«Թանգարանները միավորում են մեզ»

06.06.2014 14:04
2020

2005-ից ի վեր` ամեն տարի, հայաստանյան թանգարանները մասնակցում են «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այս տարի այն նշվեց մայիսի 17-ին, որ նախորդում է Թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին, անցկացվեց Հայաստանի եւ Արցախի մոտ 100 թանգարանում` «Թանգարանները միավորում են մեզ» խորագրով: Կապանի երկրագիտական թանգարանն օրվա խորհրդին համահունչ անցկացրեց «Շիկահող. քարի դարից մինչեւ մեր օրերը» խորագրով միջոցառումը: Թանգարանի բակում մայիսյան այդ երեկոյի ընթացքում աշխուժություն էր տիրում: Հավաքվել էին տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ: Թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը հակիրճ ներկայացրեց օրվա խորհուրդը` հընթացս ներկայացնելով Շիկահող գյուղի պատմությունը. «Թանգարանը, նախեւառաջ, հիշողություն է, առանց պատմական հիշողությունն անմար պահելու` անհնար է հասարակության առաջընթացը, առանց ազգային արժեքների պահպանության մենք կզրկվենք մեր արմատներից ու ակունքներից: Այսօր շատ է խոսվում, որ մեզ մարտահրավերներ են նետված, բայց կարծում եմ` ամենազորեղ մարտահրավերը կոչված է զրկելու մեզ մեր հիշողությունից: Կապանի երկրագիտական թանգարանը փորձում է հատկապես Կապանի պատմությունը կենդանի պահել: Թվում է` Հայաստան աշխարհի այս մի փոքրիկ անկյունը սովորական պատմություն ունի, բայց դա բնավ էլ այդպես չէ»:

Բնականաբար, անդրադարձ եղավ նաեւ Շիկահողի պատմությանը, բնակավայր, որ առաջին անգամ հիշատակվում է Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ` Տաթեւի վանքի հարկատու գյուղերի ցանկում: Գյուղը վանքին տալիս էր 12 միավոր հարկ, եւ ի՞նչն է ուշագրավը, Կովսական գավառի եզակի գյուղերից է, որ պահպանել է իր նախաստեղծ անվանումը` Շիկահողք: Մինչդեռ մյուս գյուղանունները հնչյունափոխվել են, մեծամասամբ` անվանափոխվել: Գյուղի 13-17 դարերի պատմությունը, բանախոսի բնորոշմամբ, մշուշով է պատված, սակայն այդ ժամանակահատվածում մի նշանակալի գործ է կատարվել. կառուցվել է Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Շիկահողի բնակչությունն աճել է Թուրքմենչայի պայմանագրից հետո: Ռուսական տիրապետությունն ապահովեց բնակչության ֆիզիկական գոյությունը, որոշակի աշխուժացավ տնտեսական կյանքը, բայց հետագայում եղան արյունալի բախումներ (1905-1906թթ. ազգամիջյան կռիվներ, 1918-1921թթ. Զանգեզուրյան գոյամարտ): Շիկահողցիները մասնակցել են առաջին աշխարհամարտին` հույս ունենալով, որ կփրկեն Արեւմտյան Հայաստանը, նրանցից 12-ը զոհվել է կամ անհետ կորել: Չնայած կոլեկտիվացման տարիների դժվարություններին եւ ստալինյան բռնաճնշումներին` խորհրդային տարիները բանախոսը բնութագրեց որպես վերելքի ժամանակաշրջան նաեւ իր հայրենի գյուղի համար:

Ամփոփելով օրվա խորհրդին պատշաճող խոսքը` Գրիշա Սմբատյանն այն համոզմունքը հայտնեց, որ բոլոր գյուղերն էլ, ավելի կամ նվազ չափով, կարող են նման ցուցադրությամբ հանդես գալ: Ակնարկն ինքնին հասկանալի էր` հնագիտական, պատմական արժեք ներկայացնող ամեն ինչ պիտի փրկել անդառնալի կորստից:

Ինչեւէ, թանգարանի այցելուները բարձրացան երկրորդ հարկ, որտեղ Շիկահող գյուղի անցյալն ու ներկան ամփոփող ցուցադրությունն էր. հարկաբաժնի մուտքին ղարաբաղցի ճանապարհորդ տեր Գասպար Բաղդասարյանի «Ծաղկաքաղ աշխարհացոյցից» (1820 թվականներ) մի պատառիկ էր. «Եվ զայս Ղափանում կա Շիգկայհող գեողաքաղաքս, եւ սորա վերն է Մեղրու սարն անտառախիտ ծառոտ»:

Ցուցադրանքում այս անգամ գերակշռում էին հնագիտական իրերն ու առարկաները, տարբեր տեսակի խեցանոթները, որոնցից որոշների պատրաստման ժամանակը տանում է հազարամյակների խորքը, կենցաղային պարագաներ, գյուղատնտեսական գործիքներ: Ներկայացված է Շիկահող գյուղի պատմությունը տարբեր ժամանակներում, գյուղի անցյալը` լուսանկարներում եւ վավերագրերում, երկրորդ աշխարհամարտին նվիրված նյութերը ժողովված էին «Մեծ հայրենական. ռազմաճակատ եւ թիկունք», մերօրյա պատերազմին առնչվող վավերագրերը եւ լուսանկարները` «Արցախյան գոյամարտ» խորագրերի ներքո: Առանձին ցուցադրանքով ներկայացված էին շիկահողցի գիտության եւ մշակույթի նվիրյալները` պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյան, տեխնիկական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հակոբյան, երաժշտագետ Դանիել Երաժիշտ, քիմիկոս Գարեգին Մելքոնյան, գիտնական Ռուբեն Մելքոնյան, կուսակցական-պետական գործիչ Երվանդ Մելքոնյան, ուրիշներ: Շիկահողի բնությունն արտացոլված էր Լորիկ Մինասյանի գեղանկարչական աշխատանքներում, նա հեղինակել է նաեւ հայրենի գյուղի զինանշանը:

Կապանի երկրագիտական թանգարանի այս ցուցադրանքի կայացմանն օժանդակել էին ՀՀ ազգային արխիվի Սյունիքի մասնաճյուղը, պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը, համագյուղացիներ, նախանձախնդիր մարդիկ:

Կապանի N6 դպրոցի աշակերտները ներկայացրին ժողովրդական խաղիկներ, հնօրյա երգեր, աղոթքներ, իսկ Կապանի արվեստի քոլեջի սովորողները թանգարանի բակում հնչեցրին հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19