Թանգարան Հարժիսում՝ նվիրված Սյունիքի ազատագրական պայքարին

30.08.2025 15:22
770

Վաղուց Հարժիսում տոնական նման մթնոլորտ չէր եղել, ինչին ականատես դարձանք օգոստոսի 29-ին …

Գյուղի մշակույթի տանը բացվում էր Սյունիքի ազատագրական պայքարին նվիրված թանգարան:

Մոտ տասը մլն դրամ արժեցող նախագիծը նախաձեռնել եւ իրականացրել էր «ՍՕՍ արեւելքի քրիստոնյաների» կազմակերպությունը:

Ծրագրի շրջանակում նախեւառաջ ավարտուն տեսքի էր բերվել Հարժիսի քարադարանը, որ գտնվում է Մշակույթի տան բակում:

Այնուհետու հիմնանորոգվել էր ճարտարապետական յուրօրինակ լուծումներով աչքի ընկնող՝ դեռեւս 1960-ականներին կառուցված Մշակույթի տան մի հատվածը, որտեղ էլ կազմակերպվել էր թանգարանը:

Տեւական ժամանակ իրականացված աշխատանքները գլխավորել էր «ՍՕՍ արեւելքի քրիստոնյաների» կազմակերպության ներկայացուցիչ Արամ Գայայանը:

Ծրագրի գիտական հիմնավորումներն ապահովել էր Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը:

Առավոտվանից Մշակույթի տան բակում հավաքված հարժիսցիներին միացել էին հյուրեր Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերից, նաեւ Ֆրանսիայից:

Տանտերերը հյուրերին դիմավորեցին ջերմությամբ, իսկ Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանին ու «ՍՕՍ արեւելքի քրիստոնյաների» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Գուդարզիին՝ աղուհացով:

Տոնական օրվա հանդիսավոր մասը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, որը կատարեց «ՍՕՍ արեւելքի քրիստոնյաների» կազմակերպության աջակցությամբ Գորիսում գործող փողային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գոռ Դադալյան):

Մշակութային նոր օջախի ծնունդն օրհնությամբ պատվեց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը:

Այնուհետեւ ելույթ ունեցան Տաթեւ համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը, «ՍՕՍ արեւելքի քրիստոնյաների» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Գուդարզին եւ նրա տեղակալ Արամ Գայայանը, Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ  դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը:

Ալեքսանդր Գուդարզիին եւ Արամ Գայայանին հանձնվեցին Տաթեւի համայնքապետարանի պատվոգրեր, ինչպես եւ նորաստեղծ «Հարժիսի վերածնունդ» հիմնադրամի խորհրդանշական նվերներ:

Ելույթներին հաջորդեցին գյուղի միջնակարգ դպրոցի պարային համույթի հրաշալի կատարումները (համույթը նորություն է Հարժիսի հոգեւոր-մշակութային կյանքում, ստեղծվել է Հ. Իսախանյանի գլխավորած «Մեծ Հայք» պարային ստուդիայի հովանու ներքո):

Դպրոցի սաներից Գալուստ Գալստյանը կատարեց «Լեբլեբիջիների խմբերգը», իսկ Ավետիս Սարգսյանը՝ Գուսան Աշոտի «Սյունյաց սարեր»-ը, որը, կարծեք, մեր լեռնաշխարհի յուրօրինակ հիմն է դարձել վաղուց:

Դպրոցի աշակերտուհի Էլինա Արիստակեսյանն էլ ֆրանսերենով՝ համագյուղացիների անունից, շնորհակալություն հայտնեց «ՍՕՍ արեւելքի քրիստոնյաների» կազմակերպությանը՝ Հարժիսում նման ծրագիր կյանքի կոչելու համար:

Այդ ամենին հաջորդեց թանգարան տանող աստիճանավանդակների սկզբնամասը պարուրող կարմիր ժապավենը կտրելու սպասված պահը: Ժապավենը կտրելու պատիվը տրվեց Հարժիս գյուղի վարչական ղեկավար Մհեր Թարխանյանին եւ «ՍՕՍ արեւելքի քրիստոնյաների» կազմակերպության ներկայացուցիչ Արամ Գայայանին:

Ժապավենը կտրվեց գյուղի դպրոցի դհոլահարների նորաստեղծ համույթի տոնավառ կատարումների հնչյունների ներքո (գեղարվեստական ղեկավար՝ Սուրեն Աբրահամյան):

Այնուհետեւ ներկաները ծանոթացան Սյունիքի ազատագրական պայքարի թանգարանի վահանակներին եւ ցուցանմուշներին:

Ներկայացվող նյութերը մատուցված են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ պարսկերեն լեզուներով:

Օրվա խորհրդի վերաբերյալ հետաքրքիր զրույցը շարունակվեց աղանդերի սեղանի շուրջ:

Տոնական միջոցառման կազմակերպված եւ բարձրաճաշակ ընթացքի ապահովմանն ակտիվ մասնակցություն ունեցան Նելլի Արզումանյանն ու Շինուհայրի երաժշտական դպրոցի տնօրեն Ռազմիկ Հարությունյանը:

Գորիսի տարածաշրջանում ճանաչում ունեցող Նելլի Արզումանյանը հաղորդավարական իր խոսքում տոնական օրը համեմեց Սյունիքի ազատագրական պայքարի եւ այդ պայքարի առաջնորդների մասին ուսանելի հիշատակումներով:

Իսկ երբ հնչեցին Զորավար Անդրանիկի, Դրոյի, Գարեգին Նժդեհի ու Պողոս Տեր-Դավթյանի անունները՝ տոնահանդեսի հրապարակին մոտեցավ հարժիսցի պատանի հեծյալների մի խումբ՝ այդկերպ հավաստելով, որ իրենք շարունակությունն են հայրենատեր նախնիների փառապանծ գործերի:

Զարմանալի պատահականությամբ նժույգներից մեկն անընդհատ վրնջում էր բարձրաձայն, որին այսպես արձագանքեց տարեց հարժիսցիներից մեկը՝ «Գարեգին Նժդեհի ձին է, տիրոջն է կանչում…»:

Ամառնավերջի այդ օրվա հաճելի եղանակը, տոնական մթնոլորտը ներկաներին տրամադրեց՝ պաշտոնական արարողությունից հետո ավելի հանգամանալից ծանոթանալու ե՛ւ թանգարանին, ե՛ւ քարադարանին:

Ի դեպ, քարադարանում ներկայացվող հուշարձանները վկայում են, որ ներկայիս Հարժիս գյուղի տարածքը մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին եւ 1-ին հազարամյակի սկզբներին հանդիսացել է խոշոր վարչական ու հոգեւոր կենտրոն: Շատ հավանական է, որ ուրարտական սեպագրերում հիշատակվող Ծուլուկու երկրամասի քաղաքներից մեկը հենց Հարժիսի տարածքում է գտնվել, ինչը վկայում է նաեւ հսկայական տաճարասյունը՝ քարադարանում տեղ գտած:

Իսկ թանգարանում՝ ներկայացված վահանակներով այցելուները պատկերացում կկազմեն Սյունիքի թագավորության, Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի, Նժդեհի առաջնորդած Լեռնահայաստանի, Սյունյաց աշխարհի քաջ ու վեհանձն մելիքների, ինչպես եւ երկրամասի հոգեւոր արժեքների մասին:

Եվս մեկ անգամ երախտագիտություն հայտնելով «ՍՕՍ արեւելքի քրիստոնյաների» կազմակերպությանը՝ նախօրինակը չունեցող այդ նախաձեռնության համար, միաժամանակ հույս ենք փայփայում, որ Սյունիքի ազատագրական պայքարի թանգարանում աշխատանքները շարունակություն կունենան: Մասնավորապես, թանգարանի անկյուններից մեկը կնվիրվի Հարժիսի պատմության նշանավոր դեմքերին եւ իրադարձություններին…

Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի առաջին նշանավոր ճակատամարտը՝ քառասուն քաջերով, հենց այստեղ՝ Եռաբլրի այս հատվածում է տեղի ունեցել:

1918-20 թթ. հերոսական օրերին այս տարածքում է լեգենդար Պողոս Տեր-Դավթյանի հրամանատարությամբ տեղի ունեցել երեք վճռական ճակատամարտ՝ ընդդեմ  ադրբեջանցի հրոսակների:

Եվ, իհարկե, պետք է հիշենք Արցախյան երեք հերոսամարտում նահատակված հարժիսցիներին, ովքեր իրենց կյանքը դրեցին հայոց հայրենիքի զոհասեղանին:

Հարժիսի տոնակատարությունը խորիմաստ նշանակություն ունեցավ մեկ այլ իմաստով եւս…

Մեծ Իշխանասարի եւ Արամազդ լեռան հովանու ներքո դարեր շարունակ դիմակայած այդ գյուղի մարդիկ ցույց տվեցին, որ իրենք հավատարիմ են Սյունիքի ազատագրական պայքարի ավանդույթներին, տեր են հայրենի լեռնաշխարհին՝ որքան էլ Սյունիքի շուրջ տեղի ունեցող տարակուսելի զարգացումների մասին տեղեկություններն ամեն օրը հեղեղում են մեր հոգիները …

Աննա Ալեքսանյան

Լուսանկարները՝ Ալեն Աթանեսյանի

65+ տարիքի քաղաքացիներին միջինում 20,000 դրամ ենք տրամադրում դեղորայքի համար, վճարում է պետությունը. Անահիտ Ավանեսյան

19.02.2026 16:16

Առաջին հեքիաթից մինչև համաշխարհային գրականություն

19.02.2026 16:10

ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times

19.02.2026 15:29

«Ինչ-որ տարօրինակ հայտարարություններ են». Մարիա Զախարովան արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

19.02.2026 11:55

Թրամփը Բրիտանիային կոչ է արել չհրաժարվել Դիեգո Գարսիա կղզուց. այն կարող է անհրաժեշտ լինել Իրանին հարվածների համար

19.02.2026 11:28

Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Մեծ լոռեցին դառնում է 157 տարեկան

19.02.2026 11:12

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի դեմ

19.02.2026 10:42

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

19.02.2026 10:00

Միլիոններ՝ կինոյին. ԿԳՄՍՆ-ն արդեն 10 դրամաշնորհ է շռայլել իշխանական պատգամավորի ամուսնու ղեկավարած հիմնադրամին

18.02.2026 21:52

Էժան գյուղմթերք Հայաստանում ձմռանը․ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Նոյեմբերյանի զարգացման ծրագիրը

18.02.2026 21:29

ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորը

18.02.2026 19:17

Սյունիքի անունից ներկայացողների քվեները՝ «ՔՊ» կուսակցության քվեարկության նախնական արդյունքներով

18.02.2026 17:00