Շառլ Միշելի հայտարարության մեջ ԼՂ մասին հիշատակում չկա․ Բրյուսելյան հանդիպման լուսաբանման հետքերով

23.05.2022 16:07
1026

Բրյուսելում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպումից հետո սոցիալական ցանցերում նկատեցին, որ Միշելի պաշտոնական հաղորդագրությունում Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում:

Այնուամենայնիվ, հայկական որոշ լրատվամիջոցներ իրադարձության մասին գրելիս նշել են, որ քննարկվել են նաև իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում:

Մասնավորապես, պետական «Արմենպրես» գործակալությունը, հղում անելով Շառլ Միշելի հայտարարությանը, գրել է. «Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում վերջերս ստեղծված լարվածությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»։

News.am-ը նույնպես գրել է, որ քննարկվել է վերջերս «Արցախում լարված իրադրությունը»:

Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունում իրականում բացակայում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը: «Նրանք քննարկել են վերջերս ստեղծված լարվածությունը և վերահաստատել են 2020 թ․ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջբերվող հատվածի բնագրում։ 

Հատկանշական է, սակայն, որ Ալիևի և Միշելի առանձնազրույցը ներկայացնելիս Եվրոպական խորհրդի պաշտոնական ալիքը Յութուբում նշել է, որ նախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղում լարվածության ընթացքում:

Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի ճեպազրույցի տեսագրությունը վերնագրված է «Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է խաղաղությունը Ղարաբաղում»:

Նշենք, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում Եվրամիությունում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով: 2021 թ. դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևից հանդիպումից և 2022 թ. փետրվարին կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վիրտուալ հանդիպումից հետո կազմակերպիչ կողմերի տարածած հաղորդագրություններում ևս բացակայում է Ղարաբաղ եզրույթը:

Արցախի մասին, սակայն, հիշատակում կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի տարածած՝ եռակողմ հանդիպման մասին հաղորդագրությունում: «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին»,- նշված է հայկական կողմի հաղորդագրությունում:

Այսպիսով, «Արմենպրեսը» և News.am-ը սխալ են լուսաբանել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ տպավորություն ստեղծելով, թե Շառլ Միշելի հայտարարությունում առկա է Լեռնային Ղարաբաղ եզրույթը

«Լեռնային Ղարաբաղ» եզրույթի նշանակությունը բանակցությունների համատեքստում

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի:

«Ներկայումս մենք գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և այդ հարցի շուրջ բանակցելու կարիք չկա»,- հայտարարել է Ալիևը։ Մյուս կողմից, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտոնական դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը լուծված չէ։  

Բացի դրանից, Ադրբեջանը ընդդիմանում է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի գործածմանը՝ պնդելով, որ այդպիսի վարչատարածքային միավոր Ադրբեջանում գոյություն չունի: 

«Եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ես ասել եմ, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր չկա, այս բառը, այս արտահայտությունը չպետք է օգտագործվի, չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ: Ղարաբաղի տնտեսական գոտին ստեղծվել է իմ կողմից հուլիսի 7-ին ստորագրված հրամանագրի հիման վրա, և վերջ, այստեղ միավորված են Ղարաբաղի բոլոր շրջանները»,- ասել է Ալիևը:

Fip.am-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նշում է, որ եռակողմ հանդիպման հաղորդագրությունում Ղարաբաղի մասին չհիշատակելը մեծ հաշվով համապատասխանում է Ադրբեջանի այն դիրքորոշմանը, որ ԼՂ հակամարտությունն ավարտված է և Լեռնային Ղարաբաղ անունով միավոր գոյություն չունի։ Այդուհանդերձ, քաղաքագետը վստահ է, որ այդ հանդիպումների ընթացքում քննարկվում են թե՛ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր, թե՛ Արցախում իրավիճակի վերաբերյալ անուղղակի հիշատակումներ կան: «Օրինակ, նույն հայտարարության մեջ խոսվում է լարվածության նվազեցման և նմանատիպ այլ թեմաների մասին, չնայած չեզոք բառապաշար է օգտագործվում: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի պատվիրակությունը չի կարողանում հասնել նրան, որ այդ հայտարարությունների մեջ հստակ նշվի ԼՂ-ում առկա խնդիրների մասին, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման անհրաժեշտության մասին: Եվ դա, այո, հայկական կողմի բացթողումն է»,- նշեց Գրիգորյանը: 

Լուսինե Ոսկանյան,fip.am

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12