Հատված Կլիմենտ Հարությունյանի համանուն գրքից
... Տեսնենք, թե Սյունիքից՝ Կապանի, Գորիսի, Սիսիանի և Մեղրու շրջաններից, ինչքան հայորդիներ են զորակոչվել Կարմիր բանակի շարքերը՝ 1941-1945 թվականներին:
Ըստ «Ղափան» թերթի 1985 թ. մայիսի 12–ի համարի ճշտված տվյալների Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են ավելի քան 7000 կապանցիներ, որոնցից 3036-ը զոհվել են մարտերում։
1941-1945 թթ. Գորիսի շրջանից Կարմիր բանակի շարքերն են զորակոչվել 9146 մարդ, որից 4144–ը զոհվել են ռազմաճակատում26: Նշենք, որ 1939 թ. շրջանի բնակչությունը կազմում էր 26 769 մարդ27:
Ըստ «Սիսիան» տեղեկատու-ուղեցույցի՝ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են ավելի քան 5000 մարդ, որից 2500-ը զոհվել են28:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մեղրու շրջանից ռազմաճակատ են մեկնել ավելի քան 1800 մարդ, որից զոհվել են շուրջ 1000-ը29։
Այսպիսով՝ Սյունիքի 4 շրջանից 1941-1945 թթ. ռազմաճակատ են մեկնել 22 946 մարդ, որոնցից 10 690-ը զոհվել են։
Սյունիքի զավակների ակտիվ մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին արտահայտվել է ոչ միայն ռազմաճակատին 22 946 մարդ զինվորագրելով ու 10 680 նահատակներով, այլև մարտի դաշտում ցուցաբերած հերոսությամբ։ Ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակից պետությունների դեմ մղած մարտերում կատարած սխրանքների ու դրսևորած խիզախության համար ավելի քան 10 000 սյունեցիներ պարգևատրվեցին մարտական շքանշաններով ու մեդալներով, իսկ անօրինակ սխրանքներ կատարած և իրենց քաջությամբ աչքի ընկած 12 քաջորդի արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման. Կապանի շրջանից` Ավետիսյան Հունան Մակիչի (գյուղ Ծավ), ավագ սերժանտ, Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի 390-րդ հրաձգային գնդի 1-ին հրաձգային վաշտի դասակի հրամանատարի օգնական (հետմահու), Հարությունյան Մուշեղ Աղաթելի (գյուղ Գեղանուշ), գվարդիայի եֆրեյտոր, 67-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 201-րդ գվարդիական հրաձգային գնդի ավտոմատավոր (հետմահու), Աղամիրյան (Աղամիրով) Գոգա Գրիգորի (գյուղ Նորաշենիկ), կապիտան, հեռահար գործողության ավիացիայի 5-րդ ավիադիվիզիայի 337-րդ ավիագնդի էսկադրիլիայի հրամանատար, Հակոբյան Ռուբեն Ղազարի (Իջևանի շրջանի Այգեհովիտ գյուղից, մինչև պատերազմը և հետո աշխատում էր Կապանում), գվարդիայի լեյտենանտ, 3-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 9-րդ գվարդիական հրաձգային գնդի դասակի հրամանատար. Գորիսի շրջանից` Առաքելյան Սուրեն Սմբատի (գյուղ Տաթև), ավագ սերժանտ, հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի 526-րդ հրաձգային գնդի 1-ին գնդացրային վաշտի ջոկի հրամանատար (հետմահու), Արզումանյան (Արզումանով) Գուրգեն Միրզայի (գյուղ Խնձորեսկ), գվարդիայի լեյտենանտ, 14–րդ գվարդիական հեծյալ դիվիզիայի 54-րդ գվարդիական հեծյալ գնդի էսկադրոնի հրամանատար (հետմահու), Գալստյան (Կալուստով) Գրիգոր Շահումի (գյուղ Քարահունջ), գվարդիայի գնդապետ, 11-րդ գվարդիական առանձին տանկային բրիգադի հրամանատարի քաղգծով տեղակալ (հետմահու), Սարգսյան (Սարկիսով) Արամայիս Ասատուրի (գյուղ Տեղ), գվարդիայի եֆրեյտոր, 51-րդ գվարդիական (նախկին Հայկական 76-րդ) հրաձգային դիվիզիայի 158-րդ հրաձգային գնդի 3-րդ գումարտակի գնդացրային հաշվարկի հրամանատար (հետմահու): Հետպատերազմյան տարիներին (26.04.1971 թ.) Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել նաև գնդապետ, Խորհրդային Միության վաստակավոր փորձարկող-օդաչու Էդուարդ Վահանի Յոլյանին (ք. Գորիս, ծնված 1926 թ.), որը տարիքի պատճառով չի մասնակցել Հայրենական մեծ պատերազմին. Սիսիանի շրջանից` Մկրտումյան Սամսոն Մովսեսի (գ. Բռնակոթ), կապիտան, 230-րդ գրոհային ավիադիվիզիայի 805-րդ գրոհային` ավիագնդի էսկադրիլիայի հրամանատար (հետմահու), Իսրայելյան Լիպարիտ Միրզայի (գյուղ Բռնակոթ), գվարդիայի սերժանտ, 110-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի առանձին կապի վաշտի հեռախոսավար, Մանուկյան Անդրանիկ Ալեքսանդրի (գյուղ Բնունիս), գվարդիայի կապիտան, 1-ին գվարդիական տանկային բրիգադի հետախուզության պետ, Առուստամյան (Առուստամով) Գևորգ Արկադիի (գյուղ Շաղաթ), գվարդիայի ավագ լեյտենանտ, 7-րդ գվարդիական հեծյալ գնդի շտաբի հետախուզության սպա (հետմահու): Խնձորեսկցի գվարդիայի ավագ սերժանտ Գրիգոր Ավանեսի Գրիգորյանը, պարգևատրվելով Փառքի շքանշանի 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճաններով, դարձավ զինվորական քաջության ամենահեղինակավոր շքանշանի լրիվ ասպետ, որի իրավունքները օրենքով հավասարեցված են Խորհրդային Միության հերոսի իրավունքներին։
Հայրենական մեծ պատերազմին մասնակից սյունեցիներից 9 հոգու շնորհվել է գեներալի կոչում, որոնցից Բագրատ Իսահակի Առուշանյանին՝ գեներալ–լեյտենանտի (Գորիսի շրջանի Վերիշեն գյուղից), Սերգեյ Եսայու Կարապետյանին (Խնձորեսկից), Մուշեղ Մինասի Մինասյանին (Գորիս քաղաք), Համո Սերգեյի Յոլյանին (Գորիս քաղաք), Աշոտ Սարգսի Սարգսյանին (Սիսիանի շրջանի Աշոտավան գյուղ, հետմահու), Ռաֆիկ Միքայելի Կարապետյանին (Սիսիանի շրջանի Բնունիս գյուղ), Սերգեյ Անդրեյի Մեսրոպյանին (Մեսրոպով, Կապանի շրջանի Ագարակ գյուղից), Խորեն Հովհաննեսի Գրիգորյանին (Կապանի շրջանի Սևաքար գյուղից) և Տիգրան Մելիքսեթի Մելքումյանին (Մեղրի) գեներալ-մայորի կոչում:
Սյունեցի գեներալներն ու սպաները Հայրենական մեծ պատերազմի տարիներին աչքի ընկան նաև իրենց զորավարական բարձր ունակություններով և զբաղեցրած հրամանատարական պատասխանատու պաշտոններով: Նրանցից գեներալ Բագրատ Իսահակի Առուշանյանը պատերազմի տարիներին եղել է 12-րդ բանակի, ապա 56-րդ առանձին բանակի շտաբի պետ, 4-րդ հարվածային բանակի հրամանատարի տեղակալ, 14-րդ հրաձգային, ապա 11-րդ գվարդիական հրաձգային կորպուսի հրամանատար: Գեներալ Սերգեյ Եսայու Կարապետյանը տարբեր ժամանակներում եղել է 183-րդ, 174-րդ (46-րդ գվարդիական) և 146-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար։ Նրա հայրենակից, գնդապետ Ներսես Փարսիի Բալոյանը պատերազմի տարիներին վարել է 20-րդ բանակի թիկունքի պահպանության զորքերի պետի տեղակալի, ապա՝ պետի, 1-ին Մոսկովյան մոտորահրաձգային դիվիզիայի հետախուզության պետի, նույն դիվիզիայի 6-րդ հրաձգային գնդի, 146-րդ հրաձգային դիվիզիայի, ապա Հայկական 261-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնները։ Պատերազմի առաջին օրերին 216-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարն էր գնդապետ Աշոտ Սարգսի Սարգսյանը, որը հերոսաբար զոհվեց 1941 թ. հուլիսի 17-ին։ Նրա եղբայրը` մայոր (հետագայում գնդապետ) Անդրանիկ Սարգսի Սարգսյանը պատերազմի սկզբին եղել է Հյուսիսարևմտյան ռազմաճակատի շտաբի օպերատիվ բաժնի պետի օգնական, 1942 թ. փետրվարի 23-ից մինչև հոկտեմբերի 1-ը՝ Հայկական 89-րդ հրաձգային, 1942 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 1943 թ. մարտի 10-ը` 151-րդ հրաձգային դիվիզիայի (դիվիզիան կազմավորվել է 1942 թ. հունվարի 11-հուլիսի 30-ը՝ Կիրովականում, այժմ` Վանաձոր) հրամանատար: Պատերազմի տարիներին գվարդիայի փոխգնդապետ Նավասարդ Թևանի Հարությունյանը (Կապանի շրջանի Շիշկերտ գյուղից) եղել է 21-րդ գվարդիական մեքենայացված բրիգադի հրամանատար (զոհվել է 1944 թ. հունվարի 10-ին), իսկ գնդապետ (հետագայում՝ գեներալ-մայոր) Մուշեղ Մինասի Մինասյանը` 32-րդ տանկային բրիգադի հրամանատարի տեղակալ (Գորիսից): Գնդերի հրամանատարներ են եղել մայոր (հետագայում՝ գնդապետ) Մուշեղ Համբարձումի Կարապետյանը (Կապանի շրջանի Վերին Խոտանան գյուղից, 42-րդ կազակային հեծյալ գնդի), գվարդիայի փոխգնդապետ Անդրանիկ Հայրապետի Ղահրամանյանը (Գորիսի շրջանի Քարահունջ գյուղից), 310-րդ գվարդիական հրետանային գնդի, գնդապետ Երվանդ Աղաջանի Կարապետյանը (Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղից), 390-րդ հրաձգային գնդի), գվարդիայի մայոր (հետագայում՝ գնդապետ) Վազգեն Բախշիի Արզումանյանը (Կապանի շրջանի Քաջարան քաղաքից, 111-րդ գվարդիական հրաձգային գնդի), գվարդիայի մայոր Արշակ Ծատուրի Տեր-Զաքարյանը (ք. Մեղրի, 10-րդ գվարդիական օդադեսանտային հրաձգային հրետանային գնդի հրամանատար, զոհվել է 1944 թ. նոյեմբերի 30-ին Հունգարիայում) և մայոր Մկրտիչ Պետրոսի Միխայելյանցը (Մեղրիից` եղել է 611-րդ կործանիչ հակատանկային հրետանային գնդի հրամանատար, զոհվել է 1943 թ. փետրվարի 7-ին Կուրսկի մարզում) և այլոք:
Հայրենական մեծ պատերազմում գերմանաֆաշիստական զավթիչների դեմ տարած հաղթանակում իրենց արժանի ավանդը ներդրեցին նաև թիկունքում աշխատող սյունեցիները` Կապանի պղնձահանքային արդյունաբերության հանքափորներն ու ինժեներատեխնիկական աշխատողները, Սիսիանի, Գորիսի և Մեղրու գյուղատնտեսության, կրթության, առողջապահության և մշակույթի բնագավառի աշխատավորները։ Չնայած պատերազմական տարիների ծանր պայմաններին՝ ռազմաճակատից անընդհատ ստացվող հարազատների մահվան բոթը գուժող «սև թղթերին», սյունեցիների թիկունքում կատարած հերոսական աշխատանքի շնորհիվ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում կանայք, տարեցներն ու դպրոցականները, Սյունիքը վերածվեց իսկական ռազմական ճամբարի, որտեղ ամեն ինչ արվում էր ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար:
Ծանոթագրություն
27. Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի հանրագիտարան, Ե., «Վավ-պրինտ» հրատ, 2008, էջ 110։
28. Հ. Մ. Առաքելյան, Սիսիան (տեղեկատու-ուղեցույց), Ե., ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1987, էջ 28:
29. Հուշամատյան, հ. 3. Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1998, էջ 534–554: