Սյունիքի մարզի երկու խոշոր հանքարդյունաբերողները՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) եւ «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն արձագանքել են չեխական «Առնիկա» կազմակերպության կողմից Սյունիքում անցկացված ուսումնասիրության արդյունքներին:
2025-ին «Առնիկան» Կապանի ու Քաջարանի հատվածում, որտեղ գործունեություն են ծավալում Կապանի ԼՀԿ-ն ու ԶՊՄԿ-ն, հետազոտել էր շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու ծանր մետաղների ազդեցությունը մարդկանց վրա: Այս տարի չեխ մասնագետները հրապարակել են իրենց զեկույցը, որը կոչվում է «Պոչամբարներից այն կողմ. շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու մարդու վրա ազդեցությունը Հայաստանում»: Հետազոտության արդյունքների մասին «Հետքը» գրել էր սեպտեմբերի 3-ին:«Առնիկան» զեկույցում առանձին առաջարկներ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը, համայնքներին եւ հանքարդյունաբերողներին:
Վերջիններիս առաջարկվել էր, մասնավորապես, օբյեկտների եւ ազդակիր համայնքների սահմաններին տեղադրել իրական ժամանակում հանրությանը հասանելի օդի որակի մոնիտորներ (ներկայում, ըստ զեկույցի, մոնիտորինգը կենտրոնանում է ներքին տարածքի վրա՝ հանրության առաջ հաշվետու չլինելով): Առաջարկվել է նաեւ իրականացնել փոշու համապարփակ ճնշում, խթանել բուսականության աճը պոչամբարների լերկ մակերեսներին (մասնավորապես՝ Գեղանուշի պոչամբարում, որը շահագործում է Կապանի ԼՀԿ-ն), ջրային օբյեկտներին հարող ճանապարհներին եւ իրականացնել աստիճանական վերականգնում հանքարդյունաբերական գործունեության ընթացքում: Բացի դրանից՝ հասանելի լավագույն փորձի միջոցով վերագնահատել ԶՊՄԿ-ի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարի մակերեսի ծածկման համապատասխանությունը, դիտարկել բազմաշերտ ծածկույթի տեխնոլոգիան (ավելի հաստ հողային շերտ, էրոզիայի վերահսկում)՝ արագ աճող բուսականության կիրառմամբ, որը նախատեսված է վատագույն կլիմայական սցենարների համար։
Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ «Հետքը» գրավոր հարցեր էր ԶՊՄԿ-ին ու Կապանի ԼՀԿ-ին:
ԶՊՄԿ-ից հարցերին պատասխանել է ընկերության լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը:
-Վերջերս չեխական «Առնիկա» կազմակերպությունը հրապարակել է Սյունիքի որոշ բնակավայրերում իրականացրած ուսումնասիրության մասին զեկույց։ Նրանք ուսումնասիրել են շրջակա միջավայրի աղտոտվածությունն ու ծանր մետաղների ազդեցությունը մարդկանց վրա։ ԶՊՄԿ-ն արդյոք ծանոթ է զեկույցի բնօրինակին։
-Անկեղծ ասած, այս «հետազոտության» ու այս կազմակերպության հայաստանյան գործունեության մեջ ինձ շատ բան է տարօրինակ, անտրամաբանական, անվստահելի, եթե ոչ կասկածելի թվում։ Ներառյալ այս կազմակերպության հետեւողական փորձերը Հայաստանի հանքարդյունաբերությունը որպես աղտոտման աղբյուր ներկայացնելու՝ չունենալով իրականում ոչ մի հիմնավոր ապացույց։ Ընդ որում՝ իրենք են խոստովանում, որ խորքային հետազոտության համար բավարար միջոց չունեն։ Կարո՞ղ ենք առնվազն զարմանալ, թե ինչու է ուրանի եւ ածուխի հանքերի երկրից եկած այս կազմակերպությունը հետեւողականորեն իր «սուղ» միջոցները արդեն մի քանի տարի ծախսում՝ Հայաստանը որպես աղտոտված երկիր ներկայացնելու համար։
Հիմա այդ «աշխատանքի» որակի մասին։
Զեկույցի նախաբանում կան ակադեմիական սխալներ։ Օրինակ՝ զեկույցում նշվում է, որ Սյունիքում պղնձի եւ մոլիբդենի արդյունաբերությունը գործում է 1950-ական թվականներից։ Մինչդեռ դեռեւս 19-րդ դարում Կապանը հանքարդյունաբերության համաշխարհային քարտեզում ունեցել է իր հստակ տեղը։
Կարեւոր խնդիր է նմուշառման մեթոդաբանությունը։ Նույնիսկ հրապարակված նյութերից եւ լուսանկարներից տպավորություն է ստեղծվում, որ անհրաժեշտ, վերահսկելի գիտական նմուշառման սկզբունքները պատշաճ կերպով չեն պահպանվել։
Օրինակ՝ լուսանկարներում երեւում է, որ Կապանի եւ Քաջարանի բնակավայրերում նմուշառման համար օգտագործվել են կենցաղային պարագաներ՝ տաշտակ եւ խոզանակ։ Նմուշները պահվել են սովորական կենցաղային տոպրակներում։ Նման մոտեցումը չի կարող համարվել պրոֆեսիոնալ, ու հենց այս փուլից ուսումնասիրության լրջությունը դրվում է կասկածի տակ։
Առանձին պարզաբանման կարիք ունի այն, թե ինչու են նմուշները, այդ թվում՝ մարդկանցից վերցրած կենսաբանական նմուշները տեղափոխվել արտերկիր, մասնավորապես՝ Չեխիա, եւ ոչ թե ուսումնասիրվել տեղում։ Հայաստանում կան միջազգային պահանջներին համապատասխանող եւ հավաստագրում ունեցող լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է իրականացնել անհրաժեշտ հետազոտությունները։
Զեկույցում կան հատվածներ, որոնք բառացիորեն զավեշտալի են։ Հետազոտողները, ըստ էության, մի «բացահայտում» են արել՝ պղնձի հանքի հարակից տարածքում պղինձ են հայտնաբերել։ Սա, թերեւս, կարող էր նույնիսկ Նոբելյան մրցանակի արժանի բացահայտում լինել։ Բայց եթե լուրջ խոսենք, ապա պղնձի հանքավայրի հարակից տարածքում հողում պղնձի պարունակություն հայտնաբերելը բնական է։ Նշվում է, որ Քաջարանում հողի մեկ նմուշում պղնձի պարունակությունը կազմել է 2.3 գ/կգ, իսկ հինգ նմուշների միջին ցուցանիշը՝ 1.1 գ/կգ։ Եթե «հետազոտության» այս թվերը ճիշտ են ներկայացվել, ապա ստացվում է, որ այս մարդիկ մակերեւութային փոշու կամ հողի մեջ հայտնաբերել են հանքաքարի պարունակությանը մոտ կամ գերազանցող պղնձի պարունակություն։ Որքան կարելի է հասկանալ, նրանք նոր հանքավայր են հայտնաբերել։
Իհարկե, սա կատակով եմ ասում, բայց այս որակի «հայտնագործություններին» լուրջ հնարավոր չէ վերաբերվել։
Ընդ որում՝ հեղինակները գալիս են մի եզրահանգման, որ Քաջարանի հողի նմուշում ուսումնասիրված մետաղների ցուցանիշները, բացառությամբ մեկի, չեն գերազանցում Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության կողմից սահմանված շեմերը։ Օրինակ՝ նրանք նշում են, որ Քաջարանի հողի նմուշի եւ Չեխիայի շրջակա միջավայրի նախարարության սահմանած մակարդակների ու շեմերի համեմատությունը ցույց է տալիս, որ մկնդեղն այն միակ մետաղն է, որը գերազանցում է սահմանված չափորոշիչները։ Մյուս հինգ մետաղների ցուցանիշները, որոնք ուսումնասիրվել են Քաջարանի հողի նմուշում, եղել են չեխական սահմանային շեմերից զգալիորեն ցածր։ Ինչ վերաբերում է մկնդեղին, ապա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունաբերական պրոցեսները չեն կարող որեւէ կերպ ավելացնել հողում մկնդեղի պարունակությունը։
Այստեղ հարց է առաջանում՝ ինչի՞ համար են շարունակաբար հրապարակվում ահասարսուռ վերնագրեր, եթե, ըստ հենց իրենց ներկայացրած տվյալների, Քաջարանի հողի նմուշում ուսումնասիրված մետաղների ցուցանիշները ցածր են Չեխիայի կողմից սահմանված ստանդարտներից։ Իրավունք ունե՞մ ես՝ որպես քաղաքացի, այստեղ դիտավորություն տեսնել։
-Զեկույցում առաջարկներ են ներկայացվել նաեւ մարզի հանքարդյունաբերող ընկերություններին։ Արդյոք Ձեր ընկերությունն ընդունում է այդ առաջարկները, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ։
-Նման մեթոդաբանությամբ իրականացված ուսումնասիրության հեղինակների առաջարկություններին լուրջ վերաբերվել չի կարելի։
Կազմակերպությունը, եթե շահագրգռված է, որ իրեն լուրջ ընկալեն, ապա նախ պետք է պատասխաններ տա մեթոդաբանության, նմուշառման, լաբորատոր հետազոտությունների եւ ստացված արդյունքների հավաստիության վերաբերյալ հարցերին, ինչպես նաեւ ապացուցի իր անշահախնդրությունն ու հուսալիությունը։
Ես նաեւ կիսում եմ հայկական մամուլում ավելի վաղ հնչած հիմնավոր կասկածներն այն մասին, թե ինչ հանգամանքներում եւ ինչ նպատակով են կազմակերպության ներկայացուցիչները մուտք գործում, լուսանկարում կամ տեսանկարահանում ռազմավարական նշանակության օբյեկտներ։ Հարց է առաջանում՝ որտե՞ղ են օգտագործվում այդ նյութերը, ո՞ւմ են դրանք փոխանցվում եւ ի՞նչ շրջանակներում են տարածվում։
Իմ գնահատմամբ՝ այս աշխատանքը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են վստահելի գիտական եզրակացություններ կատարելու համար։ Նման նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն գիտական ճշմարտության, փաստերի նկատմամբ հարգանքի եւ Հայաստանի ու Սյունիքի բնակիչների իրական շահերի պաշտպանության վրա։
Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի ամենակարգավորված ոլորտներից է, եթե ոչ ամենակարգավորվածը։ Բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները հրապարակում են իրենց բնապահպանական, ֆինանսական, տնտեսական ցուցանիշները ամենատարբեր, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ինչպիսին ԱՃԹՆ-ն է։ Ավելին՝ հաջորդ շաբաթ ԶՊՄԿ-ն հրապարակելու է թվով արդեն 5-րդ կայուն զարգացման զեկույցը, որտեղ զետեղված տվյալները միջազգային իրապես հեղինակավոր տասնյակ ընկերությունների տարիների հետազոտությունների արդյունք են։ Հանքարդյունաբերական ընկերությունները աշխատում են աշխարհի առաջատար ոլորտային լաբորատորիաների, հետազոտական ընկերությունների, խորհրդատվական կազմակերպությունների հետ եւ, անկեղծ ասած, հասարակական կազմակերպությունների սիրողական խորհուրդների կարիքը չունեն։ Միեւնույն ժամանակ, մենք բաց ենք ցանկացած հարց, խնդիր քննարկելու եւ պարզաբանելու, այդ թվում՝ այս «հետազոտողների» սխալները իրենց իսկ մատնացույց անելու։ Սակայն այդ հնարավորությունը մեզ չի տրվել։
Ձեզ մոտ՝ որպես լրագրողի, կասկած չի՞ հարուցում այն հանգամանքը, որ այս օտարերկրյա կազմակերպությունն արդեն որերորդ տարի գալիս է Հայաստանից մեզ ու մազ է տանում, դրա հիման վրա երկրի տնտեսության կարեւորագույն ճյուղի հեղինակությանը հարվածող տեղեկատվություն է տարածում, ասուլիսներ ու հանդիպումներ է անում, հեռվից հեռու խորհուրդներ է բաժանում եւ այդ ամենն անում է գաղտագողի՝ ոչ մի անգամ չհանդիպելով եւ իրենց հարցերը չքննարկելով հանքարդյունահանողների հետ։ Դա, իմ խորին համոզմամբ, նրանից է, որ իրենք հարցեր տալու եւ իրականություն բացահայտելու ցանկություն չունեն, այլ ունեն բոլորովին այլ նպատակ։ Եվ կամ, լավագույն դեպքում, կարելի է մտածել, որ պարզապես խիստ ոչ պրոֆեսիոնալ, սիրողական ակտիվիստական խմբակ են, եւ այդ դեպքում նույնպես նրանց աշխատանքը քննարկելը անիմաստ է։
Նույն հարցերն ուղարկել էինք Կապանի ԼՀԿ-ի սեփականատեր, կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանին: Հարցերին պատասխանել է ԼՀԿ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը:
«Մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրության մտահոգվածությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության, պետական մարմինների եւ արտադրության հետ երկխոսության ապահովման հարցում, սակայն, նաեւ հորդորում ենք պատկերն ավելի իրատեսական ընկալելու համար ծանոթանալ այս տիրույթը կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտին, մասնակցել հանրային լսումներին եւ մեդիա ոլորտում հրապարակած հոդվածները ներկայացնել մասնագիտորեն ավելի ընդարձակ տեսքով՝ հստակ նշելով մեթոդաբանությունը, կրկնելիությունը եւ այլ հարցեր՝ այսպիսով, ապահովելով մարդկության կայուն զարգացման բոլոր երեք բաղադրիչների հավասարազոր իրավունքը»,- ասվում է ընկերության պատասխանում:
ԼՀԿ-ի դիտարկմամբ՝ «Առնիկայի» կողմից ներկայացված վերլուծությունը զուրկ է ստանդարտ համեմատական մեթոդոլոգիական հենքից, հիմնված է բացառապես մակերեսային եւ հուզական վերլուծական նյութի վրա, ինչը լուրջ քննարկման առարկա չի կարող դառնալ:
«Բոլոր մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ ընկերության գործարար համբավն անհիմն տեղեկատվական հոսքերով արատավորելու գործելաոճից՝ ամենեւին չցանկանալով երկխոսությունը շարունակել դատական ատյաններում,- նշում է ԼՀԿ-ն,- ավելին՝ ընկերությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած բաց եւ թափանցիկ գործելաոճին, «Առնիկա» կազմակերպության Սյունիքի մարզի ներկայացուցիչ «Երիտասարդական իմպուլս» ՀԿ-ին եւ Գեղանուշ գյուղի բնակիչներին Գեղանուշի պոչամբարի նախագծի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության հանրային քննարկումների ժամանակ առաջարկել է կիսվել կատարված մոնիտորինգային ուսումնասիրությունների արդյունքներով, համեմատել ընկերության կողմից կատարվող մոնիտորինգի տվյալներով, ինչին առ այսօր արձագանք չկա»:
Ինչ վերաբերում է «Առնիկայի» զեկույցում ներկայացված առաջարկներին, ԼՀԿ-ն հայտնել է, որ զեկույցի բովանդակությունից պարզ չէ, թե արդյոք հեղինակներն ուսումնասիրել են ՀՀ գործող օրենսդրության՝ քննարկվող ոլորտային կանոնակարգերը, թե ոչ: Ըստ հանքարդյունաբերողի՝ առաջարկների մի մասը գոյություն ունեն գործող օրենսդրական լուծումներում, որոնք նաեւ կատարելագործվում են ՀՀ կառավարության՝ տարբեր ոլորտների կողմից մշակվող ռազմավարությունների շրջանակներում:
ՀԳ. ԶՊՄԿ-ի ու Կապանի ԼՀԿ-ի բարձրացրած հարցերն ուղղել ենք «Առնիկային», որի պատասխանը կհրապարակենք առաջիկայում: