Տաթեւ գյուղը, որ հիշատակվում է դեռեւս Գահնամակում՝ «Տաթեւյանք՝ իբրեւ բնակարան ավագաշուք տոհմի»

20.03.0014 18:30
146698

Տաթեւը Հայաստանի հնագույն բնակավայրերից է:
Հիմնադրվել է վաղ միջնադարում (4-րդ դար): 
Դեռեւս Գահնամակում է հիշատակված «Տաթեւյանք» անձնանունը:
Հնում մեծամասամբ մտել է Ծղուկ, երբեմն Բղեն գավառների մեջ:
Գտնվում է Որոտան գետի աջ կողմում՝ բարձրադիր սարահարթի վրա:
Ութերորդ դարավերջից Սյունիքի եպիսկոպոսության աթոռանիստն էր եւ երկրամասի աչքի ընկնող բնակավայրերից մեկը, որը գրավոր աղբյուրներում երբեմն նույնիսկ քաղաք է անվանվել:
Մատենագիտության մեջ Տաթեւ գյուղն անվանվել է նաեւ Ստատեւ, Տատեւ, Տատիվ…
Տաթեւ գյուղի եւ վանքի մոտով է հոսում Տաթեւի գետը (Տաթեւ, Տաթեւի ջուր, Տաթեւջուր, Չղրվանի գետ, Գինեկան գետ…):
Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի փեշերից, Տանձատափ գյուղից ներքեւ միանում Որոտանին:
Հոսում է զառիվեր լանջերով ու խոր ձորերով, երկարությունը՝ 13 կմ, ավազանը տեղ-տեղ անտառապատ է:
«Село Татев» աշխատության հեղինակ Ն. Գրիգորովի կարծիքով (Сборник материалов для описания местностей и племен Кавказа, 1892)՝ Տաթեւ գյուղն իր անվանումը ստացել է համանուն  վանքի անվանումից (այդ մասին՝ Տաթեւի վանքին նվիրված մեր հրապարակման մեջ):
Դավիթ- բեկի ծննդավայրի վերաբերյալ վարկածներից մեկն էլ առնչվում է Տաթեւ գյուղին:
Տաթեւացիները մինչեւ հիմա էլ համոզված են, որ Դավիթ-բեկն իրենց գյուղի զավակ է:
Այդ նկատառումով է, որ ծագումով տաթեւացի քանդակագործ Արամայիս Առաքելյանը պատրաստել է Դավիթ-բեկի արձանը եւ տեղադրել գյուղի կենտրոնում:
Նույն վարպետի ձեռամբ պատրաստվել եւ Դավիթ-բեկի արձանի հարեւանությամբ տեղադրվել է Կոնստանտին Օրբելյան մեծ երգահանի կիսանդրին. ի դեպ, վերջինս նույնպես իրեն Տաթեւի զավակ էր համարում: 
Տաթեւ գյուղից է Խորհրդային Միության հերոս Սուրեն Առաքելյանը, ում հուշակոթողը գյուղի միջնակարգ դպրոցի բակում է:

Տաթեւը՝ երեք դար շարունակ մահալի կենտրոն

Մահալը (գավառը) կազմավորվել է Պարսկաստանի տիրապետության շրջանում եւ պահպանվել 16-րդ դարից մինչեւ 19-րդ դարասկիզբ:

Մահալի կենտրոնը Տաթեւ գյուղն էր:
Ըստ Ստեփան Լիսիցյանի՝ 1805 թ. մահալի մինբաշի մելիքը Պողոսն էր՝ Օրբելյանների տոհմից:
Մահալի սահմանների մեջ էր գրեթե ամբողջ Գորիսի (երբեմնի) վարչական շրջանը:
Ամբողջապես հայաբնակ մահալ էր. այդտեղի 698 ծխից, որոնք տեղավորված էին 13 գյուղում, միայն 25-ն էին թուրք, մնացածը՝ հայ:
Մահալում էին գտնվում նաեւ թուրք բնակիչներ-քոչվորներ, ովքեր բնակվում էին ձմեռանոցներում:
1841 թ. (սենատոր Հանի մշակած օրենքի համաձայն) ստեղծվեց Զանգեզուրի մահալը՝ Գորիս կենտրոնով:
Տաթեւի մահալի արեւելյան հատվածը մտավ Զանգեզուրի մահալի մեջ:
Դրանով, կարելի է ասել, ավարտվեց Տաթեւի մահալի երեք հարյուր տարվա գոյությունը:
Տաթեւը վերջին գյուղն էր, որտեղ Օրբելյան հռչակավոր տոհմը պահպանում էր իր իշխանությունը:
Օրբելյան տան վերջին ներկայացուցիչը Խուդաբախշի բեկն էր (ծնվել է 1819 թ.):
1931 թ. նա (ըստ Ստեփան Լիսիցյանի) 112 տարեկան էր եւ մերձիմահ վիճակի մեջ էր:
Խուդաբախշին Մելիք Մանուչարի որդին էր:
Մելիք Մանուչարն էլ հաջորդել էր իր հայր Մելիք Օսեպին, որին իշխանությունն անցել էր իր հայր Մուսայից՝ անժառանգ մահացած Մելիք Պողոսի եղբորից:
Խուդաբախշի բեկը պատմել է, թե Մելիք Մանուչարը գրելիս է եղել իր ժամանակի Տաթեւի անցուդարձը եւ պահում էր իր մոտ Դավիթ-բեկի մասին մի ձեռագիր պատմություն, որ Խուդաբախշի բեկի մոտից տարել են խուզարկության արդյունքում:
 
Թե ինչպես Դավիթ-բեկը գլխատեց Տաթեւի ուրացող մելիք Դավիթին, ով դավանափոխ լինելուց հետո վերցրել էր Մելիք-Բաղր անունը 

Դավիթ-բեկի ծննդավայր լինելու պատիվը վիճարկում են Սյունիքի մի քանի բնակավայրեր՝ Շինուհայր, Բեխ եւ Տաթեւ:
Հատկապես Րաֆֆին է գտնում, որ Դավիթ-բեկը եղել է տաթեւացի, որ նրա հորը սպանել է տվել Տաթեւի Դավիթ-ուրացող մելիքը:
Րաֆֆին գրում է. «...Շուտով կտեսներ նա Տաթեւի ավանը: Գուցե դեռեւս շեն էր մնացել իր հայրենական խրճիթը, որի մեջ անցուցել էր իր մանկության անհոգ, պայծառ օրերը»:
Ստեփան Լիսիցյանը եւս տեղեկություններ է հաղորդում առ այն, թե Զորավարն իր մանկությունը անց է կացրել Տաթեւում:
Րաֆֆուն Դավիթ-բեկի մասին տեղեկություններ է հաղորդել Կէվերք բեկը, որին ժողովուրդն ասում էր Կէվ ամի:
«Խալիֆա» մականունով Կէվ ամին սովորել  է Տաթեւի վանքում: Ենթադրվում է, որ այդտեղ է սովորել նաեւ Դավիթ-բեկը:
Ինչեւէ, Սյունիք հասնելով՝ Դավիթ-բեկն առաջինը խորհրդակցում է Տաթեւի հոգեւոր առաջնորդի հետ՝ հակառակորդին համատեղ ուժերով դիմակայելու համար:
Սակայն Տաթեւի հետ ուժերը համախմբելուն խանգարում է Տաթեւի Մելիք-Բաղրը, ով իր որդիների հետ ընդունել էր մահմեդականություն:
Դավիթ-բեկը շատ արագ ընկճեց այդ դիմադրությունը՝ գլխատելով ուրացող Մելիք-Բաղրին:
Ի պատասխան Դավիթ-բեկի որոշման՝ գլխատելու ուրացող մելիքին, վանքում հավաքվածները բացականչեցին՝ «Լույսը Լուսավորչի հավատին, / Վա՜յ ուրացող հային…»:


Ճանապարհ դեպի Տաթեւ. «Տաթեւի թեւեր» ճոպանուղու Հալիձորի կանգառ

Տաթեւ տանող ամենակարճ, նաեւ գեղատեսիլ ու տպավորիչ ճանապարհը Տաթեւի ճոպանուղին է:
Ճոպանուղին կրում է «Տաթեւի թեւեր» անունը, այն 5,7 կմ ձգվում է Որոտան գետի խոր կիրճի վրայով՝ կապելով Տաթեւ եւ Հալիձոր գյուղերի մոտակայքում տեղադրված երկու  կայանը:
Յուրաքանչյուր խցիկ կարող է 25 ուղեւոր տեղափոխել:
Ճոպանուղու ամենաբարձր արագությունը 37 կմ/ժ է, ուղեւորությունը տեւում է մոտ 11 րոպե, ամենաբարձր կետը՝ 320 մ:
Տաթեւ-Հալիձոր ճոպանուղին գործարկվեց 2010 թ. հոկտեմբերի 16-ին:
Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ճոպանուղու կառուցումը տեւեց 11 ամիս, կառուցողը շվեյցարաավստրիական «Garaventa Doppelmayer» ընկերությունն է, շինարարության արժեքը՝ 13 մլն եվրո:

 

Երկրորդ կանգառ՝ Խրիմյան Հայրիկի հուշասյունը

Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ավանեցին (Խրիմյան Հայրիկ) Գորիսում առաջին անգամ եղել է 1898 թ. սեպտեմբերի 3-ին, երբ վերադառնում էր Արցախից:
Հաջորդ անգամ Գորիս այցելեց 1903-ին...
Մեր ստեղծագործական խումբը Գորիսից Տաթեւ գնալիս (Շինուհայրով, ապա Հալիձորով) կանգ առավ Խրիմյան Հայրիկի հուշասյան մոտ, որ գտնվում է Հալիձորի անտառում:
Ըստ «Գորիսի հանրագիտարանի»՝ «Գորշ, բազալտի, ավելի քան 2 մ բարձրությամբ հուշաքար է: Գավազանի տեսքով է, վերին հատվածում արձանագրություն է եւ տարեթիվ՝ 1903:
Կառուցվել է այդ նույն թվականի աշնանը՝ Խրիմյան Հայրիկի Տաթեւ ժամանելու կապակցությամբ, այն վայրում, որտեղ շրջակա գյուղերի բնակիչները Հայոց կաթողիկոսին դիմավորել են աղուհացով:
Հուշաքարին գրված է. «Հալիձորցի: Խաչս յիշատակ Հայոց Հայրիկ ՏՏ կաթողիկոսի 1903 թ. Խրիմյան Հայրիկի, ՍԲ Տաթեւ: Աստուած ողորմած լինի»:
Խրիմյան Հայրիկին այդ վայրում դիմավորելը գլխավորել եւ ապա հուշաքար է կանգնեցրել Շինուհայրի Տեր Ստեփան քահանան:


Երրորդ կանգառ՝ Ցաքուտի եկեղեցին

Գտնվում է Հալիձոր-Տաթեւ ճանապարհի վրա:
Այժմ՝ ավերակ:
Շրջակայքում կան գերեզմանաքարեր, պարսպի հետքեր:
Ահա, թե ինչ է ասում Ստեփանոս պատմիչն այդ մասին, որի հեղինակը Տեր-Հովհաննես մեծ հայրապետին հաջորդած (ընդհանուր 918 թվականին) Հակոբ 1-ինն էր՝ Սյունիքի եպիսկոպոսը. « Սա, աներեւութաբար բանն աստծուց զորություն ստանալով, Սյունյաց իշխան Վասակի որդի իշխան Փիլիպեից գնում է Ձագեձորի Վարարակն կոչված ջուրը տասներկու հազար դրամով եւ մեկ փայլուն ջավահիրով, որի արժեքն ու որպիսությունը շատերը չգիտեին։ Շատ չարչարանքով ու մեծամեծ ծախսերով ջուրը բերել են Ձագեձորի լեռներից եւ հասցրել մինչեւ ցաքուտ, որը գտնվում է գետի այն կողմում, վանքի դիմաց։ Այնուհետև քարքարոտ ու փշալից այդ ամբողջ վայրը դարձրեց վարդաստան եւ ծառաստան։ Տնկեց  բազմաթիվ այգիներ, ազնիվ տեսակի խաղողի որթեր, զանազան պտղաբեր ծառեր` ձիթենիներ, թզենիներ, նռնենիներ,  բոլոր մրգատու ծառերով զարմանալի դրախտ դարձրեց. խիստ ընդարձակ ամբողջ վայրը զարդարեց թանձրախիտ ծառերով ու գեղեցկաճյուղ որթատունկերով` միաբանության վայելքի եւ բոլոր կարոտյալների  ու աղքատների կարիքների համար։  Եվ ապա այդտեղ տեսնելով մի գեղեցիկ բլուր` նրա գլուխը  հարթել տվեց, պարսպապատեց, ներսի կողմը ծառայեցրեց իբրեւ հաճելի դիտանոց [քանի որ]  նա նայում էր  ամբողջ այգեստանի վրա։  Նույն տեղում  շինեց գմբեթահարկ  մի խորան` շատ հրաշալի կառուցվածքով. պատերն ու առաստաղը նկարիչներին զարդարել տվեց զանազան երանգներով,  նկարել տվեց քրիստոնեական  բոլոր  պատկերները, առաքյալներին ու հայրապետներին. ամբողջ եկեղեցու  շուրջբոլորն ստեղծեց սրահակներ ու գավիթներ։ Եվ ապա դրեց իր  հիշատակի արձանագրությունը, որն այսպիսին է.
«Ես` Հակոբս, աստծու շնորհիվ Սյունյաց եպիսկոպոսս, գնեցի Վարարակն ջուրը Սյունյաց աստվածապահ տեր  Փիլիպեից տասներկու հազար դրամով եւ մեկ  պատվական գոհարով. բազում ծախսերով ու մեծամեծ չարչարանքներով,  վերին օգնությամբ ջուրը բերեցի Ձագեձորի լեռնից եւ հասցրի  վարդաստանս, տնկեցի ազնիվ տեսակի խաղողի որթեր, հիմնեցի վայելուչ այգիներ, բազմածաղիկ ու պտղալից պարտեզներ` ի վայելումն այս սուրբ աթոռում հաստատվող հայրապետների, սուրբ միաբանության եւ բոլոր քրիստոնյա հավատացյալների։ Եվ այդ աստված բոլորին թող վայելում  տա։ Բոլորին աղերսում եմ, որ իրենց սրբամատույց աղոթքների մեջ անմոռաց հիշման  արժանացնեն իմ տառապյալ հոգին։ Այս ջրի հարցում հաշիվ չունեն ոչ՛ նորիքցիները, ո՛չ  խոտանանցիները, ո՛չ շնհերցիները կամ հալիքցիները, ո՛չ էլ որեւէ այլ մարդ։ Չի կարելի ջուրը կտրել արտի կամ մարգի համար,  պարտեզի ջուր տալ։  Բացառություն է կազմում [միայն] ջրավազանից մարդու կամ անասունի  ջուրը խմելը։ Իսկ եթե մեկը հանդգնի եւ այս ջուրը կտրի,  նզովված լինի աստծուց, սուրբ նշանից, Նիկիայում հավաքված երեք հարյուր տասնութ հայրապետներից,  բոլոր սրբերի ու մեր  կողմից. նրա բաժինն էլ ուրացողների  ու կախարդների հետ լինի Քրիստոսի ահեղ դատաստանի օրը, սատանայի ու նրա  հրեշտակների հետ անշեջ կրակի  տանջանքների ճարակ լինի,  եւ նրանց համար  [այդ կրակը] չհանգչի ու որդն էլ  չվերջանա։ Այս հիշատակությունը գրվեց երեք հարյուր  ութսունմեկ թվականին, իմ ձեռքով  ու կնքվեց իմ սեփական  մատանիով, աստծու կամքով»։
Սա գտանք գրված  իր ձեռքով  մագաղաթի վրա, սրա հետ էլ մյուս`  վաճառման եւ գնի վավերագիրը, գրված հենց Փիլիպե իշխանի ձեռքով, որը մեծ  Փիլիպեի որդի`  Իշխանիկ կոչված Վասակի որդին էր։  Փաստաթուղթը այսպիսին էր.
«Աստծու կամքով ես` Սյունյաց տեր իշխան Վասակի  որդի Փիլիպես, իմ կամավորությամբ Վարարակն ջուրը վաճառեցի սուրբ Գրիգոր եկեղեցուն, որը շինել էր իմ պապ  իշխան Փիլիպեն Տաթեւի  սուրբ եպիսկոպոսարանում։ Գնեց Սյունյաց եպիսկոպոս Հակոբը տասներկու հազար դրամով եւ մեկ  մեծագին գոհարով, ամբողջ գինն էլ լրիվ վճարեց։  Ես ստացել եմ դրամն ու մեկ գոհար Սյունյաց Հակոբ եպիսկոպոսից։ Եվ այսուհետեւ ես, իմ զավակներն ու   մյուս հարազատները հավիտենապես հրաժարվում ենք այդ ջրի սեփականության իրավունքից։ Նորիքցիները կամ  խոտանանցիները կամ շնհերցիներն ու հալիքցիները այդ ջրի մեջ որեւէ չափով հաշիվ չունեն, չեն կարող ո՛չ արտի, ո՛չ էլ մարգի  համար կտրել. ջրավազանից [միայն] մարդ ու անասուն կարող են ջուր խմել։ Եվ եթե ես կամ իմ զավակները այս պայմանը դրժենք, կա՛մ  մտածենք այդ ջրից կտրել արտ թե  մարգ [ջրելու]  կամ էլ ուրիշ  նպատակի համար, աստծուց ու այդ սուրբ  նշանից նզովված  լինենք եւ Տեր-Հակոբի վերոգրյալ անեծքը հավիտենաբար ժառանգենք։  Աստված շնորհավոր անի սուրբ  վանքին եւ սուրբ  ու աստվածակիր հայրապետներին»» (Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երեւան 1986, էջ 226-227): 

Չորորդ կանգառ՝ Սատանի կամուրջ
Տրավերտիններից կազմված բնական այդ կամուրջը Որոտան գետի վրա է՝ Տաթեւ գյուղից արեւելք, երկարությունը մոտ 30 մ է, լայնությունը՝ 50-60 մ:
Տաթեւի տակ Որոտան (Բազարչայ) գետը մտնում է ուղղաձիգ ժայռերով սեղմված կիրճ, որի աջ եւ ձախ կողմերից պոկ եկած քարաբեկորներն իրար գալով՝ կազմել են բնական կամուրջ՝ Սատանի կամուրջ:
Աջ ափին բխող հանքային ջրերն իրենց աղերով միաձուլել են քարերի այդ կամարը եւ կամրջի տակ կախ տվել յուրահատուկ շթաքարեր՝ ստալակտիտներ:
Կամրջի մոտ եղած տաք ջուրը դարեր ի վեր օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ:
1982-ին գործարկվեց Սատանի կամրջի մերձակայքում կառուցված առողջարանը (կառուցել է ՇՄՇ-21-ը, աշխղեկ՝ Շուրիկ Մարտիրոսյան):
Մի քանի տարի արդյունավետ աշխատելուց հետո առողջարանը դադարել է գործել:
2009-10 թթ. առողջարանը մասնավորեցվել է, հիմա այնտեղ «Տաթեւ-1» հյուրանոցն է:
Ներկայումս Սատանի կամրջով է անցնում Գորիս-Տաթեւ ավտոճանապարհը:
Սատանի կամուրջը դարեր շարունակ մաս է կազմել հարավից եկող մեծ տարանցիկ ճանապարհի:
Կամրջով ճանապարհը միանում էր Եռաբլրով անցնող Աղի ճանապարհի վրա կառուցված քարվանսարային (Հարժիսի քարվանսարա): 
14-րդ դարում Որոտան գետի վրա կամուրջ կառուցելուց հետո (Հարժիս գյուղի Ալան թագավոր կոչված վայրում) հարավից եկող ճանապարհն անցել է նաեւ նորաշեն այդ կամրջով:

Հինգերորդ կանգառ՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի Տաթեւ կատարած ուխտագնացությանը նվիրված հուշաքարը

1989 թ. ապրիլի 21-ից 29-ը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն ուխտագնացություն կատարեցին Տաթեւի վանք:
Տաթեւ այցելեցին ապրիլի 27-ին:
Հալիձորի անտառում կանգ առան Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) 1903 թվականին Տաթեւի վանք այցելելու կապակցությամբ կանգնեցված հուշասյան մոտ եւ հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին:
Վազգեն Ա-ն եւ Գարեգին Բ-ն  ներկաներին պատմեցին 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին Խրիմյան Հայրիկի ծավալած պետական-քաղաքական, ինչպես եւ հոգեւոր-մանկավարժական, գիտական գործունեության մասին:
Ըստ Սուրեն Վարդանյանի, ով այդ ժամանակ կոմունիստական կուսակցության Գորիսի շրջկոմի 2-րդ քարտուղարն էր, շրջկոմի 1-ին քարտուղար Ռոբերտ Ալեքսանյանը հենց այդտեղ մտադրություն հայտնեց՝ կանգնեցնելու եւս մեկ հուշաքար՝ նվիրված հայոց երկու կաթողիկոսի տվյալ  ուխտագնացությանը:
Ասում են՝ Վազգեն Ա կաթողիկոսը որեւէ կերպ չի արձագանքել այդ առաջարկությանը, ինչն ընկալվել է իբրեւ անհամաձայնություն Հայրիկի քարի մոտ նոր  հուշասյուն կանգնեցնելուն: Բայց  կաթողիկոսը, կարծեք, դեմ չի եղել իրենց այցը հուշաքարով հավերժացնելու գաղափարին:
Ուստի եւ հետագայում՝ 1989 թ. սեպտեմբերի 26-ին, Ռոբերտ Ալեքսանյանի նախաձեռնությամբ, հուշաքար է կանգնեցվել  այդ վայրից փոքր-ինչ հեռու՝ դիտակետի մոտակայքում, ճանապարհի վրա:
Հուշաքարի նախագծողը լուսահոգի Մեսրոպ Հարությունյանն էր, ով այդ ժամանակ Գորիսի շրջանի ճարտարապետն էր: 
Քանդակագործի անունը չկարողացանք ճշտել:
Հուշաքարը, կարելի է ասել, նախեւառաջ վավերագիր է, քան խաչքար կամ գեղարվեստական գործ:
Հուշաքարի վրա գրված է՝ «Ի ԹՈՒԻՆ ՀԱՅՈՑ ՌՆԼԸ ՅԱԻՈՒՐՆ 27-ի ԱՄՍԵԱՆՆ ԱՊՐԻԼԻ Տ.Տ. ՎԱԶԳԵՆ Ա ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՂԵԻ Ի ՎԱՆՍ ՏԱԹԵԻԱՅ»:

Վեցերորդ կանգառ՝ դիտակետ

Գտնվում է Հալիձոր-Տաթեւ ճանապարհից դեպի ձախ՝ (դեպի հարավ)՝ մոտ 100 մետր հեռավորության վրա՝ լեռան պռնկին (Վազգեն 1-ին կաթողիկոսի եւ Գարեգին Բ կաթողիկոսի ուխտագնացությանը նվիրված հուշաքարից անմիջապես ձախ):
Կառուցվել է 1982-ին կամ 1983-ին:
Նախագծի հեղինակը Վարուժան անունով ճարտարապետն է, ում ազգանունը չկարողացանք ճշտել: 
Շինարարը լուսահոգի Կոլյա Միրումյանն էր:
Կառույցը ռոտոնդա է (բոլորակ հատակագծով, գմբեթով պսակված, կենտրոնակազմ):
Կառույցը հինգ սյունի վրա է, թեեւ սկզբնապես նախատեսված է եղել վեց սյուն: 
Ի սկզբանե զանգ է կախված եղել ռոտոնդայում, որը հետագայում գողացել են:
Դիտակետը Հարսնաձորի դիմաց է: Այդտեղից լավագույնս է երեւում Տաթեւի վանքը: 
Տեղանքն ընտրվել է կոմունիստական կուսակցության Գորիսի շրջկոմի 1-ին քարտուղար Արամ Հարությունյանի եւ ճանաչված շինարար Խասան Հարությունյանի կողմից, ինչի մասին վկայում է վերջինս:

Յոթերորդ կանգառ՝ Տաթեւի հարանց անապատ

Գտնվում է գյուղից ներքեւ՝ Որոտանի եւ Տաթեւի գետակի միախառնման եռանկյունու վրա:
Տաթեւի հարանց անապատի մասին («Ուխտագնացություն Սյունիք» ծրագրի շրջանակում) առանձին հրապարակում ունենք, ուստի եւ ասվածը կրկնելու անհրաժեշտություն չենք տեսնում:
 
Կանգառ գյուղի շրջակայքում՝ Ցուրաբերդ

Գտնվում է Տաթեւի մոտակայքում՝ Տաթեւ-Սվարանց ճանապարհից հարավ:
900-ական թվականների սկզբին Սյունյաց գահերեց իշխան Աշոտը Տաթեւի եկեղեցուն է նվիրում Ցուրա գետն ու վանքը՝ Ցուր բերդով:
Սակայն, ինչպես Ստեփանոս պատմիչն է վկայում, «Թեեւ այս բոլոր նվիրատվությունները կատարեցին, սակայն Ցուրաբերդի բնակիչներին չկարողացան տեղահան անել, քանի որ նրանք հին տեղաբնիկ սեփականտերեր էին» (Սիսական, Երեւան 1986,էջ 211):
Բայց պատմությունը հետագայում այնպիսի ընթացք ունեցավ, որ Ցուրաբերդն իր վերջո ավերվեց ու նրա վերաշինումն արգելող անեծք եղավ:
Ահա, թե ինչ է պատմում Ստեփանոս Օրբելյանը. «Սյունյաց գահերեց իշխան Աշոտի որդի  Սմբատի իշխանության եւ սուրբ եկեղեցին կառուցող Տեր-Հովհաննեսի եպիսկոպոսության ժամանակ Տաթեւի  սուրբ միաբանությանը մեծամեծ վշտեր պատճառեցին  Ցուրաբերդի բնակիչները,  լիրբ ու ավազակ մարդիկ էին։ Մի օր էլ գիշերվա մի անսպասելի ժամի գալով` սկսեցին  կողոպտել եկեղեցին, արհեստանոցներն ու  կրոնավորների բնակարանները։ Որոնեցին եպիսկոպոսին, որ սպանեն, բայց չգտան։ Ապա ծերերից ոմանց սրի քաշեցին, իսկ ուրիշներին  փախուստի մատնեցին։ Ինչ էլ որ գտան, վերցրին, գնացին Ցուրաբերդ։ Տարան նաեւ մեռոնն արծաթե  սափորով ու քարափից թափեցին։ Իսկ երբ լուսացավ, եպիսկոպոսն  [ու մնացած մյուս կրոնավորները] եկան, տեսան այդ ամբողջ վնասը, վերցրին սուրբ խաչը  եւ ուրիշ սրբություններ, ահավոր անեծքներով նզովեցին բերդն ու նրա բնակիչներին։ Եվ անմիջապես երկրաշարժ եղավ, քարափը ճեղքվեց երկու  մասի, ու բոլոր շինությունները փլվեցին, բնակիչներից շատերն էլ անհայտ կորան։ Իսկ եպիսկոպոսը  չհամաձայնվեց իր տեղում բնակվել, այլ վերցնելով խաչը, ամբողջ սպասավորներով ելավ-գնաց օտար աշխարհ։
Այս մասին տեղեկացնում է  փառաբանված  իշխան Սմբատը, որը վեր է ելնում, ուրիշ ազատներով գնում է  եպիսկոպոսի ու սուրբ խաչի հետեւից. բազում թախանձանքներով նրանց ետ է բերում իրենց տեղը` Տաթեւի մեծ հայրապետարանը։ Իսկ Ցուրաքարի անիծյալ բնակիչներին հալածում է, պատժի ու պատուհասի ենթարկում եւ առհասարակ ջնջում ու մաքրում է մեր աշխարհից։ Նրանց բնակատեղին  իր սահման [ներ] ով սեփական կալվածք է հատկացնում եկեղեցին` ավանդելով Տեր-Հովհաննեսի  միջոցով։ Հրամայում է գրել ահավոր նզովագիր, կնքել ու դնել սուրբ եկեղեցում, որ ոչ ոք չհանդգնի վերաշինել այն տեղը։ Եվ գրվեց փաստաթուղթը, որն այսպիսին էր. «Ես`  Հովհաննեսս, աստծու  շնորհիվ Սյունյաց եպիսկոպոսս, գրեցի որ որոշումն իմ իսկ` ձեռքով, Սյունյաց Սմբատ աստվածազոր իշխանի հրամանով, որովհետեւ մեզ վտանգ հասավ Ցուրաբերդ կոչված քարափի վրա բնակված չար ու անաստված ավազակներից, որոնք գիշերով հանկարծակի հարձակվեցին բազմությամբ խմբված  վանականների վրա, կողոպտեցին բոլոր շենքերը, ծերերից ոմանց էլ սպանեցին։ Իսկ մենք,  այդպիսի աղետը տեսնելով,  սուրբ խաչն առած, հալածական փախանք ուրիշ  աշխարհ. եւ մեր բոլոր կրոնավորները ցիրուցան եղան։ Ապա աստվածապահ իշխան Սմբատը, այդ մասին տեղեկանալով, եկավ, մեզ վերադարձրեց այստեղ։ Քաջասիրտ ու մեծահավատ  լինելով` առյուծի նման մռնչաց այն չարերի վրա ու  բոլորին ցրիվ տվեց։ Մեծ իմաստնությամբ գիտեր, որ այն քարափն անօգուտ է, որեւէ մեկին շահավետ չէ, չի էլ նեղում ոչ ոքի` ո՛չ բաղացիներին եւ ո՛չ ուրիշ  տեղացիներին,  այլ միայն տագնապով վշտացնում է մեր եկեղեցուն ու նրա իշխանությանը, որոնք իր եւ իր նախնիների բազմառատ ու անչափելի միջոցներով ու հրաշագործ աշխատանքով ծաղկեցրել էր ու ցանկալիորեն կարգավորել` ազատեց եւ հանգիստ վիճակի մեջ դրեց սուրբ նշանն ու այս վանքը, մեզ էլ նեղությունից անդորրության բերեց, այն տեղն էլ հանձնեց մեր ձեռքը։ Դրա համար տեր աստված նրան թող հատուցի  մարմնական վայելում` երկար ժամանակով, խաղաղ իշխումով, զավակներով ու տոհմով, այլեւ արժանանում հավիտենական կյանքին ու արքայությանը` սուրբ թագավորների հետ։
Դարձյալ` Սյունյաց նույն Սմբատ իշխանի հրամանով իմ  ձեռքով գրեցի հավիտենական կտակ, կնքեցի սեփական մատանիովս, դրեցի այս եկեղեցում, որ հետագայում ոչ ոք չհանդգնի նույն ոճիրը գործել։ Արդ` եթե մեկը այս մեր հրամանին հակառակվի եւ Ցուրը  այս սուրբ եկեղեցուց վերցնի կամ ցանկանա այդ սուտ քարափը բերդ համարել, մտածի  [վերա] շինել եւ եկեղեցու հանդեպ կրկին հալածանք  հարուցել, այնպիսին նզովվի ամենակալ աստծուց, բոլոր սրբերից ու մեզանից եւ չարժանանա ողորմության, այլեւ նրա վրա ցավագին անեծքներ գան, կոտորվեն նրա որդիները,  նրա անունը ջնջվի  ժողովրդից, դրանից հետո ինքն անհետանա պատմությունից, սատանայի հետ անշեջ կրակից բաժին ստանա։ Իսկ ժամանակի [աշխարհական]իշխանը եթե հաստատ մնա այս պայմանին, ինչպես աստվածասեր  այս Սմբատ իշխանը, նրա օրհնությունն ու վարձատրությունը կստանա։ Բայց եթե մոռանա եւ անուշադրության մատնի,  իրենն էլ չվայելի ու ենթարկվի այս գրության մեջ նշված  բոլոր նզովքներին։ Սա եղավ հայոց երեք հարյուր վաթսունչորս թվականին։
Սակայն երկար ժամանակներից հետո, երբ հայրապետանոցը խանգարվել էր,  եկեղեցու սեփականությունները` ցրիվ եկել, այս տեղը ոմանք վերցրին, վերաշինեցին եւ  եկեղեցու նկատմամբ մեծամեծ հալածանքներ սկսեցին  թագավոր դարձած Վասակի, Սեւադայի եւ նրանց մայր  Շահանդուխտի օրոք։ Վանքը կրկին ավերեցին։ Տեր-Հակոբ  եպիսկոպոսը, որ գնացել էր Բաղք, այնտեղից վերադառնում  էր, եւ շնաբարոները, հսկելով Ցուրի փոսով  անցնող նրա  ճանապարհը, հարձակվեցին վրան ու սպանեցին, որը թաղված կա` հիշեցնելով այդ չարագործությունը։ Եվ մինչ այսօր այնտեղ բորոտների, քոսոտների ու այլ հիվանդների  բժշկություն է կատարվում։ Նրան փոխարինում է Տեր-Գրիգորը, որը Վասակ թագավորից խնդրում է այն տեղը [Ցուրը]` նրանց ցույց տալով Տեր-Հովհաննեսի ձեռքով գրված առաջին նզովագիրը։ Եվ Վասակը  նրան տրամադրում է տեղը` պատվեր տալով քարուքանդ անել, հիմնահատակ կործանել ու իսպառ ջնջել բերդի հետքը։ Նա հենց այդպես էլ անում է ու երկրորդ կտակ է գրում  այսպես. «Աստծու շնորհիվ  աստվածասեր եւ բարեպաշտ Վասակ թագավորը,  իշխանաց իշխան Սեւադան ու նրանց մայր  Շահանդուխտը, ըստ իրենց քաջահավատ հույսի ու  երկյուղաց բարքի, կամեցան հաստատել այս սուրբ եկեղեցին կառուցող երանելի Տեր-Հովհաննեսի վերոգրյալ վճռագիրը եւ սաստիկ նզովքներով փակել  ներկա ու հանդերձյալ կյանքը Ցուրաքարը [վերա] շինողի համար։ Անհավատներն ու աներկյուղները այն անտեսանելով` ձեռնարկել ու վերաշինել էին բերդը` ժամանակավոր օգտի համար, բայց ոչինչ չշահելով,  անօրինության  պատճառով որդնալից կերպով սատկոտեցին, պակասեցին,  կորան։ Իսկ մեր ժամանակ հրամայվեց ավերել,  հիմնահատակ անել։  Ով այլեւս հանդգնի շինել, նզովվի Հորից, Որդուց եւ Սուրբ հոգուց. նրա որդիները մուրացիկ դառնան, թափառեն ու իրենց [կյանքի] օրերը չամբողջացնեն։ Իսկ եթե  մահմեդական ավագություն փոխարինի ու ջանա Ցուրը  հափշտակել կամ բերդաքարափը շինել, աստծուց անիծվի եւ  իր Մահմեդից դատապարտվի. նրա համար հալալը հարամ դառնա եւ իր կորանից ամոթահար ու սեւերես լինի։  Այս կտակը գրվեց իմ` Տեր-Գրիգորիսի, ձեռքով, որը կնքեցի սեփական մատանիովս, աստծու կամքով» (Սյունիքի պատմություն, Երեւան 1986, էջ 222-223):
 
Եւս մեկ կանգառ Տաթեւի մերձակայքում՝ Տամալեկքի Սուրբ Աստվածածին
 
Գյուղը հիշատակվում է 9-10–րդ դարերից:
 
Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» երկի թարգմանության, ներածության եւ ծանոթագրությունների հեղինակ Ա. Աբրահամյանի կարծիքով՝ «Տամալեկք (Տամալեքս, Տամալեսկ) գյուղը գտնվել է Տաթեւի վանքի մոտ: Շրջակայքի բնակիչները նրա ավերակներն այժմ ցույց են տալիս վանքի հարավ-արեւելյան կողմից ոչ շատ հեռու, գետի մյուս կողմում՝ կոչելով Տեմբալասկ»:
 
Սերո Խանզադյանն է պատմում. «Քրիստոսից 1300 տարի առաջ Եփրատի ափին ունեինք Տամալեկ բերդաքաղաք: Այս քաղաքի անկումից հետո նրա բնակիչների մի մասը եկել է Սյունիք եւ բնակավայր դրել Տաթեւ գյուղի մոտ» (Հայրենապատում, գիրք Ա, էջ 252):
 
Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ 900-ական թվականներին, երբ ճշտվում էին Տաթեւի վանքի սահմանները,  «…վանքի մոտ, նրա դիմաց գտնվող Տամալեկքը չկարողացան սեփականել» (Սյունիքի պատմություն, Երեւան 1986, էջ 211):
 
Պատմիչը շարունակել է անդրադառնալ Տամալեկքի խնդրին:
 
Ահա՝ «Վանքի դիմաց մի ապստամբանոց տեղ կար, որ Տամալեկք էին կոչում։ [Նրա բնակիչները] շատ ու մեծամեծ նեղություններ էին պատճառել վանքին։ Տեր-Հովհաննեսը թեեւ բազում անգամ ջանացել էր, բայց չէր կարողացել հալածել  նրանց ու տեղը  սեփականել։  Ապա աստվածապատիվ եւ հոգեւոր  տեր Հակոբի ժամանակներում  մեծ տիկին Սոփիան` Սմբատի կինը, եկավ սուրբ խաչին երկրպագելու։ Նա, լսելով այդ բնակիչներից վանքի միաբանների ստացած դառնությունների ու վշտերի մասին, դրա համար ջանք գործադրեց  ու հազիվհազ կարողացավ այն տեղը  ձեռք գցել` գնելով հազար դահեկանով, որը եւ հանձնեց Տեր-Հակոբին։ Նաեւ նրանցից վերցրեց խաչը։ Դրանից հետո  միաբանությունն ապահով դարձավ։ Տիկինը եպիսկոպոսին առաջարկեց այնտեղ շինել եկեղեցի ու բնակեցնել  ճգնակյաց կրոնավորների, անեծքի գրություն գրել, որ այնտեղ այլեւս ոչ մի աշխարհական մարդու չբնակեցնեն։ Եվ դա փութաջանորեն  կատարում է երջանիկ եպիսկոպոսը, որը եւ գրում է վճռի այսպիսի  հիշատակագրություն. «Սա իմ` Սյունյաց եպիսկոպոս Տեր-Հակոբիս ձեռքով գրածն է։ Բազում ջանքերով ու չարչարանքներով ազատեցի Տամալեկքը, որը շատ նեղություն էր պատճառել վանքիս, որի համար Տեր-Հովհաննեսը ջանացել, բայց չէր կարողացել ազատել։ Արդ հնազանդվելով մեր հրամաններին` Սմբատ իշխանն ու տիկին Սոփիան  գնեցին հազար դահեկանով ու տվեցին սուրբ  նշանիս եւ հոգով ու մարմնով իրենք  էլ մեզ հանձնվեցին։ Մենք տեղը վերցրինք, եկեղեցի կառուցեցինք եւ մենարան  հիմնեցիք։ Արդ` այս տեղը, որ մեր մեծ ջանքերով ենք ազատել, նրա սեփականատերերին դուրս հանել ու մենաստան հիմնել, եթե մեկը մտածի սեփականատերերին վերադարձնել կամ ամուսնացած տղամարդու այստեղ բնակեցնել, կա՛մ մի ծառի ու թփի տեր դարձնել, նզովվա՛ծ լինի միասնական սուրբ երրորդությունից, սուրբ հրեշտակներից, երեք հարյուր տասնութ հայրապետներից, սուրբ նշանիցս  ու մեզանից` մեռած թե կենդանի ժամանակ։ Նրա բաժինը Հուդայի հետ լինի, չարաչար ցավերով իր օրերը չամբողջացնի, գեհենի անշեջ հրի ճարակ լինի եւ մեր Քրիստոս  Աստծուց ողորմություն չստանա» (նշված գրքի էջ 237):
 
Հիմա այդ գյուղի տեղում պահպանվել է վերոնշյալ եկեղեցու հյուսիսային պատը եւ արեւելյան պատի մի մասը:
 
Այդտեղ պահպանվել է նաեւ հրաշագեղ մի խաչքար:
 
2020 թ. մարտի 6-ին եկեղեցու ավերակներից դեպի հարավ-արեւելք մեր ստեղծագործական խումբը տեսավ Տամալեկք գյուղի ավերակների՝ դեռեւս նշմարվող հետքերը (խաչքարեր, տապանաքարեր):
 
Իսկ Տամալեկք գնացինք Գինեկան գետի վրա 1672 թ. կառուցված հին կամրջով (որ դեռ կանգուն է)՝ թեքվելով դեպի հարավ-արեւելք:
 
Ամենայն հավանականությամբ՝ Տամալեկքի եկեղեցին կոչվել է սուրբ Աստվածածին, որի արեւելյան պատի մոտ է կանգնեցված վերոնշյալ խաչքարը (երեսով՝ դեպի պատը).
 
Ահա՝ խաչքարի վրա եղած արձանագրությունը՝
 
ՅԱՄԻ ՅՈՐՈՒՄ ՀԱՅ........ԵՍ ՆՎԱՍՏ ՔԱՀԱՆԱ ՀՈՎԱՆԷՍ Ի ՏՂԱՅՈՒԹԵՆԷ ՍՆԵԱԼ Ի ՍԲ ՈՒԽՏՍ Ի ՍՊԱՍԱԻՈՐՈՒԹԻ ՍՐԲՈՅՍ ԵԻ ՅԵՏՈ ԲՆԱԿԵՑԱ Ի ԴՈՒՌՆ ՍԲ ԱԾԱԾԻՆՍ, ՈՐ ԵԻ ԻՄ ՀԱԼԱԼ ԱՐԴԵԱՄԲ ԳՆԵՑԻ ԶԱԴՈՉԱՆՈՑՆ ԲԱԿԵՐՆ, ՅԱՌԱՋՆՈՐԴԱՑ ՏԵՂԱՑՍ ՏՐ ՀԱՅՐԱՊԵՏԱ ԵԻ ՏՐ ՅՈՀԱՆԻՍԱ ԵԻ ԱՅԺՄ ՀՐԱՄԱՆԱԻ ՏՐ ՍՏԵՓԱՆՈՍԻ` ՆՈՒԻՐԵՑԻ  ՀԻԻՐԵԱՆՑ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՍ Ի ՍԲ ԱԾԱԾԻՆՍ ԻԻՐ ԱՄԷՆ ՍԱՀՄԱՆՈՎ, ՎՍ ՏԱՌԱՊԵԱԼ ՀՈԳՈ ԻՄՈ, Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ՍՊԱՍԱԻՈՐԱՑ ՍՈՐԻՆ, ԱԶԱՏ ՅԱՄԷՆ ՀԱՐԿԷ. ԱՐԴ ՈՔ ՀԱԿԱՌԱԿ ԿԱՄ ԽԱՓԱՆՈՂ ԼԻՆԻ ՈՐՈՇԵԱԼ ԼԻՑԻ Ի ՍԲ ԱԾԱԾՆԷՍ ԵԻ ՅԻԻՐ ՄԻԱԾՆԷՆ ԵԻ ԻՄ ՄԵՂԱՑՆ ՊԱՐՏԱԿԱՆ ԼԻՑԻ։
 
Ըստ Սեդրակ Բարխուդարյանի՝ «Խաչքարի ճակատի մասը ջարդված է՝ կենտրոնում  եւ վերջում՝ առաջին տողի բռնած սահմանում: Թեեւ թվականը ջարդված է, բայց արձանագրության մեջ հիշատակված երեք անուններից պարզվում է, որ այն 13-րդ դարի վերջին տասնամյակում է գրված. տեր Հայրապետը Սյունյաց եպիսկոպոս էր մինչեւ 1292 թ. , սրան հաջորդեց Տեր Հովհաննեսը մինչեւ 1295 թ., իսկ վերջինիս՝ Տեր Ստեփանոս Օրբելյան պատմագիրը:
 
Այս կիսավեր եկեղեցու եւ խաչքարի վայրն այժմ կոչվում է Տումբալանց:
 
Խաչքարը ագուցված է բնական ժայռի մեջ,  60 սմ հեռու եկեղեցու արեւելյան պատից եւ հնարավոր չեղավ լուսանկարել արձանագրությունը, որը նայում է եկեղեցու պատին»:
 
2020 թ. մարտի 6-ի այցելության ընթացքում մենք նկատեցինք, թեեւ հնարավոր չէր լավորակ լուսանկարում ապահովել՝ պատի եւ խաչքարի միջեւ ընկած տարածքի նեղության պատճառով:
 

 

Գյունեի հանդի եկեղեցին, որ Ցուրավանքն է կամ Ցրվանցը կամ Ձորո վանքը

Տաթեւի տարածքում գտնվող այդ սրբավայրի մասին խոսք ենք ասել Տանձատափի պաշտամունքային վայրերին կատարած ծավալուն անդրադարձում, ուստի եւ հարկ չենք համարում ասվածը կրկնել;
 


Եվստաթե առաքյալի մատուռը

Տաթեւի վանքից մոտ 40-50 մ հյուսիս կա մի կիսավեր մատուռ, որի շրջակայքում գերեզմանաքարեր են:
Մատուռի մոտ՝ փոքրիկ վահանակի վրա, գրված է՝ «Եվստաթե Առաքյալի մատուռ, V դար»:
Սակայն մատուռի անվանման հարցում մենք վերապահում ունենք:
Դեռեւս ապացուցված չէ՝ Եվստաթե առաքյալ եղե՞լ է, թե՞ ոչ:
Ապացուցված չէ նաեւ՝ Եվստաթեն եղե՞լ է Հայաստանում, թե՞ ոչ:
Առաքել Դավրիժեցու «Պատմության» (Երեւան 1988) թարգմանության, առաջաբանի եւ ծանոթագրությունների հեղինակ Վարագ Առաքելյանը գրում է. «…Տաթեւի վանքը սկզբնապես կոչվել է Ստաթեի կամ Եվստաթեի վանք, որ հետո ժողովրդի բերանում հնչյունափոխվելով դարձել է Տաթեւի վանք:
Ալիշանը կտրականապես մերժում է այսպիսի վարկածը՝ նշելով, որ Ստաթե կամ Եվստաթե առաքյալ Հայաստանում չի եղել եւ նման բան պատմագիրներից ոչ ոք, նույնիսկ Ստեփանոս Օրբելյանը, որ այնքան մանրապատում է եւ սիրահարված իր երկրին ու սրա վանքերին եւ հատկապես Տաթեւի՝ իր առաջնորդած վանքին, նման բան չի հիշում եւ մանավանդ Տաթեւի անունն ավելի հին է , քան ավանադությունը եւ մանավանդ նախապես այդ անունը եղել է գյուղի վրա»:


 
Աղբյուրի շենքի մնացորդները

Շինված է 1745 թ., գտնվում է գյուղի հարավ-արեւելյան ծայրին՝ վանքի մարագի եւ ախոռի ավերակների կողքին:
Այստեղ կա մի արձանագրություն՝ Եղեալ ի Վանս սուրբ Թադէի, մասունք սրբոյն Յակօբոսի, եղբոր ըստ մարմնոյ տեառն Յի:

 

Հին խաչքարեր
Գյուղի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր եւ գերեզմանաքարեր, որոնցից յուրաքանչյուրին առանձին անդրադառնալը նպատակահարմար չենք գտնում:
 
Պետրոս անապատականի դամբարանը, որ նաեւ Պետրոսախաչ է կոչվում

Այդ մասին գրել ենք Հարժիս գյուղի եւ մերձակայքի սրբավայրերը ներկայացնելիս:
Ասվածին ավելացնենք հետեւյալը. ըստ ավանդազրույցի՝ Պետրոսը հեռացել է մարդկանցից եւ ապրել այդ լեռնակատարին: Այնտեղ էլ մահացել է: Բայց մինչ այդ նույն վայրում իր համար գերեզման է պատրաստել, որտեղ էլ հանձնվել է հողին:
Պետրոս Ճգնավորի (անապատականի) գերեզմանը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն Տաթեւում, այլեւ հարակից գյուղերում:
 

Սուրբ Մինաս եկեղեցին, որ կառուցել է Ներսես վարդապետը

Գյուղի կենտրոնում է գտնվում հանուն Սուրբ Մինասի կառուցված եկեղեցին:

Այն շրջապատված է գերեզմաններով, որոնց մի մասն ունի տապանագրեր:

Եկեղեցին կառուցվել է Հայոց 1095 (1646) թվականին՝ Ներսես անունով վարդապետի կողմից, (հետագայում՝ Սյունյաց թեմի առաջնորդ), ինչը վկայում է եկեղեցու պատի վրա եղած արձանագրությունը (Ներսես վարդապետի մասին հիշատակումով արձանագրություն է եղել նաեւ եկեղեցու հին դռան վրա՝ դրսի կողմից, որ հիմա չկա):

Ահա պատի վրա եղած արձանագրությունը՝ «Շնորհօք ամենակալի Աստծոյ շինեցավ զայս եկեղեցիս Ներսես վարտապետ թվին հայոց ՌՂԵ»:

Եկեղեցին վերակառուցվել է 1881–ին՝ Բաքվում բնակվող տաթեւացի Հովհաննես Օսիպովի կողմից:

Եկեղեցին երկու դուռ ունի. հարավային դռնով ելումուտ էին անում տղամարդիկ, արեւմտյան դռնով՝ կանայք:

Եկեղեցու ներսում էլ տղամարդիկ ու կանայք կանգնում էին առանձին-առանձին:

Եկեղեցու խորաններից մեկում կար աղբյուր (կավե խողովակներով էին ջուրը հասցրել եկեղեցի), որը չի պահպանվել:

Սուրբ Մինաս եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1996-97 թվականներին՝ «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության կողմից:

Ի դեպ, Ներսես վարդապետը հողին է հանձնվել  Տաթեւի վանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու արեւմտյան գավթում. տապանաքարի վրա գրված է.

Ի յայս տապան քնարանի,

Կա հանգուցեալ նշխար մեծի

Ներսեսի Րաբունեաց պետի

Եւ եպիսկոպոսի Սիւնեաց նահանգի.

Գոլով տեղեաւ Տաթեւացի

Եւ եկեղեցւոյ շինողի,

Եղեւ փոխեալ ի կենաց աստի

Ռճերրորդ թուի, յիշեցէք:

 

Ագռավախաչը, որին գյուղացիք Ըկռախաչ են անվանում

Տաթեւի վանքից հյուսիս-արեւմուտք, մինչեւ Տաթեւ բնակավայրի ծայրամասը տարածված  վանական վարելահողերը, որ ազատ էին մնացել գյուղացիական վարելահողերից`  տերունական վավերագրերը կազմելիս։ Այդ վարելահողերի դաշտային բոլոր աշխատանքները տաթեւցիները կատարում էին անհատույց, ոչ թե որպես հաստատված պարհակ, այլ բարի գործի տեսքով` իբր վանքի հանդեպ կրոնական հավատարմությունից ելնելով, յուրաքանչյուր ծխից հավաքագրվում էր մեկ կամ երկու հոգի եւ համերաշխորեն լծվում էին, օրինակ, բերքահավաքի աշխատանքներին։ Կրոնավորներն այդ ամենի համար հնձվորներին հյուրասիրում էին համեղ կերակուրներով, պատրաստում էին հենց դաշտում եւ որոնք հազվադեպ էին լինում գյուղացու սեղանին։ Այնպես որ վանքում կատարվող այդ աշխատանքները գյուղացիների համար ինչ-որ տոնի էին վերածվում։

Ժողովրդի մեջ ավանդություն կար, ըստ որի՝ օրերից մի օր, երբ աշխատավորները տեղավորվեցին գետնին, մեծ կաթսայի շուրջը եւ պատրաստվում էին ճաշելու, հանկարծ բոլորի ուշադրությունը գրավեց կաթսաների վրայով սլացող ագռավը։ Չնայած մարդկանց աղաղակներին եւ ագռավի ուղղությամբ նետված քարերին` այն համառորեն շարունակում էր պտտվել կաթսաների վրա եւ հարմար պահ գտնելով ու մարդկանց համընդհանուր զարմանքի ներքո վայրկենաբար նետվեց կաթսայի մեջ եւ եփվեց։ Ոմանք մտածեցին, թե ագռավը ցանկանում էր կաթսայից մի կտոր միս հանել, մյուսներն ի հեճուկս դրա, այդ թռչունի արարքի մեջ տեսնում էին Աստծո մատը, ինչը եւ հաստատվեց իրականում։ Երբ կաթսայի պարունակությունը դատարկեցին, բոլորը զարմացած էին. կաթսայի մեջ մսի հետ մեկտեղ մի հսկա օձ էր եփվում։

Այդժամ էլ որոշեցին այդ նշանավոր իրադարձության առիթով ագռավի հուշարձան կանգնեցնել, որ շատ մարդկանց փրկեց անխուսափելի մահվանից, որ շատերի կարծիքով տեղի կունենար օձի մսից։ Այդ հուշարձանը մինչեւ այսօր կանգնած է Տաթեւ բնակավայրի մոտ, որ մի մարդաբոյ քարաբեկորից է սարքվել, որի վրա խաչ է քանդակված։ Քարաբեկորի տակ, ըստ ավանդության, թաղված է ագռավը։

 

Եզան սուրբը (Օքյուզ- զյարաթ)

Եզան սուրբը «Օքյուզ-զյարաթ» գտնվում է Տաթեւի վանքին հակադիր լեռնաշղթային՝  Տաթեւից Կապան  տանող ճանապարհին՝ զառիթափից ոչ հեռու։ «Օքյուզ-զյարաթը» բաղկացած է անմշակ քարերի կույտից, որն օրեցօր ավելանում է, քանզի ամեն մի անցորդ իր պարտականությունն է համարում ճանապարհից մի քար վերցնել եւ նետել ընդհանուր կույտի վրա։ Մի ավանդազրույցի համաձայն` քարերի կույտի տակ մի եզ է թաղված, որն առանց մարդու օգնության, միայնակ, շրջակայքից իր մեջքի վրա առարկաներ է տեղափոխել, որոնք անհրաժեշտ էին Տաթեւի վանքի կառուցման համար։ Այդ սրբավայրերը հայերից ավելի պաշտում էին թուրքերը, ինչով բացատրվում է նրա անվանման թուրքական ծագումը՝ «Օքյուզ-զյարաթ»։ Թաթարները հաստատում էին, թե այնտեղից, որտեղ քարերից գոյացել է այդ  գերեզմանաթումբը, անհայտացել է այդ եզը. հայտնի չէ, թե որտեղ։ Երբ մերձակայքում ընտանի կենդանիների շրջանում ինչ-որ համաճարակային հիվանդություն է  առաջանում, տեղի բնակչությունն այստեղ են քշում իրենց հոտերը՝ սրբավայրի շուրջը մի անգամ անգամ պտտելով։ Հովիվներն այստեղ  անցկացնում են երկու-երեք գիշեր եւ զոհաբերում պարարտ ոչխարներ։  Եթե անասունների անկումն ավելի ուժեղ է, եւ հնարավոր չէ հիվանդ անասուններին այստեղ բերել, անասնատերը գերեզմանաթմբից մի բուռ հող է վերցնում եւ բերելով տուն, խառնում է աղի հետ, խառնուրդը քսում ողորկ քարերին եւ դրանց մոտ քշում կենդանիների հոտերը, որոնք լիզում են քարերը եւ թաթարների խորին համոզմամբ` իրենց հիվանդ  անասունները դրանից ապաքինվում, եւ համաճարակն անցնում էր։

Բոզու քարը

«Օքյուզ-զյարաթից» (Եզան սուրբից) քիչ ներքեւ` անտառի թավուտում հպարտորեն վեր է բարձրանում ժայռը, որ անվանվում է Բոզու քար։ Ժողովրդական ավանդազրույցների եւ լեգենդների հերոսը` Բոզին, պարսկական տիրապետության օրոք, ասում են` փակվում էր այդ ժայռի անհասանելի ճեղքի մեջ, այդտեղից սարսափի մեջ էր պահում մոտակա արահետներով անցնող պարսիկներին։ Բոզին հայ էր, ծննդով՝ Տաթեւից։

 

Տաթեւի սրանոցը

Այդ սրանոցը տիպիկ էր ոչ միայն Զանգեզուրի, այլեւ հարեւան հայաբնակ գավառների համար:

Ստեփան Լիսիցյանը մանրամասն նկարագրել է այդ սրանոցը (Զանգեզուրի հայերը, Երեւան -1969, էջ 150):

Ահա՝ «Տաթեւի սրանոցը. կառուցված էր վանքի պարիսպներից դուրս, անշուշտ այն նկատառումով, որ մասնավոր պատվիրատուները կարողանան ազատ ելեւմուտք ունենալ, առանց վանքի ներքին կյանքը խանգարելու։ Դա տաշած քարերով խնամքով շարված շենք էր` երեք հիմնական բաժիններից բաղկացած։ Առաջին բաժինը մի երկար ընդարձակ սրահ էր, որի մեջտեղ հենց դռան առջեւ ցածրիկ պատով օղակաձեւ շրջապատված կալն էր կամ բակը։ Կալի կենտրոնում ցցված էր ամուր կիսասյուն` 70-75 սմ բարձրությամբ, որի գլխին նստեցրած էր երկար հաստ ձող` նէտ, մի ծայրը երկար, մյուսը կարճ։ Երկար ծայրը դուրս էր գալիս կալի օղակավորող պատի սահմաններից, կարճը` ոչ։ Երկարը հարմարեցրած էր եզ կամ գոմեշ լծելու կամ մարդկանց ուժով առաջ մղելու համար։ Կարճը ծառայում էր որպես  առանցք ուղղահայաց կանգնեցրած ահագին եւ հաստ, 1,40 մ տրամագծով, 0,50 մ հաստությամբ երկանաքարի` քարաղի համար։ Երկանաքարը գլորվելիս իր եզրի ամբողջ լայնությամբ ընդհուպ պառկում էր հատակին։ Սրահի աջակողմյան նեղ պատի տակ սարքված էր բարձր քարաշեն բօվարան, ուր բարձրանում էին մի քանի աստիճաններով։ Բուն բօվարանը մի քառակուսի ավազան է, որի հատակն ամբողջական բարակ սալ էր` սաջ։ Սալը տաքացվում էր տակից հնոցի մեջ վառվող փայտով։ Ծուխը հեռացվում էր պատի մեջ շինված ծխանավ։ Կտավհատը նախ խանձվում էր այդ բօվարանի մեջ, սաջի վրա եւ ապա տեղափոխվում էր կալը` բակը եւ փռվում երկանաքարի տակ։ Նէտի երկար ծայրը լծված եզան կամ գոմեշի ուժով կամ մի քանի մարդու բրդելով, առաջ էր շարժվում, իսկ կարճ ծայրին երկանաքարը սկսում էր հակառակ ուղղությամբ գլորվել` սրէլավ`` տրորելով կտավհատը։ Ստացված ալյուրը մաղում էին եւ նորից փռում երկանաքարի տակ, այս անգամ խառնելով տաք ջրի հետ։ Նորից քարի տակ տրորելուց հետո ստացվում էր խմօր, որն անցնում էր երկրորդ սրահը, որտեղ քամվում էր ճնշող մամուլի օգնությամբ։

Երկրորդ սրահի հատակը զանազան բարձրություն ունեցող երեք հրապարակների էր բաժանվում։ Դռնից ձախ կողմում ամենացածրադիր հրապարակն է, միջինը նրանից մի աստիճան բարձր է, իսկ աջակողմյանը` նեղ պատի տակինը, քարաշար թումբ է, ուր բարձրանում են մի քանի աստիճաններով։ Այս թումբի միջին մասում պատի մեջ թողած պատրհանում հանգչում են հորիզոնական դիրքով դեպի առաջ ձգվող երկու զուգահեռ եւ երկար (8-10մ) ծանր գերանների գլուխներ։ Նրանց հակառակ ծայրերը պառկած են արջի վրա։ Արջը լայն եւ կարճ, ամբողջական կամ երկու միացված կտորներից կազմված հաստ տախտակ է, որի կենտրոնում եղած ծակն ունի պտտակային հակառակ կտրվածք։ Այս ծակի միջով անցնում է պօղօսիկ` հաստ փայտե պտուտակը, որն իր երկաթապատ ոտքով ուղղաձիգ տնկված է հատակին նստեցրած քարե պատվանդանի մեջ եւ պտտվում է նրա փորվածքի մեջ։ Պօղօսիկի վրա, գետնից մարդու գոտկատեղին հավասար բարձրությամբ, հորիզոնական դիրքով ամրացված է մեջտեղը անցք ունեցող կլոր քար, որով պօղօսիկը կարելի է պտտեցնել եւ այդպիսով բարձրացնել կամ իջեցնել նրա վրա հագցրած արջը եւ արջի հետ երկու գերանների ծայրերը։

Սարքավորումը գործում է այսպես` սրահի թամբի մեջ շինված է 1,6 մ երկարությամբ եւ 0,60 մ լայնությամբ եւ նույնչափ խորությամբ քարե արկղ։ Այս օջախի` արկղի մեջ շար-շար դարսում են կտավհատի խմօրը` այծի մազից պատրաստված շալէրի` բօխչանէրի մեջ փաթաթված` տակից նախօրոք փռելով բարակ ճիպօտնէր։ Խմօրը վերեւից ծածկում են ավելի հաստ ձողերով եւ տախտակներով, որոնք բռնում են օջախի ամբողջ ներսի տարածությունը` ափից ափ։ Վրայից դնում են հաստ լաշ` կոճղ։ Մինչ այդ բարձր պահած գերանները սկսում են իջեցնել` պօղօսիկն անիվի օգնությամբ պտտեցնելով եւ այդպիսով արջն իջեցնելով։ Գերաններն իրենց ծանրությամբ ճնշում են լաշը, որի տակ խմօրը սեղմվում է եւ քամվում։ Ձեթը նախ անցնում է փոքրիկ ավազան եւ ապա այնտեղից թափվում է ավելի խորը նստեցրած կարասի մեջ։

Վարձը վճարվում էր քամած ձեթի մի մասով, առանց բաժին հանելու քուսպից։ Աշխատանքի միջոցին բոլոր բանվորները կերակրվում էին կտավհատի տիրոջ հաշվին»։

 

Տաթեւի վանքը, որտեղից դարեր շարունակ լույս է ճառագել

Տաթեւ գյուղի սահմաններում գտնվող հնագույն եւ նշանավոր սրբավայրը Տաթեւի վանքն է, որը տեղավորված է գյուղից մոտ 1 կմ հարավ-արեւելք՝ անդնդախոր ձորի պռնկին:

Տաթեւի վանքը, որպես համազգային-համաքրիստոնեական սրբավայր, կներկայացնենք առանձին հրապարակմամբ:

 

Հ. Գ.

Գահնամակը, որ հիշատակեցինք վերնագրում, Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ է, վավերական ցուցակ:

Մովսես Խորենացին այդ հրովարտակի հիմնադիրը համարում է Հայոց թագավոր Վաղարշակին:

Մատենագրական տեղեկությունների համաձայն՝ Գահնամակը գործել է Արշակունիների թագավորության ամբողջ ժամանակաշրջանում (I-V դարեր): Այն շարունակվել է նաեւ մարզպանական շրջանում (V-VII դարեր):

Չորորդ դարին վերագրվող Գահնամակը պահպանվել է «Ներսեսի վարքում»:

Սամվել Ալեքսանյան

 

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել

16.07.2024 14:19

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

16.07.2024 14:13

Լավրովը ժամանել է Նյու Յորք

16.07.2024 12:08

Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ. Տիգրան Աբրահամյան

16.07.2024 11:46

Փառատոն. օր տասներորդ

16.07.2024 11:41

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

16.07.2024 11:20

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

16.07.2024 11:15

ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

16.07.2024 10:41

Մոհամմադ Ջավադ Զարիֆ. 25 տարվա ընթացքում Իրանն անգամներ Հայաստանին զգուշացրել էր, որ Ադրբեջանի տարածքների գրավման սխալ ճանապարհը չշարունակեն

16.07.2024 10:35

Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն

15.07.2024 23:50

Մեր աղոթքներն Արցախի համար են, հայացքները` դեպի Արցախ․ Դադիվանքի վանահայր. Տեսանյութ

15.07.2024 21:42

«Հյուսիս-Հարավը» ռազմաքաղաքական կարևորություն ունի ՀՀ-ի համար․ ԱԶԲ ներկայացուցիչները Սյունիքում են

15.07.2024 21:40