Ում են անհանգստացրել վարչապետն ու պաշտպանության նախարարը

23.07.2018 14:55
1229

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ հայ-ռուսական պայմանագիրը վերանայելու մասին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ Փանիկ գյուղում միջադեպի առիթով, Հայաստանում արժանացել է մեծ ուշադրության և քննարկումների՝ ընկալվելով զգալիորեն «բացասական» համատեքստում կամ մատուցվելով այդպես:

Շատերն են, իհարկե, ներկայումս շահագրգռված հայ-ռուսական հարաբերությանն առնչվող իրողությունները այդպես մատուցելու հարցում՝ նոր իշխանության քաղաքականությունը ներկայացնելով խնդիրներ հարուցող և հայ-ռուսական լարվածություն ստեղծող: Այդ տրամաբանության շրջանակում էլ դիտարկվել է պաշտպանության նախարարի հայտարարությունը: Նույն տրամաբանության մեջ էր դիտարկվել, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ մատուցվել Նիկոլ Փաշինյանի հայտնի գնահատականը Փանիկի միջադեպին:

Պաշտպանության նախարար Տոնոյանն իրականում խոսել էր այն մասին, որ ռազմակայանի մասով հայ-ռուսական պայմանագրային կարգավորումները փոխելու առաջ պետք չէ կանգ առնել, եթե պարզվի, որ դա անհրաժեշտ է նոր իրավիճակում այդ հարաբերությունն ավելի ամուր և ավելի անխոցելի դարձնելու համար: Այսինքն՝ խոսքը ոչ թե ի հեճուկս հայ-ռուսական հարաբերության փոփոխության մասին է, այլ փոփոխության հնարավորության մասին, որը կլինի ի հեճուկս հայ-ռուսական հարաբերությունը հարվածի տակ դնող, տորպեդահարող նպատակներ հետապնդող խմբերի, որոնք գտնվում են թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս տարբեր ուղղություններում:

Նիկոլ Փաշինյանը՝ իր քաղաքական գնահատականով, Դավիթ Տոնոյանը՝ իր հայտարարությամբ, գործնականում արտացոլում են Գյումրիի ռուսական ռազմակայանի քաղաքական, աշխարհաքաղաքական խորքային խնդրի լայն համատեքստը, որտեղ ռազմակայանի կարգապահությունն ու անվտանգությունը ոչ միայն զուտ նրա շրջակայքում գտնվող բնակավայրերում ապրող քաղաքացիների ֆիզիկական անվտանգության հարց է, այլև ռեգիոնալ և միջազգային անվտանգության համակարգի ռազմաքաղաքական առանցքային բաղադրիչ:

Այդ համատեքստում Հայաստանի նոր իշխանության քաղաքական հայտարարությունները մտահոգություն կարող են առաջացնել միայն այն շրջանակներում, որոնք շահագրգռված են ռեգիոնալ անկայունության հարցում, որովհետև ռուսական ռազմակայանի «խոցելիությունը» կարող է դառնալ շղթայական այնպիսի զարգացումների պատճառ կամ աղբյուր, որը հետո այլևս հնարավոր չի լինի կանգնեցնել:

Երևանը բարձրացրել է այդ խնդիրը, և այստեղ հետաքրքիր է, որ գործի են անցել բազմաթիվ սուբյեկտներ, խմբեր, որոնք փորձում են «մտահոգությունների աղմուկի» մեջ Մոսկվայի համար խլացնել Երևանի բարձրացրած քաղաքական հարցը՝ մտավախություն ունենալով իրականում ոչ թե հայ-ռուսական հարաբերության համար, այլ այն բանի, որ Երևանի ձայնը կարող է լսելի լինել ՌԴ քաղաքական ղեկավարության համար ու դառնալ հայ-ռուսական քննարկումների առարկա: Իսկ դա կարող է հանգեցնել մի գործընթացի, որը պայմանականորեն կարող ենք դիտարկել որպես հայ-ռուսական հարաբերության միջպետականացման, քաղաքականացման գործընթաց, ինչը փոխադարձ ամրացնելով երկու կողմերին՝ ամրացնելու է նաև ռեգիոնալ անվտանգությունն ու կայունությունը:

Ըստ այդմ՝ խնդիրը Փանիկի միջադեպը չէ, ու այդ առումով պաշտպանության նախարարի այցը Փանիկ փակեց հարցը: Խնդիրը ենթատեքստային խորությունն ու ռազմաքաղաքական ընդգրկումն է, որ պետք է բացել վերջապես և տանել առաջ՝ դարձնելով այն հայ-ռուսական հարաբերության անվտանգային առանցքի վերափոխման և արդիականացման հիմնական վեկտորներից մեկը:

1in.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34