Սյունիքյան արեւն ու ոգին էր նրա մեջ, եւ արմատներ ուներ նա հողում

10.03.2016 15:37
9641

Գիտեինք, որ հիվանդ է, գիտեինք, որ տեւական ու հիմնավոր բուժում է հարկավոր, եւ թաքուն զրուցում էինք բժիշկների հետ՝ հուսադրվելու ակնկալիքով: Սպասում էինք, որ հաջորդ հանդիպման ժամանակ լավ վիճակում կգտնվի…

Ավա՜ղ, այդ սպասումներն ի դերեւ եղան:

Եվ մարտի 8-ի օրվա վերջին մի բոթ մտավ մեր դուռ-դարպասներից ներս՝ տխրության, տրտմության թանձր մշուշ տարածելով Կապան, Քաջարան քաղաքների, նաեւ ամբողջ տարածաշրջանի վրա. վախճանվել է Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին:

Հիմա մեր առջեւ նրա դեմքն է՝ հավիտենաբար հանգած, եւ մարդիկ տխուր ու լուռ աչքերով սուգ են հաղորդում միմյանց:

Մեզ հետ չէ այլեւս մեծ հայրենագետն ու հետազոտողը, մեծահամբավ մանկավարժը, մերօրյա Սյունիքի նշանավոր ու սիրելի անհատականություններից մեկը՝ Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին:

Կապանի ու Քաջարանի փողոցներում այլեւս չենք տեսնելու բարձրահասակ, վայելչատես ու առինքնող այդ մարդու դանդաղ ու խորհրդավոր քայլվածքը, չենք հաղորդվելու նրա բարի ժպիտին ու լուսավոր կերպարին, հանրային հարթակներում չենք լսելու նրա խորիմաստ եւ անզուգական խոսքը…

***

Բազում մարդկանց մասին է Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցին ակնարկներ ու ներբողականներ հյուսել: Քանի-քանի անգամ վշտացածներին սփոփողի ու մխիթարողի դերում է հանդես եկել: Մինչդեռ իր մասին երբեք խոսք չասացինք, չհասցրինք նույնիսկ հավաքել իր իսկ հեղինակած մոտ վեց հարյուր հոդվածներն ու ուսումնասիրությունները կամ կազմել դրանց մատենագիտությունը: Ինքը վաղաժամ էր համարում դրանով զբաղվելը, ավելի ճիշտ՝ դրա համար պատեհ առիթ էր դիտում իր 70-ամյակը, որին, ափսոս, ինքը չհասավ:

Եվ ուրեմն՝ ելույթս ոչ միայն հրաժեշտի խոսք է, այլեւ փորձ՝ հնարավորինս բացահայտելու Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցու վեհաշուք կերպարը, արտահայտելու դրվատներ նրա անցած ուղու եւ թողած հետագծի մասին: Ի վերջո, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթեւացին է մեկնում՝ «Ովքեր իրենց կյանքն ապրել են արդար ճշմարտությամբ՝ նրանց մահ ու վախճան կհասնի հավիտենական հիշատակումով»: Սա հենց այդ դեպքն է, երբ պետք է խոսքով հավերժացնենք հանգուցյալի հիշատակը:

***

Հայոց մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն է բարձրաձայնում՝ «…վախճանվելը, վիճակված է, ավա՜ղ յուրաքանչյուրիս… »: Չի վախճանվում միայն հիշատակը, իսկ հիշատակը սերում է գործերից ու մնում անմեռ: Նաեւ այդպես է երկիրը հայրենիք դառնում, նաեւ այդպես է ձեւավորվում ազգային արժեհամակարգ:

Այս բանաձեւը թույլ է տալիս առանց վարանումի հայտարարել՝ Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցու հիշատակն անվախճան է ու անմեռ, քանզի նրա ապրած կյանքն արարումի մի յուրահատուկ պատմություն է, իսկ ինքը՝ գործերով շքեղացած այր մի:

***

Ռոբերտ Գրիգորյանն ուսուցիչ էր, վարդապետ՝ բառի մաքրամաքուր իմաստով:

Նրանից անանց շնորհք էր ծորում՝ մանուկների մտքին ախորժելի:

Դրանում համոզվել է յուրաքանչյուր ոք, ով գեթ մեկ անգամ ունկնդիր է եղել նրա վարած դասին, ով եղել է նրա գլխավորած դպրոցում:

Պատահական չէ, որ աշխարհից հեռու այս գյուղի՝ Լեռնաձորի դպրոցի համբավը տարածվել էր ամբողջ հանրապետությունում. մոտ 46 տարի ինքն այդ դպրոցում է աշխատել:

Նրա շնորհիվ էր, որ գյուղական այս դպրոցն Աստծո տաճարի պես մի միջավայր էր դարձել, որտեղ մարդիկ մտնում էին երկյուղածությամբ ու խոնարհումով եւ դուրս գալիս մաքրագործված ու գոտեպնդված:

Քանի-քանի անգամ ենք ականատես եղել՝ առաջավորի, օրինակելիի հռչակ ունեցող մայրաքաղաքային դպրոցներից անգամ այցելում էին Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցի հույժ պանծալի դասասացին եւ ուսուցչապետին՝ նրա մանկավարժական փորձին հաղորդակցվելու համար:

Այո, Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցու համբավը պայմանավորված էր, նախեւառաջ, ուսուցչական անբասիր գործունեությամբ, բայց…

***

Լինելով մաթեմատիկայի ուսուցիչ` նա իր գիտական որոնումներում սկզբից եւեթ դուրս էր եկել միանգամայն այլ ուղեծիր եւ հասել հայրենագիտության ամենատարբեր ոլորտները՝ կատարելով համարձակ հարցադրումներ  ու եզրակացություններ:

Ինքն էր, որ հակադրվեց Բաղաբերդի տեղադրության մասին հարյուր եւ ավելի տարիներ առաջ՝ հայոց մեծ վիպասան Րաֆֆու կողմից գիտական շրջանառության մեջ դրված վարկածին ու նոր դիտարկումներ արեց:

Ինքն էր, որ Մեսրոպ Մաշտոցի անվան ծագման եւ նրա սյունիքյան երկու այցելության երթուղիների վերաբերյալ միանգամայն նոր վարկած առաջադրեց:

Ինքն էր, որ փորձեց նոր խմբագրումներ անել պատմագիտության մեջ առայսօր վիճելի մի հարցում՝ Դավիթ Բեկի ծագումնաբանության հարցում:

Ինքն էր, որ գեղարվեստական խոսքի թաթավվածությամբ ու պատմական փաստերի համադրումով ներկայացրեց Սյունիքի թագավորության կործանումը՝ կերտելով «Հին Կապանի վերջին աշունը» պատումը:

Ինքն էր, որ գիտական նոր ստուգաբանության ենթարկեց մեր երկրամասի մի շարք տեղանուններ՝ Կապուտջուղ, Խուստուփ, Կապան եւ այլն:

Իր համահեղինակությամբ էր, որ հանրապետության ճանաչված գրաբարագետներն առաջին անգամ արդի հայերենի փոխադրեցին մի շարք ձեռագրեր եւ գործեր՝ միջնադարյան Սյունիքին առնչվող. հիացմունք եւ զարմանք էր պատճառում գրաբարի, միջին հայերենի նրա իմացությունը:

Դժվար թե գտնվեր մեկը, որ այդքան հանգամանալից իմանար Սյունյաց աշխարհի՝ պատմության խորքերում անթեղված բերդերի, սրբավայրերի, բնակավայրերի տեղը, այդքան խորությամբ իմանար Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը», Ղեւոնդ Ալիշանի «Սիսիականը», Սյունիքին առնչվող մյուս կոթողային մատյաններն ու դրանցից անգիր ընթերցումներ աներ:

Երվանդ Լալայանից, Ստեփան Լիսիցյանից ու Սերո Խանզադյանից հետո ինքն էր, որ մեր երկրամասում անկեղծ նվիրումով զբաղվեց ֆոլկլորով ու ազգագրությամբ:

Պատանեկան տարիներից իր ազգանվանը զուգահեռ մի յուրահատուկ հորջորջումով էր ներկայանում հանրությանը՝ Էջանանցի՝ փորձելով անընդհատ հիշել ու հիշեցնել իր փոքր հայրենիքի՝ Սյունիքի Աճանան (Էջանան) գավառի անունը, որի Առաջաձոր գյուղում է ինքը ծնվել, ձգտելով դրանով վերստին արտահայտել իր սերն ու նվիրումը հայրենի երկրամասին:

Նա քայլող հանրագիտարան էր, մեր պատմության կենդանի կրողը:

Չէ, ինքը 69-ը տարեկան չէր: Ինքն, ասես, լույս աշխարհ էր եկել մեր ինքնության համար մղվող առաջին գոյամարտի՝ Հայկի եւ Բելի պատերազմի օրերում, եւ ուղեկիցն էր մեր ամբողջ պատմության: Երբեմն թվում էր, թե ինքն անգամ ինչ-որ կերպ հասցրել էր զրույցի նստել Պատմահոր հետ, մեծարանք տվել ու առել…

***

Ճակատագրի կամոք նա ալեւորության չհասավ, բայց հասցրեց իմաստնության գահ բարձրանալ շատ տարիներ առաջ՝ շնորհիվ աստվածատուր կարողությունների: Դրա համար էլ նրա խոսքն ու ներկայությունը սպասված էին ամենուր:

Մտավորական էր բառի ամբողջ էությամբ:

Հռետոր էր ու հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործընթացներում նրա խոսքը նշանակություն ուներ:

Մինչեւ կյանքի վերջ հասարակական գործունեությունը, լրագրությունը նրա տարերքն էին:

Եվ այդ ամենը՝ շնորհիվ մի պարզ իրողության՝ սյունիքյան արեւն ու ոգին էր նրա մեջ, եւ արմատներ ուներ նա հողում:

Այնպես որ՝ սխալված չենք լինի, եթե ասենք՝ Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցու անունն ընդմիշտ կմնա Սյունիքի կրթական եւ հոգեւոր-մշակութային տարեգրության մեջ: Սա է այն բացարձակն ու անժխտելին, որ պետք է մխիթարի բոլորիս ու հատկապես տիկին Ռիտային եւ ընտանիքի չորս դուստրերին:

***

Առաքելական խոսք կա (Ավետարան ըստ Մատթեւոսի, Գլուխ Զ, 9)՝ «Նրանից խնդրելուցն առաջ, արդ դուք այսպէս աղօթք արէք. «Հայր մեր, որ երկնքում ես, թող սուրբ լինի Քո անունը… »»:

«Սյունյաց երկիր» թերթի մեծ բարեկամին դեպի հավերժություն ճանապարհ դնելիս հիշում ենք այդ պատվիրանն ու Տերունական աղոթքի խոսքերը եւ ավելացնում՝ թող Աստված լուսավորի Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցու հոգին եւ երկնքի կամարներից ներս ընդունի նրան:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
10 մարտի 2016թ., Լեռնաձոր

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34