Տեղակալ Պօղոս ՏԷր-Դաւթեան (Իր մահւան 30-րդ տարելիցի առթիւ)

01.06.2022 14:19
1958

Ա.

   Կան համաժողովրդական համբաւ վայելող հերոսներ, որոնց յիշատակի ոգեկոչումը հոգեկան բաւականութիւն է պատճառում իւրաքանչիւր մարդու, որ իրեն կապւած է զգում այդ հերոսների կերտած պատմութեանը: Դրանցից մէկը հանգուցեալ Պօղոս Տէր-Դաւթեանն է, որի գործունէութեան  ծանօթանալն օգտակար է մեր մօտիկ անցեալի պատմութեամբ հետաքրքրւողների համար:

   Հանգուցեալը տեղակալի (պորուչիկ) աստիճան ունէր: Նա Զանգեզուրի Ղափանի շրջանի Վերին Խոտանան գիւղացի է: Ունէր միջնակարգ կրթութիւն. մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը ծառայում էր Բալախանու նաւթահանքերում: Համաշխարհային պատերազմին՝ 1914-1918 թթ կառավարութեան հրամանով կանչւում է կատարելու իր զինւորական պարտադիր ծառայութիւնը:

   Կրթական ցենզ ունենալու շնորհիւ, նա մտնում է զինւորական դպրոց, որն աւարտելով, ստանում է սպայի աստիճան եւ մեկնում գործող բանակ՝ մասնակցելու արեւմտեան ռազմաճակատի կռիւներին՝ ընդդէմ գերմանացիների: Կռիւներում նա վիրաւորւում է (1918 թ.) ու վերադառնում Բաքու՝ ապաքինւելու:

   Ռուսաստանում ծագած յեղափոխութեան հետեւանքով՝ երկիրը մատնւում է անիշխանութեան եւ քաօսի: Կովկասեան ռազմաճակատը հետզհետե սկսում է անկայունանալ. Փետրւարեան յեղաշրջման դէմ բոլշեւիկեան կուսակցութիւնը Լենինի գլխաւորութեամբ, սկսում է տարածել իր պարտւողական քաղաքականութեան քարոզչութիւնը՝ թէ՛ երկրի արդիւնաբերական  եւ թէ՛ ճարտարարւեստի կենտրոններում, անգամ գործող ռազմաճակատներում:

   Կովկասեան ռազմաճակատում գործող բանակները քայքայւում ու բարոյալքւում են այն աստիճան, որ անպէտքանում են՝ կռիւները շարունակելու ջախջախւած տաճիկների դէմ: Ռուս բանակների զինւորներն աճապարում են՝ վերադառնալ իրենց տներն ու տիրանալու բոլշեւիկեան քարոզչութեամբ խոստացած հողերին ու երջանիկ կեանքին…

  Հայ ժողովուրդը յոյս չունէր Կովկասեան ազգերի կազմակերպած Սէյմի վրայ, որովհետեւ գոյութիւն չունէր այդ ազգերի մէջ իրաւունքների եւ շահերի փոխադարձ ու անկեղծ հասկացողութիւն: Սէյմը մեռաւ իր բնական մահով, որին անդամակցող երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը բաժանւելով իրարից, կազմեցին զատ-զատ ազգային պետական իշխանութիւններ: Այսպիսով, հայ ժողովրդին, որ ենթակայ էր Տաճկաստանի անմիջական հարւածին, լքեցին վրացիները, ադրբեջանցիները եւ թէ ռուսները, որոնք մերկացրին Կովկասեան ռազմաճակատն ու մատնեցին հայ ժողովրդին ֆիզիքապէս բնաջնջւելու վտանգի, որպէսզի ահաւոր հեռանկարի հետեւանքով ստեղծւեց հրամայական պահանջ՝ հեռացող (ճիշտ կլինի ասել՝ փախչող) ռուս զինւորներին փոխարինել հայերով, որպէսզի հայ ժողովրդի  (դեռ չենք ասում Հայաստանի) գոյութեան պաշտպանութիւնը փոխանցւի մարտական հարազատ ուժերին:

   Ֆիզիքապէս վտանգւած հայութեան կողմից դիմումներ եղան Կերենսկու  կառավարութեան (1918 թ.), որի հրամանով թոյլատրւում էր Արեւմտեան ռազմաճակատում կռւող հայերին փոխադրել Կովկաս՝ քայքայւած ռազմաճակատը պաշտպանելու տաճիկների դէմ:

  Անշուշտ, միայն հայերն էին հարկադրւած Կովկասեան ռազմաճակատը պաշտպանելու, որովհետեւ հայ ժողովրդի լինել ու չլինելու հարցն էր դրւած սեղանի վրայ (դեռ կային դատարկամիտ մարդիկ, որոնք մեղադրում էին հայերին, որ ազգայնական են):

   Բաքւում հաւաքւել էին Արեւմտեան ռազմաճակատից Կովկասեան ռազմաճակատը փոխադրւած բազմահազար հայ զինւորներ ու սպաներ, որոնք սպասում էին մեկնելու ռազմաճակատ:

   Բաքու-Թիֆլիս երկաթուղով հայերի երթևեկութիւնն արգելւած էր. այն հայերը, որ համարձակւում էին երթևեկել, Աղստաֆա  եւ Փոյլի  կայարաններում գնացքներից իջեցւում եւ անհետացւում էին… Բաքւում հաւաքւած զինւորականների մէջ էր եւ Պօղոս Տէր-Դաւթեանը:

   Բաքւի Հայոց Ազգային Խորհրդի նախաձեռնութեամբ եւ նիւթական միջոցներով կազմակերպւեց՝ համախմբւած զինւորներից ու սպաներից մի զօրագունդ, ապա քիչ յետոյ՝ երկրորդ զօրագունդը, որ եւ եղաւ մի բրիգադա՝ հայ ժողովրդի ինքնապաշտպանութեան համար: Այս զօրամասը զուտ հայկական էր եւ գործում էր Համազասպի  գլխաւորութեամբ: Այս եղաւ գլխաւոր արգելքներից մէկը, որ բոլշեւիկները Բաքւում՝ Ս.Շահումեանի նախագահութեամբ կազմելով Կոմիսարների Խորհուրդ (իմա կառավարութիւն), չկարողացան իրականացնել իրենց դիկտատուրան, որովհետեւ իրականում ռազմական ուժ չունէին: Պօղոս Տէր-Դաւթեանը մտաւ յիշեալ զօրամասի մէջ՝ գումարտակի հրամանատարի պաշտօնով:

    Բաքւում քաղաքական կուսակցութիւնների համագործակցութեամբ կազմակերպւած էր Բանւորական եւ Զինւորական Խորհրդի իշխանութիւն: Այս իշխանութեան դէմ էր Ադրբեջանի «Մուսաւաթ» կուսակցութիւնն իր պարագլուխ Մոհամմադ Ամին Ռասուլզադէի գլխաւորութեամբ, որը խորհրդի նիստերին իր ելոյթներով պահանջում էր Ադրբեջանի ազգային ինքնորոշում եւ զօրքի կազմակերպում, որից յետոյ միայն, նա խոստանում էր յայտարարել իր կուսակցութեան հետապնդելիք քաղաքական ծրագիրը:

    Տաճիկները հետապնդում էին իրենց նւաճողական քաղաքականութիւնը: Նրանք Հայաստանի հողամասերի մեծագոյն մասը գրաւել, ժողովրդին կոտորել եւ տեղահանել էին դէպի Արարատեան դաշտն ու Արաբիայի անապատները… Տաճկական զօրքերը Հայաստանի վրայով կենտրոնացւում էին Անդրկովկասեան երկաթուղու՝ Փոյլի եւ Աղստաֆա կայարանները, որտեղից տաճկական արշաւանքը պիտի սկսւէր դէպի Բաքու: Այս արշաւանքի նպատակն էր ոչնչացնել Բանւորա-Զինւորական Խորհրդի իշխանութիւնը եւ նրա տեղ հաստատել Ադրբեջանի ազգային-կալւածատիրական իշխանութիւն՝ յանձինս «Մուսաւաթ» կուսակցութեան, որը փաստօրէն Տաճկաստանի առաջապահ ուժն էր Անդրկովկասում:

   Արդէն ստեղծւել էին երկու ռազմաճակատներ՝ մէկ կողմից տաճկական զօրքերն էին անցել ռազմական գործողութիւնների Քիւրդամիրում, իսկ միւս կողմից՝ Բաքւի Բանւորա-Զինւորական Խորհրդի իշխանութիւնն էր զօրահաւաքի ենթարկել նաւթաշխարհի բանւորներին, որոնց ռազմական ուժը հասնում էր 28-29 գումարտակների: Բաքւից երկաթուղու գնացքներով զօրահաւաքի ենթարկւած ուժերը փոխադրւում էին ռազմաճակատ՝ առաջացող տաճկական զօրքերի դէմ ու շարունակւում է կռիւը, մինչեւ որ տաճիկները տեղացի կրօնակից ազգաբնակչութեանն ապստամբեցնում են Խորհրդային իշխանութեան զօրքերի դէմ ու վերջիններիս թիկունքը ենթարկում վտանգաւոր կացութեան:

   Այս կռիւները տեւեցին 6-7 ամիս: Տաճիկները «Մուսաւաթի» գործակցութեամբ գրաւեցին Բաքուն 1918 թ. սեպտեմբերի 14-ին եւ հաստատեցին Ադրբեջանի ազգայնական կառավարութիւնը, որի ռեժիմը բնաւ չէր տարբերւում տաճկական բռնակալ ռեժիմից:

 

Բ.

   Սեպտեմբերի 14-16, 1918թ բազմահազար հայեր, հարկադրւած եղան Բաքւից նաւերով նահանջել Իրանի Էնզելի (ներկայիս՝ Փահլաւի)  քաղաքը: Այդ օրերին Պօղոս Տէր-Դաւթեանին մենք հանդիպում ենք Էնզելիում, ուր աշխատում էր վստահելի զինակից ընկերներ գտնել, որոնց կազմակերպելով, ծրագրում էր Խալխալի վրայով անցնել Ղարադաղ, ապա՝ Զանգեզուր: Քաղաքական ծանր պայմաններում էր գտնւում Զանգեզուրի հայութիւնը, որի զաւակնները գտնւելով հայրենիքից հեռու, յախուռն թափով շտապում են օգնութեան հասնել մահւան դատապարտւած հարազատ ժողովրդին, որի լինել ու չլինելու հարցն էր դրւած:

   Հանգուցեալ Պօղոսը, մեր յաճախակի հանդիպումների ժամանակ, շատ ցասկոտ կերպով իր վրդովմունքն էր արտայայտում, որ զանգեզուրցիներն առաջին հերթին պարտաւոր են իրենց ժողովրդին օգնութեան հասնել եւ կռւել նրա փրկութեան ու ազատութեան համար, այլապէս մենք իրաւունք չպիտի ունենանք այդ ժողովրդի զաւակներն անւանւելու:

   Պօղոս Տէր-Դաւթեանը մի քանի անձնւէր հայրենակիցների հետ յաջողում է անցնել Զանգեզուր, այն ժամանակ, երբ այդ երկրի ժողովուրդը մատնւած էր ծանր կացութեան։ Նախ իր ծննդավայր Վերին-Խոտանան գիւղում կանոնաւորում է ժողովրդի ինքնապաշտպանութեան գործը, ապա անցնում է Գորիս ու յարաբերութեան մէջ մտնում Շրջանային Խորհրդի հետ ու ռազմական տեսակէտից լուսաբանում ինքնապաշտպանութեան հրատապ խնդրի հրամայական պահանջը:

   Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ Ա. Շահմազեանը Պօղոս Տէր-Դաւթեանին նշանակում է Սիսիանի տեղական ուժերի հրամանատար, որը կազմակերպելով տեղական ուժերը, գործի գլուխ է անցնում եւ Նախիջեւանի ու Հաջի- /Ս/սամլուի սահմաններն արթուն հսկողութեան տակ առնում, որպէսզի այդ երկու թշնամի հատւածներն իրար հետ չմիանան ու չօղակեն Զանգեզուրը հիւսիս-արեւմտեան կողմից եւ Դարալագեազի վրայով Երեւանի հետ գոյութիւն ունեցող միակ հաղորդակցութեան ճանապարհը չկտրեն:

   Նախիջեւանի եւ Հաջիսամլուի ռազմական ուժերի միանալու ամենակարճ ճանապարհը Դարալագեազի Ղուշչի-Բիլագ գիւղի վրայով է, որի դաշտերը սահմանակցում են Զանգեզուրին: Ադրբեջանի ուժերը Հաջիսամլուից բազմիցս դիմեցին ռազմական գործողութեանց՝ Ղուշչի-Բիլագի վրայով միանալու Նախիջեւանի ուժերին (որոնց ղեկավարները տաճիկ սպաներն էին) եւ այդ յարձակումների ժամանակ Պ. Տէր-Դաւթեանն իր զօրամասով Սիսիանից հասնում է ղուշչի-բլագցիներին օգնութեան, որոնց ղեկավարն էր գիւղի ռազմիկ ու արիասիրտ քահանայ Տէր Գարեգին Տէր-Աբրահամեանը: Բոլոր յարձակումները յետ են մղում, մեծամեծ կորուստներ պատճառելով թշնամուն: Այս հերոսական գիւղի զոհերի թաղմանը մենք ներկայ ենք եղել եւ ՀՀ կառավարութեան կողմից արտասանել մեր դրւատանքն ու ցաւակցութիւնը:

   Այսպիսով, Երեւանի եւ Զանգեզուրի միակ հաղորդակցութեան ճանապարհն ապահովւում է:

   Նախիջեւանի ուժերն իրենց տխրահռչակ զինւորական խաների ղեկավարութեամբ՝ դիմում են ուժեղ յարձակման Կարմալինովկա (մալականների գիւղ) գիւղի վրայով ու մտնում են Սիսիանի Ալիլու  գիւղն ու գրաւում: Ժողովուրդը փախուստի դիմելով, ցրւում է մերձակայ հարեւան գիւղերը: Պ. Տէր-Դաւթեանն իր զօրամասով շտապ դիմում է հակայարձակման առաջացող թշնամու ուժերի դէմ եւ իր ուժեղ յարձակողականով թշնամուն մատնում է անկարգ ու անկանոն փախուստի: Այս կռւում թշնամու ուժերի հրամանատարը վիրաւորւում է ոտից ու իր ձին թողնում եւ փախուստի  է դիմում, որպէսզի ազատւի գերութիւնից. այս ազնւացեղ ձին, որպէս ռազմաաւար, բարձր հրամանատարի կողմից նւէր է տրւում Պ. Տէր-Դաւթեանին:

   Զանգեզուրի կարեւոր ռազմական յենակ կազմող Սիսիանն իր ժողովրդով, Պ. Տէր-Դաւթեանի զօրամասի հերոսական սխրագործութեամբ պահպանւում է մինչեւ կռիւների վախճանը:

   1919թ. նոյեմբերի 1-6-ին Ադրբեջանի կառավարութեան բովանդակ ուժերը դիմեցին պատերազմի Զանգեզուրի ըմբոստ հայութեան դէմ, որպէսզի զէնքի ուժով նրան ընկճեն եւ ենթարկեն իրենց իշխանութեանը ու երկիրը միացնեն Ադրբեջանին: Այս թշնամի ուժերին յաջողւեց գրաւել սահմանամերձ Տեղ, Կոռնիձոր եւ Խնածախ գիւղերը եւ բարձրանալ Գորիս քաղաքից դէպի հիւսիս գտնւող Քաչալդաղ սարն ու ամրանալ սարի գագաթին, որպէսզի յաջորդ օրը գրոհեն ու գրաւեն Գորիսը:

Գ

   Պօղոս Տէր-Դաւթեանին հրահանգւած էր՝ ընդհանուր ուժերի հրամանատարի կողմից, նոյեմբերի 3-ին իր հեծեալ եւ հետեւակ ուժերով արագ շարժումով անցնել գրոհի Սիսիսանի Իչիզլու   կոչւած սարալանջով եւ հարւածել սարի վրայ ամրացած թշնամու թիկունքը:

   Նոյեմբերի 4-ին, առաւօտեան, Պ. Տէր-Դաւթեանն իր զօրամասով, թնդանօթային ուժեղ կրակի պաշտպանութեան տակ, անցնում է գրոհի ու մի քանի ժամ տեւող տաք կռւի մէջ ջախջախում է թշնամուն ու նրան մատնում գլխակորոյս փախուստի: Այս հերոսամարտով Զանգեզուրի ժողովուրդն ազատւում է մղձաւանջային վիճակից ու փրկւում վերահաս կոտորածից: Զանգեզուրը մաքրւում է Ադրբեջանի յարձակողական ուժերից:

   Սիբիրում գտնւած տաճկական ասկեարները, որոնք ցարական կառավարութեան օրօք, գերի էին ընկած Սարիղամիշի կռիւներում, բոլշեւիկեան տիրապետութեան շրջանում, 1920 թ., թուրք-խորհրդային բարեկամութեան կապակցութեամբ, յանձնւում են Խորհրդային Ադրբեջանի կառավարութեանը, որպէսզի վերջինս յանձնի իրենց բարեկամ Տաճկաստանի կառավարութեանը: Այս ասկեարները, որոնք շուրջ 1200 հոգի էին, կազմում են մի զօրամաս Խորհրդային Ադրբեջանի կառավարութեան նախագահ Նարիմանովի անմիջական հոգատարութեամբ եւ զինւում՝ օգտագործելու Զանգեզուրի ապստամբ ուժերի դէմ, որոնք գտնւում էին լեռներում ու Սիսիանում եւ խանգարում էին խորհրդային իշխանութեան տարածմանը:

   Տաճկական այդ զօրամասը գալիս է Գորիս եւ ուղեւորւում  դէպի Սիսիան՝ ոչնչացնելու ըմբոստ ապստամբներին ու անցնելու Նախիջեւան, Տաճկաստան գնալու համար: Առաջին հերթին, շեղւելով ճանապարհից, բանակը մտնում է Եայջի գիւղը՝ գիւղացիներին մատնելով վայրագ բռնութիւնների:

   Այս դէպքի մասին լուր է տրւում Պ. Տէր-Դաւթեանին, որը հաւաքելով իր ուժերը, շարժւում է դէպի Եայջի8  ու գրաւում գիւղի բարձունքները, ապա օգտւելով գետնատարած անթափանցելի ամպից, շրջապատում է տաճիկներին մի շատ նպաստաւոր հովտում ու կռւի բռնւում նրանց հետ: Այդ ասկեարներից մի քանի հոգի միայն ազատւելով, փախչում են Հաջիսամլու, իսկ մնացած մասը կոտորւում են այդ հովտում, որը հետագային մեր գրականութեան մէջ անւանւած է «Գանգերի հովիտ»:

   1920 թ. հոկտեմբեր ամսի վերջերին Դարալագեազի հայկական զօրամասի հրամանատարութիւնը կարգադրում է, որ մի ուսումնասիրութիւն կատարւի մալականներով բնակւած Բազարչայ եւ Բորիսովկա գիւղերի ուղղութեամբ, պարզելու, թէ բոլշեւիկեան ինչպիսի՞ ուժեր կան եւ ի՞նչ ծրագիրներ ու մտադրութիւններ ունեն նոքա:

   Այդ առաքելութիւնը յանձնւեց Դարալագեազի զօրամասի ձիաւոր հարիւրակի հրամանատար, տեղակալ Պ. Տէր-Դաւթեանին, որը 70 ձիաւորներով յանկարծուստ երեւում է Բազարչայում ու գերի վերցնում կարմիր զինւորներին, որոնք փորձում են պաշտպանւել, բայց հանդիպում են անյաջողութեան: Գերիներին ուղարկելով Դարալագեազ, ինքն իր զօրամասով շարունակում է խուզարկու արշաւանքը եւ մի քանի օրում հասնում Գորիս քաղաքի բարձունքներին (Ուչթափալար): Այդտեղ բոլշեւիկեան զօրամասի հետ բռնւում է լուրջ կռւի, որը շարունակւում է համարեա անդադար 3 օր: Ի վերջոյ նա ստիպւած է լինում նահանջել: Նրա թիկունքը պաշարւած լինելով թշնամու կողմից, մեծ դժւարութեամբ անցնում է ուժեղ կերպով յորդած Որոտան գետը՝ կորցնելով 14 հոգի: Այնուհետեւ փորձում է այլ ճանապարհով շարունակել նահանջը:

   Նախքան բոլշեւիկների հետ կռւի բռնւելը, Պօղոսը Եայջի գիւղից մի նամակ է ուղարկում Ղափան, Նժդեհին, խնդրելով, որպէսզի նա օգնութեան հասնի, միացեալ ուժերով Գորիսի վրայ յարձակւելու համար: Նժդեհի պատասխանը բացասական լինելով, Պօղոսը շարունակում է մեն-մենակ նահանջել եւ Ղարաքիլիսա գիւղում նորից կռւի է բռնւում բոլշեւիկների հետ: Այդտեղ նա վիրաւորւում է գլխից, շատ թեթև կերպով եւ նոյն օրը, անձամբ նամակ է գրում եւ դեղորայք, բժիշկ կամ բուժակ է խնդրում՝ իր վէրքը բուժելու համար: Նամակը Դարալագեազ չհասած՝ արիւնահոսութիւնից ու արեան վարակումից վախճանւում է այդ աննման հերոսն ու սգի մատնում Լեռնահայաստանի ժողովրդին: Նրա դիակն էլ այնտեղ թաղւում է, բայց հետագային փոխադրւում ու հողին է յանձնւում հանգուցեալի ծննդավայր Վերին Խոտանան գիւղում, որը գտնւում է Ղափանի շրջանում:

   Հանգուցեալ փոքր Դաւիթբէգի յիշատակը յաւէտ անմեռ կը մնայ հայ ժողովրդի սրտում եւ անունն անջնջելի՝ Հայոց նորագոյն պատմութեան էջերում:

Ա. ԱՇԽԱՏՈՒՆԻ

Թեհրան, 1-ն մարտի, 1950թ.

 

«Ալիք» օրաթերթ, Թեհրան, 9-12 մարտի 1950, թիւ 57-59

 

«Սյունյաց երկրի» կողմից

Հոդվածի հեղինակը՝ Ա. Աշխատունին, Զաքար Յոլյանն է՝ Գորիսի հինավուրց Յոլունց ազգատոհմից:

1920թ. հունիսի 8-ից (կարճ ժամանակով) Զաքար Յոլյանը զբաղեցրել է Սյունիքի գեներալ-կոմիսարի պաշտոնը:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո տեղափոխվել է Թբիլիսի, ապա Թեհրան, որտեղ էլ մահկանացուն է կնքել 1970թ.:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25