Տանձատափի սրբավայրերը՝ Ցուրա վանքից կամ Ձորո վանքից մինչեւ Սարիվանց ու Սուրբ Մինաս, մինչեւ գերահրաշ տեղանք, որի երկնահաս լեռնագագաթից արքայազնուհի Շահանդուխտը ցած թռչավ նժույգով

01.02.2020 20:15
1969

«Ուխտագնացություն Սյունիք» ծրագրի շրջանակում առաջին անգամ Տանձատափ այցելեցինք 2019 թ. օգոստոսի 11-ին, երկրորդ անգամ՝ 2020 թ. հունվարի 12-ին:

Երկու դեպքում էլ մեզ ուղեկցում էր մի քաջ տանձատափցի՝ Վազգեն Սաղաթելյան, ով հրաշալիորեն տիրապետում էր այդ վայրերի ամեն մի արահետի:

Մեր ուխտագնացության համար անհրաժեշտ պայմաններ էին ստեղծել Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, Տանձատափի վարչական ղեկավար Ռոբերտ Մուշեղյանը:

«Սյունյաց երկիրը» շնորհակալություն է հայտնում նրանց՝ մեր ուխտագնացությանն աջակցելու համար:


Հիասքանչ Տանձատափը

Տաթեւից մոտ 4 կմ հարավ-արեւելք գտնվող այդ գյուղը մատենագիտության մեջ հիշատակվում է նաեւ Տանատափ, Տանզատան, Տանձադար, Տանձաթաղ, Տանձատապ…

Հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի, հետագայում Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի, խորհրդային տարիներին՝ Գորիսի շրջանի մեջ:

Ներկայումս Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի գյուղերից մեկն է:

Որոտան գետի աջ կողմում, գեղատեսիլ վայրում գտնվող Տանձատափը 906 թ. Սյունիքի գահերեց իշխան Աշոտը նվիրել է Տաթեւի վանքին:

Գյուղից վերեւ Գազբոյլ եւ Կամբոյլ գագաթներն են, իսկ ամենավերեւում՝ Արամազդ լեռնագագաթը:

Թեք լանջի վրա գտնվող գյուղի մի կողմին Ջղրվանա (Ջղարվան) գետն է. Արամազդից իջնող Աղանձու գետը գյուղի ջրվեժի մերձակայքում միանում է Ջղրվան գետին, որից կազմավորվում է Ջրաղացի գետը, որն էլ Ընկույզուտի մոտ խառնվում է Գինեկան (Տաթեւ) գետակին ու Տաթեւի անապատի մոտ միախառնվում Որոտանին:

Ի դեպ, այն կարծիքն է հայտնվել, որ Ջղարվանը Ցուրա գետն է, որ արեւմտյան կողմից թափվում է Տաթեւ (Գինեկան) գետի մեջ (տե՛ս Թ. Խ. Հակոբյան, «Սյունիքի թագավորությունը», էջ 142):

Տաթեւի վանքից անդնդախոր ձորով բաժանված գյուղի անվան ծագման մասին Սերո Խանզադյանին 1934-ին մի ավանդազրույց է պատմել Անանիա Կարապետյանը:

Ահա՝ «Երբ Տաթեւի վանքը կառուցել, վերջացրել են, փորձել են խարաչուն՝ փայտամածը քանդել: Կացնով խփել են փայտամածի հյուսվածքն իր վրա պահող մայր սեպին, որ դուրս գա ու փայտամածը թաղի տակից քանդվի: Խփել են մի քանի անգամ ու փայտյա սեպը դուրս է եկել, գերանների ուժգին ճնշումից սլացել-թռել ընկել Տանձատափ գյուղի վրա: Եվ որովհետեւ սեպը տանձի փայտից է եղել, գյուղի անունը դրել են Տանձատափ՝ տանձի փայտը թափ տվեց, ընկավ այստեղ»:

Գյուղի պատմությունը վաղուց հետազոտող, Գորիսի տարածաշրջանի մերօրյա երեւելի մտավորական Սուրեն Վարդանյանը շինծու է համարում այդ ավանդազրույցը եւ այլ վարկած առաջադրում. «…Բնակավայրերին տրվել են անվանումներ՝ ելնելով տվյալ տարածքի կամ տեղանքի յուրահատկությունից, բնաշխարհի թողած տպավորությունից… մի խոսքով՝ բնական առանձնահատկություններից: Իմ կարծիքով՝ հենց այս վերջին տարբերակի հիման վրա էլ Տանձատափը ստացել է իր անվանումը: Գյուղի ոչ միայն այգիներում, այլեւ շրջապատի անտառներում կան բազմապիսի պտղատու ծառատեսակներ…, սակայն ամենահաճախակի հանդիպողը տանձենին է»:

1920-ականներին Տանձատափից են անջատվել մերձակա Քաշունի (Մալդաշ) եւ Կապանի տարածաշրջանի Աղվանի գյուղերը:

Մի քանի ընտանիք էլ այս գյուղից գնացել եւ բնակություն է հաստատել Կապանի տարածաշրջանի Տորթնի (Անտառաշատ) գյուղում:



Շահանդուխտ արքայազնուհու մատուռը, որ նաեւ Կարմիր եկեղեցի է կոչվում

Գյուղից մինչեւ Սիպտակ աղբյուր (Սղնախով, ապա Հաչա քարի կողքով) գնացինք Տանձատափի վարչական ղեկավար Ռոբերտ Մուշեղյանի ամենագնացով:

Այնուհետեւ ճանապարհը շարունակեցինք ոտքով՝ երկնահաս Կարմիր քերծի ստորոտով. վերեւում՝ Մեծ քերծի ուղղությամբ՝ Ըրջամարգից մինչեւ Բարձրավան, Օվենի անտառն է:

Մենք նախ՝ իջանք Մեծ ձոր, ապա՝ վեր բարձրացանք:

Արահետը մի պահ կորցրինք. ըստ երեւույթին տարիներ շարունակ այդ կածաններով մարդ չի անցել, ինչի հետեւանքով էլ արահետները ծածկվել են խոտերով, ծառի ճյուղերով, մոշի քոլերով: Բայց Վազգեն Սաղաթելյանն այնքան քաջատեղյակ էր տեղանքին, որ կարողացավ իր նախընտրած ուղիով (տեղ-տեղ ցաքատով ոտնատեղ բացելով) մեզ տանել բարձր լեռան այն լեզվակը, որի վրա 9-րդ դարում Շահանդուխտ արքայազնուհին մատուռ է կառուցել:

Տանձատափցիներն այդ վայրին Լաստ են անվանում:

Ըստ Վազգեն Սաղաթելյանի՝ դարեր շարունակ Շահանդուխտի մատուռն ամենաընդունելի պաշտամունքային վայրն է եղել տանձատափցիների համար:Սակայն հետաքրքրությունը ժամանակի ընթացքում նվազել է:

Վերջին անգամ՝ 4-5 տարի առաջ, այդ սրբավայր է այցելել նշանավոր գորիսեցի, Տանձատափ գյուղի զավակ Սուրեն Վարդանյանը:

Իսկ համագյուղացի Մարիամ աքերը կամ Մարիամ բաջին (ինչպես վկայում է Վազգենը) ամեն տարի այցելել է Շահանդուխտի մատուռ՝ զրուցել Աստծո հետ, մոմ վառել, մատաղ արել:

Արդեն տասը տարի է՝ Մարիամ աքերը չկա…

Եվ միայն Մարիամ բաջին չէր, այլ այդ սերնդի գրեթե բոլոր տանձատափցիները, որ ամեն  տարի ուխտագնացություն էին կատարում Շահանդուխտի մատուռ:

Մոտ հինգ կմ ճանապարհ անցնելուց հետո հասանք Շահանդուխտի մատուռ:

Երեւում է, որ կամարակապ է եղել:

Մոտ 1200 տարեկան խաչքարերից մի քանիսը դեռեւս պահպանվում են:

Բայց, ցավալիորեն, գանձագողերը նաեւ այդտեղ են հասել:

Մատուռի հատակը մի քանի տեղից փորել են հայ վանդալները…

Վերադարձին կանգ առանք Սիպտակ ջուր հրաշալի աղբյուրի մոտ, որտեղ երբեմնի պոմպակայանի հետքերն են միայն մնացել:

Ըստ երեւույթին Կարմիր քերծի ծոցից սկիզբ առնող այդ սառնորակ ջրից է ժամանակին օգտվել նաեւ Շահանդուխտ արքայազնուհու մենաստանը, որովհետեւ Սիպտակ ջրից մինչեւ Լաստ ոչ մի աղբյուր չկա:

Շահանդուխտի ժայռից մեր առջեւ բացվել էին Որոտանի անդնդախոր կիրճի անկրկնելի տեսարանները:

Մեր ոտքերի տակից երբեմն-երբեմն դուրս պրծնող քարաբեկորները մեծ դղրդյունով գլորվում էին դեպի անդունդի խորքերը:

Մոտ 10 կմ դժվարանցանելի ճանապարհը հաղթահարելուց հետո ֆիզիկապես այլեւս անկարող էինք ծանոթանալ Սղնախի միջնադարյան գերեզմանատեղիին կամ իջնել Տանձատափից 2 կմ հյուսիս գտնվող եկեղեցի:

Տխուր էր Արամազդի փեշերից սկիզբ առնող եւ Տանձատափով  հոսող Ճաղացի (Ջրաղացի) գետը, որ մի քանի տարի առաջ ամփոփվել է խողովակի մեջ՝ ինչ-որ  հէկ աշխատեցնելու նպատակով՝ գյուղը զրկելով լինելիության աստվածատուր այդ բարիքից:

Բայց որպեսզի ընթերցողին հասկանալի լինի Շահանդուխտի մատուռ-սրբավայրի ամբողջ էությունը, նպատակահարմար ենք գտնում ներկայացնել Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» կոթողային գործի՝ Շահանդուխտ արքայազնուհու հետ կապված մեծ ու ահազդու հրաշքի մասին:

Ահա՝ «Ո’վ եղբայրներ, ցանկանում եմ ձեզ պատմել այն զարմանալի  հրաշքի մասին, որ այն ժամանակ եղավ աստվածային տնօրինությամբ: Աղվանքի գահերեց իշխան Վարազ Տրդատը մի դուստր ուներ՝ Շահանդուխտ անունով: Նրա կերպարանքն արտասովոր էր ու հրաշալի. չքնաղ գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին: Ոչ ոքի չէր թվում, թե նա նյութեղեն է. այլ կարծես թե կերպարանավորված էր լուսատարր օդից ու նրբանուրբ շողերից: Նրան հարս խնդրեցին Թորգոմյան  տնից: Եվ նա դուրս ելավ իր աշխարհից, հայրենի տնից գնաց կին դառնալու հայ իշխանին: Մտնելով Բաղաց աշխարհը՝ անցնում էր ապահով տեղանքի ճանապարհով, մի ապառաժոտ վայրով, որտեղ մի քարաժայռի փլվածք էր՝ ահռելի խորությամբ, որն անդունդի նման ուղղված էր դեպի Տաթեւի մեծ հայրապետանոցի կողմը: Հենց այնտեղ թաքնված, ծվարած էին սուսերամերկ զորքի լեգեոնախումբ ջոկատներ, որոնք Շահանդուխտի    սքանչելի գեղեցկության պատճառով եկել էին Պարսկաստանից, հսկում էին ճանապարհների անցքերն ու կիրճերը, որ հափշտակեն այդ աղջկան: Ուղեւորներն այդ բանին իրազեկ չէին: Զինված խմբերը հանկարծակի հարձակվեցին նրանց վրա եւ սրերը քաշած սկսեցին անխնա կոտորել (այս) քրիստոնյաներին: Ապա խորահավատ օրիորդն այս տեսնելով հասկացավ պատճառը եւ, տերունական խաչով երեսին խաչ հանելով, ձին մտրակեց ու թռավ քարաժայռի փլվածքը: Այս (տեղեկությունը) գտանք մի հնացած նամակում, որը իր իսկ՝ Շահանդուխտի ձեռքով էր գրված այսպես. «Ես՝ Քրիստոսի մեղավոր աղախին Շահանդուխտս, Վարազ Տրդատի դուստրս,  Թորգոմյան տունը հարս էի գնում. հասա Բաղքի սահմանները, այս քարաժայռի գլուխը, որտեղով ճանապարհն է անցնում: Ահա (այստեղ) ինձ հանկարծակի հանդիպեցին իսմայելացիները, որոնք իմ հռչակված գեղեցկության պատճառով կամենում էին ինձ հափշտակել: Նրանք սրերը քաշած կոտորեցին  ինձ հետ եղած հեծելագունդը: Եվ ես լավ համարեցի գայլաբարո այլազգիների ձեռքով կորչելու փոխարեն գահավիժումով մեռնել իմ Քրիստոսի համար: Եվ հիշելով սուրբ Աստվածածնին ու սուրբ Հռիփսիմեին՝ ինձ հանձնեցի սուրբ երրորդությանը. ողորմելի անձս խաչակնքեցի սուրբ խաչով եւ ձիու սանձը ետ դարձնելով՝ թռա քարաժայռից: Քամու ուժգին հոսանքով, աներեւույթ զորությամբ, կարծես թե կառքով իջա այս ձորի  խորխորատը, ձիս էլ հետս՝ անվնաս: Այնտեղ դադար առնելով՝ մեծ հիացումով խիստ գոհունակություն վերառաքեցի ինձ այդպես փրկողին եւ  այս անդորր տեղում իմ անձը  նվիրեցի Քրիստոսին. ուխտեցի այլեւս այստեղից դուրս չգալ մինչեւ կյանքիս վերջը: Իսկ իսմայելացիներն  այս տեսնելով մեծ զարմանքով անվնաս թողեցին իմ զորախմբի  (մնացած մասը) եւ գնացին: Ես էլ այստեղ շինեցի մի մատուռ ու մի խցիկ, որտեղ ճգնեցի կյանքիս (մնացած) ամբողջ ժամանակամիջոցում: Թեեւ ծնողներս ու հարսնածու իշխանները շատ թախանձեցին, բայց ես տեղիցս չշարժվեցի: Հրավիրելով Սյունյաց երանելի եպիսկոպոսին՝ ենթարկվեցի նրան եւ իմ  ամբողջ ունեցվածքը տվեցի նրա ձեռքը՝ կես մասը  բաժանելու կարիքավորներին, կեսն էլ տալու Տաթեւի սուրբ եկեղեցուն: Նաեւ սուրբ եկեղեցուն ավանդեցի այս տեղերը՝ ամբողջ ձորով հանդերձ, որ ընկած են Շնհերի սահմանից վեր, մինչեւ Գինեկան գետը»: Եվ սա Շահանդուխտը հենց իր ձեռքով էր գրել: Նա մնալով այնտեղ իր մոտ է հավաքում ուրիշ կույսերի եւ տառապալից ճգնությամբ ապրելով երեսուն տարի՝ մեռնում է: Եպիսկոպոսը  գնալով թաղում է նույն տեղում սրբի երանելի մարմինը, որի բարեխոսությամբ  Քրիստոսը թող խնայի այս տունը եւ սրան բաժին  ընկած հարազատ հոտին»:


***

Գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող մատուռի հյուսիս-արեւելյան պատն ավելի քան կես բարձրությամբ հիմքից ժայռափոր է, իսկ մյուս երեք պատին միանալու կետից՝ բազալտակառույց:

Կառույցը փոքր չափսերի է, ներսը՝ 2.8 մ x 4.9 մ, ունի խորան, ծածկը թաղակապ է եղել (չափագրումը՝  Սուրեն Վարդանյանի):

Ուշադրություն են գրավում առանձին քարերի վրա արված քանդակները, զարդանախշերը, խաչերը:

 


Սուրբ Մինաս եկեղեցին

Գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին է:

Ըստ Սուրեն Վարդանյանի՝ Սյունիքի մարզի հնագույն սրբավայրերից է, սկզբնապես կառուցվել է հեթանոսական տաճարի վրա, վերակառուցվել 17-18-րդ դարերում:

Սերո Խանզադյանն այսպես է նկարագրել Սուրբ Մինասը. «Գյուղամիջի եկեղեցին… անտաշ քարերից է շինած՝ ոչ կամար ունի, ոչ սյուն, ոչ գիր: Միայն մեծ դռան մոտ շիրմաքարերից մեկի վրա գիր կա՝ «Այս է տապան Առաքելի որդի Պետրոսին – 1831»»:

 

Խաչի կողք կոչվող տեղանքի եկեղեցին, որ Սարիվանց անունն է կրում կամ Սուրբ Աստվածածին

Տանձատափից մոտ 2 կմ հյուսիս-արեւելք՝ ձորամիջի խութերի վրա է գտնվում այդ սրբավայրը:

Մենք այդտեղ այցելեցինք 2020 թ. հունվարի 12-ին:

Ըստ ՀՀ հուշարձանների պահպանության պետական մարմիններում եղած տեղեկությունների՝ մատուռ-եկեղեցին 10-րդ դարի շինություն է՝ կառուցված հայր Թադեւոսի կողմից:

Եկեղեցին միանավ կառույց է, ներսի չափսերն են՝ 5.9 x 3.2 մ, ունի 2 մ խորությամբ խորան, որի երկու պատին կան խորշեր:

Եկեղեցին աչքի է ընկնում կառուցման բարձր արվեստով, դրսի պատերի շարվածքը մաքուր է, ծածկը բազալտից է:

Եկեղեցին արեւմտահայաց մուտքի մոտ նախասրահ (գավիթ) է ունեցել:

Նախասրահի արեւմտյան պատին կա երկու խաչքար, յուրաքանչյուրը 0.4 x 0.6 չափսերով:

Կառույցի շրջակայքում կան այլ շինությունների հետքեր, գերեզմանաքարեր:

Եկեղեցուց մոտ 50 մ հեռավորությամբ թմբի վրա կա չքնաղ մի խաչքար՝ տեղադրված պատվանդանի վրա:

Ըստ Սուրեն Վարդանյանի չափագրման՝ պատվանդանի բարձրությունը 0.62 մ է, լայնությունը՝ 1.15 մ, խաչքարի բարձրությունը՝ 1.88 մ, լայնությունը 0.87 մ:

Խաչքարը 1264 թվականի է:

Առանձնակի կանգնած այդ խաչքարի վրա կարդում ենք՝ «ԵՍ ՏԷՐ ՅՈՒՍՄ, ՔՎԵՐՈՐԴԻ ՍԷԹ ՎԱՐԴԱՊԵՏԻ, ՆՈՐՈԳԵՑԻ ԶՍԲ ԵԿԵՂԵՑԻՍ, ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՅԱՆՈՒՆ ՍԲ ԱԾԱԾՆԻՆ, ԲԱՐԷԽԱԻՍ ՄԵԶ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՌ ՔՍ, ՈՐՔ ՀԱՆԴՊԻՔ ՅԻՇԵՑԷՔ ԱՌ ՔՍ. ԸՆԴ ՆՄԻՆ ԵՒ ԶԵՂԲԱՅՐՆ ԻՄ ԶՅԱԿՈԲ»:

Ըստ հնագետ Սեդրակ Բարխուդարյանի՝ «ՅՈՒՍՄ անսովոր անվան գործածության մեկ դեպք ունի Աճառյանը (Անձնանունների բառարան, Գ. էջ 736) ՅՈՒՍՄԻՆ ձեւով, իգական: Նորոգեցիի փոխարեն ՆՈՐՈԳԵԱՑ է գրված: Վերջին ԶՅԱԿՈԲ անվան վերջին երկու տառերը բաց են թողնված տեղ չլինելու պատճառով: Բնագրի ՀԱՆԴՊԻՔ ձեւը թողնում ենք նույնությամբ՝ համարելով խոսակցական լեզվի ազդեցություն»:

Սարիվանցի հետ կապված մի թյուրիմացություն կա մատենագիտության մեջ, որին կուզենայինք անպայման անդրադառնալ:

Ճանաչված հնագետ Սեդրակ Բարխուդարյանը (Դիվան հայ վիմագրության, 2-րդ հատոր, էջ 40) այդ սրբավայրին տալիս է արհեստածին  անուն՝ Սվարանցի խաչ, իսկ վայրը՝ Սվարանց, ինչը սխալ է:

Հավանաբար շփոթել է Սարիվանց անվանումի հետ:

Ըստ Սուրեն Վարդանյանի՝ այդ վայրը կոչվում է Սարիվանց խաչ կամ Սարիվանցի վեղ (հող):

Եկեղեցին Սուրբ Աստվածածին է կոչվում:

Իսկ եկեղեցում այսպիսի արձանագրություններ կան:

Եկեղեցու բեմի բարձրության քիվին՝ ԵՍ ՀԱՅՐ ԹԱԴԷՈՍ  ՇԻՆՈՂ  ՍԲ ԵԿԵՂԵՑԻ Ս ՅԻՇԵՑԷՔ Ի ՔՍ:

Եկեղեցու բեմի ներքեւի ճակատին՝ Ի ԹՎ: ՊԽԶ: ԿԱՄԱԻ ԱՄԵՆԱԿԱԼԻՆ ԱՅ, ԵՍ ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ, ԳՆԵՑԻ ԶՀՈՒՆԵՐՈ ՋԱՂԱՑ Ի ՀԱԼԱԼ ԱՐԴԵԱՆՑ ԻՄՈՆՑ ԵԻ ԵՏՈՒ ԸՆԾԱ ՍԲ ԱԾԱԾՆԻՍ. ԵԻ ԶՑՈՒՐԱ ՀՈՂՆ, ԱՐԴ ՈՐՔ ԽԼԵԼ ԵԻ ՀԱՆԵԼ ՋԱՆԱՆ ՄԵՐ ՄԵՂԱՑՆ ՊԱՐՏԱԿԱՆ ԼԻՆԻՆ ԵԻ ԴԱՏԻՆ ՅԱՅ:

Եկեղեցու տարածքից միանգամայն նոր տեսքով է երեւում Տաթեւի վանքը:

Այդտեղից երեւում են նաեւ Տաթեւի Հարանց անապատի արեւմտահայաց պատերը:

 


Ցուրա վանք կամ Ցրվանց կամ Ձորո վանք

Հնագետ Սեդրակ Բարխուդարյանի կարծիքով՝ Տանձատափի մերձակայքում է գտնվել այդ սրբավայրը:

Ահա նրա տեսակետը. «Ինչպես այդ վայրի անունը, այնպես էլ մեջբերված արձանագրությունների մեջ հիշատակվող «Ցուրահող» տեղանունն ապացույց են, որ գյուղի մոտակայքում պիտի լիներ նշանավոր Ցուրա բերդը, որի բնակիչները 915 թ. ապստամբեցին Տաթեւի վանքի դեմ, իսկ այժմյան ավերակ եկեղեցին՝ Ցուրա վանքը, որ հետագա հեղինակների մոտ հիշատակված է Ցրվանք եւ Ձորո վանք անուններով (Առաքել Դավրիժեցու մոտ)»:

Հնագետի կարծիքը, որ Ցուրա վանքն այդ գյուղի մերձակայքում է, անվիճելի է:

Բայց տեսակետը, որ Ցուրա վանքը կարող էր լինել Սարիվանց եկեղեցին (ըստ հնագետի՝ Սվարանցի խաչի եկեղեցին), որեւէ քննադատության չի դիմանում:

Մեր խորին համոզմամբ՝ Ցուրա վանքը Տաթեւ-Տանձատափ-Սվարանց գյուղերի գրեթե միջնամասում գտնվող Գյունեյ հանդի՝ մինչեւ այսօր կանգուն (բայց փլուզման վտանգի առաջ կանգնած) եկեղեցին է:

Հնագետներից եւ ոչ մեկը, ինչպես երեւում է, չի այցելել այդ սրբավայր:

Մեր ստեղծագործական խումբն այդտեղ եղավ 2020 թ. հունվարի 12-ին:

Եկեղեցու մերձակայքում եւ հատկապես երբեմնի գավիթում գտնվող խաչքարի բացառիկությունը ցույց են տալիս, որ դա սովորական սրբավայր չի եղել:

Գյունեյ հանդի եկեղեցին, ամենայն հավանականությամբ, տարածքի ամենահին սրբավայրն է:

Ճարտարապետական լուծումներով շատ նման է Վաղատուրի հին եկեղեցուն, որոշ դեպքերում՝ Երիցվանքին:

4-6-րդ դարերի ճարտարապետությանը բնորոշ լուծումներ ունեցող եկեղեցին ամենայն հավանականությամբ հենց Ցուրա վանքն է կամ Ղեւոնդ Ալիշանի հիշատակած Ցրվանցը, Ձորո վանքը:

Մեր այդ վարկածի օգտին է խոսում փաստը, որ հենց մերձակա ձորով է հոսում պատմաբանների մի մասի կարծիքով Ցուրագետ անվանվող գետակը:

Նաեւ փաստը, որ Գյունեյ հանդի եկեղեցին գտնվում է այն բլրի արեւելյան ստորոտում, որը ըստ ժողովրդական հիշողության՝ հայտնի Ցուրաբերդն է:


Սամվել Ալեքսանյան

 

***


Հետգրություն կամ Կարմիր քարի ու Սպիտակ ջրի լեգենդն ըստ Սուրեն Վարդանյանի

Իրականի եւ առասպելականի համաձուլվածք են քարափները: Դրա համար նրանք լեգենդային են: Մեր քարափի սկիզբը  Սղնախի բարձունքում  է: Նա շրջանցում է Մեծ ձորը, Հարսնաձորը, ապա գրկում -շրջափակում Օվենի կաղնու անտառը եւ միանում Որոտանի ափամերձ քարափների մեծ գերդաստանին: Միլիոնավոր տարիներ նա հետեւում է ընթացող իրադարձություններին: Ի՞նչ գաղտնիքներ ունի, ո՞վ կարող է վերծանել անհնարինը: Բայց ավանդականն այսպես է պատմում:

Կոփելուց անմիջապես հետո մի ներքին ցավ է շրջել քարափի ներսում, իջել-բարձրացել է, աջուձախ արել, ելքեր փնտրել, բայց ուղի չի գտել: Գնալով ցավը սաստկացել է: Կնճռոտվել է քարափի դեմքը, տեղ-տեղ խորշոմներ են գոյացել, ու անտանելի ցավից շառագունել, կարմիր է կտրել նրա երեսը: Այդ երկունքն ավարտվել է մի շքեղ լուսաբացի, երբ քարափի կրծքից բխել է հորդառատ, հրաշք մի աղբյուր: Անմիջապես հանգիստ նինջ է իջել քարափին: Նրա դեմքի կարմիրն անցել է, շիկնանքը՝ մնացել: Դրանից է ծնվել Կարմիր քարի քարափ անվանումը:

Քանի որ կրծքից բխած աղբյուրի սպիտակ փրփուրները գարնանը կուսական վարսերի պես զարդարում են նրա հպարտ լանջը, աղբյուրն էլ կոչել են Սպիտակ ջուր:

Սա է իրականը:

На изображении может находиться: дерево, растение, небо, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, растение, дерево, трава, на улице и природа

 

На изображении может находиться: 5 человек, ребенок, обувь, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, растение, облако и на улице

На изображении может находиться: растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: обувь, растение, на улице и природа

На изображении может находиться: 4 человека, люди стоят, ребенок, на улице и природа

На изображении может находиться: растение, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, небо, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, облако, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, растение, облако, дерево, на улице и природа

На изображении может находиться: 1 человек, стоит, гора, небо, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: небо, растение, облако, дерево, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, растение, облако, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, облако, дерево, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: растение, небо, дерево, трава, на улице и природа

На изображении может находиться: дом, небо и на улице

На изображении может находиться: небо, облако, гора, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, на улице и природа

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: на улице

Нет описания фото.

На изображении может находиться: на улице и в помещении

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, на улице и природа

На изображении может находиться: небо, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево и на улице

На изображении может находиться: 2 человека, люди стоят, дерево, на улице и природа

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: растение, дерево и на улице

На изображении может находиться: 1 человек, сидит, растение, дерево и на улице

На изображении может находиться: на улице и природа

На изображении может находиться: небо, на улице и природа

Մոսկվան Երևանից պատասխան է սպասում ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունների կապակցությամբ. Զախարովա

03.05.2024 20:04

Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն. Ուիլյամ Սքոթ Ռիթթեր

03.05.2024 16:49

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ

03.05.2024 13:51

Կապանի համառոտ ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

03.05.2024 12:44

Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ

03.05.2024 11:25

Արկադիա Ղազարյան. մարզիչը և մանկավարժը

03.05.2024 11:05

ԹՈՒՂԹ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ, ԳՐՎԱԾ ԼԵՆԻՆԳՐԱԴԻՑ

03.05.2024 10:24

Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին

03.05.2024 10:14

Շնորհավորական` Սյունյաց թեմի առաջնորդ տեր Մակար վրդ. Հակոբյանի ձեռնադրման 20-ամյակի առթիվ

02.05.2024 21:19

ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր

02.05.2024 20:01

Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը

02.05.2024 17:58

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

02.05.2024 17:55