Սյունիքի անդամահատումը շարունակվում է. մարտի 29-ին թուրքը (չհանդիպելով որևէ դիմադրության) օկուպացրեց Տեղի տարածքի մի մասը

03.04.2023 11:28
3718

Մարտի 29-ի գիշերն ադրբեջանցի զինյալները մտել են Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ էլ անմիջապես ամրաշինական աշխատանքներ են սկսել...

Մամուլի տարածած տեղեկությունների համաձայն՝ 2023 թ. ապրիլի 1-ից (Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանավորվածությամբ) Տեղ և Աղավնո գյուղերի միջնամասում պետք է զուգահեռաբար նոր դիրքերի տեղակայման աշխատանքներ կատարվեին: Սակայն ադրբեջանական կողմը՝ խախտելով պայմանավորվածությունը, բարենպաստ դիրքեր է զբաղեցրել և ինժեներական աշխատանքներ սկսել:

Ընդ որում՝ Տեղ գյուղացիների հաշվարկով թուրքը տասը հենակետ է տեղակայել օկուպացված տարածքում: Դրանք սահմանից դեպի Տեղ գյուղ 100-ից 300 մ խորությամբ վայրերում են գտնվում:

Եվ, գյուղացիների վկայությամբ, 60-ից մինչև 100 հա տարածք է բռնազավթվել. այդ տարածքները Տեղ գյուղացիների սեփական հողերն են:

Միայն հաջորդ օրը՝ մարտի 30-ին, հայկական զինուժը  տեղակայվել է նոր դիրքերում և զուգահեռաբար ինժեներական աշխատանքներ սկսել:

Հայկական և ադրբեջանական նոր դիրքերը միմյանց շատ մոտ են գտնվում…

Ստեղծված իրավիճակում Սյունիքում բազմաթիվ և նոր հարցեր են առաջ եկել:

Նախ՝ ինչպե՞ս պատահեց, որ թուրք ասկյարը 100-300 մետր խորությամբ ներխուժեց մեր տարածք և որևէ դիմադրության չհանդիպեց: Չէ՞ որ այդտեղ կամ մերձակայքում են գտնվել ե՛ւ մեր զինվորականները, և՛ մեր սահմանապահները, և՛ մեր աշխարհազորայինները:

ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է՝ հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ: Բայց մի՞թե այդ տրամաբանությունը ենթադրում է կանաչ ճանապարհ թուրքին:

Այնուհետև, ասում են՝ քարտեզների խնդիր կա, կողմերի քարտեզագետները ճշգրտումներ են կատարում:

Տարօրինակն այն է, որ բոլոր դեպքերում, երբ թուրքը մտել է Սյունիք՝ Իշխանասար, Սև լիճ, Ներքին Հանդ, Շուռնուխ, Որոտան, ասել են՝ քարտեզների խնդիր կա: Ու միշտ էլ, պարզվել է, հիմք է ընդունվել Ադրբեջանի ունեցած, ավելի ճիշտ՝ Ադրբեջանի հնարած քարտեզը:

Բա ո՞ւր են մեր քարտեզները, մեր քարտեզագետները, քարտեզագիտությամբ զբաղվող մեր պետական, գիտական կառույցները:

Այնուհետև՝ չափազանց կարևոր մի հարց. թուրքը գիշերով մտնում է Սյունիք և տասնյակ հեկտարներով տարածքներ օկուպացնում… Ու պաշտոնական մակարդակով ոչ մի օպերատիվ տեղեկատվություն:

Մարտի լույս 30-ի գիշերվանից ամեն մեկն իր լսած, իր իմացած տեղեկատվությունն է տարածում, և մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել՝ ի՞նչ է իրականում կատարվում, ի՞նչ անել:

Մարզպետարանից, արդարացիորեն, ոչ ոք ոչինչ չի սպասում: Գոնե ՊՆ-ն, ԱԱԾ-ն կարող էին, չէ՞, ճշմարիտ տեղեկատվությամբ և օպերատիվորեն խոսել մարդկանց հետ՝ տեղ չթողնելով ասեկոսեների համար:

Սյունիքում (հանրային մակարդակով) ուրիշ մի հարց էլ է քննարկվում. հնարավո՞ր է, որ օրերից մի օր թուրքը կրկին առաջ գա և դիմադրության չհանդիպելով՝ նոր տարածքներ օկուպացնի, մենք էլ ասենք՝ քարտեզների խնդիր կա:

Ավելի փորձառու մարդիկ էլ այլ թեմա են քննարկում. Սև լճի արևելյան հատվածն ու Քաչալ դաղը (գլուխ Ձագեձորո) հանձնեցինք թուրքին, բայց չասացինք՝ ո՞ւմ մեղավորությամբ կամ անպատասխանատվությամբ:

Մեծ Իշխանասարի բարձունքները հանձնեցինք ու չասացինք՝ ո՞ւմ մեղավորությամբ կամ պատասխանատվությամբ:

Ներքին Հանդում 2022-ի մարտից թուրքի առաջ ճանապարհ բացեցինք և չասացինք՝ ո՞ւմ մեղավորությամբ կամ պատասխանատվությամբ:

Շուռնուխում, Որոտանում, Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն հայկական ու ավանդական մայրուղիներում թուրքն իր պատկերացրած սահմանը գծեց և չասացինք՝ ո՞ւմ մեղավորությամբ կամ պատասխանատվությամբ:

Հիմա, գոնե հիմա քաջություն կունենա՞նք ասելու՝ ո՞վ էր պատասխանատու Տեղի մերձակայքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության համար:

Սյունիքում քննարկվող մեկ հարց ևս. մի՞թե ժամանակը չէ, որ Սյունիքում ինքնապաշտպանություն  կազմակերպվի, հավատացեք՝ առաջնորդներ կգտնվեն… Այդ խնդրի շուրջ քննարկումներ կազմակերպելու և խնդիրը լեգիտիմության ռելսերի վրա դնելու համար պարտք ունեն Ազգային ժողովի մեր պատգամավորները…

Եվ վերջին հարցը. ի՞նչ ենք մենք Սյունիքում ուզում՝ խաղաղության օրակա՞րգ, թե՞ խաղաղություն, որոնք արմատապես իրարից տարբերվող հասկացություններ են:

2020 թ. նոյեմբերի 9-ին հաջորդած իրադարձությունները միանշանակ վկայում են՝ խաղաղության օրակարգ՝ նշանակում է Սյունիքի դռները բացել թուրքի առջև, հնարավորություն տալ նրան տարածքներ օկուպացնել, մարդ առևանգել կամ սպանել, այգիներում և դաշտերում աշխատողների վրա կրակել, ավանդական տրանսպորտային մայրուղիները շրջափակել, ամեն օր Սյունիքի հանդեպ տարածքային պահանջներ ներկայացնել և սպառնալիքներ շաղ տալ… Իսկ մենք պարտավոր ենք հեզությամբ ու խոնարհությամբ հաշտվել այդ ամենի հետ:

Բոլորովին այլ բան է նշանակում խաղաղությունը. օրավուր հզորացող բանակ, օրավուր ամրապնդվող սահմանագիծ, ազգային ոգու արթնացում, աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակություն, մեր դաշնակից ու շահակից պետությունների և ժողովուրդների հետ ջերմ ու անկեղծ հարաբերություններ, խելամիտ արտաքին քաղաքականություն, հայոց արժեհամակարգի պահպանման հարցում անզիջում պահվածք, հայոց պետականության շուրջ միասնություն…

Եվ ուրեմն՝ Սյունիքում ոչ թե խաղաղության օրակարգ ենք ուզում, այլ խաղաղություն. ընդ որում՝ Հայաստանում ոչ ոք այնքան բաղձալի ու թանկ չէ համարում խաղաղությունը, որքան սյունեցին…

 

 

 

 

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00

Հայերը՝ «քոչվոր ցեղ», հայերենը՝ «թուրքերենի բարբառ», ընդդիմությունը՝ «շովինիստ». Բաքվի խաղաղությունը

10.09.2026 17:33

Ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՌԴ դեսպանի հանդիպման առանցքում

10.09.2026 17:27

Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

10.09.2026 17:08

Վոլոդյա Մարտիրոսյան․ այդպիսի մարդկանցով է հողը հայրենիք դառնում

10.09.2026 16:52

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

10.09.2026 15:55

Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

10.09.2026 15:19

Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58

Ֆրանսահայ Յարութիւն Խաչատուրեանի ուշագրավ նախաձեռնությունը․ ուսումնասիրվում է Սյունիքի խաչքարային արվեստը

10.09.2026 14:46

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

10.09.2026 14:28