավի փոքրիկ ընտանիքը` հայրը, մայրը եւ առայժմ իրենց երկու ճուտը: Մեր այցելության պահին, ուշադրություն չդարձնելով մեր ակնապիշ հայացքներին, հայր միրհավը` աքլորը, կտուցով ընկույզ էր ջարդում եւ շարժելով շքեղ պոչը` կերակրում ընտանիքի փոքրերին: Տեղին է նշել, որ այս գեղեցիկ թռչունների նույնքան գեղեցիկ «միրհավ» անվանումը վերակենդանացրել եւ շրջանառության մեջ է դրել մեծն Բակունցը:
Այս հաճելի զբաղմունքի մեջ էինք, երբ թանգարանի դարպասից ներս մտավ այցելուների մի փոքրիկ խումբ: Տասը-տասներկու հոգի էին: Մի երիտասարդ տղայից ու աղջկանից բացի` մնացածները տարիքն առած մարդիկ էին: Ֆրանսիայից էին: Գնում էին Տաթեւ, բայց մինչ այդ ցանկացել էին ծանոթանալ մեր քաղաքի դիտարժան վայրերին: Ուղեկցող թարգմանչուհին խնդրեց կեսժամանոց փոքրիկ էքսկուրսիա կազմակերպել, որովհետեւ շտապում էին: Էքսկուրսիայի ավարտին հյուրերից մեկը հարցրեց` թանգարանը կարո՞ղ է արդյոք իրենց վաճառել հեղինակի ֆրանսերեն թարգմանված որեւէ ստեղծագործություն կամ գոնե օգնել ծանոթանալու դրանցից մեկի հետ: Վաճառելու կամ նվիրելու ոչինչ չկար, բայց կար «Ալպիական մանուշակի» ֆրանսերեն թարգմանությունը, եւ առաջարկվեց՝ եթե չեն շտապում, կարող են տեղավորվել տաղավարում ու լսել:

Բայց դե շտապում են: Թարգմանչուհի-ուղեկցողը տեղի է տալիս ֆրանսիացիներին: Տաղավար գնալ պետք չէ: Նրանք տեղավորվում են տան բակում, ով որտեղ կարող է` աստիճաններին, այգու քարե նստարանին, իսկ աղջիկն ու տղան էլ` հավերի համար նախատեսված քարե ջրամանի եզրին: Կարդում է:

Ֆրանսերեն ոչ մի բառ չգիտեմ, բայց այնպես կլանված եմ լսում, տեսնողը կկարծի, թե հասկանում եմ: Առաջին էջը վերջացնում է, պաուզա տալիս ու հարցական նայում ունկնդիրներին: Ոչ ոք նրա հայացքին չի պատասխանում: Բոլորը գլխահակ են: Սպասում են շարունակությանը: Երկրորդ էջն էլ վերջացրեց: Սպասում են: Եվ այսպես` մինչեւ վերջացրեց:

Վերջացնելուց հետո էլ ոչ ոք տեղից չի շարժվում: Կարծես էլի ինչ-որ բանի են սպասում: Հայացքս երիտասարդ զույգի վրա է: Աղջիկը զույգ ձեռքերով սեղմել է տղայի ձեռքը: Սեղմման ուժից տղայի մատները մգացել, վարդագույնին են տալիս, իսկ աղջկա մատները` սփրթնել: Հետո դանդաղ, սկզբում ավագները, հետո նաեւ նրանք բարձրանում են տեղներից՝ գլուխ տալով սեղմում տնօրենի, նաեւ իմ ձեռքն ու նույն դանդաղկոտությամբ դուրս գալիս դարպասից: Շտապում են…

Շնորհակալություն, Ակսել Բակունց, այս մեծ վայելքի համար:

Յուրաքանչյուր տուն-թանգարանի բազմաթիվ նպատակներից առաջինը տվյալ անհատի անձնական իրերի պահպանումն է, իսկ երկրորդը` նրա ստեղծագործական ժառանգության պրոպագանդումն ու տարածումը: Մեր թանգարանն առաջին խնդիրը հաջողությամբ է լուծել եւ լուծում: Ասեմ, որ նորոգումից հետո ցուցափեղկերից մեկում ավելացել է Բակունցի լուսանկարչական ապարատը, իսկ մյուսում, որպես գյուղատնտեսի, անցած դարի 30-ական թթ. արտադրված մշակաբույսերի սրսկիչը:

Երկրորդի ուղղությամբ անելիքներն ավելի քան շատ են: Գուցե դա է պատճառը, որ այսօր էլ թանգարանի այցելուների թիվն ամսական չի գերազանցում հարյուրը: Այս բացը մասամբ լուծում է թանգարանին կից գործող «Միրհավ» գրական խմբակը (ղեկավար` բանասիրական գիտությունների թեկնածու Թեհմինա Մարության): Խմբակը, որը ձեւավորվել է զուտ սիրողական հիմունքներով եւ որի սաները ուսուցիչներ, ուսանողներ, բարձր դասարանի աշակերտներ են, ապրում, գործում է ստեղծագործական լիարժեք կյանքով: Այն զգալի աշխատանք է կատարում գրողի մտավոր ժառանգության պրոպագանդման ու տարածման ուղղությամբ: Բայց դա ակնհայտորեն քիչ է: Նույն խմբակի ուժերով նախապատրաստվում է քաղաքի դպրոցներում արձակագրի ծննդյան 115-ամյակին նվիրված շարադրությունների մրցույթ անցկացնել: Բայց դա էլ է քիչ, ակնհայտորեն քիչ: Բակունցը մեծ, մասշտաբային, ես կասեի` համապետական ուշադրության է արժանի: Մենք` բոլորս, մեր ժողովուրդը պարտք է նրա հիշատակին: Փորձելով մարել այդ պարտքը, մենք դարձյալ մեզ ենք նվեր անում: Բայց ավաղ, դեռ պակասում է թե՛ պետական հոգածությունը, թե՛ անհատ մեկենասների ուշադիր վերաբերմունքը:

Բակունցյան թեմաներով հրատարակված վերջին լուրջ գործը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանավորությամբ Դավիթ Գասպարյանի «Ակսել Բակունց, կյանքն ու գործունեությունը» մենագրությունն է, 2009թ.:

Եվ վերջ:

Բայց Բակունցը դրան չէ արժանի:

Այս հոդվածի նախապատրաստման շրջանակներում փոքր սոցիոլոգիական աշխատանք կատարեցինք: Մի խումբ ուսանողների, բարձր դասարանցիների եւ ուսուցիչների խնդրեցինք պատասխանել մեկ հարցի` ո՞ր բանաստեղծի ստեղծագործություններն են ավելի շատ կարդում: Ի դեպ, այդ հարցը ընթերցողներին ուղղել է նաեւ վերեւում հիշատակված «Միրհավ» ակումբը մեկուկես տարի առաջ: Այն ժամանակ հարցին պատասխանած 100 հոգուց 35-ը կարդում էր Պարույր Սեւակ, 31-ը` Եղիշե Չարենց… եւ միայն 5-ը` Համո Սահյան: Մեր առաջադրած հարցին պատասխանած 87 հոգուց 27-ը նշել էին Համո Սահյանին: Ո՞րն է պատճառը: Դա մեր մեծ հայրենակցի ստեղծագործությունների պարբերաբար հրատարակումն է, նրա ծննդյան տոներին մեծ շուք հաղորդելը, զանգվածային լրատվամիջոցներով լայնորեն լուսաբանելը: Բայց դա դեռ բոլորը չէ, ավելի ճիշտ, բոլորովին էլ բոլորը չէ:

Հայրենի գյուղում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանը, ինչպես ասում են, դեռ կայացման փուլում է: Մինչեւ այժմ տուն-թանգարանի բացակայության բացերը հաջողությամբ լրացրել է «Համո Սահյան ԳՄԿ» հասարակական կազմակերպությունը (նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյան): Վերջին տասը տարում այս կազմակերպության ուժերով, իսկ ավելի շատ նախաձեռնությամբ կազմակերպված հանրապետական միջոցառումների, բանաստեղծի ստեղծագործությունների առանձին ժողովածուների եռակի, քառակի հրատարակումների միայն թվարկումը լրագրային էջի մի քանի սյունակ կզբաղեցներ: Եթե բանաստեղծի ժողովածուն հրատարակվել է, հասել ընթերցողին (ինչ ճանապարհով ուզում է լինի), նա կամա-ակամա բացելու է այն, ասել է թե` կարդալու է: Ահա թե ինչու են մեր օրերի երիտասարդները Համո Սահյան մեծ բանաստեղծին շատ կարդում: Ահա թե ինչ կարող է անել Շչորս Դավթյանի նման մի նվիրյալ:
Հուսանք, որ նման մի նվիրյալ էլ ասպարեզ կգա Ակսել Բակունցի պարագային:

Հ.Գ. Դուրս գալով լրագրային ակնարկի սովորական գրելաձեւից, մի քանի առաջարկություն եմ անում` համոզված լինելով, որ պատկան մարմինների կողմից դրանց ուշադրություն դարձնելը, էլ չեմ ասում` դրանք կյանքի կոչելը, միանշանակ կընդունվի հասարակության կողմից ու պատիվ կբերի մեր քաղաքին:

1. Աճող սերնդի ուսուցման, դաստիարակության գործում ընտանիքից, դպրոցից զատ պակաս դերակատարում չունեն թանգարանները, պատմամշակութային հուշարձաններով հարուստ մեր քաղաքը: Քայլում ես մի քիչ աղտոտված, բայց էլի գեղեցիկ մեր քաղաքի փողոցներով, եւ ամենուր երեւում են մեր տաղանդավոր հայրենակիցների ապրած կյանքի հետքերը: Տեղ-տեղ դեռ հանդիպում են առանձնատների պատերին փակցված հուշատախտակներ, որոնք պատմում են մեզ, որ «այս տանն ապրել է….» դոկտոր-պրոֆեսոր, գեներալ, ակադեմիկոս…

Այո, նրանք հետմահու շարունակում են իրենց հայրենասիրական գործունեությունը, միայն թե հարկավոր է նկատել դա: Ժամանակին մի ծրագիր կար. կառուցել զուտ գորիսյան մի առանձնատուն, որը կպահպաներ քաղաքի ճարտարապետական դիմագիծը, եւ այնտեղ հավաքել մեր տաղանդավոր հայրենակիցների կյանքի, գործունեության հետ առնչվող իրերը, առարկաները, փաստաթղթերը, պատրաստել յուրահատուկ (այդպիսի թանգարան կարող է դառնալ Գորիսի երկրագիտական թանգարանը) թանգարան: Ի դեպ, նման թանգարան գոյություն ունի հարեւան Սիսիանում` Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը:

Նման տուն Գորիսում նույնիսկ առանձնացվեց, բայց ինչ-ինչ պատճառներով այլ նպատակի ծառայեցվեց: Այնտեղ այսօր տեղավորված է ուսուցիչների վերապատրաստման ինստիտուտի մասնաճյուղը: Գուցե քաղաքապետարանը սա ընդունի որպես առաջա՞րկ: Լավ է ուշ, քան երբեք:

2. Հարկ է երկու-երեք օտար լեզվով կազմակերպել մեծ գրողի փոքրածավալ գործերի տպագրումն առանձին գրքույկներով (մեկ պատմվածք` մեկ գրքույկ) եւ դրանք անվճար տալ թանգարանի այցելուներին:

3. Տուն-թանգարանում չկա գրողի կիսանդրին: Այն բացակայում է նաեւ նրա անունը կրող հեղինակավոր դպրոցում:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01