Տերը չի թողնի, որ քրիստոնյան պարտվի. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ

11.10.2020 17:48
5621

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ ՏԵՐ ՄԱԿԱՐ վարդապետ ՀԱԿՈԲՅԱՆԻ գնահատմամբ՝ 1915 թվականի, 1988-ի ու 2016-ի եւ այսօրվա թուրքը  ոչ մի փոփոխություն չի կրել: «Իրավունքի» հետ զրույցում Հայր սուրբը շեշտեց, որ թեպետ իրենք ցույց են տալիս, որ իբր զարգացել են, մարդկային մեծ ընտանիքի արժեք են ներկայացնում, բայց իրականության մեջ այդպես չէ:

- Թուրքը մնացել է 19-րդ դարի մեջ: 1915 թվականին խաղաղ ու անզեն 1,5 մլն անմեղ հայերին կոտորեց, 1988 թվականին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբաթում ջարդեր իրականացրեց եւ դրա հետեւանքով ստեղծվեց եւ առաջ եկավ Արցախյան ազատամարտը: Մեր ժողովուրդը ստիպված զենք վերցրեց, որ պահպանի իր գոյությունը: Իսկ 2016 թվականին այդ փորձը նորից կատարեցին, հիմա էլ նույնը կատարում են: Շատ հաճախ մենք խառնում ենք այդ ծայրահեղականներին  մահմեդականների հետ եւ փորձում բոլորին մի գծի մեջ տեսնել, բայց այդպես չէ: 1915 թվականին էլ շատ մահմեդականներ Սիրիայում, Եգիպտոսում եւ տարբեր այլ երկրներում օգնեցին եւ ցեղասպանությունից փրկեցին մեր հայերին: Նրանք էլ պարզ, հավատացյալ մարդիկ են, ովքեր ծայրահեղական չեն: Մեր խնդիրը ծայրահեղականների դեմ պայքարն է, որոնք, ինչպես տեսնում եք, ամբողջ աշխարհում ավերածություններ են իրականացնում, դաժան սպանություններ են գործում, նրանց համար մարդկային արժեք գոյություն չունի: Եվ այսօր հայ զինվորն ու հայ ժողովուրդը պայքարում է նման հանցագործների դեմ:

- Հայր Սուրբ, Միջին Արեւելքում պայթեցվեց Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին, ապա ականատես եղանք, թե ինչպես Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի եկեղեցին վերածվեց մզկիթի, հիմա ռմբակոծության տակ է հայտնվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին: Չե՞ք կարծում, որ այս ամենն ունի նախեւառաջ քրիտսոնեությունը ոչնչացնելու նպատակ:

- Չեմ ուզում հարցի քաղաքական կողմին անդրադառնալ: Ես, որպես հոգեւորական, հավատում եմ, որ Հայոց ազգն օրհնված է Տիրոջ կողմից, առաքյալների կողմից հիմնված եկեղեցի ունենք Առաքելական եւ Հայոց հողի վրա Տերն է իջել, ինչի արդյունքում ունենք Սուրբ Էջմիածին: Երբեք ու երբեք Սուրբ Էջմիածնի լույսը չի մարի՝ մինչեւ հավիտյանս վառվելու է այդ լույսը: Լինի թուրքը կամ ինչ-որ մեկը չեն կարող այդ լույսը հանգցնել:  Տիրոջ օրհնությամբ միշտ վառ ենք պահելու Լուսավորչի կանթեղը: Այո, երբ կարդում ենք Հայ եկեղեցու պատմությունը կամ ընդհանրապես՝ քրիստոենության պատմությունը, տեսնում ենք, որ միշտ էլ բռնակալներն ու բռնապետերը փորձել են մարել այդ լույսը, բայց չի ստացվել, որովհետեւ քրիստոնեությունը ճշմարտության կրոն է: Չեմ ուզում մյուս կրոններին անդրադառնալ, ամեն մեկն իր հավատալիքն ունի, բայց ես, որպես իմ քրիստոնյա ժողովրդի հոգեւորական, հավատում եմ, որ Տերը չի թողնի, որ քրիստոնյան պարտվի, որովհետեւ Տերն արդեն իսկ իր խաչով հաղթել է աշխարհին: Աշխարհի մեջ մանր-մունր բռնակալները չեն կարող հաղթել Տիրոջը, հավատացած եղեք:

- Փաստորեն, կարծում եք, որ այս անգամ էլ խաչով լինի, սրով լինի հաղթելո՞ւ ենք վաղ, թե ուշ…

- Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հոգեւորականներն էլ պատրաստ են ամեն մեկն իր դիրքում ու տեղում ամեն ինչ անել՝ մեր բանակի եւ մեր ժողովրդի համար: Այսօր ունենք բանակի հոգեւոր սպասավորներ, հոգեւորականներ, ովքեր խաչով եւ զենքով կանգնած են մեր զինվորների կողքին, մենք էլ իրենց ամեն ինչով աջակցում ենք, որովհետեւ մեր եղբայրներն ու զավակներն են այնտեղ: Ինձ համար այսօր Հայաստանի ամեն մի անկյունում հիմա ռազմաճակատ է: Անգամ Սփյուռքում ինձ համար ռազմաճակատ է, որովհետեւ մեր ժողովուրդը համախմբված ամենուր պայքարում է չարիքի դեմ: Այս առումով՝ մենք հաճախ սիրում ենք ասել, թե 10 միլիոնով պայքարում ենք ահաբեկչության դեմ, բայց այդպես չեմ համարում, որովհետեւ հայ ժողովուրդն աշխարհում 10 մլն է, բայց իր բարեկամ ազգերի հետ միասին դառնում է էլ ավելի մեծ թիվ աշխարհում: Այնպես որ, վստահ եմ, որ հաղթանակը մերն է լինելու՝ լինենք սահմանին անմիջապես, թե մեր տեղում պայքարենք:

- Ի՞նչ կցանկանաք այս պահին ասել հայ քրիստոնյաներին՝ որդեկորույս ծնողներին, սահմանին կանգնած զինվորին, վիրավորներին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը:

- Ամեն անգամ լսելով կորուստների մասին՝ շատ ծանր ապրումներ եմ ունենում, բայց մյուս կողմից էլ գիտեմ, որ այդ նահատակվածների թափված արյունով մեր երկիրը սրբագործվում է, մեր ազգը մաքրվում է, որովհետեւ նրանք պայքարում էին մեր ժողովրդի, մեր երկրի, մեր սրբություները պահելու համար: Հարվածեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, բայց այն կանգուն է: Վստահ եղեք, որ զինվորը հենց այդ եկեղեցին ու հավատքն է պահում: Մեր վիրավորներին մաղթում եմ, որպեսզի շուտ ապաքինվեն եւ Աստծուն խնդրում եմ, որ ապաքինվելուց հետո էլ խնդիրներ չունենան: Արցախի նախագահին ցանկանում եմ քաջություն եւ կորով: Գիտեմ, որ ունի, բայց թող Աստված կրկնապատկի, որովհետեւ մեր զինվորներին եւ մեր ժողովրդին պետք է: Մեր զինվորներին Աստծո աջի հովանավորությունն եմ խնդրում, որ իրենք լինեն անփորձանք եւ իրենց  առջեւ դրված խնդիրները կարողանան կատարել փայլուն, ինչպես կատարել են մինչեւ օրս: Թող Աստծո օրհնությամբ՝ չունենանք այլեւս կորուստներ, այլ քայլենք առաջ, որ թշնամին իր տեղը ճանաչի: Մեր զինվորները մեր ազգի պարծանքն են եւ վստահ եմ՝ մեզ հաղթանակ են պարգեւելու, ու այսուհետ հայի արյուն չի թափվելու: Մեր երկիրը լինելու է էլ ավելի հզոր  եւ էլ ավելի շեն: Աստված օրհի ամենքին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00