Տիգրան Փարվանյան. «Երբ հայոց սահմանին վտանգ է սպառնում, ժողովուրդը թողնում է ամեն ինչ եւ դառնում մեկ բռունցք՝ մեկ նպատակով»

26.12.2016 11:19
3478

Հարցազրույց ՀՀ զինված ուժերի առաջին բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հետ


- Պարո՛ն Փարվանյան, 2016թ. մեր ժողովրդի պատմության մեջ նախեւառաջ կմնա որպես ապրիլյան քառօրյա պատերազմի տարի:  

- Չնայած լայնածավալ գործողությունները ծավալվեցին ապրիլ ամսին, բայց դեռեւս 2016թ. հունվարից մեր հակառակորդը սկսել էր իրեն անհանգիստ պահել, առավել հաճախակի էին դարձել կրակոցները, անմարդկային գործողությունները եւ այլն: Այդ ամբողջ ժամանակահատվածում արժանի  պատասխան ստանալով՝ մասամբ հանդարտվում էին, մինչեւ ապրիլյան չարաբաստիկ օրերը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեցին թշնամու լայնածավալ դավադիր գործողությունները: Իհարկե, փառք ու պատիվ մեր բանակին, հայ սպային, զինվորին, որ կարողացան իրենց գործողություններով կանգնեցնել, հետ շպրտել հակառակորդին՝ հիմնականում ապահովելով մեր այսօրվա, այս պահի խաղաղ կյանքը: Հակառակորդը մինչ օրս էլ անընդհատ սադրիչ գործողությունների է դիմում՝ տարբեր հետախուզական խմբեր ուղարկելով, խախտելով հրադադարի ռեժիմը:

Ապրիլյան քառօրյա պատերազմը հայ ժողովրդի պատմության մեջ, իհարկե, իր հետքը թողեց, բայց այն կարեւոր էր նախեւառաջ նրանով, որ այդ օրերին ժողովուրդը թե՛ ՀՀ-ում, թե՛ սփյուռքում դարձավ բռունցք, մեկ մարմին, որ կանգնեց հայոց բանակի թիկունքին, որպեսզի դավադիր, արյունոտ դնչով շունը չկարողանա հատել մեր սահմանը, ոտնատակ անել հայոց գյուղերն ու քաղաքները: Թշնամին զգաց, որ օրեցօր հզորանում ենք եւ չնայած նրանց՝ տարբեր երկրներից ձեռք բերված նորագույն զինտեխնիկային, քանակային առավելությանը՝ հայ զինվորն իր ոգով ու մարտական պատրաստվածությամբ կարողացավ զսպել հակառակորդին: Մշտապես եղել եմ այն համոզման, որ կարեւորը մարդու ոգին է, որը կարող է մղել նրան հերոսական քայլերի՝ պաշտպանելով հայրենիք, ազգ, սրբություն, հող, ջուր… Իսկ մեր զինվորի մարտական ոգու բարձրությունը գագաթնակետին է հասել, մեր ժողովուրդն այդ ոգով է ապրել եւ ապրում: Ճիշտ է, մեր երկրում տարբեր խնդիրներ կան, բայց երբ հայոց սահմանին վտանգ է սպառնում, ժողովուրդը թողնում է ամեն ինչ եւ դառնում մեկ բռունցք՝ մեկ նպատակով: Բոլորիս սրբություն հայրենիքը միահամուռ է դարձնում մեր ժողովրդին, եւ հենց դա է մեր հիմնական ուժը:         

- Այդ օրերին երկու անգամ մեր ստեղծագործական խումբն առաջնագծում Ձեզ հանդիպեց եւ արձանագրեց զորքի պատրաստվածության բարձր մակարդակ:

- Պատերազմի առաջին պահերին հնարավոր է՝ լինեն զինվորներ, ովքեր ինչ-որ առումով չկարողանան կողմնորոշվել: Բայց եթե նրանց գլխավերեւում կան մարդիկ, ովքեր սառնասրտորեն են վերաբերվում ստեղծված իրավիճակին եւ վերադասից ստացված յուրաքանչյուր հրահանգ ժամանակին կատարում, ապա ամեն ինչ կարգավորվում է: Վախը մարդկային զգացմունք է, որ յուրաքանչյուր գիտակից մարդու բնորոշ է, այստեղ հարցն այն է, թե դու ինչպես կկարողանաս այն կառավարել: Զինվորին՝ զորամաս մտնելու առաջին իսկ պահից, սովորեցնում ենք հաղթահարել այդ վախը եւ հոգեբանորեն պատրաստում ամենավատ իրավիճակներին: Եթե զինվորը դադարի պատրաստ լինելուց, կապ չունի պատերազմական թե խաղաղ օրեր են, ուրեմն կարող ենք համարել, որ բանակ, զինված ուժեր չունենք: Իր մարտունակությամբ, հաստատակամությամբ ու գործողություններով մեր բանակն ապացուցեց, որ լավագույններից է: Բնական է, որ կլինեն թերություններ, դա ոչ ոք չի ժխտում: Ինչպես չկա անթերի մարդ, այնպես էլ չի կարող մեկ օրգանիզմ համարվող բանակը լինել անթերի: Եթե որեւէ ստորաբաժանում ինձ զեկուցի, որ թերություններ չունի, ես կասեմ, որ այնտեղ չեն աշխատում, կառույցը չի գործում: Եթե այս պահին ասենք, որ մեր բանակում թերություններ չկան, ուրեմն կանգ ենք առել եւ այլեւս առաջ շարժվել, զարգանալ հնարավոր չէ. կյանքը կանգ չի առնում, ուստի նրան համընթաց պետք է քայլենք, որ չկործանվենք:    

- Ապրիլյան պատերազմի օրերին եւ հետագայում էլ մամուլում հաճախ էր շեշտվում, որ դասեր չենք քաղում, բայց ամիսներ հետո ականատես եղանք արմատական փոփոխությունների, որոնք իրականացվեցին համակարգում:

- Փոփոխություններ շատ են կատարվել, որոնք, իհարկե, հրապարակման ենթակա չեն: Ինչ վերաբերում է դասեր քաղելուն, մենք ոչ միայն ապրիլյան պատերազմից, այլեւ ամեն խաղաղ օրվանից անգամ պետք է դասեր քաղենք: Մենք տեղում չենք դոփում, առաջ ենք շարժվում, ինչի համար պետք է դասեր քաղենք անցյալից, թույլ չտանք սխալներ, որ այսօր ենք թույլ տալիս: Քառօրյա պատերազմով, իհարկե, այլ խնդիրներ առաջացան, որոնց վերացման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում նաեւ մինչ այդ: Մեր թերությունների մասին մեզանից լավ ոչ ոք չգիտի, նույն մամուլը պատերազմի օրերին իհարկե զսպվածություն ցուցաբերեց, բայց պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսեցին ցեխ շպրտել բանակի գործունեության վրա: Հասկանալի է, որ հնարավոր չէ բոլորին գոհացնել, բայց ես խնդրում եւ պահանջում եմ՝ որեւէ հրապարակում կատարելուց առաջ նախեւառաջ լինել տեղում, ճշտել հանգամանքները, հետո արձանագրել: Չճշտված եւ վատաբանող տեղեկատվությունն ավելի արագ է տարածվում հանրության շրջանում. ասենք՝ զինվորը հեռախոսով խոսելիս ինչ-որ բանից դժգոհեց, դա դարձնում են մատի փաթաթան ու տարածում բոլորի վրա՝ մոռանալով, որ նա կարող է սուբյեկտիվ կարծիք ունենալ: Զինվորը սրբություն է, ով առանց խելամիտ հրամանատարի չի կարող մարտ վարել: Քառօրյա պատերազմի օրերին մեր զինվորները սխրանքներ գործեցին, բայց չմոռանանք, որ նրանց կողքին նաեւ լավ սպա կար: Հավատացնում եմ՝ հայ զինվորը, սպան միշտ պատրաստ են հայրենիքի սահմանները պաշտպանելու, իսկ հրամանատարական կազմը կատարում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները:

- Վերջերս ՀՀ նախագահն այցելեց Ձեր ենթակայության զորամասերից մեկը, եթե չենք սխալվում, այնտեղ նաեւ վերազինում է կատարվել: Ինչպե՞ս գնահատվեց զորամասի աշխատանքը:   

- Կարող եմ ասել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում զորամասերի աշխատանքը՝ անձամբ այցելելով եւ տեղում ծանոթանալով: Ինչ վերաբերում է բանակի վերազինմանը, ապա այն անընդհատ իրականացվող գործընթաց է, որ կանգ չի առնում: Նախագահը զորամասի աշխատանքը գնահատել է բավարար:

- Հունիսին, դժբախտաբար, Ձեր զորամիավորումը հայտնվեց նաեւ տարերային աղետի տակ, որ նույնպես այդ օրերի տխուր էջերից է:

- Տխուր էջեր շատ են եղել… Իսկ հունիսի 8-ի տարերային աղետն իր տեսակով իսկապես աննախադեպ էր, որը նաեւ մարդկային կյանք խլեց: Ի պատիվ մեր սպայակազմի՝ պետք է նշեմ, որ շատ օպերատիվ աշխատանք կատարվեց, ինչի արդյունքում մարդկային կյանքեր փրկվեցին, խուսափեցինք ավելի մեծ կորուստներից:

- Այն օրերին չէինք ուզում գնահատական տալ կամավորական շարժմանը, միգուցե այսօր գնահատեք նրա դերը:

- Կամավորական շարժումը հայ ժողովրդի համար կարեւոր շարժիչ ուժ է: Զինված ուժեր- հասարակություն նույն օրգանիզմն են, որ մեկ բառով կարելի է անվանել ժողովուրդ, որ երբեք իր աչքերը չի փակում հայրենիքի համար դժվարին ու նեղ պահերին: Արցախյան առաջին պատերազմի մասնակից տղաները, ինչպես նաեւ հայոց բանակում ծառայած սերունդը, առանց տարիքային սահմանափակման, անկախ հնարավորություններից, ներկայացան հավաքակայան՝ մեկ բռունցք դարձած մեկնելով սահման: Հետաքրքիր մի հրապարակման հանդիպեցի այդ օրերին, որտեղ ադրբեջանցի լրագրողը նշում էր, որ այդ օրերին Բաքվից ադրբեջանցիները փախչում էին դեպի Ռուսաստան, իսկ Երեւանից՝ դեպի Արցախի սահման: Մեր մեծությունը, ուժը, այսքան դարեր գոյություն ունենալու գաղտնիքը հենց սրա մեջ է: Հայի ոգին միշտ եղել է անկոտրում. աշխարհի քարտեզից շատ պետություններ վերացան, բայց մենք դեռ կանք ու հազարամյակներով կլինենք, որովհետեւ մեր երակներով Հայկի արյունն է հոսում:

- Ապրիլյան պատերազմի օրերին սահմանամերձ գոտիներում՝ համարյա առաջնագծում, հանդիպեցինք նաեւ կանանց:

- Մեր կանայք, աղջիկները մեզ հետ հավասար ծառայում են թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական պայմաններում եւ երբեւիցե չեն տրտնջում: Արցախյան առաջին պատերազմի տարիներին էլ կանայք եղել են մեր կողքին, աջակցել մեզ, նեցուկ եղել ամեն հարցում: Այն կանայք, ովքեր համազգեստ են կրում, իրենց եւ ոչ մի քայլով հետ չեն մնում սպայից ու հրամանատարից: Երբ նրանք ծառայության են անցնում, քաջ գիտակցում են, որ միայն խաղաղ օրվա համար չեն ծառայում, եթե պետք լինի, տղամարդկանց հետ միասին զենք կվերցնեն: 

- Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Ազգ-բանակ» կարգախոսի ներքո հանդես եկավ «1000 դրամի» հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ, որի վերաբերյալ հնչեցին ոչ միանշանակ կարծիքներ: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այս հարցի շուրջ:  

- Գիտե՞ք՝ ինչ, ես երբեւիցե գնահատական չեմ կարող տալ ժողովրդի անունից: Ընդամենը հետեւեցի Ազգային ժողովի քննարկումներին եւ քվեարկությանը, բայց իմ կարծիքով, մարդկանց մի խումբ ընդամենը կարծիք հայտնեց, որ իր գոյության մասին հիշեցնի կամ ցույց տա, որ աշխատում է եւ այլն: Իհարկե, հարգում եմ բոլորի կարծիքը, բայց կան հարցեր, որոնց վերաբերյալ պետք է ընդհանուր հայտարարի գանք՝ ելնելով ազգային շահերից: Ոչ ոք երաշխավորված չէ, որ վաղը կարող է չզոհվել կամ վիրավորվել, ուստի նախաձեռնությունը ողջունելի է եւ հեռանկարային: Սպան, զինվորը, կամավորը պետք է վստահ լինեն, որ եթե, Աստված մի արասցե, իր հետ որեւէ բան պատահի, ընտանիքի հոգսը պետությունը կթեթեւացնի: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում շատերը կհասկանան հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունն ու կարեւորությունը. միայն քայլ առ քայլ առաջ շարժվելով՝ կհասնենք հաջողության:  

- Ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին սահմանի օպերատիվ վիճակը: Ըստ պաշտոնական լրատվամիջոցների՝ հակառակորդ կողմը սահմանախախտման դեպքերի թիվն ավելացրել է: 

- Իրավիճակը շփման գծում միշտ էլ կայուն լարված  է եղել թե՛ ապրիլյան դեպքերից առաջ, թե՛ հետո եւ թե՛ այս պահին: Այդ լարվածությունը հիմնականում կապում եմ «հարեւան» երկրի իշխանությունների վարած քաղաքականության հետ: Երբ նրանց իշխանությունները զգում են, որ ժողովուրդը քաղաքական, սոցիալ-տնտեսական հարցեր է բարձրացնում, սահմանին սկսում է իրավիճակը լարել՝ ժողովրդի ուշադրությունը ներքաղաքական վիճակից շեղելու համար: Մենք պետք է զգոն լինենք, որ կարողանանք հնարավոր վտանգը կանխարգելել. թշնամին անընդհատ փորձել է եւ կփորձի սադրել գործողություններ: Նրանց պահվածքը կենդանական բնազդի հետ կարելի է համեմատել. անընդհատ կծել ցանկացող շան ատամներին պետք է անընդհատ խփես, եթե թիկունքդ ցույց տաս, նա անմիջապես կկծի: Մեր թշնամին միայն նմանատիպ համեմատության է արժանի եւ ոչ ավելին:  

- Արդեն մի քանի օր է՝ որպես զորամիավորման հրամանատար աշխատում եք զորամասերից մեկում (Կապանի զորամասում), ինչո՞վ է դա պայմանավորված:

- Հիմնականում հաճախ եմ այցելում ենթակա զորամասեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այցելությունս այլ նպատակ է հետապնդում, չմանրամասնենք: Իմ խորին համոզմամբ՝ որեւիցե հարցի արդյունավետ լուծման լավագույն տարբերակն անձամբ ներկա լինելն է, քան հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով ղեկավարելը: Սա իմ աշխատելաոճն է եղել եւ այդպես էլ կմնա:   

- Ձեր շնորհավորանքը Ամանորի եւ Սուրբ ծննդի առիթով:

- Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, առողջության, ուրախության տարի: Որպես մարզում տեղակայված զորամիավորման հրամանատար՝ կցանկանամ, որ այստեղ լինի խաղաղություն,  մարդիկ շարունակեն արարել խաղաղ պայմաններում: Թող այդ խաղաղ օրը չխախտվի զենքի կրակոցներից: Թող ոչ ոք զենքը ձեռքին չվազի սահման, իսկ հայ մարդու համար զենք կարող է դառնալ նույնիսկ եղանը… Թող մեր բժիշկների աշխատանքը պակասի, հիվանդությունները նվազեն, ուժային կառույցների գործը քչանա, բոլոր տեսակի զենքերը կրակեն միայն զորավարժարաններում, սահմանի ուղղությամբ ոչ մի փամփուշտ չարձակվի: Բայց միեւնույն ժամանակ երբեւիցե չպետք է կորցնենք մեր զգոնությունը եւ ամեն վայրկյան պատրաստ լինենք մեր զենքերի փողերն ուղղելու դեպի հակառակորդը եւ այնպես անելու, որ իր գոյության ողջ ընթացքում հիշի մեր տված դասը: Իմ զինվորին, սպային, կառույցի յուրաքանչյուր աշխատակցին մաղթում եմ առողջություն, բարի ծառայություն եւ բարի վերադարձ իրենց սուրբ օջախներ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41