Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի պաշտոնակալությունը

10.10.2016 17:17
3623

Հոկտեմբերի 10-ին Կապանի օդանավակայանում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Սյունիքի հանրությանը պաշտոնապես ներկայացրին նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Հավաքված հարյուրավոր սյունեցիներ աղուհացով դիմավորեցին Վահե Հակոբյանին եւ շնորհավորեցին նրան նշանակման առիթով: Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 6-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ:

Օդանավակայանում հավաքվածների առջեւ ելույթ ունեցան Վահե Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը եւ Դավիթ Լոքյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ երկրի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը մշակել է կառավարման նոր մոտեցումներ եւ եղանակներ, որ ակնկալում է շոշափելի արդյունքներ գրանցել հնարավորինս կարճ ժամանակահատվածում: «Պատահական չէ, որ Սյունիքի մարզից է սկսվում փոփոխությունների մեկնարկը, քանի որ Սյունիքը թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ռազմավարական, թե՛ ռեսուրների առումով առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար: Ձեր մարզն առաջինն է, որ մարզերի կառավարման եւ զարգացման նոր մոտեցում պետք է ձեւավորի. համատեղ աշխատանքը թույլ կտա սկզբնավորել այն չափորոշիչները, որով պետք է ընթանա հանրապետության մարզերի զարգացումը», - մասնավորապես նշեց Դ.Հարությունյանը եւ մաղթեց մարզպետին հաջողություն, նոր բարձունքներ, հավակնոտ ծրագրեր:

Ողջույնի խոսքում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Վահե Հակոբյանին բարդ եւ ծանր աշխատանք է սպասվում: Բայց եւ համոզմունք հայտնեց, որ նորանշանակ մարզպետը, ՀՀ նոր կառավարությունն իրենց ընդհանուր սկզբունքներով, մարզերի տնտեսական զարգացման ռազմավարությամբ, համայնքների զարգացման ծրագրերով  Սյունիքում կկարողանան առաջընթաց ապահովել: «Սյունիքի մարզը հանրապետությունում համախառն ներքին արդյունքով առաջինն է, բայց աղքատության ցուցանիշն այստեղ ամենաբարձրերից է: Մարզն ունի զարգացման լայն հնարավորություններ, եւ ժամանակն է ներդնել այնպիսի ծրագրեր ու գաղափարներ, որոնք կնպաստեն աշխատատեղերի բացմանը, աղքատության ցուցանիշի նվազմանն ու բարեկեցիկ համայնքներ ունենալուն: Հատկապես Սիսիանի տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծումը կառավարության ուշադրության առանցքում պետք է լինի, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել արտադրական խմբեր եւ ապահովել համախառն ներքին արդյունքի աճ: Ժամանակն է՝ աշխարհում գործող այսօրվա լավագույն մեթոդներով փորձել զարգացնել մեր տարածաշրջանները», - նշեց նախարարը եւ նորանշանակ մարզպետին մաղթեց համերաշխ ու արդյունավետ աշխատանք:

Պաշտոնակալության արարողությունը շարունակվեց մարզպետարանի նիստերի դահլիճում: Դ.Լոքյանը եւ Դ.Հարությունյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրին նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին: Իրենց խոսքում նրանք նշեցին, որ բարդ եւ պատասխանատու ժամանակաշրջան է թե՛ մարզպետի, թե՛ նրա աշխատակազմի համար: Նոր ժամանակներում Սյունիքի մարզը մյուս մարզերի համար կառավարման եւ զարգացման առումներով առաջամարտիկ կլինի, ուստի նրա փորձը կարեւոր է եւ կլինի ուշադրության կենտրոնում:

Ինչպես նշեց Դավիթ Լոքյանը, մարզպետի խնդիրը միայն համայնքներն ու տարբեր ոլորտները կառավարելը չէ, այլ նաեւ մարզի տնտեսական զարգացումը, աշխատատեղերի ու քաղաքացիների համար բնականոն ապրելակերպի ապահովումը: Նորանշանակ մարզպետի առաջնային խնդիրներից է համայնքային բյուջեների հստակեցումը, համայնքների խոշորացման գործընթացի եւ նրա դրական արդյունքների ապահովումը: Դավիթ Լոքյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ տարիների արդյունավետ աշխատանքի, մարզի զարգացմանը միտված քայլերի համար:

Ամփոփիչ խոսքում Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ վստահության համար: Այնուհետեւ նշեց՝ «Անցողիկ, բավականին բարդ ժամանակաշրջանում խիստ պարտավորեցնող աշխատանք է ինձ հանձնարարվել: Ամենակարեւորը, իհարկե, մարդկային ռեսուրսն է, միասնական ուժերով փորձենք հաղթահարել դժվարությունները, մանավանդ որ մեր ժողովուրդը լուրջ մարտահրավերների ժամանակ կարողանում է համախմբվել. վկան՝ ապրիլյան պատերազմը»: Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Սուրեն Խաչատրյանին՝ կատարած աշխատանքի համար եւ նշեց, որ նրա կառավարման ժամանակաշրջանի դրական փորձը, լավագույն ավանդույթները կօգտագործվեն հետագա աշխատանքում: Այդուհանդերձ՝ «Աշխատանքի մեջ նոր մոտեցումներ կլինեն, եւ հուսով եմ՝ 2017թ. շոշափելի արդյունքներ կներկայացնենք թե՛ երկրի կառավարությանը, թե՛ երկրի նախագահին», - ամփոփեց խոսքը Վահե Հակոբյանը:   

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23