Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

08.11.2018 14:20
806

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործառույթները կազմակերպելու նպատակով կառավարությունն ընդունել է Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշում: Ըստ այդմ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2,707.144.2 հազար դրամ, ՀՀ արդարադատության նախարարությանը՝ 10,000,0 հազար դրամ, ՀՀ ոստիկանությանը՝ 234,224.8 հազար դրամ:

Արարատ Միրզոյանը հավելել է, որ բացի նշված գումարից, ընտրությունների կազմակերպման և անցկացման համար Հայաստանին ֆինանսական աջակցության ծրագիր է իրականացնում նաև միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: «Տարբեր դոնոր-պետություններ ևս մասնակցում են այս ծրագրին և հոգում են ծախսերի մի մասը, այդ թվում՝ տեսանկարահանող սարքերի տեղադրման, զանազան ուսուցողական նյութերի հետ կապված»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը և շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին:

 

Կբարձրանա  դեղերի հասանելիության և մատչելիության մակարդակը

Գործադիրը սահմանել է ՀՀ-ում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները: Հիմնավորման համաձայն՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով  դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան: Որոշմամբ նախատեսվում է կարգավորել դեղատնից դեղերի առաքման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում ակնկալվում է դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների սահմանման միջոցով կարգավորել և պատշաճ կարգով կազմակերպել առողջական խնդիրներ ունեցող պացիենտների (հենաշարժողական խնդիրներ ունեցող պացիենտներ, միայնակ ծերեր և այլն) դեղապահովումը:

Պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է վերաբաշխումների միջոցով ծրագրերի ընդհանուր միջոցները վերաբաշխել առավել հրատապ համարվող ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի մի շարք ծրագրերի շրջանակում իրականացված գնահատումների և փաստացի կատարողականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ ծրագրերի գծով առկա են թերակատարումներ, իսկ մի շարք, հատկապես հիվանդանոցային ծառայությունների մասով առկա են գերակատարումներ՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատչելիության և դիմելիության աճով։ Մասնավորապես, առաջարկվում է նվազեցնել «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց», «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ», «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրերի ընդհանուր միջոցները: Առաջարկվում է ավելացնել, մասնավորապես, «Շտապ բժշկական օգնության ծառայություններ», «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ»,  «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի ընդհանուր միջոցները:

 

Բարելավվում են զինծառայողների բնակարանային պայմանները

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերն իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թափանցիկ և հասցեական իրականացնելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում: Արդյունքում՝ բնակարանի կարիքավոր 1492 ընտանիքներից  2018թ. անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 62 ընտանիքի կամ կարիքավորների 4,2 տոկոսին:

«Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է, մասնավորապես,  բժշկական մասնագիտության գծով ուսումնառություն անցած քաղաքացիների հետուսումնական պայմանագրային ծառայության 5 տարվա ժամկետը փոխարինել 4 տարի ժամկետով:

 

Սփյուռքահայ գործարարներին կներկայացվեն Հայաստանում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները

Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սփյուռքի նախարարությանը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում տնտեսական զարգացմանը հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով, աջակցել  ներդրումների իրականացմանը: «Ներուժ» ծրագրի խնդիրն է բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստանը որպես բիզնես միջավայր ներկայացնելը: Նախատեսվում է տարեկան մինչև 100 սփյուռքահայ գործարարներին ներկայացնել հանրապետությունում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները: Ծրագրի շրջանակում ձեռներեցների հետ 5 օրվա ընթացքում բիզնես մենթորներն ու մարզիչներն անցկացնելու են բազմաֆորմատ դասընթացներ, սեմինարներ և պրեզենտացիաներ։ Միջոցառման վերջին օրը ձեռներեցները կներկայացնեն իրենց սթարթափ գաղափարները ժյուրիին և կարժանան մրցանակների։ Մինչև 10 լավագույն բիզնես ծրագրերը կֆինանսավորվեն մինչև 15 մլն դրամով և Հայաստանում կսկսեն իրենց գործունեությունը։ Միևնույն ժամանակ ծրագրի իրականացումը կնպաստի հայրենադարձության խթանմանը:

 

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարության նիստում քննարկվել է «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակը Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության առավել արդյունավետ կազմակերպումն է և Հանրապետության նախագահի լիազորությունների ավելի բովանդակային իրականացումը:  Օրինագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները Հանրապետության նախագահը շնորհում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ, սահմանվել է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերի լուծման կապակցությամբ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումներն նաև Հանրապետության նախագահին ներկայացնելու հնարավորությունը և այլն: Բացի այդ, ներկայացված օրինագծերով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե: Օրինագծերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, հարցադրումներ, առաջարկություններ: Արարատ Միրզոյանն  առաջարկել  է Ազգային ժողով ուղարկել միայն հասցեի փոփոխության հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը, իսկ  մնացած հարցերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների շուրջ շարունակել քննարկումները:  

Գործադիրը հավանություն է տվել «Սպառողական կրեդիտավորման մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ  օրինագծերի փոփոխությունների նպատակն է՝ մեղմել գյուղացիական տնտեսությունների և ՓՄՁ սուբյեկտների վարկային հնարավոր ռիսկերը: Ըստ նրա՝ գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների վարկային պորտֆելն այսօր կազմում է շուրջ 217 մլրդ դրամ: Օրինագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կկարգավորվեն ՀՀ գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտներում վարկային հարաբերությունները, կհստակեցվեն վարկառուների իրավունքները և վարկատուների պարտավորությունները, կսահմանվեն վարկային պայմանագրերում ներառվող նվազագույն պայմանները, հատկապես` վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու պահանջը, որի շնորհիվ ֆինանսական բարձր գրագիտություն չունեցող վարկառուն հնարավորություն կստանա օգտվել առավել ցածր տարեկան փաստացի տոկոսադրույքով վարկերից, իրապես պատկերացնել սպասվելիք իրական ամբողջական ծախսերի չափը, հետևաբար և` իր համար շահավետ որոշում կայացնել տվյալ տոկոսադրույքով վարկ վերցնելու կամ հրաժարվելու վերաբերյալ: Նախագիծը նաև անդրադառնում է սպառողների հետ հաղորդակցման կանոններին: Առաջարկվում է, որ կրեդիտավորողի կողմից սպառողներին տրամադրվող տեղեկատվությունը կրեդիտավորողի տարածքում նրանց հանձնելը լինի միայն այլընտրանքային տարբերակ: Եթե նույնիսկ տեղեկատվություն ստացողն ընտրի կրեդիտավորողի տարածքում ստանալու տարբերակը, ապա կրեդիտավորողները պարտավոր են լինելու պարտադիր ներկայացման տեղեկատվությունը  փոստով, էլեկտրոնային կապի միջոցով կամ էլեկտրոնային այլ միջոցով ուղարկել կրեդիտ ստացողին:

Հավանություն է տրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության առաջարկությանը: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագիծն ուղղված է այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործման թափանցիկության ապահովմանը: Կառավարությունը գտնում է, որ համապատասխան օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է և առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով, մասնավորապես, այն հանգամանքը, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով  ամրագրված են պաշտոնատար անձանց անվտանգության հետ կապված և օպերատիվ կարգավորում պահանջող դրույթներ և այդ պատճառով դրանք պետք է կարգավորվեն ՀՀ վարչապետի որոշմամբ:

Հավանության է արժանացել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Օրինագծի նպատակն է ամրագրել  կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը: Կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկան չեն և առաջարկում է գործող օրենքի փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ: Կառավարության առաջարկության համաձայն, մասնավորապես,  կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, զանգվածային ոչնչացումների և այլ իրավախախտումների վերաբերյալ սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը՝ 2018 թ. դեկտեմբերի 31-ը: Կառավարությունը ներկայացրել է միայն տեխնիկական բնույթի առաջարկություններ:

 

Այլ որոշումներ

Գործադիրը հաստատել է նաև «Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը, որի նպատակը քիմիական նյութերի՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության ապահովումն է: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում բացակայում է քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգը և ներկայումս քիմիական նյութերի կարգավորման բնագավառում առաջնային լուծում պահանջող խնդիրը քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգի ստեղծումն է, քանի որ քիմիական նյութերի հատկությունների, քանակության, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության, քիմիական նյութեր արտադրողների, ներմուծողների, իրացնողների վերաբերյալ տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալու պետական մարմիններին արդյունավետ կարգավորել բնագավառը: Հայեցակարգի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանում քիմիական նյութերի գործածության հետ կապված իրավահարաբերությունները:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում արտերկրից ընդգրկված 6 երաժիշտների 2018 թ. գործունեության շարունակությունն ապահովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը: Հիմնավորման համաձայն՝ վերջին տարիներին տաղանդավոր և փորձառու այդ երաժիշտների ներկայությունը նվագախմբում նպաստել է ֆիլհարմոնիկի կատարողական մակարդակի էլ ավելի բարձրացմանը, ստեղծագործական գործունեության զարգացմանը, միջազգային ասպարեզում նվագախմբի բարձր մակարդակով ներկայացմանը:  Այդ երաժիշտները նաև վարպետության դասեր, ուսուցողական ծրագրեր են անցկացնում հայ շնորհալի պատանի երաժիշտների հետ՝ պատրաստելով կադրեր պղնձա-փողային գործիքների համար: Հրավիրված երաժիշտների ծախսերը (վարձատրություն, կեցություն)  մինչև 2018 թ. ապրիլի 1-ը վճարել է «Լույս» հիմնադրամը: Ապրիլից հիմնադրամը դադարեցրել է ֆինանսավորումը, որը խնդիր է երաժիշտների հետագա գործունեությունը Հայաստանում շարունակելու համար:  Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հայտնել է,   որ խնդրի հետագա լուծումը  նախատեսվում է այլընտրանքային ֆինանսական աղբյուրների հաշվին, այլ ոչ թե պետբյուջեի:

 armenpress.am

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25