Տարեդարձի հանդիսավոր տոն զորամասում

06.03.2017 12:47
5045

Օրերս մեծ շուքով նշվեց գնդապետ Լեւոն Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող, «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր 60369 զորամասի կազմավորման 24-րդ տարեդարձը:

Արարողությանը մասնակցում էին 1-ի զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ԲԿ վարչակազմի ներկայացուցիչներ, Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ, փոխգնդապետ Սուրիկ Բաղդասարյանը, զորամասի կազմավորման գործում երախտավոր սպաներ, երկրապահներ, մեծ թվով ազատամարտիկներ, ապրիլյան քառօրյա պատերազմի եւ շարունակաբար զորամիավորմանը ցուցաբերած բարերարությամբ աչքի ընկած Գորիսի «Ծիածան» ՍՊԸ տնօրեն Գարիկ Գրիգորյանը, հյուրեր, դպրոցականներ:

Միջոցառումը սկսվեց մեկ րոպե հարգանքի ու խոնարհման լռությամբ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Ներկայացվեց զորամասի ստեղծման պատմությունը, նրա անցած փառավոր մարտական ուղին, հիշատակվեցին 1993 թվականից ի վեր՝ նրա հրամանատարները, իրենց խիզախությամբ եւ բանակաշինության գործում ունեցած մեծ ներդրումով աչքի ընկած սպաները:

Երախտագետ հպարտությամբ նշվեցին զորամասի բոլոր ստորաբաժանումների՝ Արցախյան գոյամարտում ունեցած դերի ու կարեւորության մասին, նրանց ակտիվ մասնակցությունը ՀՀ եւ Արցախի հանրապետության սահմանների պաշտպանության, բնակավայրերի ազատագրման գործում, որի ընթացքում զորամասը ունեցավ 164 զոհ, 10 հոգի անհայտ կորած եւ մոտ 500 վիրավոր:

Նրանցից շատերը մարտադաշտում ցուցաբերած արիության, խիզախության համար արժանացել են «Մարտական 1-ին աստիճանի» շքանշանի, գերատեսչական մեդալների, ցավոք, որոշներն էլ՝ հետմահու:

Զորամասը կազմավորվել է պատերազմի բոցերի, նրա քուրայի մեջ՝ ՀՀ ՊՆ հրամանով, 1992 թվականի մարտի մեկին եւ կոչվել 2-րդ մոտոհրաձգային բրիգադ, ստացել պայմանական անվանում՝ 60369, որը տեղակայված է եղել Լուսակերտում:

1993 թ. փետրվարի 16-ին բրիգադը տեղափոխվել է Սյունիք:

1995թ. սեպտեմբերի 18-ին առանձին մոտորաձգային բրիգադը ստացավ մարտական դրոշ՝ բանակաշինության, մարտական պատրաստականության գործում իր խոշոր ձեռքբերումների առթիվ:

Երբեմնի 2-րդ մոտոհրաձգային բրիգադը 2000 թվականի հուլիսի 21-ին վերանվանվեց 2-րդ առանձին մոտոհրաձգային գնդի, իսկ 2007թ. հունվարի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգրատրվեց «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, տարիներ շարունակ ուսումնական տարվա արդյունքներով ճանաչվեց լավագույն գունդ եւ պարգեւատրվեց Պատվո դրոշով:

…

Զորամասի հոգեւոր սպասավոր Սիմոն սարկավագ Իգիթյանը խաղաղության, աղոթքի եւ օրհնության խոսք հղեց զորամասի անձնակազմին:

Զորամասի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ անձնակազմին շնորհավորանքի, երախտիքի, խաղաղ ծառայութան ջերմ ու սատարիչ խոսք հղեց Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը՝ հավաստիացնելով, որ Գորիսի համայնքը, ողջ գորիսեցիները զորամիավորման կողքին են, նրա բարոյական, նյութական, հոգեւոր ու դաստիարակչական պատվարը բանակաշինության, պետականաշինության գործում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նրա զինվորն էլ կդառնան եւ կկանգնեն հայ զինվորի ու սպայի կողքին, ինչպես կանգնել են զորամասի ծննդից ի վեր:

Զորամասի տարեդարձի, անցած եւ այսօր էլ անցնող խիզախ ու մարտական ուղու համար անձնակազմին՝ քաղաքացիական, թե զինվորական, նրա երախտավոր վետերաններին, երկրապահներին ուղղված շնորհավորանքի եւ շնորհակալության, խաղաղ ծառայության, առողջության ու երջանկության բարեմաղթանքի քաջալերիչ խոսք ասաց զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը:

Նա նշեց, որ ամենքին չէ բախտ վիճակված ծառայել մի սրբավայում, որը կոչվում է Սյունյաց աշխարհ, եւ որի ժողովուրդը դարեր շարունակ հերոսական պատմություն է կերտել՝ իր մշակութային, պատմահայրենասիրական արժեքներով՝ լինելով երկրի հարավային դարպասը, պատվով ու առաքելությամբ պահպանել այն:

Հրամանատարը մեկ անգամ եւս հիշատակեց Արցախյան պատերազմում զորամասի ծոցից դուրս եկած եւ հերոսաբար զոհվածների, անհայտ կորածների, հարյուրավոր վիրավորների մասին՝ փառք ու պատիվ հաղորդելով նրանց եւ հավաստիացրեց, որ վաղը զորամասն էլ ավելի զորեղացած, տասնապատկված եւ հազարապատկված կշարունակի իր պատվավոր ուղին:

Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանն ընթերցեց զորամասի անձնակազմի խրախուսման մասին ԲԿ հրամանատարի եւ շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանի հրամանը՝ ի նշանավորումն տոնի, բանակաշինության գործում մեծ ավանդ ներդնելու, մարտական պատրաստականության բարձր արդյունքների եւ զինվորական օրինակելի կարգապահության համար:

ԲԿ հրամանատարի անունից անձնակազմի լավագույն զինծառայողներին, շարքային զինվորներին հայտնվեց շնորհակալություն, ընտանիքներին հղվեց տեղեկացում, տրվեցին շնորհակալագրեր, պատվոգրեր, դրամական խրախուսանքներ, 5-օրյա արձակուրդի թույլտվություն:

Այնուհետ զորամասի հրամանատար, գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը պատվոգրեր հանձնեց անձնակազմի սպաներին, Արցախյան ազատամարտի վետերաններին եւ երկրապահներին:

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի շտաբի պետ, գնդապետ Մանվել Սերոբյանն ընթերցեց խորհրդի որոշումը՝ ԲԿ հրամանատարին, 60369 զորամասի հրամանատարին, մարտական պատրաստականության բարձր արդյունքներով եւ ձեռքբերումներով աչքի ընկած անձնակազմի լավագույն զինծառայողներին «Մեծն Տիգրան» մեդալներով պարգեւատրման մասին:

Տոնական միջոցառումն ավարտվեց զորամասի մարտական դրոշի հանդիսավոր դուրս բերմամբ, անձնակազմի շարային քայլքով:

Անձնակազմը մեխակներ դրեց զորամասի՝ Արցախյան պատերազմում քաջաբար զոհվածների հուշարձանին:

Արարողությունը շարունակվեց զորամասի դահլիճում, որտեղ ներկաների համար համերգային կատարումներով հանդես եկան քաղաքի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան պատանի սաները:

Վերջում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ՝ զորամասի անցած եւ ներկա փառավոր ուղու, իրենց կյանքով հայրենյաց սահմանները պաշտպանած, փառք ու պատվով պսակված նրա քաջ զավակների, երախտավոր վետերանների ու զինծառայողների մասին:

Միջոցառումը վարում էին զորամասի գրադարանի վարիչ Հերմինե Առուստամյանն ու քաղաքի մշակույթի տան գեղմասվար Նելլի Արզումանյանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08