Տաշած քարը գետնին չի մնա, մնալու ենք քաղաքականության մեջ. Շարմազանովը՝ ՀՀԿ քաղաքական թիմի անելիքների մասին

16.12.2018 12:47
1166

Ես վերահաստատում եմ՝ դեկտեմբերի 9-ը ՀՀԿ վերածննդի օրն է, որովհետև մենք արձանագրեցինք, որ Փաշինյանի իշխանության սպառնալիքի ու հակաքարոզչության պայմաններում 60 000 քվե ենք ստացել, որը շատ մեծ վստահություն է. Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ՝ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը ճիշտ էր  և արդարացված, որովհետև պետական համակարգում ով չէր ալարում՝ քննադատում էր ՀՀԿ-ին, որ նման ուժ գոյություն չունի, բայց ՀՀԿ-ն զբաղեցրեց 4-րդ տեղը, և 3000-4000 ձայն չբավականացրեց, որ շեմը հաղթահարի: Սա ևս մեկ անգամ  ապացուցեց, որ մենք պետք է մասնակցեինք ընտրություններին, որ կան ՀՀԿ-ին հավատացող մարդիկ, և մենք այսուհետ էլ պետք է ակտիվ զբաղվենք քաղաքականությամբ»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ բնականաբար պառլամենտ չանցնելով կյանքը չի ավարտվում: «Սկսվում է մեր պայքարի և քաղաքական գործունեության երկրորդ փուլը, ՀՀԿ-ն կլինի արտախորհրդարանական ընդդիմություն, և մեր ուշադրության կենտրոնում կլինեն, ինչպես ասել ենք, ՀՀ-ի և Արցախի անվտանգության հարցերը, Արցախի խնդրի հայանպաստ լուծումը, հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ավանդական հայկական արժեքները, ՌԴ-ի հետ հարաբերությունները, ՀԱՊԿ-ում հարաբերությունների խորացումը, ԵԱՏՄ, ԵՄ-ի հետ համաձայնագրերի իրականացումը և այլն, այն, ինչը այս 7 ամիսների ընթացքում իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն ձախողում է»,- ասաց նա:

Շարմազանովը հիշեցրեց իր և Արմեն Աշոտյանի այն մտահոգությունները, թե ՌԴ-ի հետ հարաբերությունները լավ չեն, և այն, որ իրենց հակադարձում էին.

«Մեծ-մեծ խոսում էին, թե փայլուն են հարաբերությունները, բա փայլուն  հարաբերությունները ո՞ւր են, բա ինչո՞ւ չեն շնորհավորում, քանի օր է՝ ընտրություններն անցել են: Ասում են՝ ՀԱՊԿ-ում խնդիր չկա, մենք հասնելու ենք նրան, ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ն գլխավոր քարտուղարի տեղը պահի, այսօր ՀԱՊԿ գործընկերները բացահայտ հայտարարում են, որ պաշտպանելու են Բելառուսին, բա դա ձախողում չէ՞: Արցախի հետ կան լուրջ խնդիրներ, փոխանակ իր նախընտրական քարոզչությամբ զբաղվի՝ Գեղարքունիքի մարզից մատ է թափ տալիս Արցախի գեներալների կամ ղեկավարության վրա: Լևոն Մնացականյանն էլ ազատվեց պաշտոնից՝ մի գեներալ, որը թերևս եթե ոչ ամենագրագետ, ապա ամենապատրաստվածներից մեկն է Արցախի ԶՈւ-ում, որն անցել է  փառավոր ուղի, դա հարված է Արցախի անվտանգությանը»:  

Շարմազանովը վստահ է, որ 60 հազար հոգին մեկ տարի հետո դառնալու է 160 000 հոգի: «Ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք այդ սպառնալիքի պարագայում մեզ ձայն են տվել»,- ասաց նա:    

ՀՀԿ խոսնակը նշեց, որ կհետևեն նոր խորհրդարանի, նոր իշխանության գործունեությանը: «Լրագրողներին էլ խորհուրդ կտամ առանց էմոցիաների համեմատել՝ մենք ինչ ենք արել, իրենք ինչ են արել՝ սկսած տնտեսությունից, մինչև արտաքին քաղաքականություն, վատ կաշխատեն՝ ճիշտ կքննադատենք, լավ կաշխատեն՝ կասենք. մենք մնում ենք մեր երկրի առանցքային քաղաքական ուժերից մեկը, մենք շարունակելու ենք ծառայել ՀՀ-ին»,- ասաց նա:   

Շարմազանովը շարունակում է նույն համոզմանը մնալ, որ այսօր միակ իրական ընդդիմությունը ՀՀԿ-ն է: «Այս մի քանի ամսվա ընթացքում պարզվեց, որ բոլորը հեղափոխությունը պաշտպանել են, բոլորը Նիկոլ Փաշինյանին ծափահարել են կամ եղել են նիկոլասերներ, նիկոլամերձներ, բացի ՀՀԿ-ից, նույն ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն եղել են Կառավարության անդամ, նույն Էդմոն Մարուքյանը բանավեճերի ժամանակ ջանք ու եռանդ չէր խնայում ստանձնել Փաշինյանի փաստաբանի դերը, հիմա իրենք ի՞նչ ընդդիմություն պետք է լինեն: Ընդդիմությունը պետք է լիներ այն ուժը, որը չունի կոմպլեքս քննադատելու: Մենք մի քաղաքական ուժի տեսել ենք ընդդիմության դաշտում, որը մերթընդմերթ կա՛մ ընդդիմացել է, կա՛մ էլ հետո լռել է»,- ասաց նա:

Ըստ ՀՀԿ խոսնակի՝ նոր ԱԺ-ն ունի մի քանի լուրջ խնդիրներ. չունի իրական ընդդիմություն, որևէ ազգային ուժ չի մտել ԱԺ՝ ո՛չ ՀՀԿ-ն ու ո՛չ էլ ՀՅԴ-ն. «Եվ ամենակարևորը՝ երեք ուժերն էլ պոպուլիզմի հետ սեր ունեն՝ Փաշինյանը ոտից գլուխ պոպուլիզմի հետ սեր ունի, ԲՀԿ-ն էլ նենց ոչինչ, ԼՀԿ-ն էլ այնպես չէ, որ զերծ է»:

Իսկ թե ՀՀԿ քաղաքական թևի պատգամավորները, ովքեր բիզնես թևում չեն եղել, ի՞նչ են անելու, Շարմազանովը պատասխանեց. «Նախ առաջինը՝ մենք մնալու ենք քաղաքականության մեջ, կոնկրետ ես, տաշած քարը գետնին չի մնա, որպես մասնագետ էլ  բավական նորմալ մասնագիտական կարողություններ ունենք, մեկը փայլուն  իրավաբան է, մյուսը լավ  քաղաքագետ է, մյուսը ոչինչ պատմաբան է: Ես մինչև այդ դասավանդում էի, հիմա էլ առաջարկներ ունեմ մի քանի բուհից դասավանդելու, կդասավանդեմ,  արտասահմանից ունեմ լուրջ առաջարկներ, բայց մերժում եմ, որովհետև իմ ապագան տեսնում եմ  միայն Հայաստանում: Իմ գործընկերներն էլ ամեն մեկը կորոշեն, ես կոնկրետ մնում եմ քաղաքականության մեջ, իսկ կյանքը շարունակվում է, որևէ մեկիս պորտը ԱԺ փոխնախագահի կամ պատգամավորի պաշտոնի համար չէին կտրել, մեր  պայքարը կլինի հանուն: Ես ունեմ մի սեր, այդ սերը կոչվում է Հայաստան աշխարհ, և ամեն ինչ անելու եմ, որ իմ համեստ կարողություններով հանդես գանք արտախորհրդարանական ընդդիմություն, նպաստենք ՀՀ ուժեղացմանը՝ խիստ, բայց արդարացի քննադատելով Փաշինյանի պոպուլիստական կառավարությանը»,- ասաց նա:  

Վերջում Շարմազանովը 7-րդ գումարման ԱԺ բոլոր պատգամավորներին հաջողություններ մաղթեց. «Ցանկանում եմ, որ իրենք ավելի լավ աշխատեն, քան մենք, և արդյունքները լինեն ավելի լավ, դրական եմ ուզում ասել,  կհետևենք, լավ կաշխատեն՝ կգովենք, վատ կաշխատեն՝ տղերք, բռնվե՛ք, քննադատելու ենք»:

 tert.am

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08