ՏԻՄ ընտրություններ Տաթեւ նորակազմ համայնքում

15.02.2016 15:09
3566

2016թ. փետրվարի 14-ին Տաթեւ նորակազմ համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Տաթեւ համայնքը՝ ներկա տեսքով, Հայաստանի Հանրապետությունում խոշորացվող համայնքներից մեկն է, իսկ Սյունիքի մարզում՝ առաջինը:

Դեռեւս 2011 թվականին էր ՀՀ կառավարությունը մշակել «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»: Իսկ 2014-ին մեկնարկել է այդ հայեցակարգի իրականացման «պիլոտային» ծրագիրը, որի մեջ ընդգրկվել էր նաեւ Գորիսի տարածաշրջանի Տաթեւի ենթաշրջանը:

2015թ. մայիսի 17-ին ենթաշրջանի գյուղերում հանրաքվե էր:

Առաջադրվել էր հետեւյալ հարցը՝ «Համաձա՞յն եք, որ Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները միավորվեն Տաթեւ համայնք անվամբ, Շինուհայր համայնքային կենտրոնով»:

Ութ գյուղի ընտրողները ձայների ճնշող մեծամասնությամբ «այո» պատասխանեցին առաջադրված հարցին:

2015թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», որն էլ ՀՀ նախագահի կողմից վավերացվեց 2015թ. դեկտեմբերի 15-ին: Ըստ այդ օրենքի՝ վերջնականապես ձեւավորվեց Տաթեւ համայնքը:

Այնուհետեւ՝ 2016թ. հունվարի 14-ին, ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունները, իսկ 2016թ. փետրվարի 14-ը հայտարարվեց նորակազմ համայնքի ՏԻՄ ընտրությունների օր:

Տաթեւ համայնքի ղեկավար ընտրվելու համար մրցապայքարի էին ելել Իգոր Աբրահամյանը (անկուսակցական, ինքնաառաջադրում), Վարշամ Բագրատյանը (անկուսակցական, ինքնաառաջադրում), Մուրադ Սիմոնյանը (ՀՀԿ անդամ, առաջադրել է ՀՀԿ-ն):

Ընտրությունները, կարելի է ասել ամենայն որոշակիությամբ, անցան ընտրողների ակտիվ մասնակցության մթնոլորտում. քվեարկության իրավունք ունեցող 4395 քաղաքացուց քվեարկությանը մասնակցեց 2729 հոգի (մոտ 62%): Ընդ որում՝ Շինուհայրի 1771 ընտրողից քվեարկությանը մասնակցեց 1130-ը, Տաթեւի 653 ընտրողից՝ 401-ը, Խոտի 652 ընտրողից՝ 414-ը, Հարժիսի 569 ընտրողից՝ 313-ը, Հալիձորի 444 ընտրողից՝ 300-ը, Սվարանցի 221 ընտրողից՝ 114-ը, Տանձատափի 69 ընտրողից՝ 50-ը, Քաշունիի 16 ընտրողից՝ 7-ը:

Քվեարկության նախնական արդյունքներով համայնքի ղեկավարի համար առաջադրված երեք թեկնածուն ստացավ հետեւյալ քանակությամբ ձայներ՝ Աբրահամյան Իգոր՝ 824, Բագրատյան Վարշամ՝ 598, Սիմոնյան Մուրադ՝ 1236:

Արդյունքում՝ Տաթեւ համայնքի ղեկավար ընտրվեց Մուրադ Սիմոնյանը, ով մինչ այդ Տաթեւի գյուղապետն էր:

Ձեւավորվեց նաեւ համայնքի ավագանի: Առաջադրված 12 թեկնածուից դուրս մնաց մեկը, իսկ ավագանու անդամներ ընտրվեցին՝ Անդրանիկյան Հայկ, Բախշյան Գեւորգ, Գալստյան Արամ, Գառնիկյան Սեւակ, Գերասիմյան Մարտին, Խաչատրյան Անդրանիկ, Կարապետյան Գրիգոր, Հակոբյան Սեդրակ, Հայրապետյան Սարգիս, Մաթեւոսյան Գեսիկ, Մինասյան Գուժ: Ընդ որում՝ ամենաշատ ձայներ ստացավ Գեւորգ Բախշյանը՝ 365 կողմ, իսկ Գեւորգ Ավետյանը, ով դուրս մնաց, ստացավ 91 ձայն:

Իհարկե, իշխանության վերին օղակներում եւ քաղաքական ու փորձագիտական շրջանակներում վերլուծություններ կարվեն ու գնահատականներ կտրվեն, քանի որ խոշորացված համայնքում առաջին ընտրություններն էին: Բայց, չսպասելով այդ ամենին, մի քանի նկատառում եւ եզրակացություն արդեն իսկ կարելի է ներկայացնել:

Քվեարկության իրավունք ունեցողներից 1666 հոգի չմասնակցեց քվեարկությանը: Ըստ երեւույթին չմասնակցածների զգալի մասը բացակայում էր մշտական բնակության վայրից: Մենք փետրվարի 14-ին ականատես եղանք ընտրողների իսկական եռուզեռի. քիչ հավանական է, որ նման եռուզեռի պարագայում անտարբերների այդքան մեծ բանակ լիներ: Իսկ եթե նրանք իրոք անտարբերներ են եղել, ապա ավելի շատ մտածելու բան ունենք:

Ընտրական բոլոր տեղամասերում ներկա էին համայնքի ղեկավարի թեկնածուների եւ ավագանու անդամի թեկնածուների վստահված անձինք՝ ամեն տեղամասում մոտ տասը հոգի: Ներկա էին նաեւ մայրաքաղաքային  մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասել է թե՝ ընտրական բոլոր տեղամասերում գործում էր վերահսկողության լուրջ համակարգ, ինչը բացառում էր կեղծարարության հնարավորությունը քվեարկության եւ արդյունքների ամփոփման ընթացքում:

Ընտրության ելքի համար վճռական ճակատամարտը, այնուամենայնիվ, տեղի էր ունենում Շինուհայրում: Համայնքի ղեկավարի երեք թեկնածուից երկուսն այդ գյուղից էին՝ Իգոր Աբրահամյան, Վարշամ Բագրատյան: Նրանց ջանքերի մեկտեղմանը եւ մեկի ինքնաբացարկի կազմակերպմանը միտված բանակցությունները (տեղի ակտիվիստների նախաձեռնությամբ) արդյունք չէին տվել: Այնպես որ՝ ամենամեծ քանակությամբ ընտրողներ ունեցող Շինուհայրում պայքարում էին միմյանց եւ ոչ թե Տաթեւի նախկին գյուղապետ Մուրադ Սիմոնյանի դեմ:

Եթե Շինուհայրը հանդես գար մեկ թեկնածուով, ապա ընտրությունները, ամենայն հավանականությամբ, այլ ելք կունենային:

Քվեարկության օրը բազմաթիվ հանդիպումներ ունեցանք տարածաշրջանի բնակիչների հետ: Մեծ մասը մեզ քաջածանոթ հարցն էր առաջադրում. արդյո՞ք սա է լեռնային գյուղերի փրկության ճանապարհը: Շատերը սխալ էին համարում համայնքների խոշորացման այս միջոցառումը: Եթե նույնիսկ Սվարանցի, Տանձատափի ու Քաշունիի պարագայում դա անհրաժեշտություն էր, ապա Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Խոտ, Հարժիս կենսունակ գյուղերի պարագայում՝ անբացատրելի ու անտրամաբանական: Ոմանք էլ ենթադրություններ արեցին, որ համայնքների խոշորացման ներկա հայեցակարգը չի դիմանա պատմության ու ժամանակի քննությանը, եւ վաղ թե ուշ շրջադարձ կկատարենք դեպի հետ:

Փետրվարի 14-ի ընտրությունները վերստին ցույց տվեցին, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ այնքան էլ կարեւոր չեն կուսակցական պատկանելությունը, գաղափարներն ու ծրագրերը (դրանից, ի դեպ, չպիտի էլ զարմանալ. քաղաքապետերն ու պատգամավորներն անգամ մեզանում գաղափարական ու ծրագրային պլատֆորմով չեն ներկայանում հանրությանը):

ՏԻՄ ընտրությունների ժամանակ (մանավանդ խոշորացվող համայնքներում) առաջին պլան է մղվում տեղային հայրենասիրությունը: Կարեւոր են, անշուշտ, մարդկային, ընկերական, բարեկամական հարաբերությունները եւ, իհարկե, իշխանությունների դիրքորոշումը. չԷ՞ որ համայնքի ապագա ղեկավարը (անկախ անձնավորությունից) չի կարող ինքնուրույն, չեղած սեփական ռեսուրսով որեւէ հարց լուծել առանց բարձր իշխանությունների աջակցության:

Ինչեւէ, Գորիսի տարածաշրջանի ութ գյուղում պատմական նոր ժամանակաշրջանի հաշվարկ է սկսվում: Եվ այդ ժամանակը կպատասխանի բոլորիս հետաքրքրող գլխավոր հարցին՝ արդյո՞ք համայնքների խոշորացումն այն հաստատ ճանապարհն է, որ լեռնային գյուղերին կբերի հարատեւություն, ամրություն, խնդիրների լուծում եւ վաղվա օրվա հեռանկար:

Իսկ հիմա շնորհավորենք համայնքի նորընտիր ղեկավար Մուրադ Սիմոնյանին եւ ավագանու անդամներին՝ նրանց մաղթելով հաջողություններ Սյունիքի մարզի ենթաշրջաններից մեկի ղեկավարման գործում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46