Սյունիքի թագավորության կազմավորումը, անունը և սահմանները

14.06.2024 16:26
891

10-րդ դարի երկրորդ կեսին` Բագրատունյաց թագավորությունը, ինչպես հայտնի է, մի շարք ներքին և արտաքին պայմանների շնորհիվ մասնատվեց երեք մասի՝ Անի-Շիրակի, Կարսի կամ Վանանդի և Լոռու կամ Տաշիր-Ձորագետի: Դրանից դեռ շատ առաջ Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Տայքում (հավանաբար Բյուզանդիայի հովանավորությամբ)՝ կազմակերպելով կյուրապաղատություն:

10-րդ դարի առաջին տասնամյակում (908/909 թ.) Վասպուրականի Արծրունյաց իշխանները, Ատրպատականի Յուսուֆ էմիրի անմիջական համաձայնությամբ և օժանդակությամբ, հիմնադրեցին իրենց թագավորությունը:

Բացի այս համեմատաբար խոշոր տերություններից, Հայկական լեռնաշխարհի տարբեր անկյուններում` կային բազմաթիվ հայկական մանր իշխանություններ, որոնք, անգամ սելջուկների արշավանքներից հետո, տեղ-տեղ պահպանեցին իրենց գոյությունը1:

Այդպիսի մանր իշխանություններ էին հաստատվել նաև լեռնային Արցախում, որը, մոտավորապես այդ ժամանակներից սկսած, հայտնի է դառնում Խաչեն անունով: Նրա հարավային մասում հաստատվել էր Աբու-Մուսեի փոքրիկ թագավորությունը, իսկ Վերին Խաչենում և նրա սահմանակից Փառիսոս գավառում՝ մի քանի այլ «արքայիկների հարստություններ»2:

10-րդ դարի երկրորդ կեսին Սյունյաց աշխարհում ևս կազմավորվում է մի թագավորություն: Նրա հիմնադրման ճշգրիտ թիվը հայտնի չէ: Օրբելյանն իր պատմության մեջ, ուր մի գլուխ (ԾԹ) ամբողջովին նվիրել է Սյունյաց թագավորների մասին տեղեկություններ հաղորդելուն, թագավորության կազմավորման թվականի մասին ոչինչ չի հիշատակում: Ենթադրվում է, որ այդ թագավորությունը հիմնադրվել է մոտավորապես 970 թվականին3: Առաջին թագավորի մասին Օրբելյանը գրում է. «Արդ առաջին թագաւորեաց ի Սիսական աշխարհս արին և քաջն, հզօր և բարեպաշտ արքայն Սմբատ՝ որդի Սահակայ՝ եղբօրն Սմբատայ, որք էին որդիք բարեպաշտին Աշոտոյ՝ եղբօր մեծին Վասակայ որ Իշխանիկ կոչիւր. և սոքա որդիք երանելւոյն Փիլիպպէի՝ եղբօր Սահակայ որ ի Դվին սպանաւ ի պատերազմին Հաւլայ ամիրային, որդիք Վասակայ՝ մեծ նահապետին Սիւնեաց»4:

Ինչպես տեսնում ենք, առաջին թագավորը Սահակի որդի Սմբատն էր: Սահակը, ինչպես և իր եղբայր Սմբատը, Սյունյաց գահերեց կամ գահագլուխ իշխանական տան սերնդից էին: Էմիրի այն կարծիքը, թե «Կապանում նստողը (Կապանում նստող թագավորը-Թ. Հ.) Գեղարքունիքի Հայկազուն իշխաններից էր»5, պարզապես թյուրիմացության արդյունք է: Թվում է, թե Էմիրի մոտ այդ սխալը առաջացել է Վարդան վարդապետի հետևյալ հիշատակությունից. «Ի հինգ հարիւր քառասուն և երեք (1094 թ.) թուին առաքեաց Փատլուն ամիրայն Գանձակայ զՎասակ Պահլաւ՝ որդի Գրիգորոյ Մագիստրոսի, ամենայն զօրօքն Առանայ, յանառիկ յամուրսն Բաղաց և Կապանին, որ և խաբէութեամբ հնարեալ մտին անդր. և սպանեալ զՍենեքերիմ արքայն Հայկազնի, զի թագաւորքն որ անդ՝ հայկականք էին. և ոչ բարձաւ մինչ ի յետին աւուրս եղելոյ երկուց եղբարց անզաւակաց, Սմբատայ և Գրիգորոյ, որ առեալ զմանուկն Սենեքերիմ հայազարմ՝ եդին թագաւոր ժառանգորդ իւրեանց. զոր և սպանեալ հրամանաւ Փատլնոյ շիջաւ ճրագն որ անդ, և տիրեցին Պարսք»6։ Սրանից, սակայն, բնավ չի կարելի եզրակացնել, թե Սենեքերիմը Գեղամա լճի ավազանում տիրող Հայկազուն իշխանների սերնդից էր: Հավանաբար պատմիչը Սենեքերիմ արքային «Հայկազն» է անվանում միայն ցույց տալու համար, որ նա հայ էր, Հայկի սերնդից:

Սյունիքում ստեղծված թագավորությունը տարբեր պատմիչների մոտ տարբեր կերպ է անվանվում: Մատթեոս Ուռհայեցին անվանում է «թագաւորն Կապանին»7: Այդ նշանակում է, որ պատմիչին թագավորությունը հայտնի է եղել նրա մայրաքաղաքի՝ Կապանի անունով: Վարդան վարդապետը չի հիշատակում թագավորության անունը, սակայն նրա անուղղակի ակնարկներից պարզ երևում է, որ նրան նույնպես թագավորությունը հայտնի էր Կապան մայրաքաղաքի անվամբ8: Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, որն ավելի տեղյակ է և ավելի շատ վկայություններ ունի Սյունիքում ստեղծված թագավորության մասին, այն երբեմն անվանում է «Բաղաց», երբեմն էլ «Սիւնեաց», իսկ ամենից հաճախ՝ «Սիւնեաց և Բաղաց»:

Նկատի ունենալով, որ Կապանը մինչև վերջ չի մնացել որպես մայրաքաղաք, մենք ճիշտ ենք համարում` թագավորությունը կոչել Սյունիքի կամ «Սյունյաց և Բաղաց» թագավորություն:

Սյունյաց թագավորության գրաված տերիտորիայի վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները չափազանց անորոշ են:

Սյունյաց թագավորությունը, կազմավորված լինելով Սյունիք աշխարհում, իր գրաված տերիտորիայով, բնականաբար, պետք է համապատասխաներ կամ ամբողջ Սյունիք աշխարհին, կամ թե, համենայն դեպս, նրա մի մասին:

Աղբյուրների մանրազնին ուսումնասիրությունը մեզ բերեց այն համոզման, որ թագավորության կազմավորման հենց սկզբից էլ նրա տերիտորիայից դուրս է մնացել Գեղամա երկիրը (Գեղարքունիք և Սոտք գավառները): Մեր այդ եզրակացությունն անառարկելի դարձնելու համար բերենք մի քանի փաստեր:

Օրբելյանը Սյունյաց թագավորության հիմնադրման մասին գրում է.

«Եւ զի յայնմ ժամանակի Բագրատունիքն իշխէին միայն Շիրակայ և Այրարատու մինչ ի Գեղամ և մինչ ի յՈւխտիսն և մինչ ի Կարին և մինչ ի Վասպուրականի սահմանն և մինչ ի Ձորոյ գետն և մինչ ի Գարդման. և Սիւնիք կտրեալ էր ի նոցանէ. վասն որոյ ոչ ինչ քրէական մեղս համարեցաւ Սմբատ. զի թէ Բագրատունիքն (որք) գերութեամբ իմն ածեալ էին Հրաչէէ՝ այնմ արժանի գտան, ապա քանի՞ ևս առաւել սոցա անկ էր որ ի Հայկայ երևելի հարազատութեամբ որդիք զհարս փոխանակելով՝ բնիկ տէրութեամբ` եկեալ, հասեալ էին մինչև ցայժմ: Արդ՝ թագ կապեալ Սմբատայ ճոխ և երևելի փառօք յարդարէր զարքայութիւնն ըստ օրինի ինքնակալ թագաւորաց»9:

Պատմիչը Սյունյաց Սմբատ իշխանի անջատվելը և առանձին թագավորություն հիմնադրելը արդարացնելու համար ունի աչառու վերաբերմունք, ինչպես նշում է պրոֆեսոր Մ. Աբեղյանը10:

Նա Բագրատունյաց թագավորների տիրապետության շրջանների արևելյան սահմանը հասցնում է մինչև Գեղամա լեռները և Սմբատ իշխանի կենտրոնախույս գործողությունները արդարացնում նրանով, որ իբր Սյունիքն անջատված էր Բագրատունիներից: Բերված վկայությունը եթե իրոք միտումնավոր չլիներ, ապա առանց սխալվելու պետք է ասեինք, որ Գեղամա լճի շուրջը գտնվող գավառները կազմեցին Սյունյաց թագավորության մասը: Սակայն հարցն ավելի պարզվում է, երբ դիմում ենք Օրբելյանի այն վկայություններին, որոնցում նա առանձին շահագրգռվածություն չուներ կեղծելու իրական փաստերը: Սյունյաց թագավորության վերաբերյալ խոսելիս նա որևէ ակնարկ չունի այն մասին, թե Գեղարքունիքն ու Սոտքը երբևէ եղել են թագավորության տերիտորիայի մեջ մտնող շրջաններ:

Թե՛ Վարդան վարդապետը և թե՛ Ստ. Օրբելյանը նշում են թագավորության մեջ մտնող մի շարք բերդեր11, որոնցից և ոչ մեկը չէր գտնվում Գեղամա երկրում:

Ասողիկը, որ ժամանակակից էր Գագիկ առաջինին, գրում է. «Իսկ Գագիկ յաւուրս մանկութեան իւրոյ յորժամ շրջէր նա ի գաւառին Գեղամայ՝ տայ նմա (Սարգիս վանականինԹ. Հ.) տեղի և վանս բնակութեան զվանսն, որ յաղագս ծագման իրիք լուսոյ աստուածայնոյ՝ Շողագայ անուանի: Եւ ապա ի թագաւորիլն բոլոր Հայաստանեայցս՝ դարձեալ ի նոյն տեղի սննդեան իւրոյ, ի վանս Սևանայ օծեալ՝ զհայրութեան և զառաջնորդութեան պատիւն նմա տալ: Որ և ամենայնիւ յամենայնի ընտիր գտեալ բարւօք վերակացութեամբ՝ հաճոյանար Աստուծոյ և մարդկան»12: Ինչպես երևում է, 10-րդ դարի երկրորդ կեսում Բագրատունյաց թագաժառանգ Գագիկը մանկության հասակում Գեղամա երկրում շրջելիս Սարգիս վանականին տալիս է բնակության տեղ: Դրանից դժվար չէ եզրակացնել, որ Գեղամա երկիրը (Գեղարքունիք և Սոտք գավառները) պատկանում էր Անի-Շիրակի Բագրատունյաց թագավորներին. այլապես Գագիկը չէր կարող այդ երկրից որևէ տեղ նվիրել այս կամ այն անձնավորությանը:

Մենք նախորդ գլխում տեսանք, որ 10-րդ դարի առաջին քառորդում Սյունյաց գահերեց իշխանական տան Սմբատ, Սահակ և Բաբգեն իշխանները, որոնք եղբայրներ էին, ամբողջ Սյունիքը, առանց Գեղամա լճի շուրջը գտնվող գավառների, բաժանել էին իրար մեջ: Սմբատին բաժին էր ընկել Վայոց ձոր և Ճահուկ գավառները, իսկ Սահակին և Բաբգենին՝ Ծղուկքը, Բաղքը և դրանց շուրջը գտնվող մյուս գավառները:

Այդ իշխանների կատարած գործերի և վախճանի մասին Սյունյաց տան պատմիչ Օրբելյանը ունի մի քանի հիշատակություններ, որոնցից մեջ բերենք հետևյալը. «Իսկ Սմբատայ եղբայրն կրտսեր Վասակ մեռանի ի պատերազմին Գողթան ամիրային առ ամրոցին Երնջակայ. և ինքն Սմբատ առեալ զգահերէց իշխանութիւնն՝ բազում` ցուցեալ գործ գովելի հոգևոր և մարմնական վախճանի և թողու ժառանգ իւրոյ պայազատ տէրութեանն զորդի իւր Վասակ: Իսկ Սահակայ՝ եղբօր Սմբատայ, էր որդի Սմբատ անուն. մեռանի Սահակ և առնու զիշխանութիւնն իւր Սմբատ որդի իւր: Էր եւ ի Բաղս իշխան մի ի սոյն ցեղէ Ջեւանշէր անուն՝ որդի Ձագկայ իշխանին»13: Քիչ հետո նա շարունակում է. «Մեռանէր և Սահակն. դնէր ի դրան Նորատուսայ եկեղեցւոյն: Իսկ Վասակ՝ որդի Սմբատայ, յետ բազում իշխանութեանց և գովելի գործոց մեռանի. և տիրէր համագունդ աշխարհիս Սիսական Սմբատ՝ որդին Սահակայ, գահերէց իշխանութեամբ»14:

Բերված վկայության մեջ ասված է, որ Սյունյաց գահերեց իշխան Սմբատի մահից հետո (Ալիշանի հաշիվներով նա մահացել է 958 թ., «Սիսական», էջ 16) նրան հաջորդեց իր որդի Վասակը: Վերջինիս իշխանությունը տևում է մոտ հինգ տարի15: 963 թ. նրան հաջորդում է Սահակի որդի Սմբատը՝ գահերեց իշխանի իրավունքներով, տիրելով ամբողջ Սյունյաց աշխարհին։ Բայց այդ վկայությունը որոշակի պատասխան չի տալիս այն հարցին, թե Վայոց ձորն ու Ճահուկը, որ բաժին էին ընկել Սմբատին, իսկ նրանից հետո էլ՝ նրա որդի Վասակին, նույնպե՞ս անցան Սահակի որդի Սմբատին, թե վերջինս Վասակի մահից հետո, ձեռք բերելով գահերեց իշխանի պատիվը, շարունակեց իշխել միայն Ծղուկք, Բաղք և սրանց շուրջը գտնվող գավառների վրա, որոնք կազմում էին հոր՝ Սահակի սեփականությունը, իսկ նրա մահից հետո անցան իրեն:

Սակայն պարզ է, որ երբ 963 թ. Սմբատը կարգվեց Սյունյաց թագավոր, Վայոց ձոր և Ճահուկ գավառները մտան նրա տիրապետության մեջ:

Ավելի ուշ շրջանին պատկանող վկայություններն արդեն հաստատ կերպով ասում են, որ Վայոց ձորը, ամենայն հավանականությամբ նաև նրա սահմանակից Ճահուկը, գրավվեց Գագիկ 1-ի (989–1020) կողմից: Ասողիկը, որ ժամանակակից էր Գագիկ թագավորին, այդ մասին հաղորդում է. «Եւ տիրեաց նա (ԳագիկըԹ. Հ.) յոլով բերդից և գաւառաց ի սահմանացն Վայոց ձորոյ, Խաչենոյ և Փառիսոսոյ՝ առաւել քան զեղբայր իւր. և ոչ ոք էր, որ զարհուրեցուցանէր զՀայաստանեայսս մինչև ցօր գրելոյ իմոյ զբան յիշատակիս այսորիկ»16:

Ասողիկը, ինչպես ինքն է ասում17, իր պատմությունը գրել է 1004 թվականին: Իսկ Վայոց ձորը և Ճահուկը Գագիկի կողմից պետք է գրավված լինեին 1003 թվականից առաջ, nրովհետև Ասողիկն իր պատմությունը վերջացնում է 1003 թ. դեպքերով, երբ Գագիկը բազմաթիվ բերդեր ու գավառներ էր գրավել Փառիսոսի և Խաչենի կողմերում18։ Սրանց գրավումն անհնար կլիներ, եթե Գագիկը նախօրոք իր ձեռքը չվերցներ դեպի Փառիսոս ու Խաչեն տանող ճանապարհի վրա գտնվող Վայոց ձորը, նրա սահմանակից Ճահուկը, Ծղուկքի հյուսիսային մասն ու Աղահեճք գավառը:

Հետագայում, թագավորության գոյության ամբողջ ընթացքում, չկա որևէ հիշատակություն այն մասին, թե երբևէ Վայոց ձորն ու Ճահուկը միացված են եղել Սյունյաց թագավորությանը: Օրբելյանը լավ ծանոթ էր Վայոց ձոր և Ճահուկ գավառներին, սակայն նրա պատմության մեջ չկա որևէ ակնարկ դրանք թագավորության տերիտորիային միացնելու մասին: Թե՛ Օրբելյանի և թե՛ Վարդան վարդապետի հիշատակած պատմական վայրերը, որոնք այս կամ այն չափով կապված են եղել թագավորության պատմության հետ, գտնվում են միայն Ծղուկք, Ձորք, Արևիք, Կովսական, Բաղք և Հաբանդ գավառներում:

Թագավորության անկումից հետո (1170 թ.) որոշ իշխաններ ապաստան են գտնում Վայոց ձորում: Բերենք պատմիչի խոսքերը. «Իսկ մնացեալ ազատքն Ջուրջն և Խոսրովիկն տղայ հասակաւ մեռան ի Նախջաւանի. և թաղեցան ի Ճահուկ և եղբօրորդի մի Ջուրջին գնաց փախստական ի քաղաքն Անի Մահևան անուն. և միւս իշխանն Համտուն որ էր որդի մեծ իշխանին Բաղաց Հասանայ, և թոռն աւագ Համտունայ, գնաց ի Վայոց ձոր առ փառաւորեալ եղբայրն իւր Տէր Յովհաննէս, որ բնակէր ի խորաձոր անապատին որ Նորավանս կոչի, մերձ Հրաշկաբերդոյն...»19:

Բաղաբերդի գրավումից հետո Բաղաց Համտուն իշխանի՝ Վայոց ձորում ապաստան գտնելը ցույց է տալիս, որ վերջինս թագավորության` տերիտորիայի մասը չէր կազմում:

Նախորդ գլխում տեսանք, որ 10-րդ դարում Գողթնը, Նախիջևանը և Երնջակը չէին մտնում Սյունիքի մեջ: Դրանք, բնականաբար, դուրս էին նաև Սյունյաց թագավորության տերիտորիայի սահմաններից:

Այսպիսով, Սյունյաց թագավորությունից հյուսիսարևմուտքում դուրս էին մնում նախկին Սյունյաց աշխարհի մասերը կազմող Գեղարքունի, Սոտք, Վայոց ձոր, Ճահուկ, Երնջակ գավառները, ինչպես նաև երբեմն նրա մեջ մտնող Նախիջևանն ու Գողթնը:

Այժմ հարց է առաջանում՝ ի՞նչ գծով էր անցնում արևմուտքում նրա սահմանը: Օրբելյանի մոտ հիշատակված Սյունյաց թագավորությանը պատկանող բերդերից ամենաարևմտյանները Կաքավաբերդ, Մեղրի և Շլորուտ բերդերն են20:

Կաքավաբերդի ավերակները գտնվում էին այժմյան Մեղրագետի ակունքների շրջանում: Մեղրի բերդի ավերակները նույնպես գոյություն ունեն և գտնվում են այժմյան Մեղրի ավանի հյուսիսային մասում, իսկ Շլորուտն էլ, ինչպես կտեսնենք Ձորք կամ Կապան գավառի մասին խոսելիս, համապատասխանում է այժմյան Վերին Հանդ գյուղի մոտ գտնվող տեղացիների անվանակոչությամբ «Շլրոտ» վայրին:

Հիշված բերդերը, մանավանդ նրանցից Մեղրին և Կաքավաբերդը, գրեթե կպած են Սյունյաց լեռների ջրբաժան շարին: Անկասկած՝ հենց Սյունյաց լեռներն էլ, որ ձգվում են միջօրեականի ուղղությամբ մինչև Երասխ, հանդիսացել են թագավորության գրաված տերիտորիայի արևմտյան սահմանը: Նրա սահմաններն այս մասում համընկնում են Արևիք, Ձորք և Ծղուկք գավառների արևմտյան սահմաններին21:

Ծայր հարավում թագավորության տերիտորիայի մեջ էին մտնում Արևիք և Գրհամ կամ Կովսական գավառները: Մեր այդ միտքը հաստատելու համար ունենք հետևյալ փաստերը. ա) Կաքավաբերդ, Մեղրի և Կարճևան բերդերը, որոնք հիշատակված են ՎարդանիՊատմութիւն տիեզերական», էջ 168) և ՕրբելյանիՊատմութիւն նահանգին Սիսական», էջ 335) մոտ, պատկանում են Արևիք գավառին: բ) Թագավորության անկման ժամանակների մասին խոսելիս Օրբելյանը գրում է. «Ի 575 թուականին (1126 թ.) եկն ամիր Հարոնն և բնաջինջ արար զտուն Կապանին և զԱրևիք գաւառ... »22:

գ) Սյունյաց թագավորությանը պատկանող նշանավոր բերդերից էր Գրհամը23: Նախկին Կովսական գավառն այդ ժամանակներում կոչվում էր` գլխավոր բերդի անվամբ՝ Գրհամ (Օրբելյան, էջ 17):

Հիշված գավառների հարավային սահմաններն անցնում էին Երասխ գետով24: Նշանակում է՝ թագավորության հարավային սահմանը, Գողթն ավանից մինչև Աղավնո (Հագարի) գետի գետաբերանը, ևս կազմում էր Երասխ գետը:

10-րդ դարի առաջին քառորդում Սյունյաց իշխանները բուն Սյունիքը բաժանել էին իրար մեջ: Սահակ իշխանը ստացել էր արևելյան մասը՝ մինչև Հագարի գետը. «...և զի հարթ և հաւասար վայելչութեամբ կային իշխանքն Սիւնեաց Սմբատ և Սահակ, և բաժանեալ էին զհայրենի ժառանգութիւնս աշխարհին, աւագն Սմբատ զաւագագոյն մասն Սիւնեաց ընդ արևմուտս կողմն և զբոլոր Վայոց ձոր ունէր ի բաժնի. իսկ Սահակ՝ ընդ արևելս մինչ ի Հակարի. բայց փոքրիկն Բաբգէն սակաւ ինչ ունէր մասն ի բաժնի»25:

Հայաստանում 10-րդ դարի առաջին քառորդի վերջերից սկսած համեմատաբար խաղաղ շրջանը վերաբերում է նաև նրա մի մասը կազմող Սյունիքին: Այդ խաղաղության հետևանքով Սյունիքն արևելյան կողմից մինչև 11-րդ դարի սկիզբը և դեռ նրանից հետո էլ տերիտորիալ փոփոխություններ չի կրել:

Այսպիսով, պարզվում է, որ Սյունյաց թագավորության գրաված տերիտորիայի սահմանն արևելքում ձգվում էր մինչև Հագարի գետը, որովհետև, ինչպես մենք սույն գլխի սկզբում տեսանք, թագավորությունը կազմավորվել էր Սահակ իշխանի բաժնում, որի սահմանն արևելքում անցնում էր Հագարի գետով:

Սյունյաց թագավորության արևելյան սահմանների վերաբերյալ մեր այդ ընդհանուր դիտողությունն անտարակուսելի դարձնելու համար դիմենք Ստեփանոս Օրբելյանի անուղղակի վկայություններին: Նրա մի ակնարկից երևում է, որ Բաղք գավառն ամբողջությամբ մտնում էր թագավորության տերիտորիայի մեջ. «Եւ ի սուր սուսերի մաշեցան բազմութիւնք քրիստոնէից, և բնաւին յաւեր անցաւ տունն Բաղաց...»26:

«Տունն Բաղաց» ասելով, անշուշտ, պետք է հասկանալ իշխանական տան հետ միասին նաև նրա գրաված տերիտորիան: Բաղաց տունը, տերիտորիալ իմաստով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ամբողջ Բաղքը, որն իր հերթին բաժանվում էր երկու գավառի՝ Աճենի և Քաշունիքի, որոնց արևելյան սահմանն անցնում էր Հագարի գետով: Հետևապես և թագավորության տերիտորիայի սահմանը՝ Քաշունիք և Աճեն գավառների ուղղությամբ, կազմում էր Հագարի գետը:

Բաղքից հյուսիս գտնվում էր Հաբանդ գավառը, որը համապատասխանում է գրեթե այժմյան Գորիսի շրջանին: Օրբելյանի հին վավերագրերից վերցված երկու հիշատակություններից դժվար չէ տեսնել, որ Հաբանդ գավառն ամբողջությամբ մտնում էր թագավորության տերիտորիայի մեջ: Ահա այդ հիշատակությունները. ա) «Յանուն Աստուծոյ կամ եղև ինձ Շահանդխտոյ՝ դստեր Սևադայի, տալ ի Համբանդ գաւառի զանուանեալ շէնդ զՏեղ իւր ամենայն բոլոր սահմանովն, լերամբ և դաշտիւ և այլ մտիւք, զոր իմ թագաւորին Սմբատայ ինձ տուեալ էր, և իմ ի կորդոյ շէն դրեալ. և ես յետ ելից երանելի թագաւորին իմոյ յաստեացս՝ իւր հոգւոյն ի Տաթև ի սուրբ մայրաքաղաքն և ի սուրբ նշանն ետու ի ձեռն Տեառն Յակոբայ՝ Սիւնեաց եպիսկոպոսի...»27: բ) «Իշխան մի Դլեն անուն՝ որդի Խաղբակայ, տայ իւր հայրենի ժառանգութեանցն զԽոտ գիւղն և զԽոտագետոյ մեծ այգին, եւ ի Վժանիս զԾաղկիկ որ է տեղի բազում անդաստանաց, վասն իւր հոգւոյն ի Տէր Յովհաննէս և ի սուրբ նշանն. և գրէ ինքեան կտակ վճռի...»28:

Առաջին մեջբերումը վերաբերում է 998 թվականին և հանդիսանում է այն վավերագիրը, որ գրված է եղել Շահանդուխտ թագուհու հրամանով՝ իր որդի Վասակի ձեռքով: Երկրորդը` 1046 թվականին է վերաբերում:

Ինչպես տեսնում ենք, Տեղ և Խոտ գյուղերը մտնում էին թագավորության տերիտորիայի մեջ: Տեղը մինչև այժմ էլ գոյություն ունի, գտնվում է Հաբանդ գավառի հյուսիս-արևելյան մասում, գավառի սահմանագծին շատ մոտ և ոչ հեռու Հագարի գետից: Իսկ Խոտը, որը նույնպես այժմ կա, գտնվում էր Հաբանդի հարավ-արևմտյան մասում։ Հետևապես՝ Հաբանդ գավառը մտնում էր Սյունյաց թագավորության մեջ: Ուրեմն թագավորության գրաված տերիտորիայի արևելյան սահմանը՝ Քաշունիք, Բաղք և Հաբանդ գավառների ուղղությամբ, անցնում էր Հագարի գետով:

Թագավորության հյուսիսային սահմանների վերաբերյալ մեր սկզբնաղբյուրներում տեղեկություններ չկան: Սյունյաց երկրի այդ մասը, որտեղ տարածվում էին Աղահեճք գավառն ու արևմուտքից նրան սահմանակից Ծղուկք գավառի հյուսիսային կեսը, առհասարակ քիչ է ծանոթ մեր պատմիչներին, այդ թվում և Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանին: Հյուսիսային սահմանի վերաբերյալ ուղղակի փաստեր չունենալու պատճառով ստիպված ենք բավարարվել չափազանց ընդհանուր դիտողություններով:

Աղահեճք գավառը տարածվում էր Հագարի գետի վերին հոսանքի շրջանում։ Նա հարավում սահմանակից էր Հաբանդ գավառին: Աղահեճքում գտնվող բազմաթիվ բերդերից, վանքերից և բնակավայրերից ոչ մեկը սկզբնաղբյուրներում չեն հիշատակվում իբրև թագավորության տերիտորիայում գտնվող վայրեր, չնայած բազմաթիվ հարմար առիթների29: Հնարավոր է, որ սկզբնական շրջանում Աղահեճքը թագավորության մասը կազմած լիներ, բայց ինչպես քիչ հետո կտեսնենք, 1003 թվականից սկսած նա երբեք չէր կարող պատկանել Սյունյաց թագավորությանը, որի սահմանն այս մասում համընկնում էր Աղահեճք և Հաբանդ գավառների սահմանագծին:

Ալիշանը ենթադրում է30, որ Ծղուկք գավառից թագավորության մեջ մտնում էր նրա մի փոքր մասը: Այդ ենթադրությունը, որի հետ մենք միանում ենք անվերապահորեն, ավելի հավանական դարձնելու համար անհրաժեշտ ենք համարում բերել մի երկու անուղղակի փաստեր, որոնք վրիպել են նշանավոր հայագետի ուշադրությունից:

Մեր պատմիչները Սյունյաց աշխարհի ավերման սկիզբը համարում են 1103 թվականը31, երբ թշնամին կողոպտեց և տակնուվրա արեց Կապան մայրաքաղաքը: Հաջորդ տարին՝ 1104 թ., թշնամին գրավում է Որոտն բերդը (Օրբելյան, էջ 334), և եթե Կապան քաղաքն ավերելուց հետո Չորթմանի զորքերը թողնում ու հեռանում են իրենց տեղերը, ապա Որոտն բերդն ընդմիշտ մնում է նրանց ձեռքին: Որոտնը Սյունյաց թագավորության տերիտորիայում հիշատակված ամենահյուսիսային բերդն է: Նրա այդքան վաղ գրավումը թշնամու կողմից անկասկած ցույց է տալիս, որ բերդն այնքան հեռու չէր սահմանից:

Ասողիկը վկայում է. «Յայսմ ժամանակի, ի ՆԾԲ թուականին (1103 թ.) իշխանքն Փառիսոսյ, որ ի Հայկազեան ազանց՝ բաւեալ մինչև ցՍենեքերիմ և ցԳրիգոր՝ սպառեցան մահուամբ: Զորոց զաշխարհն բաժանեալ հակառակութեամբ ի միջի իւրեանց արքայն Հայոց Գագիկ և Փատլոն ամիրայն Գանձակայ»32:

Ինչպես տեսնում ենք, Գագիկ առաջինը 1003 թ. Փառիսոսի կողմերում գրավել է որոշ շրջաններ: Նույն պատմիչը մի ուրիշ տեղ ասում է, որ Փառիսոսի հետ միասին Գագիկը գրավումներ է կատարել նաև Փառիսոսի թագավորների տիրապետության տակ գտնվող Խաչենում: Նախկին Արցախի մասերը կազմող Խաչեն և Փառիսոս33 գավառներում գրավումներ կատարելու համար, ինչպես մենք մեկ անգամ արդեն ասացինք, Գագիկն անպայման պետք է նախօրոք տիրապետած լիներ Ծղուկքի հյուսիսային մասին ու Աղահեճք գավառին: Այլապես Գագիկի տիրապետություններն այս մասում` կտրված կլինեին նրա պետության մասը կազմող Վայոց ձորից:

Հաշվի առնելով վերը բերված փաստերը՝ Սյունյաց թագավորության հյուսիսային սահմանը Ծղուկք գավառի շրջանում անց ենք կացրել (տե՛ս քարտեզը) Իշխանասար-Գզըլ-թեփե և Գզըլ-բողազ հրաբխային լեռներով, համարելով այն որպես ամենահավանական բնագիծը, որ Ծղուկքի հյուսիսային մեծ մասը բաժանում էր թագավորության տերիտորիայի մեջ մտնող հարավային փոքր մասից:

Ամփոփելով Սյունյաց թագավորության գրաված տերիտորիայի սահմանների վերաբերյալ մեր ասածները, հանգում ենք հետևյալ եզրակացության.

Սյունյաց թագավորության տերիտորիան 11-րդ դարի սկզբներից իր մեջ ընդգրկում էր նախկին Սյունյաց աշխարհի հարավ-արևելյան մասը: Թագավորության սահմաններն արևմուտքում կազմում էր Սյունյաց լեռների հարավային մասը, հարավում՝ Երասխ (Արաքս) գետը, արևելքում՝ Աղավնո (Հակարի կամ Հագարի) գետը, իսկ հյուսիսում նրա սահմանն անցնում էր Հագարի գետի Աղօղլան վտակի և Որոտան գետի ջրբաժան լեռներով, ապա Իշխանասար, Գզըլ-թեփե և Գզըլ-բողազ հրաբխային գագաթների գծով դեպի արևմուտք՝ մինչև Սյունյաց լեռների հետ հատվելը: Սյունյաց թագավորության գրաված տերիտորիան հիշյալ սահմաններում իր մեջ ընդգրկում էր Բաղք (Աճեն և Քաշունիք), Կապան կամ Ձորք, Արևիք, Գրհամ կամ Կովսական և Հաբանդ գավառներն ամբողջությամբ ու Ծղուկք գավառի հարավային մասը:

Նկարագրված սահմանները, որոնք վերաբերում են 11-րդ դարին, ներկայացնում են Սյունյաց թագավորության գրաված տերիտորիայի մաքսիմումը, հաջորդ ժամանակների համեմատությամբ:

Աղբյուրների մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված սահմանների մեջ ամփոփված ամբողջ տերիտորիան, մոտավորապես 10-րդ դարի վերջերից սկսած, կոչվել է «Սյունյաց և Բաղաց» աշխարհ: Ավելորդ չի լինի այստեղ բերել մեր այդ միտքը հաստատող մի քանի փաստեր.

«Եւ պայազատէ զտէրութիւն նորա (Սմբատ թագավորիԹ. Հ.) մանուկ որդին իւր Վասակ, որ և սա մեծահանդէս ժողովով և ազատակոյտ բազմութեամբ օծանի թագաւոր Սիւնեաց և Բաղաց ձեռամբ Տեառն Գրիգորի՝ Սիւնեաց եպիսկոպոսի»34: «Եւ բարեպաշտ և աստուածասէր թագաւորն Սիւնեաց և Բաղաց աշխարհիս Վասակ...»35: «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա (Սյունյաց եպիսկոպոսական թեմին պատկանող գավառները Թ. Հ.) Սիւնիք, Բաղք, Արևեաց տունն, Որոդուատ, Արքուլիք, Վանանդ, Երնջակ, Նախիջաւան, Ջուղայ որքան Երասխայ գետն հատանէ, Ճահուկ, Վայոց ձոր խաչերոյ խոռովն, Գեղաքունի Կռզայ բակովն...» և այլն36: «Կամաւ կարող հզօրին Յիսուսի ես Սենեքերիմ՝ թագաւոր Հայոց, կացեալ ի Սիսական և Բաղաց աշխարհիս...»37, «Ահա զայսօրինակ բարձաւ տէրութիւն Սիւնեաց և Բաղաց. և եղև վախճան տոհմին Սիսակայ և նախարարութեան Սիւնեաց...»38:

«Սյունյաց և Բաղաց» աշխարհ անունը առաջացել է Սյունյաց իշխանական տան այն երկու ճյուղերից, որ ժառանգաբար իշխում էին այդ կողմերում: Ծղուկքում և Հաբանդում իշխում էին գահերեց իշխանական ճյուղին պատկանող իշխանները, իսկ Բաղքում, Կովսականում, Ձորքում և, հավանաբար, նաև Արևիքում իշխում էր նույն իշխանական մյուս ճյուղը, որը բերված վկայությունների մեջ անվանված է «Բաղաց» իշխանական տուն39:

Ուրեմն «Սիւնեաց և Բաղաց» աշխարհ ասելով պետք է հասկանալ այն տերիտորիան, որում իշխում էին Սյունյաց և Բաղաց իշխանները:

Այն հայագետները, որոնք այս կամ այն առիթով ստիպված են եղել որոշ գաղափար տալ Սյունյաց թագավորության մասին, հատուկ ուսումնասիրությունների բացակայության պատճառով բավարարվել են միայն ընդհանուր դիտողություններով:

Թագավորության գրաված տերիտորիայի վերաբերյալ համեմատաբար ավելի կոնկրետ մտքեր են արտահայտել Ալիշանն ու ակադ. Հ. Մանանդյանը, որոնց կարծիքները բերում ենք առանց կրճատումների:

«Եւ առ Սենեքերիմաւ յամի 1070 մինչդեռ «շէն էին գաւառք Կապանին», ըստ պատմիչին, որ այնու իմանայ զերկիր թագաւորութեանն Սիւնեաց ժամանակին, տասնեքին յիշատակեալ գաւառքն այնորիկ և բերդեան՝ չորեցուն հին գաւառացն պատշաճին, այսինքն են Ծղուկք, Ձորք, Արեւիք և Կովսական. և ոչ յիշի և ոչ մի տեղի Հաբանդայ և Բաղաց՝ որոց յառաջն տիրէին»40:

«Ստեփանոս Օրբելյան պատմագրի վկայությամբ այս թագավորության (Սյունյաց թագավորության – Թ. Հ.) իշխանության տակ էին գտնվում 43 բերդ, 48 վանք և 1008 գյուղ, իսկ նրա կենտրոնն էր Կապան մայրաքաղաքը։ Որքան և մոտավոր լինեն այդ թվերը, Ստեփանոս Օրբելյանի այս և ուրիշ տեղեկություններից պարզ երևում է, որ Կապանի ընդարձակ թագավորությունը պարունակել է իր մեջ Սյունյաց և Բաղաց աշխարհի մեծագույն մասը»41:

Մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Սյունյաց թագավորության մեջ մտնող գավառների վերաբերյալ Ալիշանի արած կողմնակի դիտողությունները հիմնականում ճիշտ են: Ինչ վերաբերում է ակադ. Մանանդյանի կարծիքին, ապա պետք է ասել, որ այն ունի բավականաչափ անորոշություններ:

Եթե «Սյունյաց և Բաղաց աշխարհ» ասելով անվանի գիտնականը նկատի ունի նախկին Սյունիքի Ծղուկք, Ձորք, Արևիք, Կովսական, Հաբանդ և Բաղք գավառները, ապա մենք միանում ենք նրա կարծիքին, որովհետև իրոք «Սյունյաց և Բաղաց աշխարհի մեծագույն մասը» մտնում էր այդ թագավորության տերիտորիայի մեջ, իսկ եթե «Սյունյաց և Բաղաց աշխարհ» ասելով նա նկատի ունի նախկին ամբողջ Սյունիքը, որը բաղկացած էր 12 գավառից, ապա մեր ուսումնասիրության արդյունքները չեն հաստատում այդ, հետևապես ընդունել չենք կարող:

Ծանոթագրություններ

1. Տե՛ս Հ. Մանանդյան, Հայաստանի պատմությունը թուրք-թաթարական արշավանքների շրջանում, ձեռագրի իրավունքով, Երևան, 1922, էջ 49:

2. Լեո, Հայոց պատմություն, հ. 2-րդ, Երևան, 1947, էջ 633:

3. Շահնազարյան, Սիւնիք (տե՛ս Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Փարիզ, 1859 թ., էջ 17): Էմիր, Տաթևի վանքը, («Արաքս», 1852 թ., գիրք 2-րդ, Ս. Պետերբուրգ, էջ 20): Ալիշան, Սիսական, էջ 16, և այլն:

4. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 317:

5. Էմիր, Տաթևի վանքը, («Արաքս», 1892 թ., գիրք 2-րդ, էջ 20):

6. Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի լուսաբանեալ, Վենետիկ, 1862, էջ 103:

7. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 17, 231:

8. Տե՛ս Վարդան վարդապետ, Հաւաքումն պատմութեան..., էջ 128 («ի սոյն ժամանակի առան և մնացեալ դղեակք Կապանին յայլազգիս...»), տե՛ս նաև նույն աշխ. 103 էջը:

9. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 300-301:

10. Տե՛ս Մ. Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, գիրք երկրորդ, Երևան, 1946, էջ 214-215:

11. Տե՛ս Վարդան վարդապետ, Հաւաքումն պատմութեան..., էջ 128, Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 334-335:

12. Ասողիկ, Պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 259:

13. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 298:

14. Նույն տեղում, էջ 298-299:

15. Տե՛ս Ալիշան, Սիսական, էջ 16:

16. Ասողիկ, Պատմութիւն տիեզերական, 1885, էջ 256:

17. Տե՛ս նույն տեղը, էջ 285:

18. Տե՛ս նույն տեղը, էջ 283:

19. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 337:

20. Տե՛ս նույն տեղը, էջ 335:

21. Սյունյաց լեռնեոն ըստ երևույթին միշտ ծառայել են որպես սահմանային բնական գիծ բուն Սյունիքի և Գողթնի ու Երնջակի միջև: Մինչև այժմ էլ Օխչու ենթաշրջանի բնակիչները Գողթնի կողմերին անվանում են՝ «Սարին էն ղոլը» («սարի այն կողմը»):

22. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 335:

23. Տե՛ս Վարդան վարդապետ, Հաւաքումն պատմութեան, էջ 128. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 335:

24. Տե՛ս Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ-335, Ալիշանի «Սիսական»-ին կցված քարտեզը:

25. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 197:

26. Նույն տեղում, էջ 334:

27. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 291-292:

28. Նույն տեղում, էջ 3185:

29. Մենք նկատի ունենք Գանձակի աթաբեկության կողմից Սյունյաց թագավորության վրա կատարվող այն բազմաթիվ հարձակումները, որ տեղի են ունենում` գլխավորապես Աղահեճքի կողմերով:

30. Տե՛ս Ղ. Ալիշան, Սիսական, էջ 273:

31. Տե՛ս Վարդան վարդապետ, Հաւաքումն պատմութեան, էջ 140-141, Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 334:

32. Ասողիկ, Պատմութիւն տիեզերական, էջ 256:

33. Արցախի կենտրոնական մասը, որ գտնվում է Խաչեն գետի ավազանում, 10-11-րդ դարերից հայտնի է Խաչեն անունով: Սրան հյուսիս-արևմուտքից հարևան էր Փառիսոս գավառը, որը սահմանակցվում էր Ուտի աշխարհի Առանձնակ Ուտի գավառի հետ:

34. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 301:

35. Նույն տեղում, էջ 303:

36. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, էջ 310:

37. Նույն տեղում, էջ 322:

38. Նույն տեղում, էջ 337:

39. Այդ իշխանական տունը Ալիշանի մոտ անվանված է «Ձագիկեանք»:

40. Ալիշան, Սիսական, էջ 291:

41. Հ. Մանանդյան, Հայաստանի պատմությունը թուրք-թաթարական արշավանքների շրջանում, 1922, էջ 50:

«Սյունիքի թագավորությունը»,

Թ. Խ. Հակոբյան

Երևան 1966

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25