«Տունս hողին են հավասարեցրել»․ ստեփանակերտցիները՝ իրենց քանդվող տների մասին

02.12.2025 15:21
470

«Էս իմ ծնողների շենքի բակն է, մինչև քանդելը, համացանցում եմ տեսել, թե ոնց են ամեն ինչ թափել էստեղ, երևի թալանել են, իհարկե՝ թալանել են»,- ասում է Ինեսան՝ ցուցադրելով ադրբեջանական աղբյուրներից գտած լուսանկարը։

Ազատամարտիկների փողոցի կողոպտվող բակերը

Նախքան շենքերը քանդելը, ադրբեջանցիները դատարկում էին բնակարանները՝ հանելով անգամ պատուհաններն ու տանիքները, իսկ ավելորդ իրերը՝ նետում բակերը։ Ավերածությանը նախորդում էր կողոպուտը։

Ավելի ուշ՝ որոշ շինություններ սկսեցին ոչնչացնել՝ Ստեփանակերտի Թումանյանի, Մարտունու, Ազատամարտիկների, Սարոյանի, Մխիթար Գոշի, Արթուր Մկրտչյանի և այլ փողոցներում։

Ի դեպ, Ազատամարտիկների փողոցում էր արտաքին գործերի նախարարության շենքը, որը, ադրբեջանցիները ցուցադրաբար քանդեցին այս տարի ու խորհրդանշական օր՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հանրապետության հռչակման օրը։

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում մեր՝ հեղինակիս տունը, ևս քանդել են, թեև դուրս գալու պահին այլ ակնկալիքներ ունեի։ Կարծում էի, որ մեր բնակարանում ադրբեջանցիները ապրելու են, քանի որ դրա համար կային բոլոր պայմանները։

Կար ժամանակ, որ Ստեփանակերտի այդ փողոցներում, բակերում ու տներում կյանքը եռում էր։ Ջուլետան ապրում էր որդու՝ Արամի հետ, Ինեսան՝ իր պապական տանը՝ Ազատամարտիկների փողոցում։

Ջուլետա Խալափյանը

Ջուլետայի հետ թերթում ենք իր ալբոմի՝ տարիներ առաջ արված լուսանկարները։

«Մեր տանն է, Արամի ընկերներից մեկի ծնունդն է,- ասում է 79-ամյա Ջուլետա Խալափյանը։- Ինձ համար մի տորթ թխիր էլի, քո տորթը շատ համով է։ Ես էլ թխեցի, իրենք՝ այս կողմում նստած են․ խոհանուցից գալիս եմ դեպի հյուրասենյակ` դեպի սենյակ եմ տանում տորթը»։

«Արամի ընկերներից մեկի ծնունդն էր… Ինձ համար մի տորթ թխիր էլի…»

Ջուլետան միշտ հյուրեր էր ընդունում Ստեփանակերտի իր տանը։

«Տո Արամի ընկերները, տո իմ քրոջ երեխաները, տո իմ ախպոր երեխան, տո իր ընկերների քույրերը»,- ասում է նա։

Մխիթար Գոշի փողոցի շենքերը, որտեղ բնակարան ուներ Ջուլետան, ադրբեջանցիները կամաց-կամաց հողին հավասարեցրին, բացի Արցախի պետական համալսարանից, որը այժմ կոչվում է Qarabağ Universiteti:

Էկրանապատկեր՝ Ստեփանակերտի Մխիթար Գոշ քանդված փողոցից

«Քանդելուց մի երկու օր հետո ընկերուհիս զանգում է, թե՝ «գիտե՞ս ձեր տունը հողին են հավասարեցրել», ու հաջորդաբար՝ մնացած շենքերն էլ։ Եկել եմ տուն, Արամին ասում եմ, որ մեր շենքը քանդել են, ինչո՞ւ չես ասում։ «Մամ, ասեմ, որ տխրե՞ս»,- պատմում է Ջուլետան։

Ջուլետան ասում է, որ այդ շենքը իր կյանքի մի մասնիկն է եղել․ այնտեղ բոլոր հարևանների հետ ջերմ հարաբերություններ է ունեցել։

«Այդ ցավը, այդ վիշտը չի մոռացվում ոչ մի կերպ։ Մեկ ա, ինչքան ասում եմ՝ չհիշեմ, տղաս ա հետս կռիվ անում՝ մամ, ոչինչ, ողջ ենք, նորից կստեղծենք։ Մեկ ա, եթե նորից էլ ստեղծեմ, ծիծեռնակի պես ամեն մի շյուղ կպցնելիս, առաջվա բույնն ես հիշում…»,- ասում է նա։

Ինեսայի հետ ևս թերթում ենք նրա լուսանկարների ալբոմը։

«Էս մեր թաղի երեխաներն են, մենք շատ մտերիմ հարաբերություններ ունենք․․․ Ճիշտն ասած, չի ստացվում հաճախ շփվել իրար հետ, բայց մենք իրար հետ պատերազմ ենք անցել, իրար հետ նկուղում էինք ապրում»,- պատմում է 43-ամյա Ինեսան, որը մեր փողոցից է՝ հարևան շենքից։

«Մեր թաղի երեխաները»

Անգամ տեսանյութ տեսնելուց հետո Ինեսան չէր հավատում, որ իրենց տունը քանդել են։

«Ստոպ տվեցի, հետո զում արեցի ու տեսա, որ Ազատամարտիկների փողոցի շենքերն են քանդում, ինձ համար դա շոկ էր։ Ճիշտն ասած, չէի զարմանում, բայց մեկ ա՝ ցավը շատ էր, որովհետև էդ իմ պապական տունն է, այնտեղ եմ ծնվել-մեծացել, էնտեղ են ծնվել իմ երեխաները, շատ ժամանակ իրենք այնտեղ են անցկացրել։ Շատ դաժան ցավ է, ոչ մեկին չեմ ցանկանա»,- ասում է Ինեսան։

Ինեսա Գասպարյանը

Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը խորհրդանշում է պատմության երեք դարաշրջան․ խորհրդային տարիներին այն կոչվում էր ռուս բոլշևիկ Կիրովի անվամբ, ազատագրական պատերազմից հետո այն կոչվեց Ազատամարտիկների, իսկ այժմ՝ Ադրբեջանի պողոտա։

Ոչ թե նույնիսկ «վերաբնակեցում», այլ «վերադարձ»

Իլհամ Ալիևը շինություններ քանդելուց բացի, մի շարք բնակավայրեր բնակեցնում է ադրբեջանցիներով՝ հայերի տներում։ Ստեփանակերտից բացի՝ Խնածախը, Կարմիր Շուկան, Վանքը, Նորագյուղը, Հաթերքը, Քոլատակը, Շոշը, Աստղաշենը, Այգեստանը և այլ հայկական բնակավայրեր բնակեցվում են ադրբեջանցիներով։

Եվ այդ ամենի անունը նույնիսկ «վերաբնակեցում» չի դնում, այլ՝ «վերադարձ»՝ չնայած այն փաստին, որ այդ հինավուրց հայկական գյուղերում երբևէ ադրբեջանցիներ չեն ապրել։

Տան բանալին՝ հողի մեջ

Արցախի կորստից հետո տարածում ստացավ նման հուշանվերների պատրաստումը՝ «տան բանալին՝ հողի մեջ»։ Այն խորհրդանշում է վերջին կապը կորսված տան հետ։ Բայց մի՞թե այս խորհրդանիշը չի դառնում անիմաստ, երբ հասկանում ես, որ տունդ այլևս չկա։

Տան բանալիս՝ հողի մեջ

Ինեսայի հետ զրուցելիս ասում եմ, որ երբ տունը ֆիզիկապես կա, քեզ թվում է, որ վերադառնալու ես, միգուցե և այդկերպ ինքդ քեզ խաբում ես։

«Ես միշտ մտածում էի, որ տունը չկա՝ սարքելու ենք, կառուցելու ենք»,- ասում է նա։

Ադրբեջանցիները շարունակում են քանդել գյուղերը, եկեղեցիները և գերեզմանոցները։

Մնում է միայն հուսալ, որ իրենց հողում հանգչողներին էլ չեն անհանգստացնի և կթողնեն խաղաղության մեջ։

civilnet.am

Ադրբեջանն իրականացնում է Հայաստանի հետ տրանսպորտային կապերի վերականգնման պարտավորությունները

04.08.2026 15:08

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01