Սյունիքի հեռավոր գյուղական բնակավայրերի վարչական շենքերը կօգտվեն արեւային էներգիայից ու կկրճատեն ծախսերը

26.07.2024 10:40
679

Հայ-իրանական սահմանի հարեւանությամբ գտնվող Ալվանք գյուղի վարչական շենքը, որտեղ տեղակայված են գյուղապետարանը, մանկապարտեզը, գրադարանը, բուժկետն ու դահլիճը, արդեն կարող է օգտվել արեւային էներգիայից: 

Բազմաֆունկցիոնալ շենքի տանիքին տեղադրվել են 10 կՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան ու 300 լ տարողությամբ արեւային ջրատաքացուցիչ: Տաք ջրի հիմնական օգտագործողը կլինի վերակառուցված մանկապարտեզը, չնայած շենքում տեղակայված մյուս շահառուները եւս կարող են օգտվել դրանից, իսկ ֆոտովոլտային կայանը կապահովի մանկապարտեզի համար անհրաժեշտ հոսանքը, չնայած ՀԷՑ-ի հետ պայմանագրի հիման վրա հնարավոր կլինի նաեւ ավելցուկ էլեկտրաէներգիան վաճառել բաշխիչ ցանցին: 

Ալվանքը (մինչեւ 2006 թ. կոչվում էր Ալդարա) Մեղրի խոշորացված համայնքի բնակավայրերից մեկն է: Մեղրու ամբողջ տարածաշրջանը հայտնի է տաք ու արեւոտ եղանակով: Այս պայմաններում գազ չունեցող Ալվանքում արեւային էներգիայի պոտենցիալի իրացումը կարեւոր հանգամանք է: 

Գյուղի վարչական ղեկավար Աշոտ Դանիելյանն ասում է, որ եթե 178 բնակիչ ունեցող Ալվանքում ավելի շատ ֆոտովոլտային կայաններ ու ջրատաքացուցիչներ տեղադրվեն, դա կնպաստի բնակչության սոցիալական պայմանների բարելավմանը, ինչն իր հերթին կբերի արտագաղթի նվազման ու հետագայում՝ գուցե բնակչության թվի աճի: 

«Հետքի» զրուցակիցը հիշում է, որ երբ 1980-ականների վերջին ու 1990-ականների սկզբին Ադրբեջանից, մասնավորապես՝ Բաքվից, Կիրովաբադից (Գանձակ, ներկայում՝ Գյանջա), Բանանցից, այստեղ էին տեղափոխվել հայ փախստականները, ինքնապաշտպանական եւ ապա ազատագրական մարտերին մասնակցելու համար գյուղում մոտ 100 հոգուց բաղկացած ջոկատ էր կազմավորվել: Ըստ վարչական ղեկավարի՝ 1990-ականներից հետո բնակչության թիվն աստիճանաբար նվազել է:

Ալվանքում իրականացվող ծրագիրն ավելի խոշոր նախագծի մի մասն է: 2023-ից Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում իրականացնում է «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի» ծրագիրը, որը Հարավային Կովկասի համար նախատեսված ավելի մեծ ծրագրի՝ «ԷԿՈսերվ»-ի մաս է եւ ֆինանսավորվում է ԵՄ-ի ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: 

Ծրագիրը Սյունիքի մարզում իրականացնում են 2 կազմակերպություն. հյուսիսային մասում՝ «Գործընկերություն եւ ուսուցում» ՀԿ-ն (Գորիս), հարավային թեւում՝ «Կայուն զարգացում» ՀԿ-ն (Կապան): 

Վերջինիս նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ նախ կատարվել է կարիքների գնահատում, եւ ընտրվել են բնակավայրեր, որոնք բավարարել են ծրագրի պահանջները: Ծրագրի թիրախում են անտառին մոտ գտնվող, չգազիֆիկացված, սահմանամերձ, փոքր բնակավայրերը, որոնց համայնքային շինություններն էլ ընտրվել են՝ էներգաարդյունավետության աշխատանքներ կատարելու համար:

Սյունիքի հարավային թեւի Կապան, Քաջարան եւ Մեղրի խոշորացված համայնքներից Քաջարանը հրաժարվել է մասնակցությունից, եւ «Կայուն զարգացում» ՀԿ-ն ծրագիրն իրականացրել է Կապանում, Գորիսում ու Մեղրիում: Ըստ Փարսադանյանի՝ խոշորացված համայնքներն իրենք են ընտրել, թե կոնկրետ որտեղ իրականացվի ծրագիրը:

«Կապանի համայնքապետարանը ներկայացրեց Վերին Խոտանան եւ Աճանան բնակավայրերի վարչական շենքերը: Գորիսում ներկայացվել են Բարձրավանի եւ Շուռնուխի վարչական շենքերը, իսկ Մեղրիում՝ Ալվանքի բազմաֆունկցիոնալ վարչական շենքը»,- պատմում է Ա. Փարսադանյանը՝ հավելելով, որ համայնքներից յուրաքանչյուրը պարտավորվել է ծրագրի մեջ ներդրում ունենալ առնվազն 10 տոկոսի չափով, որը կարող էր լինել թե՛ ֆինանսական, թե՛ նյութատեխնիկական տեսքով: 

Ըստ նրա՝ քանի որ Ալվանքի շենքում արդեն իսկ կար 100 քմ մակերեսով հիմնանորոգված մանկապարտեզ, դրա կարիքների համար որոշվեց տեղադրել 10 կՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան ու 300 լ տարողությամբ արեւային ջրատաքացուցիչ: Համայնքն իր կողմից վարչական շենքում տեղադրել է պատուհաններ եւ դուռ: Վերին Խոտանանի վարչական շենքում տեղադրվել է 7 կՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան, ջերմամեկուսացվել է տանիքը, փոխարինվել են շենքի արտաքին դռներն ու պատուհանները, իսկ համայնքը որպես իր կողմից ներդրում փոխարինել է ներքին դռները: Աճանանում էլ տեղադրվել է 5 կՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան: Բարձրավանում եւ Շուռնուխում փոխարինվել են վարչական շենքերի դռներն ու լուսամուտները, ջերմամեկուսացվել են տանիքները: Ֆոտովոլտային կայաններ չեն տեղադրվել, քանի որ արդեն եղել են: Գորիսի համայնքապետարանն իր կողմից պարտավորվել է համապատասխան աշխատանքների տեսքով ներդրում կատարել Շուռնուխի վարչական շենքում, որը դրա կարիքն ունի:  

Ծրագիրն ավարտվում է այս տարվա աշնանը: Ամփոփելով դրա օգուտները՝ Արմեն Փարսադանյանն ասում է, որ ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն հեռավոր գյուղական բնակավայրերում արդյունավետ իրացնել արեւային էներգիայի պոտենցիալը, այլեւ համայնքին օգնում է նազեցնել, օրինակ, էլեկտրաէներգիայի ծախսերն ու նպաստում է ջերմոցային գազերի արտանետումը կրճատելուն:

hetq.am

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21