Վահե մարզպետը «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի դեմ ցուցմունքներ տալու եւ սադրանքներ հրահրելու համար կանանց զորահավաք է սկսել (Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, պատճենը՝ ՀՀ ոստիկանության Կապանի բաժին)

29.01.2018 17:08
3611

Հարգելի պարոն Թաթոյան

Սյունիքի մարզպետի անմիջական նախաձեռնությամբ մարզում ստեղծված ծայրահեղ լարված վիճակն օրեցօր նորանոր եւ մարդկային երեւակայության մեջ չտեղավորվող դրսեւորումներ է ստանում:

Սյունիքի դեմ հայտարարված պատերազմի առաջնագիծը, այնուամենայնիվ, «Սյունյաց երկիր» թերթի դեմ բացված ճակատն է:

Վերջին տասը ամսում թերթի խմբագրության դեմ ձեռնարկվեցին բազում նողկալի քայլեր՝ սկսած թերթի կայքի դեմ հակերային հարձակումից մինչեւ թերթի բաժանորդներին մարզպետի կողմից անձամբ սպառնալը:

2018թ. հունվարի 16-ին ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ անձանց կողմից փորձ արվեց առեւանգել թերթի խմբագրին, որի ուղղությամբ ՌԴ ոստիկանության կողմից հետաքննություն է իրականացվում. այդ մասին թերթի խմբագրությունը հունվարի 19-ին տարածել է հայտարարություն: Դրանում, ինչպես եւ ՌԴ ոստիկանությանը տված ցուցմունքում ենթադրություն եմ հայտնել, որ խմբագրին առեւանգելու փորձը կարող էր պատվիրել մարզպետ Վահե Հակոբյանը: 

Ենթադրություն եմ հայտնել նաեւ, որ Միչուրինսկ քաղաքից Մոսկվա վերադառնալու երթուղին հանցագործության պատվիրատուին կամ կազմակերպիչներին կարող էր տրամադրել Մանյա Ծատրյանը, ով ձգտում էր աշխատանքի ընդունվել խմբագրությունում, ով միակն էր, որ գիտեր խմբագրի հետդարձի երթուղին՝ իր հիմնական աշխատանքի բնույթից ելնելով:

Մեր այս հայտարարություններից հետո մարզպետը նոր եւ ստոր արշավ է սկսել թերթի խմբագրության ու խմբագրի դեմ: 

Ձախողվելով թերթի գործունեությունը կասեցնելուն միտված բոլոր ձեռնարկումներում՝ այս անգամ մարզպետը ռազմադաշտ է հանել կանանց մատյան գունդը՝ դրանում ընդգրկելով հայոց արեւելյան կողմերում «հայտնի» մի քանի տիկնանց:

Առաջինը, իհարկե, մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Մերի Գանդալյանն է, ով վերջին օրերին զանգահարում է հանրակրթական դպրոցների տնօրենների՝ տեղեկություններ հավաքելու նպատակով՝ արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը զանգահարել է թերթի բաժանորդագրության հարցով, արդյո՞ք սպառնացել է խոսակցության ընթացքում:

Առայժմ միակը, ով դրականորեն է արձագանքել այդ հարցադրումներին, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի նորանշանակ տնօրեն Լուսինե Զաքարյանն է: Ոստիկանությանը գրած դիմումի մեջ նա բողոքել է, թե իբր խմբագրության աշխատակիցը զանգահարել է իրեն եւ սպառնացել՝ եթե թերթ չբաժանորդագրվես, խմբագիրը քո մասին արատավորող նյութեր կհրապարակի: Պարզունակ այդ հերյուրանքը շատ արագ հերքվել է:

Հաջորդը Մանյա Ծատրյան անուն-ազգանունով կինն է, ում փորձում էին ներդնել խմբագրությունում՝ աշխատանքի տեղավորելու եղանակով, ով միակ անձնավորությունն էր (ինչպես նշեցի), որ տեղյակ էր խմբագրի՝ Միչուրինսկ քաղաքից Մոսկվա վերադառնալու երթուղու մասին: Եվ երբ հունվարի 17-ին հորդորել եմ այլեւս չգալ խմբագրություն, քանի դեռ չի ավարտվել հայտնի հանցագործության հետաքննությունը, նա հունվարի 18-ին կամ 19-ին ներկայացել է խմբագրություն եւ կոլեկտիվի անդամների մեծ մասի ներկայությամբ հայտարարել, որ խմբագիրը ժամանակին սեռական ոտնձգության փորձ է կատարել իր դեմ, որ ինքն այդ մասին ներկայացնելու է մարզպետին:

Այդ զրպարտության առիթով դատական հայց ենք պատրաստում եւ կձգտենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087. 1-րդ հոդվածի ուժով գնահատել մեր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին հասցված վնասը: 

Մինչդեռ, եթե իրոք սեռական ոտնձգության փորձ է արվել, ապա դա կատարել է բողոքաբերը՝ ընդդեմ թերթի խմբագրի՝ երեք անգամ իր նախաձեռնությամբ գալով խմբագրի մոտ եւ փորձելով մնալ նրա հետ՝ ստանալով կտրուկ մերժում: 

Խմբագրի վստահությունը շահելու համար քանիցս նա հայտարարում էր՝ ես ձեզանից նույնիսկ աշխատավարձ չեմ ուզում՝ միայն թե լինեմ խմբագրությունում, մասնակցեմ ստեղծագործական խմբի շրջայցերին, քանի որ ուզում եմ լրագրող դառնալ: Նաեւ հավաստիացնում էր՝ կօգնեմ համակարգչային միջոցներով, գովազդով, բաժանորդագրությամբ… 

Ստեղծված իրավիճակն օրակարգային է դարձնում մեկ հարց՝ ո՞վ է Մանյա Ծատրյանը, որ հայտարարում է, թե իր «տանիքն» օրգանի աշխատող է, որ իրեն թեւերի տակ է առնում Սյունիքի մարզպետը, որ միանգամից աշխատում է երեք տեղ, որ պատրաստ է երեք աշխատատեղից հրաժարվել՝ հանուն խմբագրությունում տեղավորվելու, որ հպարտանում է Սուրգուտ քաղաքի ոստիկանության հետ ունեցած կապով, որ հայտարարում է, թե կապի օպերատորների օգնությամբ կարող է աղավաղել իր հեռախոսի ելից եւ մտից զանգերի պատկերը, որ կարողացել է ՌԴ-ի «Մեգաֆոն» կազմակերպությունում աշխատել, որ…

Բոլոր այս պատմություններում հանելուկային է Վարդավանքի դպրոցի տնօրեն Նինել Սարգսյանի դերակատարությունը:

Մարզպետ-թերթ հարաբերություների սրմանը զուգահեռ նա ինտենսիվորեն ջերմացրել է հարաբերությունները թերթի խմբագրության հետ. նախկինում որոշ ժամանակ թղթակցել էր թերթին: 

Եվ երբ թերթում աշխատողի թափուր տեղ բացվեց, այդ մասին տեղյակ պահեցինք շատերին, որոնց թվում՝ Նինել Սարգսյանին:

Նրա երաշխավորությամբ էլ նպատակահարմար գտնվեց, որ Մանյա Ծատրյանը 2018թ. հունվարի սկզբից (մի քանի հոդվածներ նախապես գրելու պայմանով) փորձաշրջանով աշխատանքի կընդունվի խմբագրությունում:

Հունվարի 21-ի կիրակի օրը, սակայն, տեղի ունեցավ արտառոց մի իրադարձություն, որ Նինել Սարգսյանի դերակատարությունը հրահրվող խառնաշփոթում հարցականների տեղիք տվեց: Ըստ Նինել Սարգսյանի՝  այդ օրն ուշ երեկոյան մարզպետարանում փակ խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետի հրահանգով՝ աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանի ղեկավարությամբ: Եվ իբր քննարկվել է հարց՝ հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, խմբագրության վրա հարձակում կազմակերպելու ծրագրի մասին: Այդ ամենի մասին, իհարկե, հաջորդ օրը տեղյակ ենք պահել ԱԱԾ-ի սյունիքյան կառույցին:

Հաջորդ օրերին, տեսնելով, որ խմբագրությունը խուճապի չի մատնվում ու շարունակում է իր բնականոն գործունեությունը, Նինել Սարգսյանը եկել է խմբագրություն եւ խմբագրին, իբր գաղտնի տեղեկություն, հաղորդել, որ իրեն կանչել է մարզպետը եւ հարցաքննել՝ «Դուք Նոր տարվա օրերին 27 րոպե հեռախոսով խոսել եք Սամվել Ալեքսանյանի հետ, ինչի՞ մասին եք խոսել»: Ըստ Նինել Սարգսյանի՝ մարզպետը հայտնել է նաեւ, որ Մանյա Ծատրյանն իր հովանու ներքո է եւ ոչ ոք չի կարող նրա դեմ քայլ կատարել:

Հաջորդ հարցը, որ այդ ամենից հետո ծառացել է մեր առջեւ, հետեւյալն է՝ ո՞վ է Նինել Սարգսյանն այս մութ պատմությունների մեջ, իսկապե՞ս նա հավելյալ վարձատրություն է ստանում Քաջարանից, իսկապե՞ս հունվարի 21-ի ուշ երեկոյան մարզպետարանում Ռուդոլֆ Սարգսյանի ղեկավարությամբ եւ մարզպետի հրահանգով գաղտնի խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ ծրագիր է մշակվել խմբագրության դեմ սադրանքներ կազմակերպելու, խմբագրակազմի անդամներին սպառնալու եւ շանտաժի ենթարկելու համար:

Հարգելի պարոն Թաթոյան

Մենք, անշուշտ, ի վիճակի ենք միայնակ դիմագրավելու խմբագրության դեմ ձեռնարկված ստոր այդ արշավին: Բայց եւ կարիք ունենք Ձեր աջակցությանը, քանի որ խոսքը լրատվամիջոցի դեմ շարունակվող արշավի, խմբագրության աշխատակիցներին ահաբեկելու, խմբագրին առեւանգելու փորձից հանրության ուշադրությունը շեղելու, լրատվամիջոցի գործունեությունը կասեցնելուն միտված քայլերի մասին է: 

Մենք Ձեր միջնորդությունն ենք խնդրում՝ պարզելու նաեւ նշված կանանցից յուրաքանչյուրի դերակատարությունը խմբագրության դեմ շարունակվող այդ գործողություններում:

Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մինչեւ հիմա ո՛չ մարզպետը, ո՛չ Մանյա Ծատրյանը չեն հարցաքննվել՝ խմբագրի առեւանգման փորձում ենթադրվող առնչակցության վերաբերյալ:

Առհասարակ զարմացնում է երկրի պատկան մարմինների քար լռությունը Սյունիքի մարզպետի հակասահմանադրական, հակապետական գործողությունների հանդեպ:

Ուզում եմ տեղյակ լինեք նաեւ, որ թերթը ոչ մի օր չի դադարեցրել իր գործունությունը եւ շարունակում է աշխատել սահմանված ընթացակարգով:

Կից ուղարկում ենք «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության 2018թ. հունվարի 19-ի հայտարարությունը:

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

29 հունվարի 2018թ.

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11