Տասնութ տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, գլխատվեց Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը (Ստորեւ՝ Հրանտ Մաթեւոսյանի հոդվածը Վազգեն Սարգսյանի մասին՝ «Նա իր կյանքը երգ դարձրեց»)

27.10.2017 14:59
1644

Մինչեւ իր մուտքը պատերազմի ու քաղաքականության այս ժամանակներ՝ Վազգեն Սարգսյանը լավ գրող էր. բառը, միտքը, կերպարը, գործողությունը նրա առջեւ սպիտակ թղթի վրա այնքան հնազանդ ու ճշգրիտ էին, այնպես էին շարժվում ու քեզ իրենց հետ տանում, ինչպես լինում է լավ զորահրամանատարից կառավարվող մարտադաշտում. էմոցիաների շռայլում չուներ, բոլոր բառերը վարժ զինվորի նման կարեւոր ու պարտադիր մասն էին գլխավոր մտքի, բոլոր կերպարները իրենց պարտքը կատարում էին գերազանց, - եւ սպիտակ թղթի վրա մեր 25-30-ամյան տոնում էր հաղթանակի բերկրանքը՝ ճիշտ մարտը շահած զորահրամանատարի նման. ասել է թե՝ Վազգեն Սարգսյանը շատ լավ գրող էր, ինչը այդ տարիքում միայն եզակիներին է տրվել, եւ ասել է թե շատ լավ գրողները կարող են շատ լավ զորահրամանատարներ լինել ճիշտ այնպես, ինչպես լավ հրամանատարները լավ էլ գրողներ են դառնում. վկայությունների կարիքը չկա: Նշանակում է, թե գրի, գրականության ուրախությունը, պատմելու, պատմություն կառուցելու հրճվանքը ամեն մի հառնող մեծության անկապտելի հատկանիշն է, թե բառերը նրանց գրիչների տակ չեն մեռնում, թե պատմությունները նրանց լեզուների տակ չեն մեռնում-ծնվում ու խաղում են որպես կենդանի գործն ինքը: Եվ գործը նրանց ձեռքի տակ չի մեռնում-ծնվում, հաստատվում, զորանում, տրվում է խոսքի, պատմելիքի, պատմության: Նրանք բախտավոր ծնունդ են, նրանք բառի բուն իմաստով լոգոսի՝ մեծագիր բանի ժառանգորդներն են, նրանց բանը գործ է եւ գործը բան:


Մտածվող-չասվող, մտածվող սեւ հոգիներում գիշերաբուի պես դարանած խոսք կա՝ թե քայքայման ու պատերազմի նետվեցին առաջինը նրանք, ովքեր ձախողվել էին խաղաղ աշխատանքի իրենց մարզերում: Միանգամից պետք է «այդպես չէ» ասել եւ այդ սեւ խոռոչների բերանը ծեփել: Այդպես չէ, իսկ Վազգենի վերաբերմամբ՝ ամենեւին այդպես չէ:


Այլ խնդիր է, որ խաղաղ աշխատանքի այդ մարզերը ամենահաջողակներիս անգամ չէին գոհացնում, մեզ հաճախ պաշարում էր ծանր մղձավանջը, խելագար պոռթկումի պահեր էին լինում՝ երբ ուզում էիր գրիչն այդպես թողնել գրասեղանին եւ փողոց նետվել զենքը ձեռքիդ. դա ի՞նչ էր - երեւի թե վերահաս աղետի կանխազգացումդ, գալիք փլուզումը իրեն մեր մեջ երեւի թե զգացնել էր տալիս, երեւի թե դա հուսահատ բողոքն էր մեր դատապարտվածության առջեւ, ինչի մեջ մենք որեւէ մեղսակցություն չունեինք-մեր կյանքերից առաջ մեզ չհարցնելով գրել էին՝ թե պետք է ապրենք կես-կյանքով եւ թե մեր թափած ջանքը խորտակվելիք նավի վրա է: Սա հասու էր բոլորիս, բայց աղետի ու վերածնության մարտահրավերն անմիջապես ընդունեցին քչերը, նրանք, ովքեր տեսան ու լսեցին այն, ինչ տեսան ու լսեցին. դա այդ քչերի, այդ առաջամարտիկների առաքինությունը չէր, ինչպես որ շատերիս, գրեթե բոլորիս մեղքն ու արատը չէր այն, որ հապաղեցինք-հապաղեցինք, որովհետեւ չտեսանք այն, ինչ տեսանք, խլացանք ու չլսեցինք այն, ինչ լսեցինք. չլսեցինք, որովհետեւ չուզեցանք հավատալ, որ մեր դուռը թակում է ինքը ճակատագիրը:


Դրանք մեղք եւ առաքինություն էին դառնալու հետո, երբ նոր իրականությունը, երբ հաղթանակի եւ պարտության բեռը իր ողջ ծանրությամբ ճնշեր, աղարտեր, աղավաղեր, ուղղակի փշրեր շատերիս, եւ շատերիս համար էլ կերտիչ դրվագումն լիներ, որպես կարմիր պղինձն է սառը կռնահարմամբ փոխվում անդրիի: Դրանք մեղք եւ առաքինություն էին կնքվելուց հետո, երբ մեր դատախազները եպիսկոպոսի վեղար առնեին եւ պատերազմի ու փորձության ժամի մասին դատեին խաղաղության ու հավիտենության ժամանակների օրենքներով:


Հանձին Վազգենի հայրենի գրականությունը հայրենիքի քաղաքականության, դիվանագիտության, պետական եւ բանակային շինարարության, պատերազմի եւ խաղաղության հայրենի նոր իրականություն էր ուղարկում իր ամենալավը՝ որ կարող էր, նրան՝ որ դրվագվելու էր մաքուր պղնձի պես, նրան՝ ով ծնվել էր հաղաթանակի եւ ուրախության հրճվանքով առլեցուն, նրան՝ ում հակացուցված էր հոգեւոր ժանգը՝ բողոքավորի, գանգատավորի, միշտ ուրիշին, միշտ քեզ մեղադրողի տեսք առած, նրան՝ ով հաղթանակի եւ ուրախության հրճվանք էր ճառագում՝ երբ խաղադաշտում կարողանում էր թեկուզ դաղալությամբ պարտությունից մի կերպ պրծնել, երբ թուրք ընկերոջ հետ բեռնավագոնները շիֆեր էր բարձում ու լավ քրտնում, երբ պիտի լավ լողանար, երբ պիտի ամբողջ 270 ռուբլի ամսավարձ ունենար, երբ հակառակորդը հիմար էր, երբ թշնամին խելքով ու զորությամբ գերազանցում էր իրեն, - այդ ամենի, ամբողջ աշխարհի առջեւ նա հաղթանակի եւ ուրախության բերկրանքով էր կանգնած, բերկրանքը նրա հոգու ու մարմնի ունեցվածքն էր: Նա համակել էր զորում իր բերկրանքով անգամ հակառակորդին, անգամ թշնամուն:


Եվ սա խոստովանություն չէ մեծ նահատակի առջեւ, սա այսօր հստակ գիտակցումն է անհրաժեշտության այն խոշոր անհատի, այն մեծ լավատեսի, որ այսօր պետք է կանգնած լիներ մեր ազգային պետական-քաղաքական հրապարակում եւ կանգնած չէ: Նրա կենդանի ներկայությունը մեզ միմյանց եւ աշխարհի հանդեպ պահելու էր բոլորովին այլ կեցվածքով-նրա բացակայությունը բեկբեկում է մեր խոսքը, եւ մեր քայլը հաստատուն չէ:


Այո, խելառվում եւ մոխրագունում-մոխիր էր կտրում նենգության հանդեպ, այո, արմունկներով տղա էր, բայց կայացած ո՞ր անհատը չի պինդ արմունկների մարդ եղել-իմ ու ձեր Քրիստո՞սը, իմ ու ձեր Դրո՞ն, Նժդե՞հը, Մեսրոպ Մաշտո՞ցը, Քեմալ Աթաթո՞ւրքը, թե՞ Մեծ հայրենականի փառաբանված գեներալներից մեկնումեկը: Մարդկային պարզ փառասիրության եւ չկամների ու չկամության մեր զանգվածի միջով իրենց ճանապարհը նրանք բացում են արմուկներով. արմունկ բանեցնելը նրանց մենք ենք պարտադրում, որովհետեւ մեր հոգիներում գեներալներն իրենք չեն-մենք ենք:


Մենք բոլորս գեներալներ ենք, մենք բոլորս փրկիչներ ենք, մենք բոլորս մանթաշովներ ենք, մենք բոլորս կաթողիկոս ենք-շարքային հացակերի մեր կյանքերը մենք այնպես ենք քշում հանրության միջով, ինչպես գութ ու գռոշ շաղելով Մանթաշովն էր իրեն տանում առավոտյան ժամերգության, ինչպես կաթողիկոսն է հպատակ հավատացյալների գլուխների վրայով տանում իրեն, ինչպես գեներալներն են տողանցում քարացյալ շարքերի միջով:


Մենք բոլորս պողոս-առաքյալներ ենք-մեզ նեցուկ ունենալու, մեզնով շտկվելու, մեզնում ապաստանելու հրավեր ենք կարդում ընկածներին, խեղվածներին, հաշմերին, եւ նրանք այլեւս մեր հպատակներն են, մեր թագավորության բնակիչները, մենք նրանց վրա թագավոր պարոնտեր ենք: Մենք նրանց մեզ համար պատվանդան ենք անում, եւ մեր բարձրերում կարող ենք գոհանալ, թե նրանց մենք սիրում ենք՝ այդ ընկածներին, խեղվածներին, հաշմերին, թե մեր թագավորությունը խղճի ու գութի արքայություն է:


Իսկ ովքեր գեներալական մեր շքեղ շքերթի առջեւ հնազանդ կանգնած չեն՝ նրանք արդեն թշնամի ու թշնամական բանակից են. ովքեր հաշմ ու խեղված ու ընկած չեն՝ նրանք արդեն մոլորյալ ու կորուսյալ են: Մենք դժվար, անասելի դժվար ենք ընդունում, որ մենք Մանթաշով չենք, Մանթաշովը մենք չենք. մենք առաքյալ չենք, Պողոս առաքյալը մենք չենք, մենք հպատակեցնում ենք անասելի հրճվանքով եւ հպատակվում ենք անասելի տհաճությամբ:


Եվ ուրեմն ես փառք եմ ասում, մեծ մարդու հիշատակի առջեւ ես շնորհակալություն եւ փառք եմ ասում իր զորակիցներին ու զինակիցներին, ովքեր իրենք իրենց հաղթելով կենդանի միջանցք դարձան հերոսի եւ գործչի երթի համար, ովքեր նրա մեջ տեսան իրենք իրենց՝ թարմ ու նորոգ, իրենք իրենց՝ եռանդուն, իրենք իրենց՝ ջահելաբար քաջ, իրենք իրենց՝ սթափ, իրենց՝ խելամիտ ու պատրանքների չտրվող, բայց եւ պատրանքները նյութականացնող, իրական զորություն դարձնող, որպես ոգին է մարմին առնում, որպես մարմինն է զորանում ոգով:


Փառք մեզ՝ որ կարողանում ենք մեծարել, մեծացնել եւ հավատալ, որ կանչում ենք եւ հավատում՝ որ մեր ամենալավերը կհառնեն մեզնից եւ մեզանով:

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25